ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԱՐԴԻ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Դմիտրի ՇչիգելսկիԲժիշկ-հոգեբան
Պատմական տեսություններից մեկի համաձայն՝ կրոնական պատերազմների մեղավորը Գուտենբերգն էր, այն նույն Գուտենբերգը, որը հայտնագործեց գրատպությունը։ Դա առաջին տեղեկատվական հեղափոխությունն էր, որն իր հերթին կյանքի կոչեց բողոքականությունն ու կրոնական պատերազմները։ Հիշեցնեմ, որ երեսնամյա պատերազմից հետո Գերմանիայի բնակչությունը քառակի կրճատվեց։ Փաստերից կառչել սիրողներին տեղեկացնեմ, որ որոշ պատմաբաններ խոսում են բնակչության եռակի կրճատման մասին։ Ինչպիսին էլ լինեն թվերը, այնուամենայնիվ, միմյանց կոտորում էին հանուն հավատի, այն էլ՝ անխնա։ Ինտերնետը, ավելի ճիշտ՝ նրա հայտնագործումը և տարածումը, անվանում են երկրորդ տեղեկատվական հեղափոխություն։ Իմ կարծիքով՝ հիմա հեղափոխություն է ընթանում։ Հենց միայն սոցիալական ցանցերի ի հայտ գալն ու տարածումն իսկական տեղեկատվական հեղափոխություն են։ Դեռ 10-12 տարի առաջ ինտերնետը պարզապես տեղեկատվություն ստանալու (պետք չէ ֆիզիկապես գնալ գրադարան, կարելի է սեղմել մկնիկն ու գտնել այն, ինչ հարկավոր է), մտավոր սեփականությունը մանր ու անպատիժ ձևով յուրացնելու միջոց էր (ֆիլմ, երաժշտություն, գիրք քաշել), փոստի փոխարինիչ։ Այս ամենը կար արդեն ինտերնետից առաջ, այն պարզապես թեթևացրեց ու արագացրեց այդ ամենը, բայց այդ փուլում որակապես նոր ոչինչ չծնեց։ Սոցիալական ցանցերը ստեղծեցին սկզբունքորեն նոր երևույթ, սոցինքնակազմակերպման հնարավորություն։ Բավական է նայել դրանց աճի վիճակագրությանը՝ գնահատելու համար, թե որքան պահանջված էին դրանք ողջ աշխարհի մարդկանց համար։ Իմ կարծիքով՝ երկրորդ տեղեկատվական հեղափոխությունը տեղի է ունենում հիմա և մոտ է ավարտին։ Այնպես որ՝ «հեղափոխական ողջույն» բոլոր ընթերցողներին։ Արդյո՞ք երկրորդ տեղեկատվական հեղափոխությունն էլ այդքան շատ արյուն կարժենա, ինչքան առաջինը։
Անմիջապես միտքս է գալիս «արաբական գարունը», այնտեղ սոցիալական ցանցերը կազմակերպչական դեր խաղացին, բայց ոչ այն դերը, որը թույլ կտար նոր գաղափարախոսություն, ազգի նոր ինքնագիտակցություն մշակել։ Ժողովուրդը վաղուց գիտեր, թե ինչ է ուզում (արմատական իսլամ և շարիաթ), սոցցանցերն արաբական երկրներում պարզապես հանդես եկան որպես կոլեկտիվ կազմակերպիչ։ Արաբական հասարակության վրա ամերիկյան ազդեցության առիթով ինտերնետում, սոցիալական ցանցերի միջոցով բարձրացված վայնասունը պարզապես հիմարություն է։ Ասենք, թե Ամերիկան ինչ-որ մեկին օգնում էր, ինչ-որ մեկին ֆինանսավորում։ Դա անում էին պարզապես տոտալիտարիզմի դեմ բոլոր մարտնչողներին աջակցելու սովորության և անհավանական հիմարության պատճառով։ Եթե չաջակցեին ու չֆինանսավորեին, ճիշտ նույնը տեղի կունենար, միայն թե մի փոքր ավելի ուշ։ Առաջին երկիրը, որը խնդիրներ կունենա արաբական գարնան պտուղներից, նույն Ամերիկան կլինի, մնացյալ ոչ իսլամական աշխարհն այդ խնդիրները կճաշակի կենդանի հերթի և աշխարհագրական մերձության կարգով։
Ինչո՞ւ եմ կարծում, որ արաբական գարնան օրինակն, անկասկած, հետաքրքիր է սոցիալական ցանցերի ազդեցությունը հասկանալու համար, բայց թույլ չի տալիս գնահատել և հասկանալ գործնականում մեր աչքի առջև ավարտվող հեղափոխական փոփոխությունների բոլոր հետևանքներն ու ողջ խորությունը։ Արաբների մոտ տեղի են ունեցել և շարունակում են տեղի ունենալ հեղափոխություններ պետություններում, բայց նրանց ուղեղներում ոչ մի հեղափոխություն չկա, չի եղել և առաջիկայում չի կանխատեսվում։ Ավելին, տեղի ունեցող հեղափոխությունները հետքայլ են, քայլ դեպի մենթալ (մտավոր, իրավական, հոգեբանական և այլն) միջնադար։ Այսպիսով, տեղեկատվական ոչ մի հեղափոխություն այնտեղ չի եղել, ավելին՝ այնտեղ տեղի է ունեցել տեղեկատվական հակահեղափոխություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Գրատպության հայտնագործումն Աստվածաշունչն էժան և մատչելի դարձրեց հասարակ մարդկանց համար. երբ իրենք սկսեցին կարդալ այն, սկսեցին մտածել աշխարհի կարգի մասին, ինչն էլ կրոնական ճգնաժամ ծնեց։ Սա էլ հենց առաջին հեղափոխության էությունն էր. անհետացավ միջնորդն՝ ի դեմս եկեղեցու։ Մարդը դադարեց լինել կրոնական կյանքի օբյեկտ, նա դառնում է նրա ակտիվ մասնակիցը։ Ինքնուրույն կարդալով Աստվածաշունչը, ինքնուրույն իմաստավորելով այն և «անձնական» հարաբերությունների մեջ մտնելով Աստծու հետ։ Մարդն ինքն է գիտակցում «աշխարհի պատկերը», որում ապրում է։ Հեղափոխականությունն այն է, որ յուրաքանչյուր առանձին մարդ դադարում է լինել ցուցմունքների հետևող օբյեկտ (իր, ոչխար), այլ դառնում է սուբյեկտ՝ անձամբ ակտիվ մտածելով, որոշելով և գործելով։ Իմաստը՝ մինչ այդ պասիվ իրը հետո դառնում է ակտիվ, ինքնուրույն մասնակից։ Նման ոչ մի բան, ըստ էության, արաբական գարնան մեջ չկա։ Եվ հենց դրա համար էլ ես տեղին եմ համարում խոսել արաբական աշխարհում տեղի ունեցած տեղեկատվական հակահեղափոխության մասին։
Նույն գործընթացը՝ պետության և իշխանության հետ հարաբերությունների պարզումը՝ սոցիալական ցանցերի տարածքում և դրանց կիրառմամբ, այսօր տեղի է ունենում Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում։ Բայց ուղղվածությունը միանգամայն այլ է։ Արաբներն իրենց վերադարձնում են հոգևոր և քաղաքական կյանքի օբյեկտների վիճակին։ Իսկ հյուսիսում անհատը փորձում է դուրս գալ օբյեկտի վիճակից և վերածվել քաղաքական կյանքի սուբյեկտի։ Ինտերնետ և սոցիալական ցանց մտնելով՝ մարդը դադարում է պասիվ ոչխար լինել, որին հեռուստացույցի, ռադիոյի, թերթերի օգնությամբ հեշտ է քշել էլիտային անհրաժեշտ ուղղությամբ։ Նա ասես փախչում է պետությունից։ Ավելին, սոցցանցում նա հայտնաբերում է ոչ միայն համախոհներ և հակառակորդներ, այլև տեղ, որտեղ կարող է արտահայտել, ձևակերպել, հղկել, փոխել իր հայացքները։ Յուրաքանչյուր առանձին մարդ անմիջական փոխգործակցության մեջ է ներքաշվում հարյուր և հազարավոր ուրիշների, իսկ միջնորդավորված (նրանց միջոցով, ովքեր կարդացել են նրա հոդվածը, գրառումը)՝ միլիոնավորների հետ։ Ընդ որում՝ փոխգործակցություն անգամ նրանց հետ, ովքեր երբեք համակարգիչ չեն միացրել, ընկերների, աշխատակիցների և այլոց միջոցով։ Ովքեր հոդվածը կարդացել են երեկ և աշխատանքի գալով՝ խոսում են հասարակության չհամակարգչայնացված անդամների հետ։ Այսպիսով, յուրաքանչյուր քաղաքացի ավելի ու ավելի քիչ է ենթակա պետության ներգործությանը։ Ճիշտ այնպես, ինչպես գրատպության հայտնագործումից հետո նրա հոգևոր կյանքը կառավարելու տակից «դուրս պլստաց» մեր հեռավոր նախնին, ինտերնետը մեզ վերածում է քաղաքական և հասարակական կյանքի սուբյեկտների (ակտիվ մասնակիցների և գործիչների)։ Վերն ամբողջ շարադրվածը, ավելի շուտ, տեսություն է և կատարվածն իմաստավորելու փորձ։ Իրավիճակի զարգացման ավելի մեծ որոշակիության և հնարավոր կանխատեսման համար եկեք դիտարկենք մի ինչ-որ կոնկրետ օրինակ։ Ես, որպես հեղինակ, միանգամայն տոտալիտար և կամային ձևով ընտրել եմ Բելառուսը։ Ինչո՞ւ։
Դե, որովհետև, նախ, ես սիրում եմ Բելառուսը, երկրորդ՝ վերջին 10 տարիներին ուշադիր հետևում եմ տեղի ունեցող փոփոխություններին, այդ թվում և ինտերնետում ու սոցցանցերում կատարվող փոփոխություններին, որոնք արտացոլում են այն, ինչ կատարվում է ԲՀ-ում։ Եվ որ գլխավորն է՝ քաղաքական պարզ համակարգ, հստակ հակասություններ ունեցող փոքր երկիրն ավելի արագ ու ավելի հստակ է ի հայտ բերում ընդհանուր օրինաչափությունները։ Ինչո՞ւ ГП։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Էլ ո՞ւմ մասին խոսենք, եթե ոչ ինքներս մեր։
Սոցիալական ցանցերն ավելի են քաղաքականանում և քաղաքականացնում մարդկանց։ Մարդը դադարում է իրեն քաղաքականության օբյեկտ զգալ. համախոհներ գտնելով՝ նա դառնում է սուբյեկտ։ Այդ գործընթացն ընթանում է դրական հետադարձ կապով, նշանակում է՝ պետք է ակտիվանա և արագանա։ Երեկ ոչ քաղաքական «Օդնոկլասնիկիում» քննարկում էին ՇՀԿ-ն (ԲՀ նախագահի հուզական գնահատականներից մեկը)։ Մենք ասես վերադարձել ենք անտիկ ժամանակաշրջան, ուղղակի դեմոկրատիայի ժամանակներ։ Քաղաքականացումը ցանցերում ավելի ու ավելի է կորցնում սպեկտրի կենտրոնը, դեպի եզրեր է տեղաշարժվում։ Խորանում են ատելությունը, փոխադարձ անհանդուրժողությունը, ագրեսիան։ Նույն գործընթացներն են տեղի ունենում ինտերնետում։ Բայց չէ՞ որ աշխարհում ավելի քիչ թվով մարդիկ են թերթեր կարդում և հեռուստացույց դիտում։ Վարքագծի նորմալ ստերեոտիպ է դառնում «իրենց» կայքերը նայելը, անձամբ քեզ բլոգերների գրած հետաքրքիր բաները կարդալը և սոցիալական ցանց մտնելը, որպեսզի արտահայտվես և համախոհներ գտնես։ Ուղղակի դեմոկրատիայի ժամանակներում (Հին Հունաստան, Հռոմը սկզբում) այս երևույթները պահպանվում էին անմիջական շփմամբ (ընդդիմախոսիդ վիրավորես՝ քիթմռութդ կջարդի), անձնական ծանոթությամբ (հարևանիս հետ համաձայն չեմ, բայց կողքին ապրելու եմ, դրա համար էլ ավելի մեղմ կարտահայտվեմ, բարձրաձայն պիդառ չեմ ասի, ընդամենը կմտածեմ)։ Ավելի ուշ ի հայտ եկավ պետությունն իր արդի տեսքով և հղկեց հասարակության կայունությունը պահելու տեխնոլոգիաներն ավելի քան 2000, տեղ-տեղ՝ ուղիղ 3000 տարի։ Այդ բոլոր տեխնոլոգիաները հարկադրման տեխնոլոգիաներ էին. ցավոք, այդպիսին է պետության՝ իբրև այդպիսինի, էությունը։ Ընդ որում՝ դա էլիտայի շահերից բխող հարկադրանք էր։ Հարկադրման ձևը պետությունների տարբեր տեսակների դեպքում տարբեր է։ Դեմոկրատիայի ժամանակ՝ հանրային կարծիքի մանիպուլացում, ամբողջատիրական պետությունում՝ ուղղակի ճնշում։ Ավտորիտար պետություններն օգտագործում են դրանց խառնուրդը։ Բայց գործընթացի էությունը մնում է անփոփոխ։ Իսկ հիմա այդ տեխնոլոգիաները դադարում են աշխատել։ Պետությունը, սովորության համաձայն, փորձում է արգելել և վերահսկել։ Ես դեմ եմ արգելքներին այդ ոլորտում ոչ թե նրա համար, որ ազատություն եմ սիրում։ Ես դեմ եմ արգելքներին, որովհետև վստահ եմ, որ դրանք չեն աշխատում, դրանք անարդյունավետ են։ Արգելել փորձում են ոչ միայն ԲՀ-ում և ՉԺՀ-ում, հիշեք, թե ինչ տեղի ունեցավ Թվիթերի հետ Անգլիայում լոնդոնյան անկարգություններից հետո։ Այսօր ինտերնետն ու սոցիալական ցանցերն արգելելը նույնն է, թե մարդուն շնչել արգելես։ Կարելի է ցրել և արգելել նրանց, ովքեր գնում են «Ազատ Բելառուս» («Свободная Беларусь»), բայց եթե նույնն անես նրանց հետ, ովքեր "ЗА БАТЬКУ!!!!", տես, որ հանկարծ նրանք չհակառակվեն։ "ЗА БАТЬКУ!!!!"-ն թողնելը դեռ գործի կեսն է, միայն ժամանակի հետաձգում, դա վերահսկողության կորուստ է. նրանք իրենք են մտածում, բայց Աստված գիտե, թե դեռ ինչեր կմտածեն։ Հենց դրա համար էր Ստալինն այդքան շատ բոլշևիկներ նստեցնում։ Խելոք մարդ էր, հստակ հասկանում էր վերահսկելի հավատ ունեցող երկրպագուների և համոզմունքով կողմնակիցների միջև տարբերությունը։ Սոցիալական ցանցերում տեղի է ունենում նույն գործընթացը, ինչ և հասարակությունում, միայն թե ցանցերում առաջ են անցել։ Պասիոնարներն այսօր սկզբում դրսևորվում են ցանցերում, որտեղ հղկում են իրենց փաստարկներն ու ձևավորում համոզմունքները՝ ասես դրանց վերջնական տեսք տալով, միևնույն ժամանակ խմբավորվելով և կապի համակարգ կազմավորելով։ Բայց այդ նույն ժամանակ նրանք ապրում են իրական աշխարհում և ազդեցություն են գործում շրջապատողների վրա։ Մեծամասնություն, որը ցանկացած հասարակությունում, ցանկացած ժամանակ ասես գտնվում է քնած վիճակում։ Արթնանալով՝ այն անհապաղ կբաժանվի համապատասխան ճամբարների։ Տեղի կունենա խմբերի բյուրեղացման գործընթաց պատրաստի կենտրոնների շուրջ, բայց մոնիթորի էկրանն արդեն պատնեշ չի լինի։ Ես դեմ եմ ծայրահեղականության, քարոզչության, հոլոքոստի մերժման և այլնի մասին օրենքներին։ Այն նույն պատճառով, որ ես կարծում եմ, թե դրանք ոչ միայն չեն աշխատում, այլև, ընդհակառակը, նպաստում են հասարակության արմատականացմանը։ Դրանց գործունեությունը տարածելու փորձը, ինչպեսև մամուլի մասին օրենքն ինտերնետի վրա տարածելը կձախողվի, պարզապես չի աշխատի։ Խնդիրը կա, լուծումը ես չունեմ, բայց իմ խորին համոզմամբ՝ իրենք՝ սկզբունքորեն նոր սոցիալ-հոգեբանական հարաբերությունները, որոնց մասնավոր օրինակն են Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում գտնվող մեկ փոքր երկրի երկու հանրույթները, պետք է առաջ բերեն պատասխանը։
Ամփոփելով՝ հիշեցնեմ այն մասին, թե որքան արագ՝ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում «Զավթի՛ր Ուոլ-սթրիթը» շարժումը գրավեց տառացիորեն ողջ աշխարհը, և դա՝ գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցների ակտիվ հակազդեցության պարագայում։ Այս շարժումը ծագել և կազմակերպվել է սոցիալական ցանցերում, սոցիալական ցանցերի կիրառմամբ և դրանց շնորհիվ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշ հարցեր (հավանաբար՝ իսկապե՛ս կարևոր մարդկանց, այլ ոչ թե քաղաքական գործիչների և էլիտայի համար) ձեռք բերում վերազգային, վերպետական բնույթ։ Իհարկե, պահպանվում է բնակչության տարիքային կազմի ազդեցությունը. որքան ցածր է միջին տարիքը երկրում, այնքան բարձր է հեղափոխության հավանականությունը։ Տնտեսական իրավիճակի։ Պետական կառավարման համակարգի արդյունավետության՝ բյուրոկրատիայի՝ գոնե երբեմն ի շահ երկրի որոշումներ կայացնելու կարողության, եթե չզոհելով էլ իրենց կլանային շահերը, ապա գոնե հաշվի առնելով մեծամասնության շահերը։ Սակայն ինտերնետը և սոցիալական ցանցերը՝ որպես նրա ծնունդ, անշուշտ, շատ հզոր գործոն են, որ ազդում են (ավելի ճիշտ՝ շատ արագ ավելի մեծ ազդեցություն են գործում) ողջ աշխարհի սոցիալական և քաղաքական կյանքի վրա։ Նոր լինելու պատճառով սոցիալական ցանցերի ազդեցության գործոնն ուսումնասիրված չէ։ Տպավորություն է ստեղծվում, թե ոչ ոքի էլ պարզ չէ, թե ինչ պետք է սպասել դրանից, և ընդհանրապես, հնարավո՞ր է արդյոք թեկուզև սկզբունքորեն ներգործել այդ երևույթի վրա։ Ինչպե՞ս եք գնահատում այդ գործոնը և կանխատեսում իրավիճակի զարգացումը։
Հիմնական հակասությունն այսօր պետության բուն էության մեջ է։ Իմ համոզմամբ՝ ողջ աշխարհն ընկղմվում է հերթական մեծ դեպրեսիայի մեջ, և դա կանդրադառնա բոլորի վրա, անկախ երկրից։ Անխուսափելիորեն մեծամասնությունը կարթնանա կուշտ քնից։ Ռուսաստանում և ԲՀ-ում սրան հարկ է ավելացնել պետական կառավարման միանգամայն անարդյունավետ համակարգը։ Ի՞նչ աշխարհում կապրենք մի քանի տարի անց։ Եվ կլինե՞նք արդյոք։
դեպի ետ