ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բրաուզերների տարածվածությունն աշխարհում
Gazeta.ru-ն ուսումնասիրել է ինտերնետային բրաուզերների տարածվածությունն աշխարհի երկրներում 7 այդ երևույթի առանձնահատկությունները։ Պարբերականն ընդգծում է, որ առաջին բրաուզերի 1993–ին հայտնվելուց 18 տարի հետո ընտրությունն այնքան մեծ է, որ դպրոցներում կարելի է «բրաուզերային աշխարհագրություն» առարկա դասավանդել։ Աշխարհում ամենատարածված բրաուզերը մնում է Internet Explorer–ը։ Այն առաջատարն է ԱՄՆ–ում, Եվրոպայի և Լատինական Ամերիկայի ու Ասիայի երկրների զգալի մասում։ Երկրորդ տեղում Mozilla ընկերության Firefox բրաուզերն է, որն առավել տարածված է նախկին ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի երկրներում։ Իսկ ահա Google ընկերության Chrome բրաուզերն աշխարհում տարածվածությամբ արդեն երրորդն է և հատկապես տարածված է Հարավային Ամերիկայի երկրներում, ԱՊՀ տարածքում՝ Հայաստանում ու Մոլդովայում։ Այս բրաուզերի տարածվածությունն անշեղորեն աճում է, և վերջին տվյալներով այն զբաղեցնում է տվյալ շուկայի արդեն 20%-ը։
Օգոստոսի 31-ը բլոգի միջազգային օրն է, որին միացել են նաև հայ բլոգերները
Օգոստոսի 31-ին ողջ աշխարհում նշվում է Բլոգի միջազգային օրը։ Նախորդ տարի Բլոգի միջազգային տոնին առաջին անգամ միացան նաև հայաստանյան բլոգերները։ Նրանք, օրվա խորհրդին համահունչ, անգամ փոքրիկ կայք պատրաստեցին՝ www.blogday.am, որը, սակայն, ներկայումս չի աշխատում։ Այդուամենայնիվ, բլոգերներն իրենց տոնն այս տարի ևս նշելու են հենց բլոգերում յուրահատուկ կերպով։ Բլոգի օրվա առթիվ յուրաքանչյուր բլոգեր ցանկալի է, որ հայտնաբերի իրեն դեռ անծանոթ 5 նոր բլոգներ և գրառում կատարի իր բլոգում նոր հայտնաբերած բլոգների մասին։
Հայաստանը վիրուսներով վարակվելու ամենաբարձր ռիսկայնություն ունեցող երկրներից է
«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները հրապարակել են ՏՏ սպառնալիքների հաշվետվությունը (2011թ., երկրորդ եռամսյակ), համաձայն որի՝ Հայաստանը վիրուսներով վարակվելու ամենաբարձր ռիսկայնություն ունեցող 5-րդ երկիրն է աշխարհում: Գլխավոր տասնյակի առաջին երեք հորիզոնականներում են Օմանը, Ռուսաստանը, Իրաքը, իսկ 4-րդ տեղում Ադրբեջանն է: Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ տեղական մակարդակով ամենաանվտանգ երկրներն են Ճապոնիան, Գերմանիան, Դանիան, Լյուքսեմբուրգն ու Շվեյցարիան:
Facebook օգտագործող երկրների շարքում Հայաստանը 117-րդն է
Facebook սոցիալական ցանցի վիճակագրության համաձան` սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից ցանցին միացած են 198.580 օգտագործողներ։ Facebook-ցիների ընդհանուր թվով Հայաստանն աշխարհի 213 երկրների շարքում 117-րդն է։ Facebook օգտագործող հայաստանցիների մեծամասնությունը 18-24 տարեկաններն են (37%), որին հետևում է 25-34 տարիքային խումբը (30%): 35-44 տարեկանները կազմում են օգտագործողների 10%-ը։ 65-ից բարձր տարիքային խումբը կազմում է սոցիալական ցանցն օգտագործողների ընդամենը 2%-ը։ Վերջին 1 ամսում Facebook-ին Հայաստանից միացել է 10.9 հազ. օգտագործող, աճը կազմել է 5,85%: Հայկական Facebook-ում կանայք կազմում են օգտագործողների 53%-ը, իսկ տղամարդիկ՝ 47%-ը։ Նշենք, որ Facebook օգտագործողների շարքում Թուրքիան 4-րդ հորիզոնականում է՝ 30,280 մլն մարդ։ Վրաստանը գտնվում է 88-րդ տեղում՝ 620,080 հազ. օգտագործող, Ադրբեջանը՝ 93-րդ տեղում (472.220 օգտագործող)։ Առաջատարն այս ցանցում ԱՄՆ-ն է՝ 154 մլն օգտագործող։ Մարտի սկզբին Հայաստանից ցանցին միացած էին 135.1 հազար օգտագործողներ, իսկ 2010թ.մայիսին այդ թիվը չէր անցնում 55 հազարը:
Վեց ամսում հայերը Wikipedia-ում ավելացրել են 1628, ադրբեջանցիները՝ 27 հազ. հոդված
Վերջին կես տարում Wikipedia օնլայն հանրագիտարանում հայերեն հոդվածների թիվն ավելացել է 1628-ով և այժմ կազմում է 14.619: Ավելացել է նաև հայաստանյան օգտագործողների թիվը՝ 10.221-ից դառնալով 12.599: Չնայած դրան՝ նվազել է ակտիվ օգտագործողների թիվը. 2011թ. փետրվարին ակտիվ էին 167 մասնակիցներ, իսկ այժմ՝ 153: Հանրագիտարանում ակտիվ են համարվում այն օգտագործողները, որոնք գործողություն են կատարել վերջին 30 օրվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է pcnews.am-ը, ադրբեջաներեն հոդվածների թիվը կտրուկ աճ է գրանցել. կես տարի առաջ հանրագիտարանում հաշվվում էր 54 հազար ադրբեջաներեն հոդված, իսկ այժմ՝ 81.199: Ընդ որում՝ ակտիվ օգտագործողների թիվը գրեթե չի փոխվել (359` նախկին 339-ի համեմատ): Ինչ վերաբերում է թուրքերեն հոդվածներին, դրանց թիվն անցնում է 172 հազարը: Նշենք, որ ավելացված հայերեն հոդվածների մեծ մասը ս.թ. մարտին Հայաստանում կազմակերպված մի շարք միջոցառումների արդյունք է, որոնց ընթացքում ուսանողները և այլ կամավորներ Wikipedia-ն համալրեցին ընդհանուր առմամբ ավելի քան 640 հայերեն հոդվածով:
Ադրբեջանցի խմբագիր պատգամավորը պահանջում է վերահսկել Facebook-ը
Ադրբեջանցի պատգամավոր, Միլի մեջլիսի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Բախտիար Սադիգովը կոչ է անում իշխանություններին վերահսկողության տակ առնել Twitter և Facebook սոցիալական ցանցերը, որովհետև դրանք վտանգ են պարունակում։ Այս մասին պատգամավոր և «Ազերբայջան» թերթի խմբագիր Սադիգովը հայտնել է SalamNews-ին՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի` սոցցանցերը սահմանափակելու նախաձեռնությունը կմեծացնի ադրբեջանցի պատգամավորների ջանքերն այդ ուղղությամբ։ Սադիգովը լրատվամիջոցներին կոչ է արել աջակցել իրենց այդ հարցում։ «Սոցիալական ցանցերը փչացնում են մեր դեռահասներին ու դպրոցականներին։ Նրանք սկսել են վատ սովորել, քիչ հաճախել դպրոց։ Այս ամենի վերջը պետք է տալ»,- ասել է խմբագիր պատգամավորը։
Իրանցի հաքերները կոտրել են «Մոսադի» և ԿՀՎ-ի կայքերը
Իրանցի հաքերները կոտրել են Իսրայելի «Մոսադ» արտաքին հետախուզության, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, բրիտանական MI-6 արտաքին հետախուզության ծառայության և պետական այլ մարմինների կայքերը: Փորձագետների գնահատականներով, հատուկ ծառայությունների կայքերից գաղտնի տեղեկատվության արտահոսք չի եղել, քանի որ դրանց համակարգչային ցանցերը ելք չունեն դեպի ինտերնետ, ուստի խոսքը գնում է հեղինակության վնասի մասին: Հարձակումը հնարավոր է եղել Նիդեռլանդներում տեղակայված DigiNotar ընկերության վրա այս տարվա հուլիսին կատարված հարձակման արդյունքում: Հաքերներին հաջողվել է նաև կեղծել ընկերության 531 էլեկտրոնային բանալիներ, հաղորդում է NEWSru Israel-ը:
ԱՄՆ-ը զգուշանում է «թվիթերային» հեղափոխությունից
Մեծ Բրիտանիայի անկարգություններից հետո Նյու Յորքի ոստիկանությունն անցկացրել է ոստիկանության աշխատակիցների համար ուսուցողական հավաքներ՝ ԱՄՆ-ում քաղաքացիական շարժումները ճնշելու համար, ինչպես նաև մշակել է հատուկ ծրագիր, որն ուղղված է պոտենցիալ խնդիրների բացահայտմանը սոցիալական ցանցերի մոնիթորինգի օգնությամբ։
դեպի ետ