Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, եղանակները, ձևերը և տեսակները

Ներկայացվածը հատված է Վլ. Մարգարյանի «Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, եղանակները, ձևերը և տեսակները» աշխատությունից, որն ամբողջությամբ կարող եք կարդալ «Նորավանք» ԳԿՀ Տեղեկագրում, որը լույս կտեսնի օրերս։ Այն կտեղակայվի նաև կայքում։
Ներածություն
XX դարի վերջին տասնամյակը բեկումնային էր հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնախնդրին առնչվող հարցերի վերաիմաստավորման և նորովի ընկալման տեսանկյունից: Եթե 20-րդ դարի 1980-ական թթ. երկրորդ կեսին կարելի էր խոսել հայերի դեմ իրագործված ցեղասպանության հիմնախնդիրն իրավական դաշտ վերադարձնելու որոշ միտումների մասին1, 1990-ական թթ. նշանավորվեցին հայերի դեմ իրագործած ցեղասպանության իրավական հարթությանն առնչվող հիմնախնդիրների ակտիվ լուսաբանմամբ, ապա երրորդ հազարամյակում հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնական բաղկացուցիչը դարձան իրավական հարթության հիմնահարցերը2:
Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով երկար տարիներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնահարցերը դիտարկվում էին հիմնականում պատմական փաստերի վերլուծության լույսի ներքո, ինչը թույլ չէր տալիս բացահայտել այդ երևույթի բոլոր բաղկացուցիչների էությունը: Ստեղծված իրավիճակում գրեթե անտեսվում էր այն փաստը, որ հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը՝ պատմական փաստ լինելուց զատ, նախևառաջ ծանրագույն միջազգային հանցագործություն է: Ավելին, խեղաթյուրվում էր ոչ միայն երևույթի էությունը, այլ նաև դրան առնչվող եզրութաբանական ապարատը: Հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը մենք ցայսօր անվանում ենք Հայոց ցեղասպանություն: Այս արտահայտությունն այնքան է արմատացել հայ ազգի գիտակցության մեջ, որ մենք գրեթե չենք նկատում, որ այն իմաստաբանորեն ավելի մոտ է ոչ թե հայերի դեմ իրագործած, այլ հայերի կողմից կատարված ցեղասպանություն արտահայտությանը: Մինչև վերջերս այլ լեզուներով այդ երևույթը բնութագրելու համար ևս օգտագործվում էր Հայոց ցեղասպանություն եզրույթի ուղղակի թարգմանությունը: Այսպես, օրինակ՝ ռուսերենով առավել հաճախակի գործածվում էր геноцид армян, իսկ անգլերենով Armenian genocide արտահատությունները: Նման իմաստաբանական խառնաշփոթին վերջ դնելու համար նշված ուսումնասիրության շրջանակներում ավանդական դարձած «Հայոց ցեղասպանություն» արտահայտության փոխարեն նախապատվություն է տրվել «հայերի դեմ իրագործած ցեղասպանություն» արտահայտությանը, որը գուցե և փոքր-ինչ խորթ է հայալեզու ընթերցողին, սակայն իրավաբանական տեսանկյունից առավել հստակ է արտահայտում այդ արարքի էությունը:
Հայաստանի Հանրապետության ձևավորմամբ սկիզբ դրվեց հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնախնդիրն իրավական հարթություն տեղափոխելու գործընթացին: Արդեն 1990թ. օգոստոսի 23–ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված անկախ պետականության կայացման գործընթացին սկիզբ դրած Հայաստանի անկախության մասին հռչակագիրը կետ 11-ում սահմանեց, որ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Հռչակագրի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության համար հայերի դեմ իրագործած ցեղասպանության հարցը դադարեց սոսկ պատմական փաստ հանդիսանալ՝ վերածվելով արդի միջազգային իրավական հիմնախնդրի:
Անկախության հռչակագրի ընդունումն իրավական հիմք ստեղծեց հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու համար: Փաստորեն, պետության հիմնադիր փաստաթղթում ամրագրվեց Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային հիմնախնդիրներից մեկը: ՀՀ Սահմանադրությունը, Նախաբանում հիշատակելով «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները», անուղղակի կերպով ներառեց հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար միջազգային պատասխանատվության հիմնախնդիրը՝ Սահմանադրությամբ կարգավորվող իրավահարաբերությունների շրջանակի մեջ3:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության իրավական հիմնահարցերը պայմանականորեն կարելի է դասակարգել երկու հիմնական խմբերի.
ա) հայերի դեմ իրագործած ցեղասպանության հանցակազմը կազմող փաստական հանգամանքներին առնչվող հիմնահարցեր (ցեղասպանության իրագործման ժամկետներ, զոհերի քանակ, այլ հիմնախնդիրներ),
բ) հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկելու համար կիրառելի իրավունքին առնչվող հիմնահարցեր:
Առաջին խմբի մեջ մտնող հիմնահարցերը հիմնականում վերաբերում են այդ հանցագործության փաստական հանգամանքների վերհանմանը և միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց գնահատմանը:
Երկրորդ խումբը կազմող հիմնահարցերի բուն նպատակն է հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի, այն է՝ պայմանագրային և սովորութային միջազգային իրավական այն նորմերի վերհանումը և վերլուծությունը, որոնք կարող են հիմնավորել այդ հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությանը ներկայացվող պահանջների իրավաչափությունը և հիմք հանդիսանալ վերջինիս միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Սույն աշխատությունում հիմնականում անդրադարձ է կատարվում հենց կիրառելի իրավունքի հիմնախնդիրներին: Տվյալ որոշումը պայմանավորված է ոչ թե հեղինակի սուբյեկտիվ ընտրությամբ, այլ գործնական բնույթի հիմնախնդիրներով: Հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան իննսուն տարի առաջ: Ինքնին հասկանալի է, որ ժամանակակից միջազգային իրավունքը և այն միջազգային իրավունքը, որը գոյություն ուներ 20-րդ դարասկզբին, միմյանցից տարբերվող երևույթներ են: Ավելին, ցեղասպանության հանցագործությունն արգելող ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի ճնշող մեծամասնությունը պայմանագրային ամրագրում ստացավ միայն Երկրորդ աշխարհամարտից հետո, ինչն ավելի է դժվարացնում հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի որոշման հիմնախնդիրը:
Բացի ցեղասպանության համար պատասխանատվության հիմնախնդիրներից, հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը բարդացված է նաև ցեղասպանության հանցագործությանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հայերի դեմ իրագործած ցեղասպանության լույսի ներքո չափազանց կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հիմնահարցերով, ինչպիսիք են, մասնավորապես, Թուրքիայի Հանրապետության՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ լինելու հետ կապված հիմնահարցերը, ներկայիս միջազգային իրավունքի նորմերի հետադարձ կիրառելիության հիմնախնդիրները և այլն: Միայն այս ենթախմբի հարցերին պատասխան գտնելով է հնարավոր հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնել և պատճառած վնասի համար համապատասխան հատուցում ստանալ:
Ինչ վերաբերում է առաջին ենթախմբում մատնանշված հարցերին, այն է՝ հայերի դեմ իրագործած ցեղասպանության փաստական հանգամանքների վերհանմանը, ապա այդ հարցերը, մեր կարծիքով, առանձին մանրակրկիտ հետազոտություն են պահանջում, որը, ցավոք, հնարավոր չէ սույն ուսումնասիրության շրջանակներում:
Սույն ուսումնասիրությունը բաղկացած է չորս փոխկապակցված մասերից, որոնցից յուրաքանչյուրը կոչված է լուսաբանել հայերի դեմ իրագործած ցեղասպանության իրավական հարթության այս կամ այն հիմնահարցը: Ուսումնասիրության առաջին մասը նվիրված է ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային իրավական նորմերի վերլուծությանը, ինչպես նաև հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ դրանց կիրառելիության հնարավորության հարցերին: Հետազոտության այս մասում անդրադարձ է կատարվում մինչև «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին» 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի (այսուհետև՝ Ցեղասպանության մասին կոնվենցիա) ընդունումը գոյություն ունեցած՝ ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային իրավական նորմերի բովանդակության վերլուծությանը, ինչպես նաև լուսաբանվում են հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ Ցեղասպանության մասին կոնվենցիայի կամ դրա առանձին դրույթների հնարավոր կիրառելիության մի շարք հիմնահարցեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար պատասխանատվությունը հանգում է Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հիմնախնդրին, սույն ուսումնասիրության երկրորդ մասում վերլուծության են ենթարկվում ցեղասպանության համար պետությունների և, առաջին հերթին, հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերը, պայմանները և նման պատասխանատվության իրավաչափությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետության միջազգային իրավական պատասխանատվության հիմնահարցերն ուսումնասիրելիս հետազոտողները հիմնականում սահմանափակվում են նյութական իրավունքի հարցերի ներկայացմամբ՝ գրեթե չանդրադառնալով Թուրքիային միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հետ կապված ընթացակարգային խնդիրներին, մինչդեռ դրանք չափազանց կարևոր են վերջինիս պատասխանատվության գործընթացն ապահովելու համար: Սա է այն հիմնական պատճառը, որ սույն հետազոտության երրորդ մասը նվիրվել է միջազգային կազմակերպությունների կամ դատական կամ արբիտրաժային մարմինների շրջանակներում հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հնարավոր եղանակներին:
Ցեղասպանությունն արգելող նորմերի վերհանումից, պետությունների և, առաջին հերթին, Թուրքիայի Հանրապետության պատասխանատվության իրավաչափության հարցերը լուսաբանելուց ու նման պատասխանատվության հնարավոր եղանակները ներկայացնելուց հետո, ուսումնասիրության եզրափակիչ՝ չորրորդ մասում անդրադարձ է կատարվում հայերի դեմ իրագործած ցեղասպանությանն առնչվող գրեթե ամենաբարդ և ամենացավոտ հիմնախնդրին՝ դրա իրագործման հետևանքով Թուրքիայի համար առաջացող անբարենպաստ իրավաբանական հետևանքներին և միջազգային իրավական պատասխանատվության հնարավոր ձևերին ու տեսակներին:
Ամփոփելով վերը նշվածը՝ անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ սույն ուսումնասիրությունը հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքին առնչվող բոլոր հիմնահարցերին վերջնական պատասխան գտնելու նպատակ չի հետապնդում, այն ավելի շուտ փորձ է ներկայացնել տվյալ ոլորտին առնչվող բոլոր առանցքային հիմնախնդիրները և որոշակի կողմնորոշիչ լինել այդ հիմնահարցերը հետազոտողների համար:
1. Ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային իրավական նորմերն ու դրանց կիրառելիությունը հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ
1.1. Մինչև «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին» 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի ընդունումը գոյություն ունեցող՝ ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային իրավական նորմերը
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնախնդրում ամենախրթին հարցերից է, այսպես կոչված, «կիրառելի իրավունքի», այլ կերպ ասած՝ միջազգային իրավունքի այն նորմերի վերհանման խնդիրը, որոնք պատասխանատվություն են նախատեսում այն հանցագործության համար, որը հետագայում ստացել է «ցեղասպանություն» անվանումը, և որոնք կարող են հիմք ընդունվել Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես Օսմանյան կայսրության միջազգային իրավական ինքնության շարունակողին պատասխանատվության ենթարկելու պարագայում: Միայն կիրառելի իրավունքի սահմանները հստակեցնելուց հետո է հնարավոր անդրադառնալ հայերի դեմ իրագործած ցեղասպանությանն առնչվող այլ իրավական հարցերին:
Սովորաբար հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմքերի հարցն ուսումնասիրելիս հետազոտողներն այն հանգեցնում են սոսկ Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության հարցին՝ հաշվի չառնելով ցեղասպանության հանցագործությունն արգելող այլ նորմերի հետազոտության անհրաժեշտությունը:
Ցեղասպանության մասին կոնվենցիան, անշուշտ, կենտրոնական տեղ է զբաղեցնում այդ հանցագործության համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական փաստաթղթերի շարքում, սակայն այն սոսկ այդ հանցագործությունն արգելող միջազգային իրավական փաստաթղթերից մեկն է: Բացի նշված կոնվենցիայից, այսօր ցեղասպանության հանցագործության հանցակազմն ամրագրված է տասնյակ այլ միջազգային իրավական փաստաթղթերում, մասնավորապես՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում (հոդված 6), նախկին Հարավսլավիայի (հոդված 4) և Ռուանդայի (հոդված 2) համար ստեղծված ad hoc միջազգային քրեական տրիբունալների կանոնադրություններում և այլն:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար պատասխանատվության տեսանկյունից չափազանց մեծ կարևորություն են ներկայացնում մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը գոյություն ունեցած՝ ցեղասպանության հանցագործության կատարումն արգելող միջազգային իրավական նորմերի վերհանումը և դրանց վերլուծությունը: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին, թե արդյոք հայերի դեմ իրագործած ցեղասպանության ժամանակահատվածում գոյություն ունեցել են ցեղասպանությունն արգելող միջազգային իրավական նորմեր, և եթե այո, ապա ինչպիսի փաստաթղթերում են դրանք ամրագրվել, և ինչպիսի բովանդակություն են ունեցել: Նշվածից զատ, անշուշտ, անհրաժեշտ է պարզել նաև Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիությունը հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ: Այլ կերպ ասած՝ պատասխան գտնել այն հարցին, թե Կոնվենցիան ամբողջովին կամ դրա առանձին դրույթներ կիրառելի են հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ, թե ոչ, և եթե այո, ապա ինչ հիմքով և ինչ պայմաններում:
Այսպիսով, ո՞րն է հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու դեպքում «կիրառելի իրավունքը»: Հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը տեղի է ունեցել, այսպես կոչված, «դասական միջազգային իրավունքի» գոյության ժամանակահատվածում, մինչև միջազգային իրավական նորմերի կոդիֆիկացման գործընթացը, որի հիմնական աղբյուրն, ի տարբերություն ժամանակակից միջազգային իրավունքի, ոչ թե միջազգային պայմանագիրն էր, այլ միջազգային սովորույթը: Հենց սովորութային միջազգային իրավունքի նորմերով էին կարգավորվում պետությունների միջև առկա միջազգային իրավահարաբերությունները, միայն 19-րդ դարի վերջին տասնամյակներին սկսվեց միջազգային պայմանագրերի թվի զգալի աճ: Հենց միջազգային պայմանագրային բազայի ոչ մեծ լինելն ու սովորութային նորմերի միջոցով հիմնական միջազգային իրավական հարաբերությունների կարգավորումն են բարդացնում հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար պատասխանատվություն նախատեսող նորմերի վերհանման խնդիրը:
Սովորութային միջազգային իրավունքի նորմի գոյության ապացուցման համար անհրաժեշտ է երկու փոխկապակցված տարրերի՝ պետությունների պրակտիկայի և opinio juris-ի (պետությունների պրակտիկայում առաջացած կանոնի՝ որպես պարտադիր ուժ ունեցողի, ճանաչման) առկայությունը: Այս երկու տարրերի առկայությունը կարելի է ապացուցել պաշտոնատար անձանց՝ ներառյալ պետությունների ղեկավարների, հայտարարությունների և գործողությունների, մարդասիրական միջամտությունների պրակտիկայի, համանման իրավիճակներում պետությունների նույնօրինակ վարվելակերպի կրկնման երկարատևության և նման պրակտիկայի դեմ որևիցե առարկության բացակայության միջոցով:
Ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային իրավական նորմերի վերհանման համար նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե ինչ է ցեղասպանություն հանցագործությունը։ Եթե վերացարկվենք Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 2-ում ամրագրված հասկացությունից, ապա ցեղասպանությունը կարելի է բնորոշել իբրև կանխամտածված արարքների (սպանություններ, լուրջ մարմնական վնասվածքների կամ մտավոր խեղման պատճառում, կանխամտածված կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք միտված են խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը և այլն) ամբողջություն, որոնք միտված են որևէ ազգային, ռասայական, կրոնական կամ էթնիկական խմբի՝ որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացմանը: Եթե ելնենք ցեղասպանության հանցագործության նմանօրինակ բնորոշումից, ապա ակնհայտ կդառնա, որ նշված երևույթը գոյություն է ունեցել Ցեղասպանության մասին կոնվենցիայի և նույնիսկ ցեղասպանություն եզրույթի ի հայտ գալուց շատ ավելի վաղ: Եթե ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից դիտարկենք մի շարք իրադարձություններ, ինչպիսիք են Հին Սպարտայում հիլոտների զանգվածային պարբերական ոչնչացումը, Բարդուղիմեոսյան գիշերը, միջնադարյան ինկվիզիցիայի որոշ դրսևորումներ, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան ցեղասպանության հանցագործության դրսևորումներ:
Այդուհանդերձ, ցեղասպանությունը ոչ բոլոր ժամանակաշրջաններում է դիտվել իբրև հանցագործություն: Հին Աշխարհում և նույնիսկ Միջնադարում ցեղասպանության քաղաքականությունը, ըստ էության, արգելված չէր: Սակայն մարդու անօտարելի իրավունքների հայեցակարգի երևան գալը և դրա ամրագրումը նորմատիվ փաստաթղթերում էական ազդեցություն ունեցան ընդհանրապես իրավունքի և մասնավորապես միջազգային իրավունքի էության վրա: Այդ փոփոխությունների արդյունքում ցեղասպանության պրակտիկան, այսինքն՝ որևիցե ռասայական, ազգային, կրոնական կամ էթնիկական խումբ ամբողջովին կամ մասնակիորին որպես այդպիսին ոչնչացնելուն ուղղված կանխամտածված արարքների իրագործման պրակտիկան, նախ սկսվեց դիտվել իբրև բացասական, իսկ հետագայում՝ արգելված և միջազգային իրավունքով պատժելի: Արդեն 18-րդ դարավերջից սկսեցին ի հայտ գալ ցեղասպանությունն արգելող՝ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի սաղմերը: Միջազգային իրավունքի սովորութային նորմի ձևավորումը հարաբերականորեն երկար ժամանակահատված պահանջող գործընթաց է: Այսպես, օրինակ, եթե ցեղասպանությունն արգելող սովորութաիրավական նորմերն սկսեցին ի հայտ գալ դեռևս 18-րդ դարի վերջում, ապա դրանց ձևավորման գործընթացը վերջնականորեն ավարտվեց միայն 19-րդ դարի երկրորդ կեսին՝ ընդգրկելով գրեթե մեկ դար:
Այն փաստը, որ ցեղասպանությունն արգելող ընդհանուր միջազգային իրավունքի նորմերը վերջնականորեն ձևավորվել են 19-րդ դարի երկրորդ կեսին, հաստատվում է հսկայական քանակությամբ միջազգային իրավական փաստաթղթերով, պաշտոնական հայտարարություններով և մարդասիրական միջամտությունների պրակտիկայով:
Այսպես, 1774թ. հուլիսի 21-ի Քյուչուկ Քայնարջայի պայմանագիրն սկիզբ դրեց միջազգային իրավունքում մարդասիրական միջամտությունների դարաշրջանին: Տվյալ պայմանագրի հոդված 7-ը ճանաչեց Ռուսաստանի իրավունքը՝ սատար կանգնել ռուսական ուղղափառ եկեղեցու բոլոր հետևորդներին և տարածականորեն բոլոր ուղղափառ հպատակներին (բուլղարներին, հույներին). նշված պայմանագրի հոդված 16-ի համաձայն՝ Մոլդավիան, Վալախիան և Սերբիան դարձան այդ իրավունքից ուղղակի և անմիջական օգտվողներ: 1774-1856թթ. միջև Ռուսաստանը Թուրքիայում իրականացրել է մարդասիրական միջամտությունների իրավունքը, թեև սահմանափակվելով ուղղափառ քրիստոնյաների պաշտպանությամբ: Կարելի է ասել՝ այդ պահից, ինչպես նշում է Վ.Տատրյանը, միջազգային իրավունքում ի հայտ եկավ սովորույթ, որն անվանվեց մարդասիրական միջամտություն (l’intervention d’humanite)4:
Որակապես նոր մակարդակի մարդասիրական միջամտության ինստիտուտը բարձրացավ Հունաստանի անկախության պատերազմի (1821-1830թթ.) ընթացքում և հատկապես դրանից հետո: Այսպես, օրինակ, 1840թ. ԱՄՆ նախագահը պետքարտուղարի միջոցով միջամտեց ի պաշտպանություն Օսմանյան կայսրությունում հետապնդվող՝ Ռոդոսի և Դամասկոսի հրեաների5:
19-րդ դարի երկրորդ կեսից բնաջնջումներից, կոտորածներից և հետապնդումներից ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունն ավելի հաճախ էր հիմք դառնում մարդասիրական միջամտության համար: Այդ միտման վառ ապացույց է Սիրիայում և Լիբանանում քրիստոնյա մորոնների պաշտպանությանն ուղղված մարդասիրական միջամտությունը:
1860թ. մահմեդական դրուզերը սանձազերծեցին քրիստոնյա մորոնների լայնածավալ կոտորած այդ ժամանակ Օսմանյան կայսրության մաս կազմող Սիրիայում և Լիբանանում: Եվրոպական երկրները միջամտություն իրականացրին՝ իրենց գործողություններն անվանելով մարդասիրական 1860թ. օգոստոսի 3-ի Փարիզի Արձանագրության մեջ… Սիրիայում և Լիբանանում քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված միջամտությանը վերաբերող, Եվրոպական տերությունների և Թուրքիայի միջև կնքված՝ «Սիրիայում խաղաղության վերականգնմանը և քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված» արձանագրության մեջ զուգակցվում էին «կարգուկանոնի» վերականգնման և «կոտորածներից» քրիստոնյաների պաշտպանության նպատակները6:
Ցեղասպանության հանցագործության միջազգային հակաիրավականության մասին են վկայում նաև 19-րդ դարի երկրորդ կեսի - 20-րդ դարի սկզբի՝ պետությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց պաշտոնական հայտարարությունները: Այսպես, օրինակ, 1902թ. ԱՄՆ պետքարտուղարը «հանուն մարդասիրության» բողոք ներկայացրեց Ռումինիային ընդդեմ այդ երկրում հրեաների հետապնդումների՝ նշելով, որ իր կառավարությունը «չի կարող լինել այդպիսի միջազգային իրավախախտումների լուռ մասնակից», իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 1904թ. Կոնգրեսին իր ուղերձում Ռուսաստանում Քիշնևյան պոգրոմների և «հայերի սիստեմատիկ և տևական ճնշման» առնչությամբ հայտարարեց, որ «գոյություն ունեն որոշ հանցագործություններ, որոնք կատարվում են հսկայական ծավալներով և այնպիսի աննկարագրելի դաժանությամբ, որ կասկած է առաջանում առ այն, թե, արդյոք, մեր ակնհայտ պարտականությունը չէ ընդդիմանալ, առնվազն դատապարտել կատարվածը և մեր համակրանքն արտահայտել նրանց, ում պատճառվել են այդ տառապանքները»7: Ներկայացվածն ընդամենը սիստեմատիկորեն հետապնդվող ազգային, կրոնական էթնիկական և այլ խմբերի պաշտպանությանն ուղղված մարդասիրական միջամտությունների պրակտիկայի և պաշտոնական հայտարարությունների որոշ դրվագներն էին, սակայն նույնիսկ դրանք թույլ են տալիս խոսել ցեղասպանության՝ միջազգային-իրավական արգելման մասին արդեն 19-րդ դարի երկրորդ կեսին:
Թեև դասական միջազգային իրավունքի հիմնական աղբյուր էր հանդիսանում միջազգային սովորույթը, այդուհանդերձ, նշված ժամանակաշրջանում գոյություն ունեցած սակավաթիվ մջազգային պայմանագրերում մենք ևս հայտնաբերում ենք տարատեսակ նշումներ ցեղասպանության հանցագործության արգելման մասին: Նման պայմանագրերի վառ օրինակ է, մասնավորապես, 1878թ. Բեռլինի պայմանագիրը:
1878թ. Բեռլինի պայմանագիրը սոսկ հաստատեց որոշակի կրոնական խմբերի հետապնդումն արգելող միջազգային սովորութաիրավական նորմերի գոյությունը՝ ճանաչելով հավասար իրավունքներ օսմանյան բոլոր հպատակների համար՝ անկախ կրոնից կամ դավանանքից (հոդված 62): Բեռլինի պայմանագիրը համանման պարտավորություններ սահմանեց նաև այլ պետությունների՝ Բուլղարիայի (հոդված 5), Չերնոգորիայի (հոդված 27), Սերբիայի (հոդված 35) և Ռումինիայի (հոդված 44) համար: 1878թ. Բեռլինի պայմանագիրը պարունակում էր նաև դրույթներ առանձին մարդկային խմբերի պաշտպանության վերաբերյալ, նրանում, մասնավորապես, նշվում էր, որ «Բարձր Դուռը պարտավորվում է իրականացնել, առանց հետագա ձգձգման, տեղական պահանջմունքներով պայմանավորված բարելավումներ և բարեփոխումներ հայերով բնակեցված շրջաններում և պաշտպանել նրանց անվտանգությունը չերքեսներից և քրդերից: Այն պարբերաբար կտեղեկացնի այդ նպատակով իր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին, այն Տերություններին, որոնք կհետևեն դրանց կիրառմանը» (հոդված 61): Հենց նշված հոդվածի դրույթներն էլ ընդհուպ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը հիմք էին հանդիսանում Եվրոպական տերությունների բազմաթիվ միջամտությունների համար՝ ի պաշտպանություն հայկական բնակչության և նրա ոչնչացման կանխարգելման նպատակով8:
Ցեղասպանության համար պատասխանատվության հիմքերը զարգացել են նաև պատերազմի օրենքների և սովորույթների նորմերի կոդիֆիկացման շրջանակներում: 1899 և 1907թթ. տեղի ունեցած Խաղաղության կոնֆերանսներում կոդիֆիկացվեցին պատերազմի օրենքները և սովորույթները, որի արդյունքում ընդունվեցին մեկ տասնյակից ավելի կոնվենցիաներ՝ պատերազմական գործողություններ բացելու, չեզոքության, ծովային պատերազմի և այլնի մասին: Հայերի դեմ իրագործած ցեղասպանության տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեն Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին 1899 և 1907թթ. Հաագայի կոնվենցիաները, որոնք դրվագորեն անդրադառնում էին պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ընդհանրապես, սակայն չէին պարունակում կոնկրետ դրույթներ ցեղասպանության արգելման, այսինքն՝ պատերազմի ժամանակ որոշակի մարդկային խմբերի ոչնչացման արգելման վերաբերյալ9: Այդուհանդերձ, նույնիսկ այն կցկտուր նորմերը, որոնք ամրագրված էին այդ կոնվենցիայում, ապացուցում են այն, որ որևէ մարդկային խումբ որպես այդպիսին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելը դիտվում էր, եթե նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում ուղղակիորեն չարգելված, ապա առնվազն պատերազմի օրենքներին ու սովորույթներին չհամընկնող, դրանց չհամապատասխանող արարք: Անշուշտ, ո՛չ 1899թ., ո՛չ էլ 1907թ. Ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների մասին, ո՛չ էլ Հաագայի այլ կոնվենցիաները չէին անդրադառնում որոշակի խմբերի ոչնչացման հիմնախնդրին, ինչը, մեր կարծիքով, ինքնին հասկանալի էր. եթե արգելվում է քաղաքացիական բնակչության ոչնչացումն ընդհանրապես, ապա ենթադրվում է, որ քաղաքացիական բնակչության մաս կազմող որոշակի մարդկային խմբերի ոչնչացումը ևս արգելված արարք է:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար պատասխանատվության տեսանկյունից, սակայն, առավել մեծ նշանակություն ցայսօր ունեն ոչ այնքան նշված կոնվենցիաների դրույթները, որքան, այսպես կոչված, «Մարտենսի վերապահումը»: 1899թ. Ցամաքային պատերազմի օրենքների և սովորույթների մասին կոնվենցիայի մշակման ընթացքում ռուս իրավաբան միջազգայնագետ Ֆ.Ֆ. Մարտենսը, որպես փոխզիջումային առաջարկ, որը թույլ տվեց առանց հիմնական հոդվածների փոփոխման միաձայն ընդունել ողջ կոնվենցիան, առաջարկեց լրացնել կոնվենցիայի նախաբանը հետևյալ դրույթով. «Ներկայումս, սակայն, անհնար եղավ համաձայնության գալ՝ կապված այն դրույթների հետ, որոնք կներառեին գործնականում առաջացող բոլոր դեպքերը:
Մյուս կողմից՝ Բարձր Պայմանավորվող Տերությունների մտադրությունների մեջ չէր կարող մտնել այն, որպեսզի չնախատեսված դեպքերը, գրված դրույթների բացակայության հետևանքով, թողնվեին զորահրամանատարների կամայական հայեցողությանը:
Քանի դեռ հնարավորություն չի ընձեռվել ընդունել պատերազմի օրենքների ավելի ամբողջական ժողովածու, Բարձր Պայմանավորվող Կողմերը տեղին են համարում վկայել, որ իրենց կողմից ընդունված կանոնակարգերով չնախատեսված դեպքերում բնակչությունը և պատերազմողները շարունակում են գտնվել միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության և գործողության ներքո, որոնք բխում են քաղաքակիրթ ազգերի միջև հաստատված սովորույթներից, մարդասիրության օրենքներից և հասարակական գիտակցության պահանջներից»10: Ակնհայտ է, որ նշված վերապահումն արդեն իսկ իր գոյությամբ ցեղասպանության հանցագործության արգելված լինելու լավագույն ապացույցն է: Դժվար է պատկերացնել, որ 19-րդ դարի վերջին ցեղասպանության քաղաքականությունը՝ իր ցանկացած բնորոշմամբ, կարող էր դիտվել որպես «քաղաքակիրթ ազգերի միջև հաստատված սովորույթներին, մարդասիրության օրենքներին և հասարակական գիտակցության պահանջներին» համապատասխանող արարք:
Անշուշտ, ցեղասպանության հանցագործության և հատկապես հայերի դեմ իրագործած ցեղասպանության արգելված լինելու հարցում անգնահատելի նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի 1915թ. մայիսի 24-ի համատեղ հռչակագիրը, որում, մասնավորապես, նշվում էր. «Ողջ անցած ամսվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենում հայերի կոտորածներ քրդերի և թուրքերի կողմից օսմանյան իշխանությունների ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև դրանց ուղղակի աջակցությամբ...
Ելնելով Թուրքիայի կողմից մարդկության և քաղաքակրթության դեմ կատարվող այդ նոր հանցագործություններից՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնային կառավարությունները սույնով հրապարակայնորեն հայտարարում են Բարձր Դռանը, որ նրանք այդ հանցագործությունների համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա այն տեղական ներկայացուցիչների վրա, որոնք առնչված կլինեն տվյալ կոտորածին»11։
Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հիշատակված հռչակագրում առաջին անգամ օգտագործվեց «հանցագործություն մարդկության դեմ» եզրույթը «Թուրքիայում հայերի կոտորածը բնորոշելու համար, ինչն այսօրվա չափանիշներով ընկնում է ցեղասպանության հասկացության ներքո»12: Այս փաստաթուղթը վերջնականորեն հաստատեց ցեղասպանության միջազգային հակաիրավականությունը: Մեր կարծիքով, սույն հռչակագրի հրապարակմամբ ցեղասպանության հանցագործության պատժելիության պաշտոնական ճանաչման գործընթացն իր հաղթական ավարտին հասավ, այսինքն՝ երկար ժամանակ ընդհանուր միջազգային իրավունքի նորմի տեսքով գոյություն ունեցած նորմն ստացավ expresis verbis ճանաչում:
Անտանտի երկրները փորձեցին իրագործել «Եռյակի» մայիսյան հռչակագրի դրույթները 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրում: Նշված պայմանագիրը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված միջազգային հանցագործությունների վերաբերյալ մի շարք դրույթներ էր պարունակում: Մասնավորապես, Պայմանագրի Գլուխ 7-ում՝ «Պատժամիջոցներ» (հոդվածներ 226-230), նախատեսված էին նորմեր պատերազմական հանցագործությունների և «կոտորածների (massacres)», այսինքն՝ հայերի դեմ իրագործած հանցագործության համար պատասխանատվության ենթարկելու համար: Այսպես, օրինակ, հոդված 226-ը նախատեսում էր, որ «Թուրքական կառավարությունը ճանաչում է Դաշնակից և Միավորված Տերությունների՝ նշված հանցագործությունները կատարողներին պատասխանատվության ենթարկելու իրավունքը»: Հոդված 230-ն իր հերթին պարտավորեցնում էր Թուրքիային «հանձնել Դաշնակից Տերություններին այդ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց»:
Ցավոք, Սևրի պայմանագիրն այդպես էլ չվավերացվեց, չստեղծվեց նաև հոդված 230-ով նախատեսված տրիբունալը, թեև, այսպես կոչված, «զինադադարի ժամանակահատվածում» որոշ պաշտոնատար անձինք հայերի կոտորածների համար պատասխանատվության կանչվեցին ազգային դատարանների կողմից, Օսմանյան կայսրության քրեական օրենսդրության հիման վրա: Չնայած Սևրի պայմանագիրը, քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության հետևանքով, ուժի մեջ այդպես էլ չմտավ, այն, ըստ Ջ.Վերհովենի, շարունակում է մնալ Թուրքիայում հայկական բնակչության նկատմամբ կատարված արարքների հակաիրավական լինելու վառ ապացույցը13:
Թեև սույն հետազոտության շրջանակներից դուրս է Սևրի և Լոզանի պայմանագրերի փոխհարաբերակցության վերլուծությունը, այդուհանդերձ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ դժվար է համաձայնվել այն հետազոտողների հետ, որոնք գտնում են, որ 1923թ. Լոզանի պայմանագիրն ամբողջությամբ փոխարինել է Սևրի պայմանագրին, քանի որ վերջիններիս առարկաները, ինչպես նաև մասնակիցները միայն մասամբ էին համընկնում14:
Վերը նշվածը թույլ է տալիս արձանագրել, որ ցեղասպանությունն իբրև սոցիալական երևույթ, գոյություն ունենալով միշտ կամ գրեթե միշտ, միջազգային իրավական արգելքի տակ է վերցվել այդ արարքն իբրև լուրջ միջազգային իրավախախտում դիտող միջազգային իրավական նորմերի առաջացումից հետո: Սակայն անհնար է որևէ կերպ համաձայնվել այն տեսակետի հետ, որ ցեղասպանության հանցագործության միջազգային հակաիրավականությունը պայմանավորված է Ցեղասպանության մասին կոնվենցիայի կնքմամբ և շաղկապված է դրան:
Այս հարցի վերաբերյալ գոյություն ունեն երկու հիմնական տեսակետ: Խնդիրն այն է, որ որոշ հեղինակներ, հիմք ընդունելով այն փաստը, որ ցեղասպանության հանցագործությունն ամրագրող հիմնական ունիվերսալ միջազգային իրավական պայմանագրային գործիքը՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 1951թ. հունվարի 12-ին, պնդում են, որ ցեղասպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի, կարող են դիտվել միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո կատարված արարքները: Հակառակ դեպքում, այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, մինչև կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքները որպես ցեղասպանություն որակելը կդիտվի իբրև nullum crimen sine lege սկզբունքի խախտում, քանզի ցեղասպանության հանցագործության հանցակազմն առաջին անգամ ամրագրվել է միայն Ցեղասպանության մասին կոնվենցիայում15: Նման մոտեցմանը սատարելու համար այդ տեսակետի կողմնակիցները շատ հաճախ թյուրիմացաբար օգտագործում են այն փաստարկը, որ ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը տեղի է ունեցել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ Նյուրնբերգի և Տոկիոյի միջազգային ռազմական տրիբունալների շրջանակներում: Սակայն գործնականում պատասխանատվությունն իրագործելը դեռ վկայություն չէ այն փաստի, որ ցեղասպանությունը հանցավոր է դարձել նշված ժամանակահատվածից: Մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքները որպես ցեղասպանություն որակելը nullum crimen sine lege16 սկզբունքի խախտում դիտող հետազոտողները շատ հաճախ հաշվի չեն առնում միջազգային իրավունքի մի շարք առանձնահատկություններ: Իրոք, միջազգային իրավունքում չի վիճարկվում այն փաստը, որ առանց միջազգային իրավունքի նորմով որոշակի գործողության կամ անգործության արգելման իրավաբանական պատասխանատվությունն անհնար է և անթույլատրելի: Այս դրույթն անվիճելիորեն վերաբերում է նաև ցեղասպանության հանցագործությանը: Սակայն նման մոտեցման կողմնակիցները, ինչպես նշվեց, հաշվի չեն առնում մեր մատնանշած այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի աղբյուր՝ պայմանագրային նորմերին զուգահեռ, հանդիսանում են և սովորութային իրավական նորմերը, որոնց միջև իրավաբանական ուժի տեսանկյունից ոչ մի տարբերություն գոյություն չունի, ինչը բազմիցս ընդգծվել է ինչպես միջազգային իրավունքի գիտության մեջ, այնպես էլ պրակտիկայում17: Հետևաբար, մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը ցեղասպանության հանցագործությունն արգելող նորմերի առկայությունն ապացուցման գործում պետք է ելնել ոչ միայն պայմանագրային իրավունքի նորմերից, այլ նաև պետությունների՝ կոտորածներից և բնաջնջումներից որոշակի մարդկային խմբերի պաշտպանությանն ուղղված և դրանով իսկ ցեղասպանությունն արգելող բավական կայուն պրակտիկայով:
Հիմնականում միջազգային իրավունքի արևմտյան դպրոցի ներկայացուցիչները ցեղասպանության հանցագործության հարցում հարում են տրամագծորեն հակառակ տեսակետի՝ պնդելով, որ ցեղասպանությունն ուղեկցել է մարդկությանն իր գոյության ողջ ընթացքում, և ցեղասպանության վաղ դեպքերի թվին են դասում որոշակի մարդկային խմբերի ոչնչացումը մոնղոլ-թաթարների՝ հատկապես Չինգիս խանի արշավանքների, Լենք Թեմուրի նվաճումների ընթացքում կամ, որպես օրինակ, հիշատակում են եվրոպացի նվաճողների կողմից ամերիկյան հնդկացիների ոչնչացումը և այլն18: Գրեթե համանման տեսակետ էր արտահայտում նաև ցեղասպանություն եզրույթի հեղինակ՝ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, որը հիշատակում է պատերազմների, բնաջնջումների բազմաթիվ դասական օրինակներ, երբ վերացվել են ամբողջ ազգեր կամ ամբողջովին կամ գրեթե ամբողջովին բնակչության տարբեր խմբեր՝ հատուկ ընդգծելով, որ ցեղասպանության դեպքեր են, իմիջիայլոց, «Կարթագենի ոչնչացումը մ.թ.ա. 146թ., Տիտոսի կողմից Երուսաղեմի ավերումը մ.թ. 72թ., իսլամի կրոնական պատերազմները, խաչակրաց արշավանքները, ալբիգոյցիների ջարդերը, Երեսնամյա պատերազմում Մագդեբուրգի պաշարումը և վերջերս հայերի կոտորածները»19:
Թեպետ, հանուն ճշմարտության, պետք է նշել նաև, որ այն տեսակետը, համաձայն որի՝ ցեղասպանությունը դարձել է հանցավոր արարք Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումից շատ ավելի վաղ, պաշտպանվում էր նաև խորհրդային միջազգային իրավունքի գիտության կողմից: Այսպես, հայտնի իրավաբան միջազգայնագետ, պրոֆ. Պ.Ս. Ռոմաշկինը դեռևս 1960-ական թթ. այն տեսակետն էր արտահայտում, թե «ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է: Բուն «ցեղասպանություն» եզրույթն ի հայտ է եկել ոչ շատ վաղուց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և նշանակում է ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական դրդապատճառներով բնակչության առանձին խմբերի բնաջնջում: Սակայն դրանից դեռևս չի բխում, որ այդպիսի հանցագործություններ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը չեն եղել: Ցեղասպանությունն ի հայտ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած ֆաշիզմի առաջացումից շատ ավելի վաղ: Սակայն ցեղասպանության հանցագործությունները գերմանական ֆաշիզմի ագրեսիայի ժամանակահատվածում ձեռք բերեցին հսկայական ծավալներ»20:
Այս հարցում, մեր կարծիքով, անհնար է չհամաձայնվել պրոֆ. Յու. Գ. Բարսեղովի այն պնդման հետ, որ «ցեղասպանության հանցագործության միջազգային հակաիրավականության հարցում չի կարելի հիմնվել Ռ.Լեմկինի կողմից 1944թ. ստեղծված «ցեղասպանություն» եզրույթի կոնվենցիոնալ ամրագրման վրա, որպես sine qua non պայմանից: Եթե պայմանավորենք այս հանցագործության հանցակազմի տակ ընկնող արարքների որակման իրավաչափությունը տվյալ եզրույթի ձևական (ֆորմալ) պայմանագրային ճանաչմամբ, ապա նման որակման հնարավորությունն ստիպված կլինենք սահմանափակել ոչ միայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո կատարված ցեղասպանության ակտերով, այլ նաև այն ստորագրած, վավերացրած կամ դրան միացած պետությունների շրջանակով»21:
Իրոք, եթե դիտենք 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիան իբրև ցեղասպանությունն արգելող միջազգային իրավական նորմ ստեղծող փաստաթուղթ, ապա չի կարելի որպես պատժելի արարք որակել ոչ միայն հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը, այլ նաև հրեաների ողջակիզումը (որոնք բնորոշելու համար, ըստ էության, և ստեղծվել էր ցեղասպանություն եզրույթը) և ցեղասպանության այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարի առաջին կեսին: Նման ենթադրությունն ավելի քան անհեթեթ է և չի կարող իրավաչափ դիտվել, քանի որ հենց Ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթների տեքստային վերլուծությունը վկայում է այն մասին, որ այն մշակողները չեն նպատակադրվել միջազգային իրավական նոր նորմ ստեղծել, այլ միայն փորձել են ամրագրել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական նորմի առկայության փաստը: Դրա մասին են վկայում հենց Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 1-ի ձևակերպումները, որը, մասնավորապես, սահմանում է, որ «Պայմանավորվող կողմերը հաստատում են (այլ ոչ թե սահմանում)22, որ ցեղասպանությունը, անկախ նրանից, կատարվում է խաղաղության կամ պատերազմի ժամանակ, միջազգային իրավունքի նորմերը խախտող հանցագործություն է…»:
Հետևաբար, Կոնվենցիայի հիմնական առաքելությունը կայանում է գոյություն ունեցող միջազգային իրավական նորմի ունիվերսալ պայմանագրային ճանաչման, այլ ոչ թե նորի ստեղծման մեջ23: Այդ հանգամանքն ընդգծվել է դեռևս 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի նախապատրաստման ընթացքում: Կոնվենցիայի Travaux préparatoires-ը (նախապատրաստման փաստաթղթերը) պարունակում են ցեղասպանության պատմական փաստերի մասին բազմաթիվ նշումներ և հիշատակումներ: Այսպես, օրինակ, պայմանագրի նախապատրաստման ընթացքում Կուբայի ներկայացուցիչը նշել է, որ «պատմությունն ի հայտ է բերել ցեղասպանության անթվելի դեպքեր», Եգիպտոսի ներկայացուցիչը նշել է, որ «ցեղասպանության դեպքեր են տեղի ունեցել շատ վաղ անցյալում», Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ սըր Հարթլի Շոուքրոսը (որը, ի դեպ, նաև Նյուրնբերգյան դատավարության բրիտանական գլխավոր մեղադրողն էր) ցեղասպանությունը դիտում էր որպես «միջազգային իրավունքին արդեն իսկ ծանոթ հանցագործություն, որի դեպքերը պատմությունն ի հայտ է բերել դարերի ընթացքում», Արգենտինայի ներկայացուցիչը որակում էր ցեղասպանությունը որպես «հանցագործություն, որը, թեև միշտ հայտնի է եղել, որ գոյություն ունի, սակայն միայն վերջերս է բնորոշվել»24:
Այն հանգամանքը, որ մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ցեղասպանության հանցագործության հանցակազմի կոնկրետ նկարագրություն գոյություն չուներ, ևս չի կարող որպես ցեղասպանությունն արգելող նորմի բացակայություն դիտվել: Միջազգային իրավունքի նորմերի յուրահատկությունն այն է, որ դրանք չեն պարունակում կոնկրետ սանկցիաներ և հաճախ բնորոշում են երևույթներն ընդամենը հիմնական գծերով՝ միջազգային իրավունքի սուբյեկտներին իրավունք ընձեռելով ինքնուրույնաբար որոշել դրանց իրագործման ձևերը: Մասնավորապես, Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրանքի հիմքում ընկան այնպիսի արարքներ, որոնք միջազգային կոնվենցիաներում ուղղակիորեն հանցագործություններ չէին անվանվում, և դրանց կատարման համար անհատական քրեական պատասխանատվություն չէր նախատեսվում: Ա.Ասատուրի կարծիքով՝ «Միջազգային իրավունքի ակնհայտ բացերը հաշվի առնելով՝ Նյուրնբերգյան դատավարության մեղադրող պետությունները մեծ նշանակություն էին հատկացնում այն փաստին, որ Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրությունում ամրագրված են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմեր, որոնք միջազգային սովորույթների տեսքով գոյություն են ունեցել մինչև Տրիբունալի ստեղծումը: Այդ նորմերի գոյության ապացույց էր հանդիսանում պետությունների կողմից դրանք ճանաչելու և պահպանելու պրակտիկան, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների և ֆորումների՝ միջազգային իրավունքում այդ նորմերի հաստատմանը և ամրագրմանն ուղղված գործունեությունը: Այդ նորմերը դարձել էին ընդհանուր միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս և ճանաչվում էին անկախ պետությունների այս կամ այն կոնվենցիային մասնակցությունից»25: Եթե հանցագործությունների պատժելիության հարցում ելնել միջազգային պայմանագրային նորմերում միջազգային հանցագործությունների կոնկրետ հանցակազմերի ամրագրումից, ապա նույնիսկ այսօր չի կարելի իբրև հանցագործություն դիտել այնպիսի արարքներ, ինչպիսիք են էկոցիդը, որի միջազգային պայմանագրային բնորոշում դեռևս գոյություն չունի, կամ միջազգային ահաբեկչությունը, որի համաշխարհորեն ճանաչված հասկացությունը միջազգային հանրության կողմից դեռևս չի մշակվել և այլն: Գտնում ենք, որ նման ըմբռնումը չի համապատասխանում գոյություն ունեցող միջազգային իրավական իրականությանը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ Օսմանյան կայսրությունը, լինելով 1899թ. Ցամաքային պատերազմի օրենքների ու սովորույթների մասին Հաագայի երկրորդ կոնվենցիայի, 1878թ. Բեռլինի պայմանագրի և այլ միջազգային իրավական փաստաթղթերի մասնակից, ստորագրելով Սևրի պայմանագիրը և ստանձնելով մի շարք այլ միջազգային իրավական պարտականություններ, պարտավորված էր ապահովել կայսրության հայկական բնակչությանն ամբողջական կամ մասնակի ոչնչացումից: Հետևաբար, հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը դիտարկվում է ոչ միայն իբրև սովորութային միջազգային իրավունքի նորմերի, այլ նաև Օսմանյան կայսրության միջազգային պայմանագրային պարտավորությունների խախտում: Լինելով միջազգային հանրության մի մասնիկ՝ Օսմանյան կայսրությունը պարտավոր էր գործել միջազգային իրավունքին համապատասխան, որն արգելում էր նշված հանցագործությունը:
Իհարկե, հայերի դեմ իրագործած ցեղասպանության ժամանակահատվածում «ցեղասպանություն» (գենոցիդ) եզրույթ դեռևս գոյություն չուներ, այն ի հայտ եկավ միայն 1944թ. նոյեմբերին լույս տեսած Ռ.Լեմկինի «Առանցքի ղեկավարումը բռնազավթված Եվրոպայում» հայտնի աշխատության մեջ26: Ռ.Լեմկինի պնդմամբ, այդ հանցագործությունը (ցեղասպանությունը) հանցագործություն էր առանց անվանման27: Պաշտոնական շրջանառության մեջ այս եզրույթն առաջին անգամ մտավ 1945թ. հոկտեմբերի 18-ի՝ Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի մեղադրական եզրակացության մեջ, այնուհետև ամրագրվելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ի 96/1 բանաձևում և Ցեղասպանության մասին կոնվենցիայում: Այդուհանդերձ, բուն ցեղասպանության հանցագործությունը գոյություն է ունեցել և դիտվել է իբրև պատժելի արդեն հայերի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ:
Ամփոփելով վերը նշվածը՝ կարելի է վստահորեն հայտարարել, որ պետությունների միջազգային իրավական պրակտիկան, մարդասիրական միջամտությունների ինստիտուտի առաջացումն ու զարգացումը և 19-րդ դարի երկրորդ կեսի միջազգային պայմանագրերի նորմերի վերլուծությունը վկայում են այն մասին, որ որևէ ռասայական, ազգային, կրոնական կամ էթնիկական խումբ որպես այդպիսին ոչնչացնելուն նպատակաուղղված կանխամտածված արարքների ամբողջությունը, որը հետագայում անվանվեց ցեղասպանություն, դիտվում էր որպես ընդհանուր միջազգային իրավունքի նորմերին հակասող և դրանով պատժելի արարք ամենաուշը 19-րդ դարի երկրորդ կեսից: Հետևաբար, հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը, անվանենք այն այդպես թե ոչ, դիտվում էր որպես ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի լրջագույն խախտում և առաջ էր քաշում Օսմանյան կայսրության միջազգային իրավական պատասխանատվությունը:
1.2. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին» 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դրույթների կիրառելիությունը hայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ
Մինչև 1948թ. դեկտեմբերի 9-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը ցեղասպանությունն արգելող ունիվերսալ միջազգային պայմանագիր գոյություն չուներ, չնայած նրան, որ ցեղասպանությունը դիտվում էր որպես հանցագործություն՝ համաձայն միջազգային իրավունքի: ՄԱԿ-ի ստեղծումից հետո այն կենտրոնացրեց իր ջանքերը ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու ուղղությամբ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 96(1) բանաձևը դարձավ ՄԱԿ-ի առաջին փաստաթղթերից մեկը: Այն, փաստորեն, առաջին անգամ փորձեց գրավոր ձևակերպել ցեղասպանության հանցագործության էությունը՝ բնորոշելով վերջինս որպես «... ամբողջական մարդկային խմբերի գոյության իրավունքի ճանաչման մերժում, այնպես, ինչպես մարդասպանությունը նշանակում է առանձին մարդկային էակների կյանքի իրավունքի ճանաչման մերժումը. գոյության իրավունքի ճանաչման նման մերժումը վիրավորում է մարդկային խիղճը, մեծ վնասներ է պատճառում մարդկությանը, որը զրկվում է այդ մարդկային խմբերի կողմից տրվող մշակութային և այլ արժեքներից, և հակասում է բարոյական օրենքին, Միավորված Ազգերի ոգուն ու նպատակներին»: Թիվ 96(I) բանաձևը մշակողները հսկայական ներդրում կատարեցին այն փաստի հաստատման գործում, որ ցեղասպանությունն արգելված էր քննարկվող փաստաթղթերի ընդունումից շատ ավելի վաղ՝ հատուկ մատնանշելով «ցեղասպանության բազմաթիվ հանցագործություններ, երբ ամբողջական կամ մասնակի ոչնչացման ենթարկվեցին ռասայական, կրոնական, քաղաքական և այլ խմբեր», և նշելով, որ «ցեղասպանության հանցագործության համար պատժելը միջազգային կարևորության հարց է»: Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր ասամբլեան եկավ այն եզրակացության, որ «... ցեղասպանությունը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, հանցագործություն է, որը դատապարտվում է քաղաքակիրթ աշխարհի կողմից և որի կատարման համար մեղավորները և հանցակիցները ենթակա են պատժի, անկախ նրանից, թե նրանք մասնավոր անձինք են, պետական պաշտոնատար անձինք կամ պետական գործիչներ, և անկախ նրանից, թե հանցագործությունը կատարված է կրոնական, ռասայական, քաղաքական կամ որևիցե այլ դրդապատճառներով»28: Քննարկվող բանաձևն անհրաժեշտ քաղաքական և իրավական հիմք ծառայեց Ցեղասպանության մասին կոնվենցիայի մշակման համար:
Ինչպես նշել ենք, Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 1951թ. հունվարի 12-ին: Տվյալ կոնվենցիայի հիմնական նպատակն էր հաստատել այն փաստը, որ ցեղասպանությունը դիտվում է որպես հանցագործություն՝ համաձայն միջազգային իրավունքի և մեկընդմիշտ ճանաչել ցեղասպանությունն արգելող ընդհանուր միջազգային իրավունքի նորմի գոյության փաստ ու սահմանել կոնվենցիայի բուն էությունը՝ հստակեցնել և մանրամասնել ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով արդեն երկար ժամանակ արգելված արարքը:
Տվյալ եզրահանգումը Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուն պես՝ հաստատվեց 1951թ. ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ, որում նշվում էր, որ «Կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքները ճանաչվում են բոլոր քաղա¬¬քակիրթ պետությունների կողմից որպես պար¬տա¬¬դիր՝ նույնիսկ առանց որևէ կոնվենցիոնալ ամրագրման»29:
Ներկայացված խորհրդատվական եզրակացությունը վերջ դրեց ցեղասպանության հանցագործության և Ցեղասպանության մասին կոնվենցիայի վերաբերյալ բանավեճերին՝ հաստատելով, որ կոնվենցիայի հիմնարար սկզբունքները պարտադիր են բոլոր պետությունների համար՝ որպես erga omnes պարտավորություններ:
Հայերի դեմ իրագործած ցեղասպանության կապակցությամբ առաջանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձության (ռետրոակտիվ գործադրման) հիմնախնդիրը: Հիմնվելով պրակտիկայի և Նյուրնբերգի տրիբունալի որոշումների, Իսրայելում Ադոլֆ Էյխմանի դատավարության, ինչպես նաև այն ընդհանուր կանխավարկածի վրա, որ հետադարձություն չթույլատրող նորմը չի տարածվում միջազգային հանցագործությունների վրա՝ հետազոտողների մի խումբ, ինչպիսիք են Յու.Գ. Բարսեղովը30, Շ.Թորիկյանը31, Ա. դը Զայասը32 և այլոք, պաշտպանում են մի տեսակետ, համաձայն որի՝ հնարավոր է Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքների նկատմամբ: Հետազոտողների մի այլ խումբ՝ Ս. Կոչոյ33, Գ. Աքթան34 և այլոք, հերքում են մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքների, մասնավորապես՝ հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ Կոնվենցիան կիրառելու հնարավորությունը՝ նշելով, որ վերջինս չի կարող դիտվել որպես այդպիսին, քանի որ դրա կատարման ժամանակ ցեղասպանության հանցագործությունն արգելող միջազգային պայմանագիր գոյություն չի ունեցել:
Վերադառնալով Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձ ուժի հիմնահարցին՝ անհրաժեշտ է նշել, որ ցայսօր գոյություն չունի որևէ հեղինակավոր պաշտոնական միջազգային իրավական փաստաթուղթ, որը կհաստատեր կամ կմերժեր Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության հնարավորությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքների նկատմամբ: Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 9-ի համաձայն, «Պայմանավորվող կողմերի միջև վեճերը՝ կապված սույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման կամ կատարման հետ, ներառյալ նաև ցեղասպանության կամ սույն Կոնվենցիայի III հոդվածում թվարկված որևէ արարք կատարելու համար այս կամ այն պետության պա¬տասխա¬նատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Արդարա¬դատության միջազգային դատարանի քննությանը՝ վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով»: Հետևաբար, համաձայն վերը նշված հոդվածի՝ կոնվենցիայի դրույթների մեկնաբանությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանի բացառիկ իրավասությունն է: Մինչև ՄԱԿ-ի Միջազգային դատարանը վերջնական որոշում չկայացնի մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքների նկատմամբ դրա կիրառելիության հնարավորության կամ անհնարության վերաբերյալ, ցանկացած դատողություն կհանդիսանա կոնվենցիայի՝ պարտադիր ուժ չունեցող, դոկտրինալ (ոչ պաշտոնական) մեկնաբանություն:
Կոնվենցիայի հնարավոր ռետրոակտիվ կիրառման տեսանկյունից գործնական հետաքրքրություն է ներկայացնում Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության վերաբերյալ (Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի) գործով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը, որում շոշափվել է Կոնվենցիայի ռետրոակտիվ գործողության հարցը:
Իր նախնական առարկումներում Հարավսլավիան (Սերբիա և Չերնոգորիա), հիմնվելով այն հանգամանքի վրա, որ «քանզի 1992թ. դեկտեմբերի 29-ով թվագրված միանալու (succession) մասին ծանուցումը, որով, այսպես կոչված, Բոսնիայի և Հերցեգովինայի Հանրապետությունը ցանկություն է արտահայտել դառնալ 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիայի մասնակից, ունի Կոնվենցիային միանալու (accession) ուժ:
Տվյալ գործով Դատարանն իրավազորություն ունի 1993թ. մարտի 29-ից, և, հետևաբար, մինչև այդ ամսաթիվը տեղի ունեցած մեղսագրվող ակտերի կամ փաստերի վերաբերյալ Դիմողի (Claimant) հայցը Դատարանի իրավասության տակ չի ընկնում»35:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված նախնական առարկությունը կարող էր մերժվել Դատարանի կողմից, Հարավսլավիան, առանց տվյալ առարկությանը վնասելու, այն ամրապնդել է նաև հետևյալ նախնական առարկությամբ. «Եթե Դիմող պետության՝ 1992թ. դեկտեմբերի 29-ով թվագրված միանալու ծանուցումը տվյալ հիմքով ենթադրում է, որ Դիմող պետությունը 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի մասնակից է 1992թ. մարտի 6-ից36՝ համաձայն ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու մասին կոնվենցիան չի գործի կողմերի միջև մինչև 1992թ. դեկտեմբերի 29-ը, ուստի, այն չի ենթադրում Դատարանի իրավազորությունը մինչև 1992թ. դեկտեմբերի 29-ը տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, և, հետևաբար, Դիմողի՝ մինչև 1992թ. դեկտեմբերի 29-ը տեղի ունեցած մեղսագրվող արարքներին և փաստերին վերաբերող դիմումը Դատարանի իրավազորության տակ չի ընկնում»37:
Կայացրած որոշման մեջ դատարանը մերժեց Հարավսլավիայի կողմից մատնանշված առարկությունները, նշելով, որ «…Իր վեցերորդ և յոթերորդ առարկություններում Հարավսլավիան, իր դիրքորոշումը հիմնելով իրավական ակտերի անհետադարձության սկզբունքի վրա, իրոք, լրացուցիչ փաստարկ ներկայացրեց այն մասին, որ նույնիսկ եթե Դատարանը Կոնվենցիայի հիման վրա կարող էր իրավազորությամբ օժտված լինել, այն կարող էր գործ ունենալ միայն այն իրադարձությունների հետ, որոնք հետևել են տարբեր տարեթվերին, որոնցից Կոնվենցիան կարող էր Կողմերի համար կիրառելի դառնալ: Այս կապակցությամբ Դատարանն այն տեսակետին է հարում, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան և, մասնավորապես, հոդված IX-ը չի պարունակում որևիցե դրույթ, որի նպատակը կամ օբյեկտը նման կերպով ratione temporis դրա (Դատարանի) իրավազորության սահմանափակումն էր, իր հերթին՝ Կողմերն իրենք չեն կատարել ոչ մի վերապահում այդ նպատակով ո՛չ կոնվենցիայի վերաբերյալ, ո՛չ էլ Դեյթոն-Փարիզյան համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Դատարանը, այսպիսով, եկավ եզրակացության, որ այն տվյալ գործում օժտված է իրավազորությամբ ցեղասպանության մասին կոնվենցիային ուժ տալու առումով Բոսնիայում և Հերցեգովինայում ընթացող ընդհարման սկզբից ևեթ տեղի ունեցած պատշաճ փաստերի նկատմամբ: Այս եզրակացությունը, բացի դրանից, համապատասխանում է կոնվենցիայի օբյեկտին և նպատակին, ինչպես դրանք սահմանվել են Դատարանի կողմից 1951թ. …»38:
Ինչպես տեսնում ենք, նշված իրավական դիրքորոշումը, ըստ էության, չի բացառում 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձ կիրառման հնարավորությունը: Սակայն, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ գոյություն ունի որոշակի տարբերություն նախկին Հարավսլավիայի վերը քննարկված իրավիճակի և հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնախնդրի միջև: Նշված օրինակում իրադարձությունները տեղի են ունեցել թեև Բոսնիայի և Հերցեգովինայի համար Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց առաջ, սակայն դրա՝ որպես այդպիսին, ուժի մեջ մտնելուց հետո, բացի դրանից, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունն ստորագրել էր Ցեղասպանության մասին կոնվենցիան 1948թ. դեկտեմբերի 11-ին և վավերացրել այն 1950թ. օգոստոսի 29-ին39: Հայերի դեմ իրագործած ցեղասպանության հիմնախնդիրը բարդացված է այն հանգամանքով, որ այդ հանցագործության հանցակազմը կազմող արարքները տեղի են ունեցել կոնվենցիայի ընդունումից և ուժի մեջ մտնելուց շատ ավելի վաղ: Կտարածի՞, արդյոք, դատարանը կոնվենցիայի հետադարձ կիրառելիության հնարավորության վերաբերյալ նշված իրավական դիրքորոշումը մինչև կոնվենցիայի ընդունումը կամ ուժի մեջ մտնելը տեղի ունեցած արարքների վրա: Այդ հարցի լուծումն ամբողջովին կախված է հենց դատարանից: Սակայն, չափազանց հետաքրքրական է այն, որ Բոսնիան և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի գործով Ցեղասպանության մասին կոնվենցիայի հետադարձ կիրառելիության օգտին արտահայտվել են Միջազգային դատարանի 15 անդամներից 14-ը: Դեմ է քվեարկել միայն Հարավսլավիայի կողմից հրավիրված ad hoc դատավոր Կրեչան:
Ելնելով նշվածից՝ գտնում ենք, որ այսօր հնարավոր չէ միանշանակ դրական կամ բացասական պատասխան տալ կոնվենցիայի հետադարձ ուժի հարցի վերաբերյալ: Կարելի է միայն վստահորեն նշել, որ ոչինչ ո՛չ կոնվենցիայի դրույթներում, ո՛չ էլ դրա նախապատրաստման փաստաթղթերում չի ենթադրում կամ բացառում դրան հետադարձ ուժ հաղորդելը: Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ մի շարք հեղինակներ հարում են այն տեսակետին, որ Ցեղասպանության մասին կոնվենցիան կիրառելի է հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ, քանի որ այդ հանցագործությունը դեռ շարունակվում է, այսինքն՝ չեն վերացվել դրա հետևանքները, քանի որ դեռևս շարունակվում են հայ ազգի ասիմիլյացիայի, մշակութային արժեքների, հուշարձանների, եկեղեցիների և այլն ոչնչացման գործընթացները40:
Անկախ նրանից՝ Ցեղասպանության մասին կոնվենցիան ունի հետադարձ ուժ, թե ոչ, ցեղասպանության հանցագործությունը, ինչպես արդեն իսկ նշվեց, դիտվում է որպես ժամանակակից ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմից բխող պարտավորության լուրջ խախտում և պատժելի է անկախ որևէ կոնվենցիոնալ պարտավորությունից: Հակառակ դեպքում, ոչ միայն մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը կատարված ցեղասպանության արարքները, այլ նաև կոնվենցիայի մասնակից չհանդիսացող պետությունների տարածքում կատարված արարքները չեն կարող պատժելի դիտվել: Գտնում ենք, որ այսօր գրեթե ոչ ոք չի պաշտպանի նման անտրամաբանական դատողությունը:
Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ նույնիսկ եթե կոնվենցիայի հետադարձ կիրառելիության անթույլատրելիության կողմնակիցները կարողանան ապացուցել իրենց դատողությունների ճշմարտացիությունը, ապա այդ դեպքում ևս այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կոնվենցիան, կիրառելի կլինեն հայերի դեմ իրագործած ցեղասպանության կամ ցանկացած այլ ցեղասպանության դեպքի նկատմամբ, որը կատարվել է ցեղասպանությունն արգելող միջազգային իրավական նորմի ձևավորումից հետո, սակայն մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ուժի մեջ մտնելը:
1Տե՛ս, մասնավորապես, ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի 1985թ. հուլիսի 2-ի՝ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժելու հարցի վերաբերյալ վերանայված և նորացված զեկույցը» UN ECOSOC Commission on Human Rights, Sub-Commission on Prevention of Discrimination and Protection of Minorities. Thirty-eighth session. Item 4 of the provisional agenda, E/CN.4/Sub.2/1985/6 - 2 July 1985, Եվրոպական խորհրդարանի 1987 թվականի հունիսի 17-ի «Հայկական հարցի քաղա¬քա¬կան լուծման մասին» բանաձևը, European Parliament Resolution on a political solution to the Armenian question. Doc. A2-33/87.
2Այսպես, օրինակ, 2002թ. երևան եկավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին Միավորված Ազգերի Կազմակերպության կոնվենցիայի կիրառելիությունը քսաներորդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ» վերտառությամբ՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի իրավական վերլուծությունը, իսկ 2004թ. լույս տեսավ «1915-1923թթ. հայերի դեմ իրագործած ցեղասպանությունը և 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի իրավաչափությունը» թեմայով Ա. դը Զայասի ուսումնասիրությունը:
3Պատահական չէ, որ այսօր Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների մեջ հետզհետե հնչում է «Հայկական Սահմանադրությունից և Անկախության մասին հռչակագրից որոշ արտահայտություններ հեռացնելու» անհրաժեշտությունը: Տե՛ս «Armenia Consents to Negotiate Without 'Pre-Condition'» by Suleyman Kurt: «Zaman». Istanbul, Wednesday, April 27, 2005.
4Տե՛ս V. N. Dadrian, Genocide as a problem of National and International Law. The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications // The Yale Journal of International Law, 1989, Vol. 14, № 2, p. 233.
5Տե՛ս L. Kuper, Genocide: its political use in the twentieth Century, New Haven CT, 1982, p. 19.
6Տե՛ս V. N. Dadrian. Genocide as a problem of National and International Law. The World War I Armenian Case and Its Contemporary Legal Ramifications // The Yale Journal of International Law, 1989, Vol. 14, № 2, p. 236.
7Տե՛ս Kuper L. , Genocide: its political use in the twentieth Century, New Haven CT, 1982, p. 20.
8Այսպես, օրինակ, 19-րդ դարավերջի հայտնի ավստրիացի իրավաբան Ֆ.Լիստը գտնում էր, որ հենց Բեռլինի պայմանագրի հոդված 61-ի դրույթները բացահայտորեն ճանաչեցին մեծ տերությունների իրավունքը՝ «միջամտելու Թուրքիայի ներքին գործերին հայկական շրջանների առնչությամբ՝ ստեղծելով միջազգային իրավական հիմքեր հայերի օգտին 1895թ. միջամտության համար»։ Ավելի մանրամասն տե՛ս Лист Ф. , Международное право в систематическом изложении. Юрьев (Дерпт): 1909, с. 82-83:
9Պետք է ընդգծել, որ, ցավոք, միջազգային մարդասիրական իրավունքն ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը չէր պարունակում մանրամասն դրույթներ պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին: Քաղաքացիական բնակչության պաշտպանության վերաբերյալ առաջին կոնվենցիան Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան է: Ավելի մանրամասն տե՛ս Пикте Ж., Развитие и принципы международного гуманитарного права. М.: МККК, 1993, с. 54-63; Гассер Х-П. , Международное гуманитарное право М.: МККК, 1995, с. 55-58.
10Տե՛ս Международное право. Ведение военных действий: Сборник Гаагских конвенций и иных международных документов. 3-е изд., исправленное – М.: МККК, 2001, с. 18.
11Տե՛ս «Свет», 13 мая 1915. № 124, տեքստը տպագրված է նաև Геноцид армян в Османской империи: Сб. документов и материалов под ред. М.Г. Нерсисяна. 2-е изд., доп. Ереван, 1983, с. 602-603.
12Տե՛ս Международное право: Учебник. Отв. ред. В.И. Кузнецов. М.: «Юристъ», 2001, с. 640.
13Joe Verhoeven, «Le peuple arménien et le droit international», in Le crime du silence: le genocide arménien, Ed. Champs Flammarion, París, 1984, p. 277 (Original in French, author’s translation) cited in Alfred de Zayas. Memorandum on the genocide against Armenians 1915-1923 and the application of the 1948 Genocide Convention, p. 2.
14Սևրի պայմանագիրն ստորագրվել է Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի (Գլխավոր Դաշնակից Տերությունների), Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հիջազի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբերի, խորվաթների և սլովենների պետության, Չեխոսլովակիայի (Դաշնակից տերություններ) և Թուրքիայի կողմից, այն դեպքում, երբ Լոզանի պայմանագրի մասնակիցներ էին Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Սերբերի, խորվաթների և սլովենների պետությունը և Թուրքիան։
15Տե՛ս, օրինակ, Gunduz Aktan, The Armenian Problem and International Law in Turkkaya Ataov (ed.). The Armenians in the Late Ottoman Period, Ankara, 2001, pp. 264-279, 304-314. Ռուսաստանցի հետազոտող Ս.Կոչոյի կարծիքով, «այսօր մինչև Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունումը, մինչև միջազգային իրավունքում «ցեղասպանություն» եզրույթի ի հայտ գալը տեղի ունեցած՝ ազգային կամ կրոնական խմբերի ոչնչացումը որպես ցեղասպանություն որակելու փորձերն անիրավաչափ են (մանավանդ, որ կոնվենցիան հետադարձ ուժ չունի): Այդ փաստերը պետք է որակվեն դրանց կատարման պահին գործող օրենքներով և անվիճելիորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից, սակայն ձևականորեն իրավունքի դիրքերից դրանք ցեղասպանություն հանդիսանալ չեն կարող»: Տե՛ս Кочой С., Геноцид: понятие, ответственность, практика // Уголовное право, 2001, №2, c. 10.
16Չկա հանցագործություն չնշված օրենքում (լատ.)։
17Տե՛ս Даниленко Г.М., Обычай в современном международном праве, 1988, М. «Наука», c. 180, Arthur M. Weisburd., Customary international law: the problem of treaties // Vanderbilt journal of transnational law, 1988, p. 85. Պայմանագրային և սովորութային նորմերի հավասար իրավաբանական ուժի մասին դրույթը բազմիցս հաստատվել է և՛ միջազգային դատական, և՛ արբիտրաժային մարմինների որոշումներում: Տե՛ս, օրինակ, Rainbow Warrior (Նոր Զելանդիան ընդդեմ Ֆրանսիայի) և Barcelona Traction ընկերության գործերով որոշումները UN RIAA, vol. XX, p. 27 (1990), at p. 251, para. 75; Barcelona Traction, Light and Power Company, Limited, Second Phase, I.C.J. Reports 1970, p. 3 at p. 46.
18Տե՛ս, օրինակ, Kunz J., The United Nations Convention on Genocide // American Journal of International Law, Vol. 43, № 4, October 1949, p. 741.
19Տե՛ս R. Lemkin, Axis rule in occupied Europe: laws of occupation, analysis of government; proposals for redress. Washington: Carnegie Endowment for International Peace, Division of International Law, 1944, p. 80 n.3, Raphael Lemkin, A crime without a name // American Scholar, Volume 15, № 2 (April 1946), pp. 227-230.
20Տե՛ս Ромашкин П.С., Преступления против мира и человечества, М. «Наука», 1967, с. 264.
21Տե՛ս Барсегов Ю.Г., Геноцид армян – преступление по международному праву, М. «XXI век – Согласие», 2000. – С. 62.
22Ընդգծումը մերն է։
23Տե՛ս Барсегов Ю.Г., Геноцид армян – преступление по международному праву, М., «XXI век – Согласие», 2000, с. 68-70.
24Official Records of the Third Session of the General Assembly, Part I, Sixth Committee, statements by Mr. Blanco, p. 23, by Mr. Raafat, p. 500, by Sir Hartley Shawcross, p. 40, by Mr. Bustos Fierro, p. 28.
25Տե՛ս Асатур А.А., Развитие международного уголовного права и деятельность международных уголовных судов // Московский журнал международного права, 2000, №2(38), с. 228.
26Տե՛ս Raphael Lemkin, Axis rule in Occupied Europe: Laws of Occupation - Analysis of Government - Proposals for Redress, Washington, D.C.: Carnegie Endowment for International Peace, 1944, p. 79 - 95.
27Իր «Հանցագործություն առանց անվանման» հոդվածում Ռ.Լեմկինն ընդգծում էր. «Մինչ հասարակությունը պաշտպանություն է որոնում անձի դեմ հանցագործությունից, առ այսօր որևէ լուրջ ջանք չի ձեռնարկվել՝ ուղղված սպանությունները և միլիոնավոր մարդկանց ոչնչացումը կանխարգելելուն ու պատժելուն: Ակնհայտ է, որ նույնիսկ այդ երևույթի համապատասխան անվանում գոյություն չուներ: Ինչ վերաբերում է նացիստների վայրագություններին այս պատերազմում, ապա Ուինստոն Չերչիլը 1941թ. օգոստոսի իր ելույթում նշում էր, որ «մենք առանց անվանման հանցագործության վկաներ ենք»։ Տե՛ս Raphael Lemkin, A crime without a name, American Scholar, Volume 15, no. 2 (April 1946), p. 227-230.
28Տե՛ս Резолюции, принятые Генеральной Ассамблеей на Второй части Первой сессии с 23 октября по 15 декабря 1946 г., Нью-Йорк: ООН, 1947, с. 140.
29Reservations to the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, Advisory Opinion, ICJ Reports (1951), pp. 15-69, See Diane F. Orentlicher, «Genocide» in Roy Gutman and David Rieff (eds.), Crimes of War, New York, 1999, pp. 153-157. Joe Verhoeven, «Le Crime de Génocide», in Revue belge de droit international, vol XXIV, 1991, pp. 5-26 at 13.
30Տե՛ս Барсегов Ю.Г., Геноцид армян – преступление по международному праву, М., «XXI век – Согласие», 2000, с. 61-70.
31Տե՛ս Toriguian S., The Armenian Question and International Law. La Verne, Ca: «ULV Press», 1988, p. 33-34.
32Տե՛ս Alfred de Zayas, Memorandum on the genocide against Armenians 1915-1923 and the application of the 1948 Genocide Convention, p. 7-8.
33Տե՛ս Кочой С., Геноцид: понятие, ответственность, практика // Уголовное право, 2001, №2, с. 10-12.
34Տե՛ս Gunduz Aktan, The Armenian Problem and International Law in Turkkaya Ataov (ed.) The Armenians in the Late Ottoman Period, Ankara, 2001, pp. 265, 305.
35Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro) – Judgments – Preliminary Objections – 11 July 1996, para. 14.
36Այսինքն՝ Բոսնիայի և Հերցեգովինայի անկախության հռչակման ամսաթվից:
37Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro) – Judgments – Preliminary Objections – 11 July 1996, para. 14.
38Նույն տեղում, para. 34.
39United Nations, Treaty Series, vol. 78, p. 277.
40Տե՛ս Toriguian S., The Armenian Question and International Law. La Verne, Ca: «ULV Press», 1988, pp. 33-34.
դեպի ետ