Իրան. հնարավոր ռմբահարում և հետևանքներ
Ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, Մեծ Մերձավոր Արևելքում նոր պատերազմի նախապատրաստությունն անշեղորեն մոտենում է անշրջելիության կետին: Դրա վկայություններից է Միջազգային հարաբերությունների Չիկագոյան խորհրդում ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի վերջերս ունեցած ելույթը: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարկ համարեց լսարանի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Վաշինգտոնը ո՛չ Բալկաններում, ո՛չ էլ Իրաքում մարտական գործողությունների անցկացման համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը չուներ:
Միացյալ Նահանգների սույն ռազմական գործողությունները տիկին Ռայսը որակեց որպես «ինքնապաշպանության իրավունք», որի իրականացման համար «Անվտանգության խորհրդի բանաձևի ստացման անհրաժեշտություն չկա»: Ու թեև, պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ-ը «պատրաստ է կիրառել իր տնօրինության տակ գտնվող քաղաքական, տնտեսական և այլ միջոցներ», որպեսզի համոզի Իրանին` հրաժարվել միջուկային նյութերի ստացման «իր ընտրած ուղուց», սակայն անհրաժեշտության դեպքում Ամերիկան կարող է ինքնուրույն կամ դաշնակիցների հետ միասին ռազմական ուժ օգտագործել:
Միայն օդուժի միջոցով
Մի շարք ամերիկյան փորձագետներ հակված են այն կարծիքին, թե Իրանին հարվածներ կհասցնեն վեց օդային խմբեր: Գործողությունները կարող են ընթանալ միաժամանակ կամ փուլերով` ըստ սահմանված ժամանակացույցի:
Առաջին խմբի մեջ մտնելու են Իրաքում տեղակայված չորս կործանիչ-ռմբակոծիչներ: Նրանք զինված են լինելու քսան թևավոր հրթիռներով և գրոհելու են Թավրիզի միջուկային օբյեկտները, ինչպես նաև նրանից 80 կմ հեռու տեղակայված Գյուղատնտեսությունում ատոմային էներգիայի կիրառման հետազոտական կենտրոնը:
Իրաքի տարածքից օդ են բարձրանալու 15 կործանիչ-ռմբակոծիչներ` 60 թևավոր հրթիռներով (երկրորդ խումբ): Այս խումբը Կասպից ծովի ջրային տարածքից Ղազվին, Չալուս, Նեքա, Քերեջ քաղաքների (բոլորն էլ գտնվում են Իրանի մայրաքաղաքից հյուսիս-արևմուտք) միջուկային օբյեկտների և Թեհրանի Միջուկային հետազոտությունների կենտրոնի վրա արձակելու է թևավոր հրթիռներ: Բացի այդ, այս օբյեկտներին թևավոր հրթիռներով կարող են հարվածներ հասցվել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ վերջրյա ռազմանավերից:
32 թևավոր հրթիռներով զինված` ութ կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած երրորդ խումբը, թռչելով Իրաքի օդակայանից, այնուհետև բաժանվելու է երկու ենթախմբի: Փորձագետների կարծիքով, դրանցից մեկն իր թևավոր հրթիռներն ուղղելու է Արաքի ծանր ջրի արտադրության գործարանի և Սպահանի երկու միջուկային օբյեկտների վրա (այսպես կոչված ստենդային միջուկային ռեակտորի, որի հատկությունները թույլ են տալիս իրականացնել միջուկի տրոհման կառավարվող շղթայական ռեակցիա, և կոնվերսիոն գործարանի, որն ուրանի հում խտանյութը վերածում է ֆտորական ուրանի` հետագա հարստացման համար):
Այդ ենթախումբը պետք է ոչնչացնի նաև Սպահանի համալսարանը, որի լաբորատորիաներում գտնվում է մեծ քանակությամբ սարքավորում` միջուկային փորձարկումների անցկացման համար: Երկրորդ ենթախմբի թիրախներն են` Նաթանզի ուրանի հարստացման համալիրը, Սահանդի շրջակայքում գտնվող ուրանի հանքավայրը, Յազդի մերձակայքի ուրանի հանքաշերտերն ու միջուկային ենթակառույցը:
Փորձագետները չեն բացառում, որ Նաթանզի օբյեկտներին հարվածներ կհասցվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի B1-B, B2-A կամ B-52 ռմբակոծիչներով: Այս դեպքում կնետվեն թափանցող ռումբեր` ընդունակ ավերելու գետնում խորունկ թաղած բետոնե շինությունները, ապա ստորգետնյա օբյեկտների լիովին ոչնչացման համար գործի կդրվեն GBU-43/B գերհզոր ոչ միջուկային ռումբերը: Նման ռումբի երկարությունը 9 մ-ից ավելին է, իսկ քաշը` գրեթե 10 տոննա:
Փորձագետները հաստատում են, որ Աֆղանստանում տեղակայված չորրորդ խմբի (վեց կործանիչ-ռմբակոծիչ` 24 թևավոր հրթիռներով) առջև խնդիր է դրված երկրի երեսից ջնջել Թաբասից ոչ հեռու գտնվող միջուկային օբյեկտը: Միաժամանակ, ծովային օդուժի 20 ինքնաթիռներից բաղկացած հինգերորդ խումբը, մեկնարկելով Պարսից ծոցի ջրերում նավարկող ավիակրի տախտակամածից, կարձակի 80 թևավոր հրթիռ` սկզբում Բուշերում կառուցվող ատոմակայանի, իսկ հետո` Ֆասայի միջուկային հետազոտությունների կենտրոնի վրա: Ընդ որում, չի բացառվում, որ այդ խումբը նույնպես կարող է բաժանվել ու հարվածներ հասցնել երկու օբյեկտներին միաժամանակ:
Փորձագետները ենթադրում են, որ վեցերորդ խմբի կազմում կմտնեն 10-ից 20 B1-B կամ B2-A ռմբակոծիչներ (լիովին հնարավոր է, որ այս երկու տիպի անտեսանելի ինքնաթիռներն էլ մասնակցեն գործողությանը): Այս մեքենաներն ընդունակ են իրենց վրա կրել մինչև 20 տ ռումբ, այդ թվում` երկրի մակերեսից զգալի խորության վրա գտնվող, առանձնապես ամուր շինությունները խորտակելու համար նախատեսված ռումբեր: Ինքնաթիռներն օդ կբարձրանան Քաթարի օդակայաններից և կռմբահարեն Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները:
Փորձագետները գտնում են, որ հակաիրանյան գործողությանը, հնարավոր է, ներգրավվեն ատոմային սուզանավեր և, մասնավորապես, արդիականացված հակասուզանավային «Օհայո» ավիակիրը` 150 թևավոր հրթիռներով:
Փորձագետները հնարավոր են համարում, որ Իսլամական Հանրապետությանը կարող են հասցվել և միջուկային հարվածներ: Դա անուղղակիորեն հաստատեց նաև Ամերիկայի նախագահը. լրագրողների հետ վերջերս կայացած զրույցներից մեկում Ջորջ Բուշը շեշտեց, թե պատրաստ է օգտագործել «ցանկացած միջոց», որպեսզի թույլ չտա Իրանին` տիրապետել միջուկային զենքի:
Արդյունքում ինչ է ստացվելու
Նման ռմբահարումներից հետո Իրանից տարիներ կպահանջվեն` վերակենդանացնելու իր միջուկային ծրագիրը, որի համար անհրաժեշտ կլինեն միլիարդավոր դոլարներ: Սակայն որոշ փորձագետներ գտնում են, որ ամերիկացիներին չի հաջողվի ոչնչացնել Իրանի ողջ միջուկային զինանոցը, և այդ ժամանակ, վատագույն դեպքում, Թեհրանի միջուկային ծրագիրը կդանդաղի 10 տարուց ոչ ավելի: Սակայն առանձին վերլուծաբաններ համարում են, որ իրանական միջուկային օբյեկտներին հարվածները պետք է կես տարին մեկ կրկնվեն: Դա անհրաժեշտ է, որպեսզի դրանց վերականգնման համար Թեհրանին ժամանակ չմնա:
Ճիշտ է, փորձագետները դժվարանում են Թեհրանի դեմ ռազմական ուժի կիրառման դեպքում նրա պատասխան գործողությունների հետ կապված որևէ կանխագուշակում անել, սակայն միահամուռ կերպով համոզմունք են հայտնում, որ ԱՄՆ և իր դաշնակիցների շահերը, որոնք մտադրված կլինեն մասնակցել հակաիրանյան ռազմական գործողություններին, կարող են լրջորեն վնասվել: Այս կապակցությամբ չի կարելի ուշադրություն չդարձնել Իսրայելի բանակային հետախուզության պետ, գեներալ-մայոր Ամոս Յադլինի այն հայտարարությանը, թե Հյուսիսային Կորեայից Թեհրանը գնել է 2,5 հազար կմ գործողության շառավղով «ցամաք-ցամաք» դասի հրթիռներ` ընդունակ հասնելու ոչ միայն հրեական պետության, այլև մի շարք եվրոպական երկրների տարածքները: Յադլինը հավաստում է, որ այդ բալիստիկ հրթիռների որոշ խմբաքանակ արդեն հասցվել է Իրան:
Միաժամանակ, եթե Իրանը դիմի հակագործողությունների, դա Վաշինգտոնի համար Իսլամական Հանրապետության վրա գրոհները շարունակելու արդարացում կհանդիսանա, իսկ նոր ռմբահարումների թիրախ կդառնան ոչ միայն միջուկային օբյեկտները, այլև զինուժը` առաջին հերթին, բալիստիկ հրթիռների արձակման կայանքներն ու հակաօդային պաշտպանության միջոցները: Օդային հարձակումների կենթարկվեն պետական հիմնարկները, որպեսզի ոչնչացվի երկրի կառավարման համակարգը և ապակայունացվի ներքին իրադրությունը:
Փորձագետները խոսում են այն մասին, որ եթե ԱՄՆ-ը որոշի դիմել այաթոլաների վարչակարգի վրա ճնշում գործադրելու ուժային մեթոդին, ապա նա Իրանում ավելի «կխրվի», քան Իրաքում: Դեռ ավելին. կարծիքներ կան, որ այն կհանգեցնի ՆԱՏՕ-ում որոշակի պառակտման, ահաբեկչական գործողությունների հերթական ալիքի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի ապակայունացման:
«Независимое военное обозрение»դեպի ետ