Թուրքիայի ազգային անվտանգության նոր հայեցակարգը


2005թ. հոկտեմբերի 24-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում, նախագահ Ահմեդ Սեզերի նախագահությամբ, ընդունվեց երկրի ազգային անվտանգության նոր հայեցակարգը: Այն ստացավ «Ազգային անվտանգության մասին քաղաքական փաստաթուղթ» պաշտոնական անվանումը: Առօրյայում հայեցակարգը հայտնի է նաև «կարմիր գիրք», «գաղտնի սահմանադրություն», «կարմիր սահմանադրություն» անվանումներով: Այս փաստաթղթի նախագծի վրա տարուց ավելի տևած բարդ աշխատանքին մասնակցել են Թուրքիայի քաղաքականություն կերտող բոլոր գերատեսչությունները:
Համաձայն օրենքի, տվյալ փաստաթղթի բովանդակությունը ենթակա չէ հրապարակման, քանզի համարվում է պետական գաղտնիք: Այնուամենայնիվ, Թուրքիայի որոշ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվեցին առանձին հաղորդագրություններ ու նյութեր, որտեղ մեջբերվում են, ինչպես հավաստում են հեղինակները, «կարմիր գրքի» բնագրին համապատասխանող քաղվածքներ: Այս կապակցությամբ, փաստաթղթի հաստատումից երեք օր հետո ԱԱԽ նիստում Թուրքիայի կառավարությունը երկրի հատուկ ծառայություններին հանձնարարեց գտնել ազգային անվտանգության նոր հայեցակարգի գաղտնի դրույթների՝ մամուլ արտահոսքի մեղավորին: Ինչպես պարզվեց, «գաղտնի սահմանադրության» վերջնական տեքստին տեղյակ են եղել պետության 15 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են՝ նախագահը, վարչապետը, ԱԳՆ, հետախուզության, ուժային գերատեսչությունների ղեկավարները, ԱԱԽ անդամները, պետության ղեկավարի և ԱԱԽ քարտուղարի մի քանի օգնականներ: Սա թուրքական մամուլում գաղտնի նյութերի հրապարակման առաջին դեպքը չէ, սակայն ուշադրություն է հրավիրում այն, որ առաջին անգամ թուրքական իշխանությունները հրապարակավ հայտարարեցին քրեական հետաքննություն անցկացնելու մասին:
Անշուշտ, Թուրքիայի ազգային անվտանգության նոր հայեցակարգը կարևորագույն փաստաթուղթ է, որը ներկայացնում է ազգային արտաքին ու ներքին քաղաքականության բովանդակության և հիմնական ուղղությունների, ինչպես նաև նրանց արդյունավետ կենսագործման ապահովման վերաբերյալ երկրի ղեկավարության հայացքների համակարգը: Նրա բացառիկ նշանակությունը բացատրվում է այն անընդհատ աճող դերով, որ Թուրքիան տարածաշրջանային ու գլոբալ մասշտաբով խաղում է արդի միջազգային հարաբերությունների համակարգում: Թուրքիայի ազգային անվտանգության ներկայիս հայեցակարգն առանձնահատուկ է նրանով, որ առաջին անգամ դրա պատրաստմանը մասնակցել են ե՛ւ զինվորական, ե՛ւ քաղաքացիական գերատեսչությունները, այն դեպքում, երբ նախորդ բոլոր նմանատիպ փաստաթղթերը պատրաստում էին զինվորականները. քաղաքացիական ղեկավարները դրանք ստորագրում էին: Նախկինում ձևական էր նաև կառավարության նիստում դրանց հաստատումը: Թեև ԱԱԽ որոշումներն արտաքուստ կրում էին խորհրդատվական բնույթ, սակայն ենթակա էին անվերապահ կատարման:
Նոր հայեցակարգի բնորոշիչ գիծը կարելի է համարել և այն, որ այժմ Թուրքիայի անվտանգության հարցերը դիտարկվում են ոչ միայն մյուս երկրների հետ միջպետական հարաբերությունների պրիզմայի միջով, այլև Թուրքիային ու նրա շահերին սպառնալիք ներկայացնող հավանական վտանգավոր տարածաշրջանների, տարածաշրջանային հակամարտությունների ու տարբեր արմատական կազմակերպությունների գործունեության առկայության տեսանկյունից: Մի կողմից՝ դրանք վկայում են երկրում աճող քաղաքական կուլտուրայի մասին, մյուս կողմից՝ ցուցադրում են Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության, կարևորության մեծացումը, որը սպառնալիք հանդիսացող տարբեր կազմակերպությունների դեմ այլ երկրների հետ համատեղ գործողությունների, ինչպես նաև տարածաշրջանային առճակատումների լուծման համար (հաշվի առնելով իր ազգային շահերը) տնտեսական, ռազմական և քաղաքական հնարավորություններ ունի:
Թուրք քաղաքագետները փաստաթղթի վերլուծության ընթացքում առաջին հերթին հատուկ ուշադրություն դարձրին նրանում առկա այն խնդիրների մեկնաբանությանը, որոնք անմիջական կամ անուղղակի կապ ունեն ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցով սկսվող բանակցությունների գործընթացի հետ: Դրանք թուրք-հունական հարաբերությունների, կիպրական կարգավորման, հայերի ցեղասպանության խնդիրներն են, քրդական հարցը: Այսպես՝ փաստաթղթի վերջնական տարբերակում հաստատագրված է այն դրույթը, որ Թուրքիան կարող է որպես պատերազմի սկսման պատճառ որակել Հունաստանի կողմից Էգեյան ծովում տարածքային ջրերի մինչև 12 մղոն ընդարձակումը: Հայեցակարգում նաև նշվում է, որ այդ ծովի ավելի քան 100 վիճելի կղզիների հարցում չպետք է որևէ զիջում անել, այլ անհրաժեշտ է վարել ազգային շահերի պաշտպանության վճռական քաղաքականություն: Հիշեցնենք, որ այդ կղզիներից մեկի՝ Քարդակի պատկանելության հարցում Թուրքիայի ու Հունաստանի վեճերը մի քանի անգամ նրանց ռազմական դիմակայությունը հասցրել են վտանգավոր սահմանի:
Ուշագրավ է, որ «կարմիր գրքում» բացահայտված է նաև թուրքական կողմի նման կոշտ դիրքորոշման կոնկրետ պատճառը: Այն պայմանավորված է 1994, 1996 և 1998 թվականներին հունական խորհրդարանի ընդունած և, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչած 3 որոշումներով: Փաստաթղթում նշվում է, որ վերոհիշյալ հարցերի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը կարող է վերանայվել (մեղմացվել) սոսկ Հունաստանի խորհրդարանի կողմից այդ որոշումների չեղյալ հայտարարման դեպքում: Ինչ վերաբերում է կիպրական հարցին, ապա նոր հայեցակարգում ձևակերպված է միանշանակ դրույթ այն մասին, որ Կիպրոսը կարող է ճանաչվել Անկարայի կողմից, իսկ նրա համար Թուրքիայի նավահանգիստներն ու օդակայանները կարող են բաց լինել՝ միայն կղզու խնդրի համապարփակ և արդարացի լուծման դեպքում:
«Գաղտնի սահմանադրության» մեջ հնարավոր ռազմական վտանգների ևս մեկ շրջան է նշվում Հյուսիսային Իրաքը: Այստեղ հետաքրքրություն է ներկայացնում այն իրողությունը, որ փաստաթղթում քրդական պետության կազմավորման հնարավորությունը չի նույնացվում ռազմական գործողությունների սկսման փաստարկի հետ: Միաժամանակ, նոր հայեցակարգում շեշտվում է, որ Քիրքուկում և թուրքմենների նկատմամբ Հյուսիսային Իրաքում քրդական խմբավորումների գործողությունները կարող են լուրջ խնդիր առաջացնել, ինչը սպառնալիք է հանդիսանում ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
Ուշագրավ է այն, որ փաստաթղթում առաջին անգամ՝ այսօրվա իրողություններին համապատասխան, հատուկ նշված է Թուրքիայի համար վտանգ ներկայացնող նոր սպառնալիքների ու մարտահրավերների հերթականությունը: Ըստ վտանգավորության աստիճանի՝ դրանք բաշխված են հետևյալ կերպ. անջատողական և կղերական գործունեություն, միջազգային ահաբեկչական ու կրոնական-ծայրահեղական արմատական կազմակերպություններ, նարկոտրաֆիկ, անօրինական միգրացիա և մարդկանց առևանգում: Թուրք փորձագետները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ 1997թ. նմանօրինակ փաստաթղթի համեմատ՝ սպառնալիքների ցանկում բացակայում են ծայրահեղ աջ ազգայնական կազմակերպությունները: Ընդ որում, փաստաթղթում արձանագրվում է, որ «Թուրքիան գտնվում է միջազգային ահաբեկչության սպառնալիքի տակ, ինչն աջակցություն է գտնում նաև թուրքական տարածքի մի հատվածում»: Այստեղ նշվում է Քուրդիստանի բանվորական կուսակցությունը, որը «Ալ-Կաիդա»-ի և «Հիզբուլլահ»-ի («Հիզբալլահ»-ի թուրքական տարատեսակը) հետ մեկտեղ ընդգրկված է «կարմիր գրքում» թվարկված սպառնալիքներն ու մարտահրավերները մարմնավորող կազմակերպությունների ցանկում:
Թուրքիայի անվտանգության նոր հայեցակարգում մեծ ուշադրություն է հատկացվում նաև ներքին կայունության ամրապնդման խնդիրներին: Առաջին հերթին, դրանք երկրում եկամուտների անհամաչափ բաշխման, հանցագործության աճի, գործազրկության (ներկայումս նրա մակարդակը 10,9% է, գյուղական շրջաններում՝ 70,5%), պետություն-ժողովուրդ փոխհարաբերություններում առկա խնդիրներն են: Փաստաթղթում առանձին գլխով անդրադարձված է երիտասարդության նկատմամբ սոցիալական քաղաքականությանը: Թուրքիայի համար այն չափազանց կարևոր է, քանզի, երկրում երիտասարդության զգալի տոկոսի պայմաններում, նրանց շրջանում դիտվում է գործազրկության բարձր մակարդակ, ինչպես նաև, միայն պաշտոնական տվյալներով, գրանցված են 6-14 տարեկան 1 մլն-ից ավելի աշխատող երեխաներ, ինչն ամենևին չի համապատասխանում ԵՄ չափորոշիչներին, որտեղ 14 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է աշխատել:
Փաստաթղթում առաջին անգամ ներառված է «ազգային տնտեսական անվտանգության ապահովում» հասկացությունը, որը համարվում է պետության կարևորագույն գործառույթներից մեկը: Ընդ որում՝ նշվում է, որ այդ խնդրի լուծման ուղղություններից է (հաշվի առնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական և աշխարհագրական դիրքը) երկրի վերածումը էներգապաշարների փոխադրման ու պահեստավորման համաշխարհային տարանցիկ կետի:
Մենք մեր տրամադրության տակ չունենք կոնկրետ տեղեկություններ «կարմիր գրքում» նշված այն երկրների մասին, որոնց հանդեպ քաղաքականությունը Թուրքիայի համար առաջնային է: Միաժամանակ, սույն փաստաթղթի որոշ դրույթների (տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովում, պայքար միջազգային ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության, անջատողականության, նարկոտրաֆիկի, զանգվածային ոչնչացման զենքի տարածման, անօրինական գաղթի և մարդկանց առևանգման դեմ) վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն այդ ցուցակում ներկայացված է: Չէ՞ որ ներկա փուլում հենց այդ ուղղություններում է նկատվում ամենաբարձր մակարդակով արդյունավետ քաղաքական երկխոսություն, ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների հարաճուն խորացում, որոնք այսօր վստահորեն դուրս են գալիս բազմապլան գործընկերության մակարդակ:
Վերջում հարկ է նորից նշել, որ առաջին անգամ Թուրքիայի պետական ու քաղաքական վերին օղակներում հատուկ ընդգծվում է ազգային անվտանգության նոր հայեցակարգի հաստատման ընթացակարգի կառավարական մասը: Իշխող կուսակցությունը և նրա կառավարությունն ակնհայտ կերպով ցուցադրում են իրենց առանձնաշնորհը «գաղտնի սահմանադրության» մշակման գործում՝ շեշտելով իշխանության քաղաքացիական, այլ ոչ թե զինվորական ինստիտուտների առաջնությունը, ինչը նույնպես համապատասխանում է Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի դերի կրճատման ԵՄ պահանջներին:
Այսօր բանակը քաղաքականության առջևի գծից աստիճանաբար «հեռանում է զորանոցները»: Այս առումով հատկանշական է ս.թ. նոյեմբերի 2-ին վարչապետ Էրդողանի ելույթն իր գլխավորած՝ կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար խորհրդի նիստում: Կուսակցության իր զինակիցների առջև ելույթի ընթացքում նա ազգային անվտանգության մասին փաստաթղթից գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ մեղադրեց ԱԱԽ քարտուղարությանը՝ նշելով, որ «դա տեղի է ունեցել փաստաթղթի պատրաստման փուլում, որտեղ ներգրավված են եղել ցածր մակարդակի վարչարարներ»: Նախկինում ԱԱԽ աշխատակազմի հասցեին նման հրապարակավ քննադատությունն անգամ վարչապետի կողմից անհնարին էր:
Ա.Գուրև (տպագրվում է կրճատումներով)
www.iimes.ru
(Մերձավոր Արևելքի ինստիտուտ)
դեպի ետ