ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը մեծացել է
Circle.am և «Բիզնես-24» նախագծերը հանրությանն են ներկայացրել «Ինտերնետը Հայաստանում» հերթական՝ վեցերորդ զեկույցը, որում ներկայացված են 2010-11թթ. ձմռան ամիսներին Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Դրանք փաստում են, որ և՛ ավելացել է ինտերնետ այցելությունների քանակը, և՛ խորացել է շուկայի խոշորացման միտումը։ Ըստ զեկույցի՝ 2010թ. փետրվարի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված էր 1000 կայք, մեկ տարի անց արդեն այդ թիվը հասել է 1811-ի (աճը՝ 81.1%): Ընդ որում՝ միայն ձմռան երեք ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցվել է 308 նոր կայք: 2010 և 2011թթ. փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակն աճել է 92.42%-ով, իսկ էջերի դիտումներինը` 61.09%-ով: Circle.am-ում ձմռան երեք ամիսների ընթացքում արձանագրվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների աճ: Դեկտեմբերին այցելությունների քանակը կազմել է 15.556.698, հունվարին` 15.780.019, փետրվարին` 16.840.788: Փետրվար ամսվա տվյալների համեմատությունը 2010թ. նոյեմբերին արձանագրված ցուցանիշների հետ ցույց է տալիս, որ այցելությունների թիվն աճել է 16.68%-ով։ 2011թ. փետրվարին հայաստանյան ինտերնետային այցելությունների քանակը կազմել է ընդհանուր այցելությունների 50.82%-ը, այնինչ 2010թ. նոյեմբերին սույն ցուցանիշը կազմել է 45.8%, օգոստոսին` 44.1%, մայիսին` 41.2%, մարտին` 39%:
Հայկական կայքերի միայն կեսն է գտնվում .am դոմենային գոտում
Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ. փետրվարի վերջի դրությամբ հետևյալն է` .am - 50%, .com - 32%, .ru - 7%, .net - 3% և այլ դոմեններ՝ 8%: 2010թ. նոյեմբերի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով, .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով: Մնացած գոտիների համար փոփոխություններ չեն եղել: Circle.am-ի և «Բիզնես-24»-ի համատեղ պատրաստած զեկույցի համաձայն՝ 2010-2011թթ. փետրվար ամիսների տվյալների համեմատությունն ի հայտ է բերում հետևյալ պատկերը` .am դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 3 տոկոսային կետով, .com դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինն աճել է 5 տոկոսային կետով և .ru դոմենային գոտում գտնվող կայքերի մասնաբաժինը նվազել է 1 տոկոսային կետով: Ինչ վերաբերում է հոսթինգին, ապա հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի նվազման միտումը շարունակական բնույթ է կրում: 2011թ. փետրվարի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղակայված է Հայաստանում, 82%-ը` արտասահմանում: 2010թ. փետրվարի տվյալների համեմատությամբ` հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 6 տոկոսային կետով կամ 25%-ով: Ընդ որում, միայն ձմռան 3 ամիսների ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժինը նվազել է 1.58 տոկոսային կետով:
Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 109-րդն է
«ՏՏ համաշխարհային զեկույց 2010/11»1-ի արդյունքներով՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով զբաղեցնում է աշխարհում 109-րդ տեղը, մինչդեռ մեկ տարի առաջ 101-րդն էր: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կատարած հետազոտությունն այս տարի ներառել է 138 երկիր: Ցանցային պատրաստվածության ցուցանիշով առաջին տեղում է Շվեդիան: Ադրբեջանը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ռուսաստանից, որը 77-րդ տեղում է: Իսկ հարևան Թուրքիան և Վրաստանը համապատասխանաբար 71-րդ և 98-րդ տեղում են:
Անդրոիդ օպերացիոն համակարգով՝ արդեն հայերեն
Անդրոիդ օպերացիոն համակարգով արդեն կարելի է հայերեն կարդալ՝ նոր ստեղծված Hay (նախկին՝ LIFE WebBrowser) կոչվող բրաուզերի միջոցով։ Նոր բրաուզերը հնարավորություն է տալիս ոչ միայն կարդալ, այլև գրել հայերեն, քանի որ այն առաջարկում է նաև հայերեն տառատեսակների ամբողջական փաթեթ։
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բուխարեստում կայանալիք ՏՀՏ համաժողովին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 9-10-ը տեղի կունենա ՄԱԿ Զարգացման ծրագրի Սևծովյան առևտրի և ներդրումների ծրագրի կողմից (UNDP BSTIP) կազմակերպվող առաջին Սևծովյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ծառայությունների համագործակցության CONNECT ֆորումը: Միջոցառման ընթացքում նախատեսվում են հայկական պատվիրակության հանդիպումներ ռումինական առաջատար ՏՀՏ ընկերությունների և ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է, որ ֆորումին կմասնակցեն մոտ 100 ընկերությունների ներկայացուցիչներ 12 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ալբանիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա և Ուկրաինա: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միությունը կաջակցի հայկական ընկերություններին մուտքի թույլտվությունների ձևակերպման գործընթացում, իսկ ֆորումի մասնակցության ծախսերը կհոգան իրենք՝ ֆորումի մասնակիցները։
ВВС-ի ադրբեջանական ծառայությունը դադարեցնում է ռադիոհեռարձակումը
ВВС-ի ադրբեջանական ծառայությունը, 16,5 տարվա եթերից հետո, դադարեցնում է ռադիոհեռարձակումը: Ծառայությունը գործունեությունն ամբողջությամբ ծավալելու է համացանցում: Ռադիոհեռարձակման դադարեցման պաշտոնական հիմնավորումը ծառայությունների բյուջեների կրճատումն է: ВВС-ի համաշխարհային ծառայությունը, ի տարբերություն ներքին ռադիո- և հեռուստահեռարձակումների, ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության կողմից, որն էլ կտրուկ նվազեցրել է դոտացիաների ծավալը: Դա հանգեցրել է արտասահմանում մի շարք ծառայությունների փակմանը կամ եղածների ծրագրերի կրճատմանը: Այս իրավիճակում ադրբեջանական ծառայությունը հրաժարվել է ռադիոհաղորդումներից և ամբողջությամբ դադարեցրել է ռադիոեթերը: ВВС-ի ադրբեջանական ծառայությունն ադրբեջաներենով կանոնավոր հեռարձակումները սկսել էր 1994-ից:
Այսուհետ՝ միայն ադրբեջանալեզու ֆիլմեր
2011թ. հուլիսի 15-ից Ադրբեջանում կինոթատրոններում ցուցադրվող բոլոր ֆիլմերը կթարգմանվեն ադրբեջաներեն։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, սա նպատակ ունի «Ադրբեջանի պետական լեզվի մասին օրենքի» համաձայն գործարկելու ադրբեջաներենի օգտագործումը կինոթատրոններում։
Sinif.az նոր ինտերակտիվ համակարգ
Մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և ծրագրավորողներ ստեղծել են հեռակա ուսուցման ունիվերսալ պլատֆորմ։ Այս համակարգը ենթադրում է ընտրված առարկայական ծրագրով հեռակա ուսուցում։ Այժմ համակարգում հասանելի է 5-11-րդ դասարանների ուսումնական ծրագրի ավելի քան 40%-ը։ Մինչև 2012թ. գարուն համակարգում զետեղված կլինի բոլոր դասարանների ողջ ուսումնական ծրագիրը։
Նավիգացիոն համակարգը սկսել է գործել Ադրբեջանում
Մարտի կեսերին Բաքվում կայացած Autoshow ցուցահանդեսի ժամանակ բջջային օպերատոր Azercell Telekom-ը ներկայացրել է Ադրբեջանում նոր նավիգացիոն համակարգ։ Այս համակարգի շնորհիվ յուրաքանչյուր բաժանորդ կարող է գտնել ցանկացած հասցե և բնակավայր։ Ծրագրի ակտիվացումից հետո հեռախոսի էլեկտրոնային քարտեզի վրա երևում է բաժանորդի տեղը։ Քարտեզի վրա երևում են մոտակա բոլոր բնակավայրերը (փողոցները, սրճարանները, բանկերը, խանութները, ռեստորանները) և բաժանորդը կարող է տեղեկանալ խցանումների մասին։
Իսրայելցի միլիարդատերը կստեղծի հրեական «Al Jazeera»
Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ, ձեռներեց Ալեքսանդր Մաշկևիչը հայտարարել է միջազգային մակարդակով Իսրայելը ներկայացնող լրատվական հեռուստաալիք ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։ Մաշկևիչը հեռուստաալիքի ստեղծումը բացատրել է այն հանգամանքով, որ գոյություն ունեցող հեռուստաալիքներից մարդիկ բացասական տեղեկատվություն են ստանում Իսրայելի մասին։ Ձեռներեցը նաև նշել է, որ նոր հեռուստաալիքը չի կրի քարոզչական բնույթ, այլ միայն հավաստի տեղեկատվություն կտարածի։ «Ես մի քանի տարի առաջ արդեն խոսել եմ Իսրայելի կառավարության պաշտոնյաների և հրեական աշխարհի ազդեցիկ մարդկանց հետ, նրանք բոլորը միակարծիք են, որ այդպիսի հեռուստաալիքի ստեղծումն անհրաժեշտություն է»,-ասել է Մաշկևիչը։ Ձեռներեցը նախատեսում է մի քանի ամիս հետո Իսրայելում կազմակերպել հեռուստաալիքի շնորհանդեսը։ Անվանումը դեռ որոշված չէ։ Լրագրողներն այն կոչում են «հրեական Al Jazeera»՝ ենթադրելով, որ այն դառնալու է կատարական հեռուստաալիքի հակակշիռը, որը մեղադրվում է Մերձավոր Արևելքի իրադարձությունները հակաիսրայելական դիրքերից լուսաբանելու մեջ։ Համաձայն Forbes ամսագրի, Մաշկևիչի ունեցվածքը գնահատվում է $3,7 մլրդ։ Ամսագրի տվյալներով՝ բիզնեսմենը, որն ունի Իսրայելի քաղաքացիություն, բնակվում է Ղազախստանում։
Նոր TV՝ Google-ից YouTube-ի եթերում
Google որոնողական հսկան մտադիր է YouTube տեսապորտալի միջոցով մրցակից ստեղծել մալուխային ավանդական հեռուստատեսությանը: Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal-ը` վկայակոչելով Google-ին մոտ կանգնած աղբյուրները: Ըստ թերթի` Google-ը մոտ ապագայում մտադիր է հայտնի տեսահոսթինգում որոշակի փոփոխություններ կատարել` նրա աշխատանքները կենտրոնացնելով մի շարք հատուկ ալիքների ուղղությամբ: Ըստ Google-ի` սա YouTube-ի այցելուներին կհարկադրի ավելի շատ ժամանակ անցկացնել կայքում: Թերթի հաղորդմամբ` ընկերությունը մտադիր է շուրջ 20 ալիք ստեղծել և դրանք բաժանել ըստ թեմաների` սպորտ, արվեստ, քաղաքականություն և այլն: Վերոնշյալ ալիքներն օնլայն կհեռարձակվեն օրական մի քանի ժամ, իսկ թողարկումները կպատրաստեն հեռուստատեսային մասնագետները: Ակնկալվում է, որ նոր ալիքների եթերում հաճախ կօգտագործվեն YouTube-ում արդեն շրջանառվող տեսահոլովակները: Ըստ թերթի` Google-ը մտադիր է բացառիկ հաղորդումների ոչ թանկ կոնտենտի համար ավելի քան $100 մլն ծախսել: Հիշեցնենք, որ անցած ամսվա սկզբին YouTube-ը հայտարարել էր, թե մտադիր է իր աշխատակիցների հաստիքները 30%-ով ավելացնել: Կայքի տնօրինությունը հայտարարել էր 200 նոր աշխատատեղի ստեղծման մասին: Ի դեպ` աշխատակիցների նման քանակը կայքի 6-ամյա պատմության մեջ ռեկորդային կլինի:
Դարի համացանցային կողոպուտը. ԱՄՆ համակարգչահենները գողացել են տեղեկություններ միլիոնավոր մարդկանց մասին
Հաքերները գողացել են Amazon, Citigroup և Barclaycard ընկերությունների հաճախորդների տվյալները, տեղեկացնում է բրիտանական Daily Telegraph-ը: Հաքերների հարձակմանն է ենթարկվել համացանցային շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան Epsilon ֆիրմայի փոստային սերվերը. Epsilon-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ սերվերից գողացվել է հաճախորդների անունների և էլեկտրոնային հասցեների մասին տեղեկատվությունը, ֆինանսական տեղեկատվությունը չի վնասվել: Ընկերության հաճախորդներն այժմ կարող են ստանալ սպամ, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Ընդ որում՝ տվյալների գողությունը կարող է դառնալ խոշորագույնը պատմության մեջ, նշում է թերթը: Տուժած կազմակերպությունները, որոնց թվում են Capital One-ը, JP Morgan Chase-ը, Mariotte Int. Hotel group-ը, հաճախորդներին հորդորում են զգույշ լինել՝ այս կամ այն անձնական բնույթի տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով էլեկտրոնային նամակներ ստանալու դեպքում:
Հաքերները հաձակվել են LiveJournal-ի վրա
2011թ. մարտի 30-ին LiveJournal-ը ենթարկվել է DDoS2 հարձակման, որի նմանը դեռ չի գրանցվել բլոգային ծառայության պատմության մեջ: Այս մասին հայտարարել են LJ-ի ներկայացուցիչները: Կայքի խափանումից որոշ ժամանակ առաջ սկսել են խնդիրներ առաջանալ նաև բլոգների վերջին գրառումների հետ, որոնք դժվարությամբ են ցուցադրվել գլխավոր էջում:
Journalists on Facebook. հատուկ բաժին լրագրողների համար
Facebook սոցիալական ցանցում գործարկվել է հատուկ բաժին լրագրողների համար: Journalists on Facebook-ն «ինտերնետ անկյուն» կդառնա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի են օգտագործում սոցիալական ցանցը որպես տեղեկատվական ռեսուրս: Ծառայությունը կօգնի լրագրողներին տեղեկատվություն փոխանակել միմյանց հետ, ինչպես նաև նորություններ տարածել և փնտրել անհրաժեշտ կոնտակտներ:
Beeline-ի բաժանորդներին հասանելի են անվճար SMS-ծանուցումներ Facebook սոցիալական ցանցից
«ԱրմենՏել»-ը հայտարարում է Facebook սոցցանցում SMS-ծանուցման ծառայության գործարկման մասին: Ծառայությունը Beeline բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս ստանալ SMS-ծանուցումներ` իրենց «պատին» կատարված հրապարակումների, նկարների կամ գրառումների մեկնաբանությունների մասին, ինչպես նաև SMS հաղորդագրության միջոցով սահմանել կարգավիճակը, պատասխանել հարցումներին և այլն: Beeline բջջային ցանցի բաժանորդները կարող են ստանալ SMS-ծանուցումներ Facebook ցանցից անվճար` առանց բաժանորդավճարի, միացման և SMS-հաղորդագրության ստացման վարձի: Դեպի Facebook ուղարկվող մեկ SMS-հաղորդագրության արժեքը մինչև 2011թ. հունիսի 1-ը կկազմի 5 դրամ, իսկ հետագայում` 9 դրամ` անկախ բաժանորդի սակագնային պլանից:
Apple-ի նախկին մենեջերը նոր սոցիալական ցանց է ստեղծել
Ամերիկյան Apple ընկերության նախկին մենեջեր Բիլ Նգուենը նոր` Color սոցիալական ցանց է ստեղծել, որն աշխատում է սմարթֆոնների միջոցով և օգտատերերի մասին բոլոր տվյալները հանրամատչելի է դարձնում: Նախագիծն ամերիկյան ներդրումային հիմնադրամներից արդեն $41 մլն է ներգրավել: Color անվճար ներդիրը համացանցում հայտնվել է օրերս: Այն սմարթֆոնների օգտատերերին օնլայն ռեժիմով հնարավորություն կտա փոխանակել լուսանկարներ, տեսահոլովակներ, ինչպես նաև հաղորդագրություններ գրել միմյանց: Color ցանցի հիմնադիր Բիլ Նգուենը հայտնի է նաև որպես ժամանակին Lala երաժշտական կատարումների օնլայն վաճառքի հիմնադիր, որը հետագայում $80 մլն-ով վաճառել էր Apple-ին, այնուհետև մոտ կես տարի աշխատել ընկերությունում: Այս անգամ Նգուենի նպատակն է ստեղծել սոցիալական ցանցի նոր տեսակ: Ըստ նրա` օրեցօր ավելի շատ տեղեկատվություն է հասանելի դառնում ռեալ ժամանակի ռեժիմով համատեղ օգտագործման համար, այդ պատճառով մարդիկ պետք է պատասխանեն հարցին, թե արդյոք պատրաստ են ապրել «բաց» աշխարհում: Նոր սոցիալական ցանցն աշխատում է iPhone-ի և Android համակարգով աշխատող ցանկացած սարքավորման միջոցով:
1Տե՛ս http://www3.weforum.org/docs/WEF_GITR_Report_2011.pdf
2DDoS հարձակումն այն է, երբ կայքի սերվերին ուղարկվում են բազմաթիվ հարցումներ` ծանրաբեռնելով այն:
դեպի ետ