ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամերիկյան համալսարանը Թուրքիայի ապագայի մասին
Թուրքական «Ռադիկալ» թերթը հաղորդում է, որ Նյու Յորքի համալսարանի մասնագետները՝ Մայքլ Օպենհեյմերի գլխավորությամբ, հանգել են այն եզրակացության, որ առաջիկա 8 տարվա ընթացքում Թուրքիայում սպասվում է քաղաքական զարգացումների երեք տարբերակ։ Առաջին տարբերակի համաձայն՝ Թուրքիան կվերածվի «ոչ լիբերալ իսլամական պետության» իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավարությամբ, որտեղ կոտնահարվեն քաղաքացիների իրավունքները։ Երկրորդ տարբերակը Թուրքիայի փոխակերպումն է «ոչ լիբերալ աշխարհիկ պետության», որում քաղաքական դեր կստանձնեն զինվորականները։ Կառավարությունը բաղկացած կլինի Ժողովրդա-հանրապետական և ազգայնական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Այս դեպքում որպես ազգային գաղափարախոսություն կծառայի «ծայրահեղ ազգայնականությունը»։ Եվ, վերջապես, երրորդ սցենարի համաձայն՝ Թուրքիան կբռնի ժողովրդավարական զարգացման ուղին՝ նորացված Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարությամբ։
Բոլոր երեք տարբերակներն էլ, համաձայն զեկույցի, բացառում են Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը։
Թուրքիան հավակնում է դառնալ ռազմական գերտերությո՞ւն
Թուրքիան նախատեսում է 4,5 մլրդ դոլար ծախսել սպառազինությունների ձեռքբերման նպատակով, ինչը 10%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Եվ սա՝ այն դեպքում, երբ եվրոպական երկրներից շատերը կրճատում են ռազմական ծախսերը, տեղեկացրել է թուրքական «Հյուրիեթ» թերթը՝ մեջբերելով ռազմական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։
«Այս տարի մենք կֆինանսավորենք թե՛ հին, թե՛ նոր ծրագրերը,- ասել է նա,- Թուրքիան սպառազինությունների վրա կծախսի ոչ թե 4, այլ 4,5 մլրդ դոլար, և այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի»։
Թերթը ներկայացնում է առաջիկա 10 տարիներին թուրքական բանակի հիմնական ռազմական ծախսերի ցուցակը. 15 մլրդ դոլար արժողությամբ 100 հատ նորագույն F-35 Joint Strike Fighter Lightening II ինքնաթիռ, 3 մլրդ դոլար արժողությամբ 30 F-16 Block 50 ինքնաթիռ, 6 նորագույն U-291 տիպի սուզանավ, 7 մլրդ դոլար արժողությամբ ռազմական և բեռնափոխադրիչ ուղղաթիռներ, մի քանի միլիարդ դոլարի հակահրթիռային համակարգի, սեփական տանկի ստեղծում, որը կարժենա ևս մի քանի մլրդ դոլար։
2010թ. դեկտեմբերին Թուրքիայում հաստատվեց 2011թ. բյուջեն։ Ռազմական բյուջեն այս տարի կազմելու է 11,3 մլրդ դոլար (2010թ.՝ 10,5 մլրդ)։ Դա կազմում է պետական բյուջեի 5,4%-ը և Թուրքիայի ՀՆԱ 1,4%-ը։
«Թուրքիայի առջև ծառացած սպառնալիքները, եվրոպական շատ երկրների համեմատ, բազմաթիվ են։ Մեր աշխարհաքաղաքական և ռազմավարական դիրքն արդարացնում է աճող ծախսերը»,- ասել է Թուրքիայի ՊՆ ներկայացուցիչը։
«Ժողովրդական համակարգիչ» նախագծի շրջանակներում իրացվել է 10.000-ից ավելի համակարգիչ
2009թ. ապրիլից Ադրբեջանում իրականացվում է «Ժողովրդական համակարգիչ» նախագիծը, որն ապառիկ համակարգիչներ է տրամադրում ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին։ Այն իրականացնում է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կրթության և գիտության նախարարության կողմից։ Ծրագրին աջակցում են HP, MIcrosoft, BestComp Group ընկերությունները։ Իսկ փոստային ծառայություններն իրականացնում է Ազերփոստ պետական ընկերությունը։
Այժմ կարելի է հետևել Twitter-ի ադրբեջանական սեգմենտին
Այսուհետ հնարավոր կլինի հետևել Twitter միկրոբլոգինգի կայքի ադրբեջանական սեգմենտի վիճակագրությանը։ www.aztwi.com կայքում ներկայացված է տեղեկատվություն ադրբեջանցի օգտագործողների շրջանում ամենաշատ քննարկվող թեմաների վերաբերյալ։ Բացի այդ, կայքում կարելի է ծանոթանալ Twitter-ի ադրբեջանական հատվածի ամենաճանաչված և հետաքրքիր օգտագործողների վարկանիշային աղյուսակի հետ։
Կստեղծվի մալուխային հեռուստատեսության եվրասիական ասոցիացիան
Անցյալ տարվա դեկտեմբերին Բաքվում կայացած «Մալուխային հեռուստատեսության զարգացումն Ադրբեջանում. հաջողություններն ու հեռանկարները» միջազգային խորհրդաժողովի աշխատանքների շրջանակներում Ադրբեջանի, ՌԴ, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի և Թուրքիայի մալուխային օպերատորների ներկայացուցիչները ստորագրել են արձանագրություն, որը նախատեսում է ստեղծել Մալուխային հեռուստատեսության եվրասիական ասոցիացիա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում գործում են շուրջ 20 մալուխային հեռուստաընկերություններ, որոնք ունեն բավական մեծ լսարան հատկապես մայրաքաղաք Բաքվում։ Ինչպես նաև գործում է Ադրբեջանի մալուխային օպերատորների ասոցիացիան։
http://www.infocity.az/index.php?option=com_content&task=view&id=2719&Itemid=73
Ադրբեջանում ստեղծվել է համակարգչային վթարների արձագանքման խումբ
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ Տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը, AzScienceNet համակարգչային գիտական ցանցի ստեղծման նախագծի շրջանակներում ստեղծվել է AZ-CERT արձագանքման խումբը։ Խմբի աշխատանքի հիմնական նպատակը տեղեկատվական անվտանգության հետ կապված դեպքերին արագ արձագանքելն ու տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև գիտավերլուծական հետազոտությունների անցկացումն ու այս ոլորտում համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցությունը:
Թուրքիայի ռազմավարական կառույցները կենթարկվեն կիբերհարձակման
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը, ոստիկանության գլխավոր վարչությունը, բջջային օպերատորներն ու ռազմավարական կարևոր այլ կառույցների համակարգիչները կենթարկվեն թեստային կիբերհարձակման։
Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիայի և հաղորդակցության վարչությունը հունվարի 27-ին և 28-ին կիրականացնի «ազգային կիբերանվտանգության վարժանք», որի ընթացքում մի շարք կառույցների համակարգիչների դեմ կիրականացվի կիբերհարձակում՝ ստուգելու դրանց խոցելիության աստիճանը։
Թեստային կիբերհարձակման թիրախում են հայտնվել Թուրքիայի 34 կարևոր ռազմավարական կառույցները։
http://news.am/arm/news/43798.html
Համակարգչային նոր ծրագիր Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում 2010թ. դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «LOGO MicroWorlds EX–ը Հայաստանի և Սփյուռքի դպրոցների համար» ծրագրի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրավորման LOGO («Լոգո») լեզվի հիման վրա ստեղծված հայալեզու առաջին համակարգչային ուսուցողական միջավայրը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում հայալեզու համակարգչային միջավայրի ներդրման եռամյա ծրագիրը:
«Լոգո» ծրագրային փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն և ծրագրավորման լայն հնարավորություններ: Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար և շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն) դասավանդման ժամանակ: Փաստացի, աշխարհում այն իր տեսակի մեջ ամենատարածված և ամենահաջողված ուսուցողական միջավայրն է:
«Լոգո» ծրագրային փաթեթի տեղայնացված տարբերակը Հայաստանի դպրոցականների համար կարող է Սփյուռքի հայկական դպրոցների իրենց հասակակիցների հետ համատեղ մայրենի լեզվով ինտերակտիվ կրթական բովանդակություն ստեղծելու բացառիկ հնարավորություն ընձեռել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը:
Հայկական ցանցը 2011թ. հունվարի սկզբին
Հայկական ինտերնետային միջավայրը վերջին շրջանում արագ փոխակերպումների է ենթարկվում. փոփոխություններ են նկատվում նաև հայկական վեբ-կայքերի և հայաստանյան ամենից շատ հաճախվող վեբ-կայքերի վիճակագրություններում:
Այսպես, Alexa-ի տվյալներով՝ Հայաստանից ամենից շատ հաճախվող կայքերի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը.1. Google.com, 2. Facebook.com, 3. YouTube.com, 4. Odnoklassniki.ru, 5. Գուգլ (Google.am), 6. Mail.ru почта, 7. Yahoo.com, 8. Wikipedia, 9. Yandex, 10. Նյուզ.ամ, 11. Թերթ.ամ, 12. Google.ru, 13. Blogger.com, 14. 1in.am, 15. VKontakte.ru, 16. Rambler.ru, 17. Circle.am, 18. Twitter.com, 19. LiveJournal, 20. eBay։
Հաշվի առնելով այն փաստը, որ Alexa-ի կողմից վիճակագրությունը կազմվում է որոշակի պայմաններով, այնուամենայնիվ, պետք է նկատել մի քանի նոր միտումներ. հայկական կայքերի թիվը քսանյակում 4-ն է` 3 լրատվական` Նյուզ.ամ, Թերթ.ամ և 1in.am, իսկ 4-րդը` հայկական ինտերնետային վիճակագրական կայքը` Circle.am-ը:
Հայաստանյան թոփ քսանյակում է հայտնվել բոլորովին վերջերս ստեղծված հայկական լրատվական կայքը` 1in.am-ը, որը գտնվում է քսանյակի 14-րդ հորիզոնականում: Նշանակալից է նաև Twitter միկրոբլոգային ծառայության հոսքի մեծացումը:
Վիճակագրական ընդհանուր պատկերից պարզ է դառնում, որ Հայաստանում Ինտերնետ օգտվողները մեծ մասամբ օգտվում են որոնողական համակարգերի ծառայություններից (Google.com, Google.am, Google.ru, Yandex, Yahoo!), ակտիվ են սոցիալական ցանցերում և սոցիալական մեդիա հարթակներում (Facebook, Odnoklassniki, Livejournal, Twitter, YouTube), ինչպես նաև մեծանում է հետաքրքրությունը լրատվական կայքերի և առհասարակ ցանցային լրատվության նկատմամբ (Tert.am, News.am, 1in.am):
http://www.ireport.am/2011/01/armenian-internet-stats-2011-january/
դեպի ետ