
ՆԱԽՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԴԻՏՎԱԾ 10 ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ և 50 ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի տարածքում մեդիաչափումներ իրականացնող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որը մեր երկրում գործում է այդ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ GFK ընկերության լիցենզիայով, «Կապիտալ» օրաթերթի հետ համատեղ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Ըստ այդմ՝ այսուհետև որոշակի պարբերականությամբ «Կապիտալը» կհրապարակի Հայաստանի մարզերում և Երևանում ամենադիտվող հեռուստաալիքների հաղորդումների վերաբերյալ տվյալներ։ Այսպիսով, այսօրվա համարում «Կապիտալը» հրապարակել է նախորդ շաբաթվա ընթացքում ամենաշատը դիտված 50 հաղորդումների և 10 հեռուստաալիքների վարկանշային աղյուսակները և գրաֆիկները։
Պատասխանելով հեռուստաչափումների արդյունքները հրապարակելու նախաձեռնության նպատակների մասին հարցին՝ «Տելեմեդիակոնտրոլի» տնօրեն Տիգրան Սաֆարյանն ասել է, որ մեր շուկայում, մասնավորապես` հեռուստագովազդի շուկայում, տեղեկատվության մեծ պակաս կա և շուկայում գործող մասնակիցները շատ ժամանակ կա՛մ թերի են տիրապետում իրավիճակին, կա՛մ ընդհանրապես սխալ պատկերացումներով են առաջնորդվում գովազդի տեղադրման գործում, և նպատակը այդ բացը լրացնելն է։ «Պետք չէ մոռանալ նաև շարքային քաղաքացիների մասին, որոնք չեն առնչվում հեռուստագովազդի շուկային, սակայն անմիջական կապ ունեն հեռուստատեսության հետ որպես հեռուստադիտող:
Բոլորին հետաքրքիր կլինի իմանալ, թե ուր է գնում մեր հեռուստատեսությունը, ինչ են նախընտրում դիտել հեռուստադիտողները, որքան է իրականում գովազդի մասնաբաժինը մեր եթերում»,- ասել է Սաֆարյանը։ Ի դեպ, վերջինիս հավատմամբ՝ թեև ընկերության տեսադաշտում առայժմ միայն հեռուստատեսություններն են՝ որպես մեդիակրիչ, սակայն ապագայում հնարավոր է` այդ կարգավիճակում հայտնվի նաև ինտերնետը։
Այսպիսով, ըստ հրապարակման՝ նախորդ շաբաթվա աշխատանքային օրերի փրայմ –թայմի (18։00-00։00) ընթացքում ամենաշատը դիտվել են Հանրային հեռուստաընկերության երկու սերիալներ՝ «Հրեշտակների դպրոցը» և «Աննա 2»-ը, որոնք ունեցել են համապատասխանաբար 15.06 և 13.66 վարկանիշ և ապահովել են համապատասխանաբար 45.19% և 48.49 % դիտողականություն։ Դրանց հաջորդում են «Արմենիա ԹիՎի»-ի երկու սերիալներ՝ «Եզրագծից այն կողմ»-ը և «Դժվար ապրուստը»։ Ընդհանուր առմամբ՝ ամենաշատը դիտված 10 հաղորդումների շարքում միայն երկուսն են, որ սերիալներ չեն՝ 5-րդ տեղում գտնվող «Հայլուր. Ինդեքս»-ը և 9-րդ տեղում գտնվող «Տեսանկյուն»-ը։
Մյուս կարևոր միտումը, որ կարելի է դուրս բերել ամենաշատը դիտված հաղորդումների ցանկից, այն է, որ ընդհուպ մինչև 34-րդ տեղը ընկած հաղորդումները երեք հեռուստաալիքների են պատկանում՝ «Հ1», «Արմենիա ԹիՎի» և «Շանթ»։ 35-րդ տեղից սկսած՝ բացառապես առաջատար եռյակից տարբերվող հեռուստաընկերություններն են և գերիշխող է «Հ2»-ը։
Իսկ ահա հանգստայան օրերին պատկերը մի փոքր այլ է։ Հանգստյան օրերի դեպքում ներկայացված է ոչ միայն փրայմ-թայմի, այլ ամբողջ օրվա արդյունքները, ըստ որոնց՝ առաջատար 4 հաղորդումները պատկանում են «Հ1»-ին։ Դրանք են՝ «Մենք ձեզ հետ ենք – հեռուստամարաթոն», «Երգ երգոց», «Հայլուր. Կիրակի» և «Հայոց հարցը» հաղորդումները։ Դրանց հաջորդող միանգամից 5 հաղորդումներ ներկայացնում են «Արմենիա ԹիՎԻ»-ն, լավագույն տասնյակը եզրափակում է կրկին «Հ1»-ը։ Այս աղյուսակում ևս հիմնականում «եռիշխանություն» է, որը մերթընդմերթ խախտվում է «Հ2»-ի և «Ա Թի Վի»-ի կողմից։
Ինչ վերաբերում է հեռուստաալիքների դիտողականությանը, ապա այստեղ ևս առաջատար եռյակը պահպանվում է։ Հիմնականում առաջատարի դերում հանդես է գալիս «Հ1»-ը։ Նախորդ շաբաթվա բոլոր օրերի և 24-ժամյա կտրվածքով ամբողջ Հայաստանում վերցրած «Հ1»-ին բաժին է ընկել հեռուստալսարանի 23.2%-ը, ինչը 0.2%-ով ավել է «Արմենիա Թի Վի»-ի համապատասխան ցուցանիշից։ Փոխարենը՝ շաբաթվա բոլոր օրերիև 24-ժամյա կտրվածքով միայն Երևանում վերցրած առաջատար է «Արմենիա Թի Վի»-ն։ «Հ1»-ը առաջատար է հատկապես երեկոյան ժամերին՝ փրայմ-թայմին։
Գծապատկեր 1. Նախորդ շաբաթվա ընթացքում (13.06-19.06) հեռուստաալիքների դիտողականությունը Հայաստանի և Երևանի՝ 4 և ավելի տարիքի բնակչության համար ըստ մասնաբաժնի* (Shr% ցուցանիշի) - 24 ժամ:
Գծապատկեր 2. Նախորդ շաբաթվա ընթացքում (13.06-19.06) հեռուստաալիքների դիտողականությունը Հայաստանի և Երևանի՝ 4 և ավելի տարիքի բնակչության համար ըստ վարկանիշի** (Rat% ցուցանիշի) - 24 ժամ:
Գծապատկեր 3. Նախորդ շաբաթվա ընթացքում (13.06-19.06) հեռուստաալիքների դիտողականությունը Հայաստանի և Երևանի՝ 4 և ավելի տարիքի բնակչության համար ըստ մասնաբաժնի* (Shr% ցուցանիշի) - փրայմթայմ (18:00 – 24:00):
Գծապատկեր 4. Նախորդ շաբաթվա ընթացքում (13.06-19.06) հեռուստաալիքների դիտողականությունը Հայաստանի և Երևանի՝ 4 և ավելի տարիքի բնակչության համար ըստ վարկանիշի** (Rat% ցուցանիշի) - փրայմթայմ (18:00 – 24:00):
*Ծանոթագրություն 1. Մասնաբաժինը քանակապես (այս դեպքում, տոկոսային հարաբերությամբ) բնորոշում է լսարանի ծավալը՝ հիմքում դնելով համախմբության այն մասը, որն հեռուստացույց է դիտել, հետևյալ բանաձևի համաձայն՝
**Ծանոթագրություն 1. Վարկանիշը քանակապես (այս դեպքում, տոկոսային հարաբերությամբ) բնորոշում է լսարանի ծավալը՝ հիմքում դնելով ամբողջ չափվող համախմբությունը հետևյալ բանաձևի համաձայն՝
Ամենաշատը դիտված 50 հաղորդումների ցանկը դիտեք այստեղ։
դեպի ետ