
ԱՄՆ-Ը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ՄԱՆԻՊՈՒԼԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

ԱՄՆ բանակը մոտ ժամանակներս կզինվի նոր ծրագրով, որը նպատակաուղղված կլինի ամերիկամետ քարոզչության անցկացմանը զանազան սոցիալական ցանցերի և բլոգների միջոցով։ Ըստ Centcom-ի ներկայացուցիչ Բիլ Սփիքսի՝ սույն տեխնոլոգիան թույլ կտա գաղտնի բլոգերական գործունեություն վարել արտասահմանյան կայքերում։ Մասնավորապես, նման ծրագրային ապահովումը կօգնի ԱՄՆ սահմաններից դուրս հակադարձել քարոզչության տարածմանը, ապատեղեկատվական գործողություններին կամ ցանցահեն գրոհներին։ $2,76 մլն արժողությամբ պայմանագիրը բաժին է ընկել վերջերս Լոս Անջելեսում գրանցված Ntrepid ընկերությանը։
Ինչպես գրում է The Guardian թերթը, այս ծրագրի շրջանակներում կստեղծվեն մտացածին վիրտուալ անձնավորություններ Twitter, Facebook և այլ սոցցանցերում, որոնք արտաքին բոլոր հատկանիշներով պետք է տարբեր երկրների սովորական օգտվողներ թվան և համոզիչ լեգենդ ունենան։ Մեկ զինվորականի հսկողության տակ կլինեն մինչև տասը օնլայն-անձինք։ Կառավարման միասնական կետը կգտնվի ԱՄՆ ՌՕՈւ Մակդիլ ռազմակայանում՝ Տամպայի (Ֆլորիդա) մոտ և կգործի շուրջօրյա։ Այնտեղ կաշխատի մոտ 50 օպերատոր։
Նախատեսված է նաև բացահայտվելուց պաշտպանվելու լավ մշակված համակարգ։ Բոտը (ռոբոտ ծրագիրը) իսկական օգտվողից տարբերելը շատ ավելի դժվար կլինի, քանի որ ֆեյկային պրոֆիլով կքողարկեն IP-հասցեն։ Դա թույլ կտա տպավորություն ստեղծել, թե պոստերն ուղարկվում են տարբեր երկրների իսկապես գոյություն ունեցող օգտվողներից։
Ըստ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության մամլո քարտուղար Բիլ Սփիքսի՝ ամերիկյան լսարանի վրա ներգործելն արգելված է օրենքով, ուստի, համակարգը կօգտագործվի արաբերենով, ֆարսի, ուրդու, փուշտու և այլ լեզուներով, բայց ոչ անգլերենով հաղորդակցվելու համար։
Ենթադրվում է, որ այս նախաձեռնությունը «Անկեղծ ձայն» (OEV) գործողության մի մասն է, որը նախապես մշակված էր հոգեբանական պայքար մղելու համար Իրաքում կոալիցիոն զորքերի դեմ «Ալ-Քաիդայի» կողմնակիցների և այլ ուժերի ցանցային գործունեության։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեն Մաթիսը, որը ծրագրային ապահովման պատվիրատուն է, հայտարարել է. «OEV-ը ստեղծվել է, որպեսզի խափանի մահապարտ ահաբեկիչների հավաքագրման և պատրաստման մեխանիզմը, զրկի մեր հակառակորդներին ապաստանից, ինչպես նաև պայքարի ծայրահեղական գաղափարախոսության ու քարոզչության դեմ»,- տեղեկացնում է պարբերականը։
Ինտերնետ-փորձագետներն արդեն նմանություններ են անցկացնում «Չինաստանի փորձերի հետ՝ հսկողության տակ վերցնելու և սահմանափակելու խոսքի ազատությունն ինտերնետում», իսկ քննադատները տրտնջում են, թե նախագիծը թույլ կտա ամերիկյան բանակին հասնել «կեղծ միահամուռության էֆեկտի» օնլայն բանավեճերում։ Բացի այդ, երկյուղներ կան, որ ԱՄՆ օրինակին կարող են հետևել «այլ երկրների կառավարությունները, մասնավոր ընկերությունները և ոչ կառավարական կազմակերպությունները»։
դեպի ետ