• am
  • ru
  • en
Версия для печати
17.02.2011

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՏՆՕՐԵՆ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ «ՓԱՍՏԱՐԿ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

   

Փետրվարի 15-ին «Փաստարկ» ակումբում ասուլիս էր հրավիրել քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, որը, անդրադառնալով պետությունների ընդհանուր հզորության ցուցանիշներին, ասաց, որ Հայաստանը այս տարի այդ փաստաթղթում ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան հարևան Ադրբեջանը։

Ավելին, նախորդ տարվա համեմատ Հայաստանը ցուցակում բարձրացել է 12 նիշով, այնինչ Ադրբեջանը 5 նիշով նահանջել է։ Եվ այս ամենը, ըստ քաղաքագետի, արդյունք է Հայաստանում կառավարման բարձր որակների։

Նմանատիպ փաստաթղթերում, ըստ նրա, քաղաքական կամքի դրսևորումը գնահատման չափանիշներից մեկն է հանդիսանում, իսկ Հայաստանը նախորդ տարի ԼՂ-ի կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ դրսևորել է բավարար քաղաքական կամք։

Հաջորդ կարևոր հանգամանքը, որն իր ազդեցությունն է ունեցել փաստաթղթում Հայաստանի տեղի առաջխաղացման վրա, նախորդ տարի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետ կապված հայ-ռուսական պայմանագրի վերակնքումն էր։

Մեկնաբանելով հանրահայտ «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնի վերջին հրապարակումը, որտեղ Ադրբեջանում մեծ էր համարվել խռովությունների ու ապստամբության հավանականությունը, քաղաքագետը նշեց, որ դա վկայում է այն մասին, թե որքան խոցելի է քաղաքական համակարգը Ադրբեջանում։

Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաև մեկ այլ` «Ջեյնս» կազմակերպության հրապարակած զեկույցին, որտեղ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը գնահատվել է համահավասար։ Այսինքն` Հայաստանը Ադրբեջանին ռազմական առումով ոչ մի բանում չի զիջում։

Քաղաքագետի խոսքերով, դժվար է կանխատեսել, կլինի՞ արդյոք պատերազմ, թե՞ ոչ, սակայն դրա հավանականությունը նախորդ տարվա համեմատ համարեց ավելի փոքր` դա կապելով հայկական դիվանագիտության հաջողությունների հետ, իսկ որպես այդպիսիք նշեց հայ-ռուսական պայմանագրի վերակնքման փաստն ու Աստանայի գագաթնաժողովում հնչած ելույթների բովանդակությունը։

Ըստ Գագիկ Հարությունյանի` Հայաստանի ու ԼՂՀ-ի շուրջ ձևավորվել է ավելի բարենպաստ մթնոլորտ, ինչը նա պայմանավորեց նաև արևմուտքի կողմից վերջերս «մուլտիկուլտուրալ» գաղափարախոսության հրաժարումով ու քրիստոնեության գործոնի կարևորմամբ։

Իսկ հարցին, թե արդյո՞ք չի սպառել իրեն Մինսկի խմբի ֆորմատը, քաղաքագետն ասաց, որ բանակցությունների ավելի լավ ձևաչափ դժվար է պատկերացնում, քանի որ Մինսկի խմբում ընդգրկված են աշխարհաքաղաքական իմաստով լուրջ կշիռ ունեցող պետություններ։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` քաղաքագետը նշեց, որ այժմ Թուրքիան է փորձ կատարում վերականգնել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն շեշտեց, որ դա ընդամենը փորձ է և ոչ ավելին։


դեպի ետ