• am
  • ru
  • en
Версия для печати
21.02.2012

ԵՄ-ԱՐՑԱԽ. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՁԵՎԱՉԱ՞Փ

   

Հայկ Խանումյան

«Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ

2008թ. վրաց-օսական օգոստոսյան պատերազմից հետո Եվրամիությունը սկսել է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել հետխորհրդային չճանաչված հանրապետություններին և նոր ձևաչափի հարաբերություններ կառուցել նրանց հետ: Սրա մասին են խոսում Եվրախորհրդարանի տարբեր բանաձևերը, Եվրամիության պաշտոնյաների հայտարարությունները, վերլուծական հոդվածները: Սակայն ռեալ քայլերի բացակայությունը կասկածներ է առաջացնում չճանաչված կամ մասմաբ ճանաչված երկրների, այդ թվում և Արցախի նկատմամբ եվրոպական քաղաքականության վերաբերյալ:

2009թ. ձևավորված Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն (Eastern Partnership Civil Society Forum) իր առաջին (16-17 նոյեմբեր, 2009թ., Բրյուսել) և երկրորդ (18-19 նոյեմբեր, 2010թ., Բեռլին) հավաքների ժամանակ աշխատանքային խմբերի առաջարկներում խորհուրդ էր տալիս նաև սառեցված հակամարտությունների գոտիները ներգրավել ԵՄ ծրագրերի մեջ1: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Արցախին, Աբխազիային, Հարավային Օսիային և Մերձդնեստրին:

Վերլուծական շրջանակներում և հասարակական կազմակերպություններում շրջանառվող տեսակետները վերոնշյալ երկրները եվրոպական տարբեր ծրագրերում ներգրավելու վերաբերյալ շուտով ավելի համակարգային տեսք են ստանում՝ արտացոլվելով Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասին և Արևելյան գործընկերությանը վերաբերող բանաձևերում: Դրանցից վերջինը 2011թ. ապրիլի 7-ի «Եվրոպական հարևանության ծրագրի վերանայման վերաբերյալ. արևելյան ուղղություն» բանաձևն է, որի 48-րդ կետում, մասնավորապես, կոչ էր արվում ԵՄ գործադիր մարմիններին, պահպանելով չճանաչման եվրոպական քաղաքականությունը, իրագործել վստահությանն ուղղված ծրագրեր, կյանքի կոչել նոր առաքելություններ և հանրային հաղորդակցության ռազմավարություններ, այդ թվում՝ «պրագմատիկ նախաձեռնություններ և նորարարական մոտեցումներ, ինչպիսիք են ոչ պաշտոնական շփումները և խորհրդակցություններն անջատված տարածքների հասարակությունների հետ»2:

ԵՄ ներգրավում առանց ճանաչման քաղաքականությունը հետխորհրդային չճանաչված/մասամբ ճանաչված երկրների նկատմամբ փոխարինում է մեկուսացման քաղաքականությանը և մեծ մասամբ պայմանավորված է 2008թ. օգոստոսյան պատերազմով ու դրանից հետո Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմամբ: ԵՄ նման քաղաքականության ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև վրացական վերլուծական շրջանակների կարծիքը:

Օրինակ, Վրաստանի Հանրապետական կուսակցությանը հարող վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին համարժեք չէր համարում ոչ միայն Արևմուտքի կողմից Աբխազիայի և Հրվ. Օսիայի մեկուսացումը, այլև պաշտոնական Թբիլիսիի կողմից սահմանվող արգելքները։ Զաքարեիշվիլու կարծիքով՝ մասամբ ճանաչված այս երկրները պետք է ակտիվորեն ներգրավել արևմտյան տարբեր ծրագրերում (տուրիստական այցագրերի տրամադրում, առողջապահության, կրթության ոլորտներում համագործակցություն)՝ նրանց Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելու համար3:

Վրաց որոշ վերլուծաբաններ ավելի հեռուն գնացին։ Մամուկա Արեշիձեն նույնիսկ առաջարկեց ճանաչել Աբխազիայի անկախությունը։ Այս առաջարկությունը ողջունեց Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն4:

Այսպիսով՝ Աբխազիան և Հրվ. Օսիան արևմտյան ծրագրերում ներգրավելուն օգնում է վախը այդ երկրներում Ռուսաստանի ազդեցության աճի նկատմամբ։ Օգոստոսյան պատերազմից հետո, համաձայն վրաց վերլուծաբան Իվլիան Խաինդրավայի, Վրաստանը մշակել է պետական նոր ռազմավարություն՝ «Ներգրավում համագործակցության միջոցով»: Պետական այս ծրագրի վերջնական նպատակը Աբխազիայի վերինտեգրումն է Վրաստանին, ինչը, բնականաբար, հազիվ թե բխում է Աբխազիայի և Ռուսաստանի շահերից։

Վրացական ծրագիրն ուղղված է առավելապես Աբխազիայի ժողովրդին և բացառում է համագործակցությունը տեղական իշխանությունների հետ, որոնց «Ռուսաստանի մարիոնետներ» է բնութագրում։ Ամեն դեպքում, համաձայն վրացի այս վերլուծաբանի, ռազմավարությունը հենց սկզբից էլ ձախողված էր. Վրաստանի իշխանությունները, սովորության համաձայն, «ռազմավարությունը մշակելիս լսել են բոլորին, սակայն արել իրենցը», իսկ աբխազներին ու օսերին այն պետք էր առաջարկել ոչ թե հիմա, այլ 15 տարի առաջ5։

Խաինդրավայի կարծիքով՝ ԵՄ «Ներգրավում առանց ճանաչման» քաղաքականությունը փորձ էր այլընտրանք առաջարկել Վրաստանի իշխանությունների ձախողված ու ուշացած այս քայլին։ ԵՄ-ն, ճանաչելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ձգտում է բազմակողմանի և բազմաբնույթ հարաբերություններ հաստատել Աբխազիայի և Հրվ. Օսիայի հետ՝ փորձելով բացառել այստեղ Ռուսաստանի՝ որպես այլընտրանքի, ընկալումը։ Այդուհանդերձ, վրացի վերլուծաբանը քիչ հաջողված է համարում ԵՄ այս ծրագիրը, քանի որ այն, տարբեր պատճառներով, հակազդեցության է հանդիպում առանց բացառության բոլոր կողմերում՝ վրացական, ռուսական, աբխազական6։

Չճանաչված/մասամբ ճանաչված հետխորհրդային երկրներին Արևմուտքի ծրագրերում ներգրավելու խորհուրդներ միայն վրացի փորձագետները չէին, որ տալիս էին: Հարվարդի պրոֆեսորներ Ալեքսանդր Քուլին (Alexander Cooley) և Լինքոլն Միթչելը (Lincoln Mitchell) ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնին և պաշտպանության քարտուղար Ռ.Գեյթսին ուղղված առաջարկներում նշում են, որ վրաց-ռուսական պատերազմից հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ը սխալ քաղաքականություն են որդեգրել Աբխազիայի և Հրվ. Օսիայի նկատմամբ: Հետազոտողները կարծիք են հայտնում, որ այս երկու տարածքներն առնվազն տասնամյակներ կորած են Վրաստանի համար, այնինչ՝ Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ աճում է: Նրանք խորհուրդ են տալիս Ռուսաստանի դեմն առնելու համար վերջ տալ այս տարածքների մեկուսացման քաղաքականությանը և ԵՄ-ի հետ միասին ձեռնամուխ լինել «Ներգրավում առանց ճանաչման» քաղաքականության իրականացմանը7:

Չնայած այս քաղաքականության ձևավորման համար մեծ ազդեցություն էին ունեցել վրաց-օսական պատերազմն ու դրա հետևանքները, այնուամենայնիվ, 2011թ. ապրիլի 7-ի բանաձևում Եվրախորհրդարանն այն տարածել էր հետխորհրդային բոլոր «անջատված տարածքների» վրա: Բանաձևը դեռևս խրախուսում է տարբեր շփումներն ու համագործակցությունն այդ երկրների հասարակությունների հետ, բանաձևի տեքստի նախնական տարբերակում առկա դե ֆակտո իշխանությունների մասը տեղ չգտավ վերջնական տարբերակում:

Կարելի է հուսալ, որ այս բանաձևը նոր հնարավորություններ է բացում Արցախի քաղաքացիական հասարակության համար` միջազգային ոչ կառավարական շրջանակներում ճանաչվելու և ակտիվ հարաբերություններ հաստատելու համար: Մյուս կողմից՝ պետք է նկատել, որ Եվրամիությունն Արցախում այս ձևաչափով աշխատում էր դեռևս բանաձևի ընդունումից տարիներ առաջ:

2003-ից բրիտանական International Alert, Conciliation Resources և London Information Network on Conflicts and State Building (LINKS) կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծվեց մի կոնսորցիում, որը պետք է եվրոպական քաղաքացիական հասարակության ջանքերն ուղղեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այժմ այս կոնսորցիումը միավորում է International Alert, Conciliation Resources, Conflict Management Initiative, Kvinna till Kvinna and the London Information Network on Conflicts and State Building (LINKS) կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են ԵՄ-ի կողմից՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման հասարակական ջանքերին աջակցելու համար:

Կոնսորցիումի մեջ մտնող կազմակերպությունների հիմնական գործընկերներն այսօր Արցախում համարվում են Ստեփանակերտի մամուլի ակումբը (որը 2009թ. հունվարից հրատարակում է «Անալիտիկոն» վերլուծական-հրապարակախոսական ամսագիրը, իսկ 2004-2008թթ.՝ «Դեմո» հանրային թերթը), «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ-ն (որը հիմնականում զբաղվում է խաղաղաշինական գործունեությամբ՝ մասնակցելով ղարաբաղցի, հայաստանցի և ադրբեջանցի երիտասարդների և այլ խմբերի տարբեր հավաքների), «ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդ» վերլուծական կենտրոնը (որը հիմնականում ներգրավված է փորձագիտական, վերլուծական աշխատանք պահանջող ծրագրերում: Սրանք են կոնսորցիումի հիմնական գործընկերներն Արցախում, թեև այլ կազմակերպություններ նույնպես այս կամ այն կերպ մասնակից են դառնում տարբեր ծրագրերի:

Բրյուսելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցն այլ կարծիք ունի Եվրախորհրդարանի ապրիլյան բանաձևի մասին: Դեսպանը կարծում է, որ բանաձևի ընդունման առաջնային նպատակներից մեկը Եվրախորհրդարանի պատգամավորների` Լեռնային Ղարաբաղ այցերի «օրինականացումն» է, քանզի նման դեպքերում պատգամավորները միշտ հայտնվում էին ադրբեջանական «սև ցուցակում»8:

Չնայած բանաձևի առկայությանը և արցախյան որոշ հասարակական կազմակերպությունների՝ Երևանում հավատարմագրված ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության հետ բանակցություններին, ԵՄ համապատասխան մարմինները դեռևս բանաձևի կետերը կատարելու ակտիվություն չեն ցուցաբերում: Վերջինիս համար կարևորվում է նաև Արցախում հզոր հասարակական կազմակերպությունների առկայությունը, որոնք կկարողանան ԵՄ գործընկեր դառանալ: Բանաձևն այն նորմատիվ հիմքն է, որով հնարավոր է լինելու Եվրամիությանը ստիպել հրաժարվել մեկուսացման ու անտեսման քաղաքականությունից և նոր տիպի հարաբերություններ հաստատել Արցախի հետ` հետագայում պայքարելով այդ հարաբերությունների որակական փոփոխությունների համար:

1 Eastern Partnership Civil society forum, recommendations, working froup 1: Democracy, human rights, good governance and stability, http://eeas.europa.eu/eastern/civil_society/forum/working_group1_en.pdf

2 European Parliament resolution of 7 April 2011 on the review of the European Neighbourhood Policy - Eastern Dimension, http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?pubRef=-//EP//TEXT+TA+P7-TA-2011-0153+0+DOC+XML+V0//EN

3 Տե՛ս, Paata Zakareishvili Western soft power needed: The breakaway republics should be engaged, not isolated, http://www.iiss.org/programmes/russia-and-eurasia/about/georgian-russian-dialogue/caucasus-security-insight/paata-zakareishvili/western-soft-power-needed/?locale=en)

4 Տե՛ս Areshidze was accused of "betraying the state" http://www.georgiatimes.info/en/news/59456.html

5 Հեղինակի զրույցը Իվլիան Խաինդրավայի հետ, Թբիլիսի, 01 հոկտ. 2011թ.։

6 Նույն տեղում։

7 Տե՛ս Alexander Cooley & Lincoln Mitchell, Georgia’s Territorial Integrity, The American Interest magazine, May/June 2010, page 69.

8 Ավետ Ադոնց, «ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու բանակցությունները սկսելու համար պետք է իրականացնենք էական բարեփոխումներ», http://www.mediamax.am/am/news/interviews/2177/

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ