ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անվճար ծրագիր iPhone-ի համար` նվիրված Հայոց ցեղասպանությանը
Ամերիկացի երիտասարդ անիմատոր, հայազգի Ալեքս Նիսանյանն աշխատում է iPhone-ի համար նախատեսված հավելվածի վրա` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Աշխատելով «Հայկական հուշարձան» հավելվածի վրա` Նիսանյանն այժմ ֆինանսավորում է որոնում հավելվածն անվճար տարածելու նպատակով: Հավելվածի հիմնական էջում պատկերվելու է Ծիծառնակեբրդի Ցեղասպանության համալիրի անմար կրակը: Ներկայացվելու են նաև 1915-23թթ. ցեղասպանության պատմությունը, այն ճանաչած երկրների ցանկը, Ցեղասպանության ճանաչման գործընթացին առնչվող նորություններ: Ծրագրի համար միջոցների հավաքումը նախատեսված էր մինչև փետրվարի 27-ը: Հայ անիմատորը ծրագրում է նոր ծառայությունը թողարկել մինչև ապրիլի 24-ը:
http://news.am/arm/news/46914.html
Վրաստանը սկսել է սեփական համակարգիչներ արտադրել
Վրաստանում սկսվել է մինիհամակարգիչների՝ նեթբուքերի արտադրություն: Վրացական նեթբուքերի թողարկումը սկսվելու է հուլիսին՝ պորտուգալական բրենդի հիման վրա, վրացական «Ալգորիթմ» ձեռնարկության հետ համատեղ: Սպասվում է, որ սեպտեմբերի 15-ին նեթբուքերը կհանձնվեն Վրաստանի բոլոր առաջին դասարանցիներին: Համակարգիչներում դպրոցական ծրագրեր և ձեռնարկներ են լինելու, հաղորդում է «Ռոսբալթը»:
http://news.am/arm/news/46483.html
Գործարկվել է հայագիտության մասին կայք` www.armin.am
Հայագիտությանը, մասնավորապես՝ հայոց պատմությանը, հայոց լեզվին և մշակույթին վերաբերող ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն այսուհետև հնարավոր կլինի գտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) պաշտոնական կայքում` www.armin.am-ում: Կայքում լուսաբանվում է ոչ միայն ՀՀԻ գործունեությունը, այլև ներկայացվում են հայագիտության դասական և նոր արժեք հանդիսացող նյութերն ու ուսումնասիրությունները: «www.armin.am-ը ստեղծվել է 2009թ. դեկտեմբերին: Անհրաժեշտ տեխնիկական վերափոխումներից հետո շարունակվում է հայագիտական արժեք հանդիսացող նյութերի մուտքագրումը: Ստեղծել ենք հայոց պատմության էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս այցելուին հայոց պատմության թեմաներից իրեն անհրաժեշտը կարդալու ընթացքում տեքստի համապատասխան բառերից անցում կատարել մեկ այլ տեքստի»,- նշում է վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պ. գ. թ. Մհեր Հովհաննիսյանը: Նշենք նաև, որ ՀՀԻ կայքում առկա են նաև հայագիտական ուղղվածության ուսումնասիրություններ, հոդվածներ, առանձին արխիվային փաստաթղթերի ժողովածուներ, պատմական քարտեզներ, նկարներ, որոնք անընդհատ ավելացվում են: Բոլոր նյութերը հասանելի են անվճար և ժամանակի ընթացքում ներկայացվելու են նաև ռուսերեն, անգլերեն լեզուներով:
http://tert.am/am/news/2011/02/10/cite/
Արխիվի թվայնացված նյութերը հասանելի կլինեն ինտերնետի միջոցով
Արխիվի թվայնացված նյութերին կարելի է ծանոթանալ ինտերնետի միջոցով։ Այդ տեղեկատվությունը հասանելի կլինի ինտերնետում՝ Հայաստանի ազգային արխիվի ինտերնետային կայքում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Խոսքը վերաբերում է ինտերնետի միջոցով անհրաժեշտ փաստաթղթի վերաբերյալ անվճար տեղեկատվություն ստանալուն։ Ինչ վերաբերում է բուն տեղեկատվությանը, ապա Ա.Վիրաբյանի խոսքով՝ այդ ամենը կլինի այնպես, ինչպես ամբողջ աշխարհում է։ «Եթե տեղեկատվությունն անհրաժեշտ է ստանալ շատ արագ, ապա դրա համար անհրաժեշտ կլինի վճարել, իսկ եթե մարդը ցանկանում է տեղեկատվությունը ձեռք բերել սահմանված կարգով, ապա դրա ձեռքբերումը կլինի անվճար, որոշակի փաստաթղթերի դեպքում միայն, որոնց անվճար տրամադրում է նախատեսված»,- ասաց Ա.Վիրաբյանը՝ նշելով, որ, այդուամենայնիվ, Հայաստանի ազգային արխիվի վճարովի նյութերի ձեռքբերումը շատ ավելի մատչելի է, քան արտասահմանյան կամ հարևան երկրների արխիվային նյութերի ձեռքբերումը։ Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խոսքով՝ թվայնացման պարագայում անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար այլևս պարտադիր չի լինի ֆիզիկապես գտնվել Հայաստանի ազգային արխիվում, պարզապես հնարավոր կլինի այդ ամենը ստանալ էլեկտրոնային փոստի միջոցով։
http://news.am/arm/news/47229.html
Baku.am եռալեզու կայքէջ. յուրահատուկ հարգանքի տուրք Բաքվի հայկական ջարդերի զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային և գործարար կյանքը լուսաբանող, բնույթով եզակի եռալեզու կայքէջը՝ baku.am: Կայքէջում զետեղված հարյուրավոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շենքերի, Բաքվում լույս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչության, գովազդային հայտարարությունների և, ընդհանրապես, Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայության պատմությունը: Առանձին բաժնով ներկայացված են Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թվականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր և լուսանկարներ: Բաքվի հայ համայնքը դարձավ ադրբեջանական և թուրքական իշխանությունների ծրագրած և երեք փուլով իրագործած ցեղասպանության զոհ: Դրա հետևանքով դադարեց գոյություն ունենալ քաղաքի զարգացման պատմության մեջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը: 20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրության անդրկովկասյան տիրույթի խոշորագույն արդյունաբերական կենտրոն, ուներ հարուստ հայկական քաղաքակրթական ներկայություն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից և բազմացեղ մահմեդական բնակչությունից հետո: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային և գործարար կյանքում: Հենց հայ գործարարների շնորհիվ սկսվեց ու մեծ թափ առավ Բաքվի նավթարդյունաբերությունը: Հայ գործարարների միջոցներով և հայ ճարտարապետների նախագծերով ու եվրոպական ճարտարապետական լավագույն ավանդույթներով կառուցված շենքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ադրբեջանի ներկայիս իշխանությունների որդեգրած հակահայ քաղաքականությունը չի հանդուրժում որևէ հիշատակում Բաքվում հայերի երբեմնի ներկայության ու քաղաքի պատմության մեջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգության մասին: Այս կայքէջի պատրաստումը յուրահատուկ հարգանքի տուրք է Ադրբեջանի պետական այլատյացությանը և հրահրված ջարդերին զոհ գնացած Բաքվի հայերի հիշատակին: Կայքի պատրաստումը նախաձեռնել և իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
http://news.am/arm/news/48895.html
ԱԱԾ-ն կհամակարգի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտը
2011թ. մարտի 3-ին կայացած նիստում կառավարությունը որոշել է տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում լիազոր և ազգային համակարգող մարմին նշանակել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կբարձրացվի տեղեկատվական անվտանգության մակարդակը, ինչպես նաև տվյալ ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը։
http://pcnews.am/armenia/it/security/1646-aac.html
Ինտերնետն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Համաշխարհային ցանցն ու WikiLeaks-ն առաջադրվել են 2011թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի: ԱՄՆ պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերը հրապարակող WikiLeaks-ն առաջադրվել է Նորվեգիայի պատգամավոր Սնորե Վալենի կողմից՝ համընդհանուր արժեքների համար պայքարում ունեցած ավանդի համար: Այս մասին հաղորդում է CNet News-ը: Անցած տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել է Լյու Սյաոբոն՝ Չինաստանում հանուն մարդու իրավունքների երկարատև ու համառ պայքարի համար: Տարբեր տարիներին այս մրցանակը ստացել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, Նելսոն Մանդելան և այլք:
http://pcnews.am/world/it/internet/1637-inet.html
Ստեղծվել է առաջին սոցցանցային լրատվամիջոցը
Այսօր գործարկվել է աշխարհում առաջին լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալելու միայն սոցիալական ցանցում: Տեղական նորությունների The Rockville Central կայքը մարտի 1-ից նորություններ կհրապարակի միայն Facebook-ում: Բոլոր նորություններն այժմ կտեղադրվեն միայն լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում: Mashable տեխնոբլոգի փոխանցմամբ՝ սա սոցիալական լրագրության սկիզբն է: «Վաղուց արդեն սոցցանցերն ու միկրոբլոգները դարձել են տեղեկատվության տարածման ամենաարագ միջոցն ու լրատվամիջոցների հզոր զենքը»,- գրում է տեխնոբլոգը:
http://pcnews.am/world/it/internet/1630-soc.html
Գործարկվել է elNavi նավիգացիոն համակարգը
Ադրբեջանում պատրաստվել է elNavi նավիգացիոն համակարգը նավիգացիոն սարքերի, ինչպես նաև հեռախոսների, սմարթֆոնների համար։ Այն ներառում է Ադրբեջանի ճանապարհային ամբողջական քարտեզ և բոլոր բնակավայրերը։ Այն աշխատում է Symbian, Android, Windows Mobile, Linux հարթակների վրա։
http://www.elnavi.az
Ադրբեջանին ևս 3 տարի բավական կլինեն IPv4-ի ռեսուրսները
AzNET-ի վրա դեռ չեն անդրադառնա IPv4 պրոտոկոլի IP հասցեների վերջանալու մասին հայտարարությունները, քանի որ չկան մեծ թվով հայտեր .az դոմենային տիրույթում գրանցվելու համար։ Այս պահին .az դոմենային տիրույթում գրանցված է 11309 դոմեն։
http://www.whois.az/cgi-bin/stat.cgi?lang=ru
Facebook սոցցանցն Ադրբեջանում
Վերջին ժամանակներս Ադրբեջանում մեծ հետաքրքրություն է նկատվում Facebook սոցիալական ցանցի հանդեպ։ Այսպես, համաձայն alexa.com-ի, Facebook-ն այս պահին ամենահաճախելի կայքն է Ադրբեջանում։ Ըստ Socialbakers կայքի վիճակագրությունների, Facebook-ից օգտվողների թիվն ավելացել է հատկապես վերջին մեկ ամսում և այժմ կազմում է շուրջ 325 հազար (երկրի բնակչության շուրջ 4%-ը)։ Նրանց 50%-ը 18-24 տարեկաններն են։ Facebook-ի նկատմամբ ակտիվության հիմնական պատճառներից մեկն էլ վերջերս Մերձավոր Արևելքում ծայր առած հեղափոխություններն էին, որոնց ժամանակ լայնորեն օգտագործվեցին սոցիալական ցանցերը։ Հետևելով արաբական երկրների օրինակին՝ սոցցանցերը փորձում են օգտագործել նաև ադրբեջանական ընդդիմադիրները։ Մասնավորապես, Facebook-ում կազմվել է մեծ խումբ՝ Մարտի 11-Ժողովրդական մեծ օր, որը կոչ է անում բողոքի ցույց կազմակերպել Ադրբեջանում և ստիպել իշխանություններին հաշվի նստել ժողովրդի հետ։ Ավելի վաղ հայտնվում էր, որ ադրբեջանական ինտերնետ պրովայդերները (մատակարարները) որոշ շրջաններում փակել են Facebook-ի հասանելիությունը, բայց ավելի ուշ դա հերքվեց։ Նույն թեմայով ակտիվություն է դրսևորվում նաև Twitter միկրոբլոգային ցանցում։ Սոցցանցերում ակտիվության համար վերջին օրերին ձերբակալվել է երեք երիտասարդ ակտիվիստ։ Այս առթիվ իրենց բողոքն են հայտնել Freedom House, Amnesty International միջազգային կազմակերպությունները։
http://www.aztwi.com/
դեպի ետ