• am
  • ru
  • en
Версия для печати
30.06.2006

Հյուսիսային Իրանում վերջին զարգացումների շուրջ

   

Գոհար Իսկանդարյան

Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր միջուկային ծրագրի, այլև ներքին խնդիրների սրման պատճառով: Ինչպես գիտենք, Իրանը բազմազգ պետություն է: Ոչ իրանական ծագում ունեցող ժողովուրդները՝ ադրբեջանցիները, քրդերը, բելուջները և այլք, կազմում են բնակչության կեսը, սակայն նրանցից ոչ մեկը չի համարվում ազգային փոքրամասնություն և, բնականաբար, չի օգտվում ազգային փոքրամասնություններին տրվող իրավունքներից (օրինակ՝ ունենալ սեփական դպրոցներ): Լինելով մահմեդականներ՝ նրանք բոլորն էլ «ումմայի» անդամ են:

2006թ. մայիսի 8-ին երկրի ամենահայտնի կառավարամետ թերթերից մեկը՝ «Իրանը», տպագրեց հոդված` «Ի՞նչ անել միջատներին կանխելու համար» և մի ծաղրանկար, ինչը ոտքի հանեց ադրբեջանցիների մի ստվար զանգվածի (հոդվածի և ծաղրանկարի բովանդակությունն այս է. պատկերված է մի տղա, որը պարսկերենով մի քանի անգամ կրկնում է «խավարասեր» բառը: Խավարասերը շրջվում է և ադրբեջաներենով հարցնում՝ ի՞նչ): Թե ինչու է կառավարամետ «Իրան» թերթը նման ծաղրանկար պատկերել և ով է հրահրել այս լարվածությունը, կարելի է միայն կռահել: Այսօր Իրանի կառավարական շրջանակներում զգալի թիվ են կազմում ծագումով ադրբեջանցիները, իսկ ազերի բնակչության թվաքանակը երկրում տատանվում է 25-30 մլն-ի միջև: Գաղտնիք չէ նաև, որ Ատրպատականը միշտ էլ ձգտել է լինել կենտրոնական կառավարությունից անկախ: Այս առումով, ադրբեջանական հետքը, թերևս, ամենաակնառուն է: Որպես հավելում` նշենք այն «զուգադիպությունը», որ ծաղրանկարի հեղինակը, ըստ ԲիԲիՍի լրատվամիջոցի, ծագումով ադրբեջանցի նկարիչ Մանոի Նեիեստանին է, որն այժմ ձերբակալված է:

Հետաքրքիր մեկ փաստ ևս. ծաղրանկարը տպագրվել էր մայիսի 8-ին, մինչդեռ բողոքի առաջին ալիքը բարձրացավ միայն մայիսի 15-ին: Տարօրինակ է, բայց ադրբեջանցիներին անհրաժեշտ էր 7 օր, որպեսզի հասկանային, թե Իրանի կառավարությունը վիրավորել է իրենց ինքնասիրությունը:

Ծաղրանկարը բողոքի իրական ալիք բարձրացրեց հատկապես Իրանի հյուսիսային շրջաններում: Համաձայն «Եվրասիա» լրատվական գործակալության տեղեկատվության` Թավրիզում ոտքի ելան մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներ, Զենջանում` 100.000, Խոյում` 50.000, Ուրմիայում` 200.000, վերջիններս նույնիսկ գրավեցին տեղական հեռուստատեսությունը: Այլ աղբյուրների համաձայն` գրավված շենքի տանիքին բարձրացվել է ադրբեջանական դրոշը: Սակայն կարճ ժամանակահատվածում ոստիկանությունը կարողացել է հարթել առաջացած խնդիրը և դուրս վտարել ցուցարարներին հեռուստատեսության շենքից: Հյուսիսային Իրանի գրեթե բոլոր քաղաքներում մտցվել են զորամիավորումներ` հիմնականում բաղկացած պարսիկներից, քանի որ մտավախություն կար, թե ադրբեջանցի զինվորականները համապատասխան պահին չեն ենթարկվի հրամանատարության հրամաններին: Ադրբեջանական տեղեկատվության համաձայն` 3000 մարդ ձերբակալվել է (թիվը, կարծում ենք, ուռճացված է): Մայիսի 26-ին ցույց տեղի ունեցավ նաև Փարսաբադ քաղաքում, որը ևս ճնշվեց կառավարական ուժերի կողմից: Գազազած ամբոխը հարձակվեց և հրդեհեց մի քանի բանկի շենք, իսկ բնակչությունը, որպես բողոքի ակցիա, դուրս եկավ մի շարք դպրոցներում պարսկերենի ուսուցման դեմ:

Հատկանշական է, որ Հոլանդիայում գտնվող «Ադրբեջանի ընկերների կազմակերպությունը» բողոքել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ` նշելով, որ ի պաշտպանություն իրենց հարավային համերկրացիների` բողոքի ցույց է կազմակերպելու Հաագայում:

Ակտիվություն է նկատվում նաև Բաքվում, որտեղ, ըստ Day.Az. կայքի, ցուցարարները ԻԻՀ դեսպանատան առջև այրել են Իրանի դրոշը, ինչպես նաև սվաստիկան դեմքին Ահմադինեժադի ծաղրանկարը: Միաժամանակ, Իրանում ցուցարարները պահանջել են ադրբեջաներենը հռչակել պաշտոնական լեզու:

Իր հերթին, պաշտոնական Թեհրանը փորձել է մեղմել ադրբեջանցիների հուզումները: Փակվել է թերթը, ձերբակալվել են ինչպես նկարիչը, այնպես էլ խմբագիրը. ավելին, Իրանի մշակույթի նախարար Սաֆար Խարանդին ազգային հեռուստատեսությամբ ներողություն է խնդրել թերթում տպագրված ծաղրանկարի համար:

Այդուհանդերձ, ադրբեջանցիները «դժգոհ» են: Դրանից կարելի է եզրակացնել, որ այս խլրտումները, ամենայն հավանականությամբ, հրահրվում են արտաքին ուժերի կողմից: Դրա մասին, ի դեպ, ժամանակին խոսել է Պենտագոնի ղեկավարի խորհրդական Ռիչարդ Փերլը: Նա Իրանը համեմատել է «կավե ոտքերով հսկայի» հետ և մատնանշել, թե անհրաժեշտ է աջակցել խռովարար ուսանողներին, ազգայնական շարժմանը և թագավորամետ ուժերին, որոնք էլ վերջ կտան այաթոլաների իշխանությանը:

Ազգայնական շարժում ասելով` Ռ.Փերլը առաջին հերթին նկատի ուներ Ատրպատականի (Իրանական Ադրբեջանի) և Քրդստանի նահանգները, որոնք միշտ էլ հավակնել են լինել անկախ կամ, գոնե, ձեռք բերել լայն իրավունքներ: Այսօր հարցն առավել անհանգստացնող է: Նախ` պետք է հաշվի առնել հատկապես Իրանում ադրբեջանցիների թվաքանակի աճը և ապա` հարևան Ադրբեջանի Հանրապետության տարածքից հնչող հայտարարությունները, որոնք նպաստում են Իրանի տարածքում խլրտումների բորբոքմանը: Հիշենք, օրինակ, ս.թ. մարտի 16-ին «Աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի» որոշ ներկայացուցիչների հայտարարությունները, թե Ադրբեջանին ձեռնտու է աջակցել Միացյալ Նահանգներին` հակաիրանական գործողություններ հրահրելու ժամանակ:

Իրանական հետախուզությունն այս իրադարձությունների ծավալման մեջ մեղադրում է ամերիկյան և իսրայելական գաղտնի ծառայություններին: Ավելին` գտնում են, որ դրա համար օգտագործվում է հարևան Ադրբեջանի Հանրապետության տարածքը:

Այս ելույթների հրահրման առիթով Իրանն առաջին հերթին կասկածում է Միացյալ Նահանգներում բնակվող Մահմուդ Ալի Չեհրաղանլիին, որը «Ատրպատականի ազգային զարթոնք» շարժման առաջնորդն է: Նա վերջերս հայտարարել էր, որ այցելելու է Բաքու և Անկարա: Ի դեպ, Թավրիզում տիրող անկարգությունների ժամանակ ցուցարարները վանկարկում էին նրա անունը: (Վերջին տվյալների համաձայն` հունիսի 10-ին նա ձերբակալվել է Թուրքիայի տարածքում):

ԻԻՀ-ն մտահոգված է նաև, որ ամերիկա-իսրայելական գաղտնի ծառայություններին կօժանդակի թուրքական MIT-ը: Այդ տեղեկատվությունն այնքանով է արժանահավատ թվում, որքանով որ հայտնի է, թե սույն թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հրավերով եռօրյա այցելությամբ Բաքու ժամանեց Թուրքիայի Ազգային անվտանգության կազմակերպության (MIT) ղեկավար Էմրե Թաները: Էլդար Մահմուդովն իր գործընկերոջ հետ քննարկել է այն մտավախությունը, թե պաշտոնական Թեհրանը կփորձի ակտիվացնել հանրապետությունում առկա ծայրահեղ իսլամական տարրերին` Ադրբեջանի տարածքում անկայունություն սերմանելու նպատակով: Ի պատասխան` Էմրե Թաները նշել է, որ այդ դեպքում նրանք կարող են լիահույս լինել, որ Թուրքիան կօժանդակի Ադրբեջանի Հանրապետությանը, քանզի «անվտանգության շրջանակներում Բաքվին աջակցություն ցուցաբերելը հանդիսանում է երկու եղբայրական պետությունների ավանդական հարաբերությունների բնական շարունակությունը»:

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս Իրանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղադրել է արտաքին ուժերին: Այդ կապակցությամբ Իրանի նախագահը հանդես եկավ ուղիղ եթերով. «Իսլամական Հանրապետության թշնամիները մտադրվել են կազմակերպել դավադրություն և ձգտում են պառակտել իրանական ժողովրդին, որպեսզի թույլ չտան մեր ժողովրդին միջուկային ոլորտում պաշտպանել իր իրավունքները: Եթե նրանք (թշնամիները) ամենաչնչին վնաս իսկ հասցնեն իրանական ժողովրդին կամ փորձեն իրականացնել նախահարձակում, ապա կստանան պատմական ապտակ: Նրանք (ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները) պետք է հասկանան, որ ոչ ոք չի կարող համախմբված իրանական ժողովրդի ներսում բախում հրահրել»:

Բացի ադրբեջանցիներից, արտաքին ուժերն Իրանում գրգռում են քրդերին, որոնք, ոգևորված Իրաքի քրդերի այսօրվա վիճակից, նույնպես կցանկանան մեծացնել իրենց իրավունքները: Ի դեպ, վերջերս ակտիվացել են նաև բելուջները:

Սակայն առայժմ Իրանում ադրբեջանական գործոնը մնում է հիմնական մտահոգիչ էթնիկ խնդիրը: Եվ հատկանշական է, որ պաշտոնական Թեհրանը ծայրահեղ բացասական վերաբերմունք է ցուցաբերում Բաքվի և Ատրպատականի միջև համերաշխության ցանկացած դրսևորման նկատմամբ: Այդ կապակցությամբ, մասնավորապես, Իրանի նախագահի մերձավոր շրջապատից Ջալալ Մուհամեդն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «համապատասխան պահին Թեհրանը կսատարի Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող թալիշներին և կհրահրի ազգամիջյան բախում այդ հանրապետությունում»:

Ամփոփելով` կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները Իրանի «հարցը» զուգահեռաբար փորձում է լուծել ոչ ռազմական ճանապարհով` երկրի ներսում խորացնելով ազգամիջյան լարվածությունը: Սակայն սխալ հաշվարկի դեպքում ամբողջ տարածաշրջանը կարող է բռնկվել ազգամիջյան խնդիրներով: Իսկ տարածաշրջանում նման քաոսը կարող է և կառավարելի չլինել:

Ինչ վերաբերում է Ատրպատականի հարցին, ապա կարծես օրինաչափություն է դարձել, որ եթե որևէ գերտերություն (ցարական Ռուսաստանը, ԽՍՀՄ-ը, այսօր էլ` Միացյալ Նահանգները) ցանկանում է Իրանին ինչ-որ հարցի համար ճնշել, ապա սկսում է Ատրպատականից:


դեպի ետ