
ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արա ՄարջանյանՀիմնական արդյունքներ
Վերականգնվող էներգետիկայի ծրագրի համակարգող (WB/GEF TF-056211), տ.գ.թ.
Համաշխարհային բնապահպանական հաստատության (ՀԲՀ, GEF) և Համաշխարհային բանկի (ՀԲ, WB) TF-053910 դասիչը կրող Վերականգնվող էներգետիկայի ծրագիրը (ՎԷԾ) Հայաստանում մեկնարկել է 2007թ.: Այն իրականացվում էր «Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից: ՎԷԾ-ը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից` վարկային և դրամաշնորհային: ՎԷԾ վարկային միջոցները նախատեսված էին Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կառուցմանն օժանդակելու համար: ՎԷԾ վարկային ընդհանուր փաթեթը կազմել էր շուրջ $15 մլն, որից ՀԲ մասնաբաժինը $5 մլն էր։ Եվս $3 մլն կազմել էր Գաֆեսչյան ընտանիքի հիմնադրամի մասնաբաժինը (ԱՄՆ) և $7 մլն` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) բաժինը: Վարկավորումն իրականացվում էր հատուկ վարկավորող կազմակերպության միջոցով: Ծրագրի մեկնարկային փուլում դա Գաֆեսչյան ընտանիքի «Կասկադ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն էր, ավելի ուշ` «Ամերիա բանկը»:
ՀԲ մասնաբաժնով տրամադրված վարկերի առավելագույն չափը կազմել էր $1.3 մլն, նվազագույնը` $0.2 մլն, վարկավորման միջին տևողությունը` 96 ամիս: Ըստ վարկային համաձայնագրի, տոկոսադրույքի ՀԲ/Հիմնադրամի բաժինը կազմում էր LIBOR գումարած 1% (ՎԷԾ իրականացման ընթացքում այս մեծությունը տատանվում էր 2.5-6.38%-ի սահմանում): Այնուհետև, այս տոկոսադրույքի վրա վարկատու կազմակերպությունն ավելացնում էր տոկոսադրույքի իր բաժինը՝ պայմանով, որ ընդհանուր տոկոսադրույքը չգերազանցի 12.5%-ը: Այս միջոցների հաշվին իրականացվել էր 26 ՓՀԷԿ-ի կառուցման ծրագիր` մոտ 43 մվտ ընդհանուր հզորությամբ և տարեկան մոտ 160 հազ. կվտ/ժ արտադրանքով: Դիտարկված ՓՀԷԿ-երի առավելագույն հզորությունը կազմել էր 5.7 մվտ, նվազագույնը` 0.38 մվտ: Այս կայաններից 12-ն արդեն շահագործման մեջ են, մնացածները գտնվում են շինարարական և լիցենզավորման փուլերում: Նշված 26 ՓՀԷԿ-ից 17-ը բնական հոսքի վրա գործող կայաններ էին, 4-ը կառուցված են ոռոգման ջրագծերի, ևս 4-ը՝ ոռոգման ջրանցքների և մեկը` ջրամատակարարման գծի վրա: Ներկայումս իրականացվում է վարկային միջոցների կանոնավոր վերադարձ:
ՎԷԾ վարկային բաղադրիչի այսօրինակ հաջող իրականացումը հիմք ծառայեց Հայաստանում նմանատիպ մի քանի վարկային ծրագրի մեկնարկի համար` Հայ-գերմանական ֆոնդի, ArmCEFF եվրոպական ծրագրի, IFC միջազգային կառույցի շրջանակներում իրականացվող ծրագիր և այլն:
ՎԷԾ ՀԲՀ/ՀԲ դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում հիմնականում իրականացվում էին ՎԷ ոլորտի հիմնարար նշանակություն ունեցող ուսումնասիրություններ, պաշարագիտական գնահատումներ, ՎԷ այս կամ այն տեխնոլոգիայի հեռանկարայնության ուսումնասիրություններ և այլն: Ընդ որում, հիմնադրամն ուրվագծում էր նախատեսվող ուսումնասիրությունների ուղղությունը և բովանդակությունը, մշակում դրանց տեխնիկական առաջադրանքները, կազմակերպում և իրականացնում էր այդ ուսումնասիրությունները կատարող ընկերությունների ընտրության միջազգային և տեղական մրցույթները, ինչպես նաև կատարում էր աշխատանքների իրականացման հսկումն ու ստացված արդյունքների համարժեքության գնահատումը:
Աշխատանքների մեկնարկի պահից ՎԷԾ շրջանակում իրականացվել են շուրջ 20 առանձին ծավալուն ծրագրեր և հատուկ ուսումնասիրություններ` Հայաստանում ՎԷ ամենատարբեր ուղղությունների համար: Այս աշխատանքներին մասնակցել են 124 առաջատար փորձագետներ, 105-ը՝ Հայաստանից և 19-ը` արտերկրից (ԱՄՆ, Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան): Կատարված ուսումնասիրությունները ներառում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ՓՀԷԿ-երը, արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկան, կենսաէթանոլի արտադրությունը, երկրաջերմային էներգետիկան և այլն:
Հատուկ կիրառական նշանակություն ունեցան ՎԷԾ շրջանակում իրականացված այնպիսի ուսումնասիրություններ, ինչպիսին էին ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման մեծացման համար միկրոպրոցեսորային ռելեական պաշտպանության համակարգի, դրա հաշվարկային մեթոդիկայի ու նորմատիվների մշակումը («Օժանդակում ՀՀ էլեկտրահամակարգի կարգավորմանը և պաշտպանությանը ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման համար» ծրագիր), ինչպես նաև Հայկական էներգահամակարգում 2010-2016թթ. ՎԷ կայանքների անվտանգությունը, աշխատանքի հուսալիությունը և արդյունավետությունը երաշխավորող հակավթարային համակարգային ավտոմատիկայի նախագծի մշակումը: Այս ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող ձեռնարկներն ակտիվ պահանջարկ գտան ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի կառույցների աշխատակիցների և ոլորտի գիտահետազոտական ու նախագծային ինստիտուտների փորձագետների շրջանում: Այս պահանջարկը բավարարելու համար իրականացվեց այս ձեռնարկների տպագրումը և բաժանումը շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Ներկայումս դրանք ինտենսիվ օգտագործվում են:
Բացի այս, ՎԷԾ շրջանակներում մշակվել են շուրջ երկու տասնյակ նորմատիվ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկայի, արեգակնային ջրատաքացման, հողմաէներգետիկայի, ինչպես նաև էներգախնայողության ասպարեզների տարատեսակ տեխնոլոգիաների կիրառմանը:
Հատուկ ուսումնասիրություններ են կատարվել հանրապետությունում ՎԷ զարգացման խոչընդոտների որոշման և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների, ՎԷ ծրագրերի գործարար պլանների մշակման, դրանց իրականացմանն աջակցելու և ֆինանսավորման մեխանիզմները որոշելու ուղղություններով:
Իրականացվել են նաև Հայաստանում ՎԷ զարգացմանը նվիրված խնդիրներին հանրային և մասնագիտական իրազեկման բազմաթիվ միջոցառումներ՝ սեմինարներ, կոնֆերանսներ, դասընթացներ, կլոր սեղաններ և այլն: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ» խորագրով գիտաժողովների, ցուցահանդեսների և միջոցառումների բիենալե:
Մշակվել է Հայաստանում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցային ծրագիրը (ճանապարհային քարտեզ): Որոշակի առումով այս ուղեցուցային ծրագիրն ի մի է բերում մինչ օրս ստացված ՎԷԾ և այլ ծրագրերի արդյունքները և նախանշում է Հայաստանում ՎԷ զարգացման թիրախներն ու դրանց հասնելու ուղիները: Ուղեցուցային ծրագրի առանձնահատկությունն այն է, որ, ի տարբերություն մինչ օրս կատարված ուսումնասիրությունների, ՎԷ զարգացումն այստեղ դիտարկվում է «Էներգետիկա» ընդլայնված ոլորտի համար: Նման մոտեցումը ենթադրում է ՎԷ ներթափանցման մակարդակի գնահատում ոչ միայն էլեկտրաէներգետիկայում, այլև ջերմային էներգիայի ոլորտում, ինչպես նաև տրանսպորտում:
Հակիրճ անդրադառնանք ՎԷԾ համատեքստում իրականացված ուսումնասիրություններից մի քանիսի արդյունքներին:
Հիդրոակումուլյացիոն կայան
«Հայաստանի և տարածաշրջանի համար պիկային էլեկտրական էներգիայի ներուժի և հիդրոակումուլյացիոն կայանի հեռանկարայնության գնահատումը» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել են հանրապետության և տարածաշրջանի երկրների էլեկտրական բեռի ռեժիմների առանձնահատկությունները: Փաստվել է Հայաստանում հիդրոակումուլյացիոն կայանի (ՀԱԿ) կառուցման հեռանկարայնությունը, որի համար դիտարկված 11 հարթակներից որպես հեռանկարային ընտրվել են երեքը: Որոշվել են ՀԱԿ հիմնական դրվածքային հարաչափերը. գեներացիոն ռեժիմում` 150 մվտ տեղակայված հզորություն, տարեկան 440 մլն կվտ/ժ արտադրանքով, կուտակիչ ռեժիմում` 200 մվտ տեղակայված հզորություն, տարեկան 580 մլն կվտ/ժ սպառումով:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թեև ՀԱԿ-ը էլեկտրական էներգիայի նետո-սպառիչ է հանդիսանում, այնուամենայնիվ, թույլ կտա նախ 350 մվտ-ով ընդլայնել համակարգի հզորության տեխնիկական կարգավորման տիրույթը, այնուհետև կապահովվի հիմնական (բազային) կայանների, օրինակ՝ ՀԱԷԿ միջին տարեկան բեռնվածքը 100 մվտ-ով, բարձրացնելով վերջինիս տարեկան արտադրանքը մոտ 700 մլն կվտ/ժ-ով: ՀԱԿ-ը կկրճատի գիշերային կորուստները Հայաստանի ջերմային կայաններում, կավելացնի Իրան և հարակից այլ երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, համակարգի ռեժիմների ճկունությունը` հիմք ստեղծելով այն բանի համար, որ հայկական համակարգն իրականացնի տարածաշրջանային դիսպետչերության ծառայությունները և գործառույթը։ Էականորեն կբարելավվի նաև Հայաստանի էլեկտրական համակարգի ռեժիմների ընդհանուր արդյունավետությունը:
Փոքր հզորության հիդրոէլեկտրակայաններ (ՓՀԷԿ)
Հայաստանում ՓՀԷԿ-երի զարգացման համար միակ ամբողջական մասնագիտական փաստաթուղթը երկար ժամանակ 1997թ. մշակված «ՀՀ ՓՀԷԿ զարգացման սխեման» էր: ՎԷԾ շրջանակներում սխեման հիմնովին նորացվեց և ճշգրտվեց, որի ընթացքում դաշտային ուսումնասիրություններ կատարվեցին ՀՀ 9 մարզերի 14 գետային ավազաններում, կատարվեցին բազմատիպ տվյալների հավաքագրում և համադրում, իրականացվեց նյութերի ծավալուն վերլուծություն:
Արդյունքում՝ կազմվել է ՀՀ ՓՀԷԿ զարգացման նորացված և ճշգրտված սխեման, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ: ՓՀԷԿ նորացված սխեմայում տեղ են գտել 115 նոր ՓՀԷԿ-եր, որոնց համար հաշվարկվել են բոլոր հիմնական տեխնիկատնտեսական պարամետրերը: Բերված աղյուսակն ամբողջացնում է ստացված տվյալները: Հարկ է նշել, որ ՓՀԷԿ նորացված սխեմայի կայաններն ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կայաններ են, քան նախորդ սխեմայի կայանները: Այսպես, թեև նախորդ սխեմայի համեմատ նորացված ՓՀԷԿ-երի ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ (115 206-ի փոխարեն), սակայն գումարային տեղակայված հազորությունն աճել է մոտ 24%-ով և կազմել 147 մվտ՝ նախորդ 111 մվտ-ի փոխարեն: Իսկ նորացված ՓՀԷԿ-երի ընդհանուր արտադրանքն աճել է արդեն 40%-ով և կազմել տարեկան շուրջ 540 մլն կվտ/ժ` նախորդ սխեմայի 325 մլն կվտ/ժ-ի փոխարեն: Ներկայումս այս նորացված սխեմայի ՓՀԷԿ-երից շատերը` մոտ 70 կայան, արդեն գտնվում են շահագործման մեջ և/կամ կառուցման ու լիցենզավորման գործընթացների փուլում են:
Կենսաէթանոլ
Հայաստանում առաջին սերնդի տեխնոլոգիայով կենսաէթանոլի արտադրության հեռանկարները գնահատող ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են 21 ինուլին պարունակող տարբեր բուսատեսակներ, որոնցից հետագա դիտարկումների համար ընտրվել են չորսը: Հարկ է նկատել, որ հաշվի առնելով կենսավառելիքի արտադրության միջազգային փորձը, կատարված ուսումնասիրությունը հիմնվում էր հետևյալ հիմնադրույթների վրա. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության համար չպետք է օգտագործվեն Արարատյան հարթավայրի բերրի հողերը, այն չպետք է խաթարի էնդեմիկ ֆլորան և չպետք է բացասականորեն ներազդի սննդամթերքի արտադրության ու գների վրա:
Ուստի, ուսումնասիրության ընթացքում գնահատվել են հանրապետության միայն բարձրադիր գոտիների չոռոգվող հողատարածքները և կայուն ու դիմացկուն բուսատեսակները: Մշակվել են անասնակեր եգիպտացորենի և գետնախնձորի վրա աշխատող կենսաէթանոլի արտադրության համար երկու գործարանների կառուցման ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորումները: Մատնանշվել է այս գործարաններից ընդհանուր մոտ 14 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրության հնարավորությունը, ինչը թույլ կտա իրականացնել հանրապետությունում բենզինի ընդհանուր սպառման մոտ 5-10%-ի տնտեսում:
Ի լրումն կատարված ուսումնասիրության, ՀՎԷԷՀ մասնագետների կողմից լրացուցիչ կատարվել է 2-րդ և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիայով ցելյուլոզային հումքից կենսաէթանոլի արտադրության ներուժի ուսումնասիրություն: Ստացված գնահատականներով՝ այս տեխնոլոգիայով Հայաստանում հնարավոր է իրականացնել մինչև 100 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրություն, որից մոտ 50 հազ. տոննան կարող է արտահանվել հարևան երկրներ:
Երկրաջերմային էներգետիկա
Երկրաջերմային էներգիայի յուրացմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը ՎԷ ողջ ոլորտի, թերևս, միակ տեխնոլոգիան է, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն` էլեկտրական բազային բեռի ծածկման համար: Չէ՞ որ թե՛ արեգակնային, թե՛ հողմային, թե՛ փոքր հզորությունների հիդրոէներգետիկան այս առումով էներգիայի սկզբունքորեն չկարգավորվող աղբյուր են հանդիսանում: Ուստի, զարմանալի չէ այն մեծ ուշադրությունը, որն ուղղված է Հայաստանում հատկապես երկրաջերմային էներգիայի յուրացմանը:
ՎԷԾ շրջանակներում հատուկ ուսումնասիրությամբ ի մի բերվեցին և հանգամանալիորեն վերլուծվեցին մինչ այդ Հայաստանում բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների մասին առկա բազմաբնույթ և ծավալուն տվյալները: Արդյունքում՝ առանձնացվեցին այն երկու հեռանկարային հարթակները, որոնց համար բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների առկայությունն ուներ առավելագույն հավանականություն: Այդ հարթակների համար կազմվեցին հատուկ ուսումնասիրությունների ծրագրեր:
Հարկ է ընդգծել, որ ստացված արդյունքներն այնքան խրախուսիչ էին, որ Համաշխարհային բանկը և միջազգային ԳեոՖոնդ հիմնադրամը Հայաստանին լրացուցիչ առանձին դրամաշնորհային ֆինանսավորում հատկացրին` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում երկու հեռանկարային հարթակներում (Գրիձոր, Քարքար) համալիր հետազոտությունների և հետախուզման համար (GEF TF-092563): Ներկայումս այդ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Արեգակնային ֆոտովոլտաիկ (ՖՎ) էներգետիկա
ՎԷԾ շրջանակներում իրականացված այս ծրագրի հիմնական նպատակն էր, ելնելով Հայաստանում վերջնական արտադրանքի և/կամ առավելագույն հավելյալ արդյունքի գոյացման ապահովման հիմնադրույթից, օժանդակել հանրապետությունում արդի ՖՎ էներգետիկայի զարգացմանն այս ոլորտի ողջ տիրույթում` հումքից մինչև շուկա սկզբունքով:
Աշխատանքների ընթացքում փաստվեց հանրապետությունում հեռանկարային հումքի` կվարցիտների, օպալիտների, դիատոմիտների առկայությունը տնտեսապես նշանակալից ծավալներով: Եզրակացվեց, որ Հայաստանի կվարցիտի որոշ հանքերի հումքն իր հիմնական հատկություններով և խառնուկների չնչին չափով կարող է հիմք հանդիսանալ ոչ միայն մետաղագործական և ՖՎ սիլիցիումի, այլև գերմաքուր սիլիցիումի արտադրության համար: Մյուս կողմից՝ Հայաստանի նշանակալից արեգակնային էներգիայի ներուժը (25%-ով ավելի միջին եվրոպական ցուցանիշից) և այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ համապատասխան ռազմավարության առկայությունը կարող են խթանել տեղական և միջազգային ներդրումները՝ հանգեցնելով հանրապետությունում ըստ էության արդյունաբերական նոր ոլորտի հաստատմանը, ինչը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացմանը, կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր:
Ելնելով տնտեսական շահավետությունից, արտադրության կազմակերպման ծախսերի տվյալներից, հիմնվելով միջազգային փորձի և համաշխարհային շուկայական գների վերլուծության վրա՝ Հայաստանում ՖՎ արդյունաբերության զարգացման նպատակով դիտարկվել են 12 արդի տեխնոլոգիաներ, որոնցից ընտրվել են Հայաստանի համար հեռանկարային 2-ը: Վերջիններիս համար դիտարկվել են առանձին սցենարներ:
Սցենար 1. «Սիմենս» ընկերության պրոցեսով ՖՎ մոդուլների ընդհանուր 150 մվտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` կվարցիտի արդյունահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ՖՎ պոլիսիլիցիումի արտադրություն` եռքլորսիլանի արտադրության և զտման միջոցով, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ՖՎ էլեմենտների ու մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ $230 մլն (2009թ. ԱՄՆ դոլար):
Սցենար 2. Պոլիսիլիցիումի և խոր զտման մետաղագործական սիլիցիումի (ԶՄԳ) համադրությունով ՖԷ մոդուլների ընդհանուր 150 մվտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` կվարցիտի արդյունահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ԶՄԳ սիլիցիումի և պոլիսիլիցիումի արտադրություն, միախառնման պրոցես, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ՖՎ էլեմենտների արտադրություն, ՖՎ մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ $200 մլն (2009թ. ԱՄՆ դոլար):
Վերը նշված և ՎԷԾ շրջանակներում իրականացված բոլոր այլ ուսումնասիրությունների և ծրագրերի հաշվետվությունները կարելի է բեռնել ՀՎԷԷՀ կայքից1 կամ Հայաստանի ՎԷ ինտերնետային պորտալից2: Ստացված արդյունքներին, ՎԷ ասպարեզի խնդիրներին և Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրներին նվիրված այլ նյութերին կարելի է ծանոթանալ և բեռնել «Նորավանք» ԳԿՀ կայքի «Էներգետիկ անվտանգություն»3 և FUTURIS4 հատուկ էջերից:
Ամփոփելով՝ պարտքս եմ համարում ընդգծել, որ այսչափ ծավալուն, բարդ և բազմաբնույթ ուսումնասիրությունների իրականացումը հնարավոր չէր լինի, եթե չլիներ Հայաստանում Համաշխարհային բանկի ՎԷԾ խմբի` Ա.Բալաբանյանի, Ա.Կոչնակյանի, Ա.Աստվածատրյանի և ծրագրի ղեկավար Գևորգ Սարգսյանի հետևողական և արհեստավարժ աշխատանքը: Ծրագրի հաջող իրականացմանը մեծապես նպաստեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (ի դեմս նախարար Արմեն Մովսիսյանի և փոխնախարար Արեգ Գալստյանի) մասնագիտական օժանդակումն ու ուղղորդումը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ ՀՀ այլ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների օգնությունը: ՎԷԾ իրականացումը Հայաստանում անհնարին կլիներ առանց Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ղեկավար Թամարա Բաբայանի և հիմնադրամի անձնակազմի ամենօրյա կազմակերպչական աշխատանքի ու մարդկային օժանդակության:
Առանձնապես կուզենայի ընդգծել, որ ՎԷԾ շրջանակներում ստացված բոլոր արդյունքները, նվաճումները և ձեռքբերումներն առաջին հերթին այն 124 առաջատար փորձագետների բեղուն աշխատանքի արդյունքն են, որոնք իրենց գիտելիքներն ու փորձն անվերապահ ծառայեցրին Հայաստանում Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործին ու ծրագրի կատարմանը:
2 http://www.renewableenergyarmenia.am
3 http://www.noravank.am/arm/articles/list.php?SECTION_ID=6
4 http://www.noravank.am/arm/futuris/index.php
դեպի ետ