
ԱԴՐԲԵՋԱՆ. ԱՂՏՈՏՎԱԾ ԳԵՏԸ`ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Կովկասյան լրատու # 580
25-ը փետրվարի, 2011թ.
Ադրբեջանցի բնապահպաններն ահազանգում են, որ երկրի արեւմուտքում գտնվող Գյանջա քաղաքով հոսող գետն այնքան է աղտոտվել, որ մեծ վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար:
Գյանջայի երբեմնի ջրառատ գետահունն այժմ միայն գարնան հալոցքի ժամանակ է ջրով լցվում: Տարվա մյուս եղանակներին այն չոր է, սակայն գետի գարշահոտ ծանծաղուտը պահպանվում է, եւ, տեղացիների խոսքերով, վտանգավոր է առողջության համար:
Նրանց վկայությամբ` ամռան տապին այստեղ տիրող գարշահոտության պատճառով գետին հնարավոր չէ մոտենալ, սակայն երեխաները միեւնույն է` լողում են գետի ծանծաղուտում:
Բնապահպան Իրշադ Աբբասովի մեկնաբանությամբ` գետի չորանալու հիմնական պատճառը գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգումն է: Բացի այդ, գետն աղտոտվում է դրա երկայնքով տեղակայված տներից հոսող կոյուղաջրերի եւ տեղացիների նետած աղբի պատճառով:
«Գետի աջ ափին տեղակայված շուկայի աշխատողները ժամանակին ամբողջ աղբը չորացած գետն էին նետում: Իրադրությունը որոշ չափով բարելավվեց, երբ շուկան տեղափոխվեց», - ասում է Աբբասովը:
Գյանջայի բնակչուհի Վուսալա Ջաննաթովան բողոքում է, որ տեղական իշխանությունները բազմիցս մաքրել են գետահունը կուտակված թափոններից, սակայն բնակիչները շարունակում են աղտոտել այն:
«Անհամբերությամբ սպասում ենք իշխանությունների` այս ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Եթե մարդիկ չեն տեսնում, որ սա, նախ եւ առաջ, անհրաժեշտ է իրենց առողջության համար, ապա ոչինչ էլ չի փոխվի», - համոզված է Ջաննաթովան:
Մուշֆիք Բալաեւի տունն անմիջապես գետի մոտ է գտնվում. նա այն կարծիքին է, որ այս ամենի մեղավորը ոչ միայն տեղացիներն են, այլ նաեւ քաղաքապետարանը, քանի որ գետի շրջակայքում եղած աղբարկղերի թիվը փոքր է, իսկ աղբահանությունն այստեղ հազվադեպ երեւույթ է:
Գյանջայի քաղաքապետարանի բնապահպանական ծառայությունների բաժնի աշխատակից Ալիքրամ Գուրբանովը նշում է, որ շուրջ 100 բնակարանատերերի գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել, որ նրանց տների կոյուղաջրերն աղտոտում են գետի ջուրը:
Իսկ վարակաբան Աքիլա Ալիեւայի խոսքերով` գետն իսկապես վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար:
«Անցյալ տարիների համեմատությամբ` գետի վիճակը մի փոքր բարելավվել է: Սակայն խնդիրն անհրաժեշտ է վերջնականապես լուծել», - կարծիք է հայտնել Ալիեւան:
2007-ին քաղաքի իշխանությունները մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ վերականգնման նախագիծ նախաձեռնեցին: Նախագծի շրջանակներում նախատեսվում էր նախ մաքրել գետահունը թափոններից, այնուհետեւ ամրացնել դրա ափերը: 2009-ին, սակայն, նախագծի աշխատանքները կասեցվեցին:
«Կառավարությունը սկսեց աշխատանքների իրականացումը, բայց հետո ողջ ծրագիրը տապալվեց», - նշում է Աբբասովը:
Գյանջայի փոխքաղաքապետ Շահմալի Ջավադովի խոսքերով` ծրագիրը սառեցվել է ֆինանսական միջոցների պակասի պատճառով, բայց ներկայում այն նախատեսվում է վերսկսել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հաստատել է գետերի [էկոլոգիական] վիճակի բարելավման ծրագիրը:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
http://www.iwpr.net
դեպի ետ