• am
  • ru
  • en
Версия для печати
31.08.2011

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

Հայագիտությունն ինտերնետում. կայացել է Հայագիտության հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը

ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտն արդեն պաշտոնական կայք ունի՝ www.armin.am-ը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Կայքը նպատակ ունի ոչ միայն ներկայացնել հայագիտության հարցերը համացանցում, այլև հակազդել հակահայ քարոզչությանը։ ԵՊՀ հայագիտության հետազոտությունների ինստիտուտի վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչը Մհեր Հովհաննիսյանն է։ Նրա խոսքով՝ հայագիտության թեմաներով նյութերը համացանցում ներկայացված են մասնատված, առանձին թեմաներով, օրինակ՝ Հայոց ցեղասպանություն, ղարաբաղյան հակամարտություն և այլն, չկան այնպիսի կայքեր, որոնք լիարժեք կներկայացնեին հայագիտության խնդիրները։ Բացի այդ, նրա դիտարկմամբ՝ հայագիտության թեմայով նյութերը համացանցում երբեմն միմյանց հակասում են, քանի որ դրանք հիմնականում հայագետ չհանդիսացող անհատների նախաձեռնություններ են։ Նոր կայքն ունի բազմաթիվ հղումներ այլ կայքերին, ինչը հնարավորություն կտա ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալ հայագիտության վերաբերյալ։ Կայքի նախաձեռնողները նպատակ ունեն օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորություններից՝ հայագիտության վերաբերյալ նյութերը համացանցում կտարածվեն ոչ միայն կայքի, այլև սոցցանցերի, բլոգների և լրատվական կայքերի միջոցով։

Երևանի հասարակական տրանսպորտում գործում է Wi-Fi ինտերնետ կապ

Երևանի քաղաքապետարանը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ միասին Երևանի հասարակական տրանսպորտում ներդրել է Wi-Fi ինտերնետ։ Այս մասին հունիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունո Դյութուան։ Նրա խոսքով՝ տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ անվճար։ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ Երևանի 16, 15, 22, 3 և 28 ավտոբուսային երթուղիների ուղևորները կկարողանան օգտվել Wi-Fi ինտերնետից: Երթուղիների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ երթուղիներից է հիմնականում օգտվում ուսանողությունը: Ինտերնետի արագությունն ավտոբուսներում կախված կլինի նրանից, թե որտեղով է անցնում տվյալ տրանսպորտը և որքան մարդ է տվյալ պահին միացել Wi-Fi-ին։ «Օրանժ Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով՝ սարքի պոտենցիալ տեսական արագությունը մինչև 7,2 մեգաբիթ/վայրկյան է, սակայն փորձարկումները ցույց են տվել, որ միջինը 2-4 մեգաբիթ/վայրկյան արագության կարելի է հասնել Երևանի տարբեր շրջաններում։ Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվող Wi-Fi ինտերնետի հաջող ընթացք ունենալու դեպքում այն կներդրվի հասարակական տրանսպորտի բոլոր երթուղիներում։

Կգործարկվի նոր լրատվական՝ vesti.am

Սույն թվականի սեպտեմբերի 1-ից կգործի vesti.am նոր լրատվական կայքը, որն ի սկզբանե կլինի ռուսալեզու: «Կայքը թարմացվելու է ամեն օր՝ նպատակ ունենալով ներկայացնել վերջին նորություններն աշխարհի բոլոր ծայրերից»,- PCNews.am-ին ասել է կայքի հիմնադիր Արթուր Ավանեսովը: Հետագայում vesti.am-ի լեզուների շարքը կհամալրի նաև հայերենը: Այժմ կայքը գործում է փորձնական (beta) տարբերակով: «Տեղեկատվության հիմնական աղբյուր են հանդիսանում մի քանի առաջատար լրատվամիջոցներ՝ vesti.ru, gazeta.ru, bbc.co.uk/russian/ և այլն»,- նշել է նախագծի մասնակից Ալբերտ Ունուսյանը: Կայքը բաղկացած է 12 բաժիններից, որոնց թվում է նաև «Աֆիշա» բաժինը. այն պարբերաբար կներկայացնի, թե երբ և որտեղ են տեղի ունենալու նոր ֆիլմերի առաջին ցուցադրությունները:

.am տիրույթում 15.000 գրանցված դոմենային անուն կա

.am տիրույթում 15 հազ. գրանցված դոմենային անուն կա։ Այս մասին հայտնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում կայքերի ստեղծման աճի տեմպը նախորդ տարիների համեմատ մի փոքր արագացել է՝ այժմ կազմելով մոտ 25%։ Աճի տեմպի արագացումը կապված է այն բանի հետ, որ վերջին շրջանում զանգվածային արագագործ ինտերնետ ապահովող ընկերությունների շատացմանը զուգահեռ, ավելացել է նաև ինտերնետից օգտվողների թիվը։ Արդյունքում՝ ավելացել է նաև այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են սեփական կայք ունենալ։

Internet Explorer 9-ը՝ այսուհետ նաև հայերեն և ադրբեջաներեն

Microsoft-ը հայտնել է, որ Internet Explorer 9 վեբ-բրաուզերն այսուհետ հասանելի է աշխարհի 93 լեզուներով։ Բրաուզերի վերջին թարմացումը ներառում է լրացուցիչ 53 լեզու, այդ թվում՝ հայերեն և ադրբեջաներեն։

Ադրբեջանական .az դոմենային տարածքում գրանցված կայքերի թիվն աճել է

Ադրբեջանական .az դոմենային տարածքում գրանցված կայքերի թիվն աճել է և այժմ կազմում է 11.913։ Տարվա սկզբից հեռացվել է 1350 կայք։

ԱՄՆ-ը աջակցում է գրաքննողներին շրջանցող ինտերնետին

Բարաք Օբամայի վարչակազմն աշխատում է համացանցի և բջջային կապի «ստվերային» համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել այլախոհների կողմից՝ գրաքննության և հեռահաղորդակցման կապի անջատմանը դիմող բռնապետական ռեժիմների պայմաններում։ Խոսքն այլ պետություններում բջջային կապի անկախ համակարգերի, ինչպես նաև այսպես կոչված «շարժական ինտերնետի» կամ «ճամպրուկում ինտերնետի» մասին է, որը կարող է աննկատ անցկացվել սահմաններից և մեծ տարածությամբ գլոբալ ցանցի միացումով անլար կապի արագ հնարավորություն տալ։ «Ինտերնետը ճամպրուկում» նախագծի ֆինանսավորման համար ԱՄՆ պետդեպարտամենտը հատկացրել է մոտ $2 մլն։ New York Times թերթի ձեռք բերած պլանային ու դիվանագիտական փաստաթղթերում և բազմաթիվ հարցազրույցներում բացահայտվել են տարբեր մասշտաբների, արժեքի և բարդության մի շարք նախագծեր։ Որոշները ներառում են ԱՄՆ-ի կողմից զարգացվող տեխնոլոգիաներ, մյուսները միավորում են աշխարհում տարածված՝ այսպես կոչված ազատագրող տեխնոլոգիաների շարժումներում ցանցահենների կողմից արդեն իսկ ստեղծված միջոցները։ Ըստ նախագծերի մասնակիցների՝ պետդեպարտամենտը ֆինանսավորում է, օրինակ, անլար անտեսանելի ցանցերի ստեղծման մի նախագիծ, որը կարող է հնարավորություն տալ ակտիվիստներին հաղորդակցվել կառավարությունների հասանելիությունից դուրս պայմաններում՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրանը, Սիրիան և Լիբիան։ Ամենից հավակնոտ ծրագրերից մեկի վրա պետդեպարտամենտը և Պենտագոնն արդեն ծախսել են առնվազն $50 մլն՝ Աֆղանստանում պաշտպանված ռազմական բազաների աշտարակներն օգտագործելով անկախ բջջային հեռախոսակապ ստեղծելու համար։ Դրա նպատակն է չեզոքացնել պաշտոնական աֆղանական ծառայություններն ըստ ցանկության խափանելու «Թալիբան» շարժման հնարավորությունը։ Մեկ ուրիշ նախագիծ նախատեսում է Bluetooth տեխնոլոգիայի այնպիսի օգտագործում, որով հնարավոր կլինի, ասենք, բողոքի ցույցի մի մասնակցի ծեծման պահը նկարահանած ֆայլը ավտոմատ կերպով փոխանցել մի հեռախոսից մյուսը՝ քաղաքացիների «վստահելի ցանցի» սահմաններում։ Այս համակարգը կլինի շատ ավելի սահմանափակ, քան ճամպրուկը, բայց դա կպահանջի միայն սովորական հեռախոսների ծրագրային մասի փոփոխում։ Ըստ New York Times թերթի՝ այս նախագծերի ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ավելի ակտիվացան այն բանից հետո, երբ նախագահ Հոսնի Մուբարաքն իր նախագահության վերջին օրերին անջատեց ինտերնետը Եգիպտոսում։ Վերջին շրջանում սիրիական կառավարությունը նույնպես ժամանակավորապես շարքից հանել էր ինտերնետի զգալի մասը, որն օգնում էր մոբիլիզացնել բողոքի արտահայտման մասնակիցներին։ Թերթի հաղորդմամբ՝ այս նոր նախաձեռնություններին աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի գերատեսչությունը ղեկավարում է այս ջանքերը։ Քլինթոնը հաստատել է այս նախագծերի գոյության տեղեկությունը։ Նրա խոսքով՝ ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են օգտագործում համացանցը, բջջային հեռախոսները և այլ տեխնոլոգիաներ՝ անարդարության նկատմամբ իրենց բողոքը լսելի դարձնելու և հույսերն իրականացնելու համար։ «Մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը նրանց օգնելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Անկախ ցանցերի ծրագրավորողները նախազգուշացնում են, որ դրանք ունեն նաև հակառակ կողմ. բռնապետական կառավարությունները կարող են հետաքննությամբ բացահայտել և ձերբակալել այն ակտիվիստներին, որոնք օգտագործում են այդ տեխնոլոգիան, կամ ուղղակի բռնել նրանց՝ սարքավորումը սահմանից անցկացնելու ժամանակ։ Բայց ուրիշները վստահ են, որ նախագծի պոտենցիալ հետևանքները գերակշռում են ռիսկերին։ «Մենք պատրաստվում ենք կառուցել առանձին ենթակառուցվածք, որտեղ գրեթե անհնար կլինի տեխնոլոգիայի արգելափակումը, վերահսկումը կամ հետաքննումը»,- ասել է Սաշա Մեյնրաթը, որը ղեկավարում է «ինտերնետը ճամպրուկում» նախագիծը՝ որպես Նոր Ամերիկա հիմնադրամի Բաց տեխնոլոգիաներ նախաձեռնության անկախ հետազոտական խմբի տնօրեն։ 2011թ. վերջին պետդեպարտամենտը նմանօրինակ շրջանցող տեխնոլոգիաների նախագծերի վրա կծախսի $70 մլն։

Պենտագոնը հայտարարում է «ինտերնետ պատերազմների» դարաշրջան

Պենտագոնը պատրաստվում է պաշտպանել ԱՄՆ ազգային շահերը կիբերհարձակումների միջոցով։ Հակառակորդի համակարգչի աշխատանքի խափանումը պաշտոնապես հավասարեցվել է ռմբակոծություններին և գրոհներին։ Նախագահ Օբաման համապատասխան փաստաթուղթը ստորագրել է դեռևս մայիսին։ Կիբերտարածություններում պատերազմներ վարելու դոկտրինը Պենտագոնը մշակում էր գրեթե 2 տարի։ Նման փաստաթղթի անհրաժեշտություն առաջացավ 2008թ. Պենտագոնի համակարգիչների վրա կատարված հաքերային հարձակումից հետո։ Ս.թ. մայիսին ամերիկացի զինվորականները պաշտոնապես հայտարարեցին, որ հակառակորդի կիբերհարձակումները կհավասարեցվեն ռազմական հարձակմանը, ինչն իրավունք է տալիս նրանց պատասխանել այդ հարձակումներին սովորական սպառազինությունների կիրառմամբ։ Հաջորդ քայլը հանդիսացավ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած փաստաթուղթն այն մասին, որ Պենտագոնը կարող է իրականացնել կիբերհարձակումներ ԱՄՆ ազգային շահերը պաշտպանելու նպատակով, այսինքն՝ հակառակորդի համակարգիչների խափանումը կարող է օգտագործվել գրոհների և հարձակումների փոխարեն։ 21-րդ դարում ռազմական գործողությունները տեղափոխվում են ինտերնետ, այդ պատճառով նոր, անտեսանելի ռազմաճակատներն ի հայտ կգան հենց այդտեղ։ Նոր կիբերդոկտրինում կիբերհարձակումների անցկացման նախագծերը մշակված են այնպես, ինչպես սպառազինությունների և միջուկային զինանոցի օգտագործաման նախագծերը։ Ամերիկացի զինվորականներին թույլատրվում է օգտագործել կիբերմիջոցներն ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի պայմաններում։ Այդպիսի միջոցներ են հանդիսանում համակարգչային վիրուսները և հաքերային հարձակումները, որոնք ուղղված են էներգամատակարարման խափանմանը։ ԱՄՆ կիբերհարձակումների հիմնական աղբյուրի և ԱՄՆ գլխավոր հակառակորդի դերում, փորձագետների մեծ մասի կարծիքով, հանդես է գալիս Չինաստանը։ Վերջին սկանդալը կապված էր բարձրաստիճան դիվանագետների և Սպիտակ տան աշխատակիցների Google-ում էլեկտրոնային փոստերի կոտրման հետ։ Եվ չնայած այս հարձակման նախաձեռնողն այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց, Google կազմակերպությունը մեղադրեց չինական կողմին։ Պեկինը հերքում էր իշխանությունների միջամտությունն այս հարձակումներին։ Associated Press գործակալությունը հունիսի սկզբին մեջբերել է չինական ԶԼՄ հրատարակություններից մեկը, որտեղ հայտարարվում էր «ինտերնետ պատերազմների» դարաշրջանի հռչակման մասին, որը եկել է փոխարինելու միջուկային զսպմանը։ Վաշինգտոնի նոր կիբերդոկտրինի հրապարակումը հաստատում է, որ այն իսկապես սկսվել է։

ՀԴԲ գործակալներին կթույլատրվի լրտեսել առանց ձևականությունների

Հետաքննությունների դաշնային բյուրոն նախատեսում է փոփոխություններ իրականացնել, որոնք զգալիորեն կընդլայնեն գերատեսչության գործակալների իրավունքները։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս փոփոխությունները թույլ են տալիս գործակալներին սկսել որևէ մեկի մասին ինֆորմացիայի հավաքագրումը՝ չձևակերպելով նախնական ստուգման մասին ֆորմալ արձանագրություն (այս փուլում դեռևս իրականացվում է իրադրության ընդհանուր գնահատում, երբ դեռ չկան կոնկրետ կասկածյալներ)։ Պարզեցվում են նաև ստի դետեկտորի օգտագործումը և «աղբի» ստուգումը։ Այժմ դրա համար անհրաժեշտ է սկսել նախնական քննություն, որի համար անհրաժեշտ ինֆորմացիա է հարկավոր, որը թույլ կտա մեղադրանք ներկայացնել հանցագործություն կատարելու համար։ Նոր կանոնների համաձայն՝ պոլիգրաֆի օգտագործումը և հանցանշանների որոնումն «աղբում» կարելի է սկսել նախնական քննությունն իրականացնելուց հետո։ Դա հնարավոր է այն դեպքում, երբ այդպիսի գործողություններն իրականացվում են պոտենցիալ ինֆորմատորի հանդեպ։ Նոր կանոններով սահմանվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչների թվում, որոնց նկատմամբ հետաքննությունները պետք է լինեն ՀԴԲ ստորաբաժանումների ղեկավարների հատուկ վերահսկողության ներքո, ներառված են նաև հայտնի բլոգերներ։ Հատուկ վերահսկողություն է սահմանվում պաշտոնատար անձանց և ամերիկյան համալսարանների դասախոսների նկատմամբ իրականացվող գործողությունների վրա։

ԱՄՆ ԿՀՎ կոտրված կայքը կրկին գործարկվել է

Կրկին գործարկվել է ԱՄՆ ԿՀՎ կայքը, որը նախկինում ենթարկվել էր կիբերհարձակման: ԿՀՎ-ն առայժմ չի արձագանքել, իսկ վարչության կայքում հաքերների հարձակման վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկա: Նշենք, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Lulz Security խմբավորման հաքերները, որոնք նախկինում կոտրել էին ԱՄՆ սենատի, Sony ընկերության կայքերը: Հաքերներն իրենց բլոգում գրել էին, թե կայքի վրա հարձակվել են «լուլզերի» համար: Lulz ինտերնետ ժարգոնով նշանակում է «կատակ»: Կատակի համար նրանք փշրել էին ԿՀՎ կայքը` հեռացնելով օգտվողների մի մասի գաղտնանունները:

ՄԱԿ. ազատ մուտքը համացանց մարդու հիմնարար իրավունքների շարքում է

ՄԱԿ-ը համացանց ազատ մուտքի իրավունքը դասել է մարդու հիմնարար իրավունքների շարքին: Կազմակերպության նիստում ներկայացված զեկույցում ասվում է, որ համացանցը «մարդու մի շարք իրավունքների իրացման, անհավասարության դեմ պայքարի և առաջընթացի զարգացման անկախ գործիք է»: ՄԱԿ զեկույցը հանդես է գալիս բոլոր ժողովրդավարական հասարակություններում համացանցի` որպես հաղորդակցության անքակտելի պլատֆորմի, ազատ օգտագործման օգտին: Նաև նշվում է, թե ինչպիսի թշնամի է նա ներկայանում պաշտոնյաների համար: «Համացանցի հսկայական ներուժն ու առավելությունը տեղեկատվության փոխանակման արագության, մատչելիության և անանուն լինելու մեջ է: Միաժամանակ այդ հատկանիշները... վախ են սերմանում կառավարությունների մեջ»,- նշվում է զեկույցում: Զեկույցի հեղինակները որպես ասվածի հաստատում նշում են արաբական երկրներում Twitter և Facebook մուտքի սահմանափակման, Wikileaks-ի հիմնադիր Ասանժի քրեական հետապնդման մասին:

Google-ը նոր սոցիալական ցանց է թողարկել՝ նպատակ ունենալով մրցակցել Facebook-ի հետ

Google ընկերությունը ներկայացրել է սեփական Google Plus սոցիալական ցանցը, որը կոչված է մրցակցել Facebook-ի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ծրագիրը մշակողները որպես Google Plus-ի հիմնական առավելություններ նշում են օգտագործողի համար հասկանալի կարգավորումները, իր կոնտակտներն առանձին խմբերի մեջ միավորելու հնարավորությունը, յուրաքանչյուր «շրջապատի» համար հասանելիության համապատասխան կանոններ սահմանելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Մի կողմից՝ սա ակնարկ է Facebook-ին, որն օգտագործողների տվյալների պաշտպանության հետ կապված հարցերի պատճառով անընդհատ հայտնվում է սկանդալների կենտրոնում։ Սոցիալական ցանցին զուգահեռ՝ ներկայացվել է նաև Android սմարթֆոնների համար նախատեսված բջջային կլիենտը։ Այդ հավելվածի օգնությամբ օգտագործողը կարող է հրատարակել սմարթֆոնի տեսախցիկով արված իր լուսանկարները և տեսահոլովակները։ Մասնագետների խոսքով՝ մոտ ժամանակներս տարբերակ կառաջարկվի նաև iPhone-ի համար։

ICANN-ը հաստատել է ինտերնետ դոմենների նոր համակարգը

ICANN-ի (Internet Corporation for Assigned Names and Numbers-ինտերնետային դոմենների, IP-հասցեների կարգավորման հարցերով զբաղվող ոչ կոմերցիոն կազմակերպություն) տնօրենների խորհուրդը հաստատել է ինտերնետ դոմենների անվան վերջավորությունների (.com, .org, .net և այլն) թիվը ներկայիս 22-ի փոխարեն տպավորիչ կերպով մեծացնելու պլանը։ Այդպիսով, յուրաքանչյուր ինտերնետային հասցե կարող է ավարտվել գրեթե ցանկացած բառով և ցանկացած լեզվով։ Նոր դոմենների վերջավորությունների գրանցման հայտերն ընդունվելու են 2012թ. հունվարի 12-ից մինչև ապրիլի 12-ը։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 4, 2011

դեպի ետ