• am
  • ru
  • en
Версия для печати
01.02.2011

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008-2010ԹԹ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԱՄՓՈՓՈՒՄ

   

Վարուժան Գեղամյան

2011թ. սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների1 հետագա զարգացումների հնարավորությունների մասին քննարկումներով։ Սկսվող տարին նոր նախաձեռնությունների, ինչպես նաև անցածն ի մի բերելու լավ հնարավորություն է, ինչն էլ նոր իրադարձությունները հասկանալու երաշխիքն է։ Այդ նպատակով հոդվածում ամփոփել ենք հայ-թուրքական հարաբերությունների վերջին փուլի՝ 2008-2010թթ. փաստագրական ժամանակագրությունը և դրանց մեկնաբանությունները, որոնք հետազոտողներին կօգնեն գործընթացին հետևել ընդհանուր համատեքստում։

2008թ. Տարածաշրջանային հարաբերությունների կտրուկ փոխակերպումների համատեքստում 2008թ. դարձավ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլի սկզբնավորման տարին։ Նախագահ Ս.Սարգսյանը հունիսի 25-ին Մոսկվայում, հանդիպելով Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտարարում է առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու մասին, ինչպես նաև հայտնում մտադրությունը` հրավիրելու Թուրքիայի նախագահ Ա.Գյուլին Երևան` դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: Սկսվում է հետագայում լրագրողների կողմից «Ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված գործընթացը: Ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 24-ին, տեղի է ունենում պաշտոնական հրավերը։ Իսկ արդեն սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գյուլը ժամանեց Երևան։ Այս պահից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձավ քննարկվող ամենագլխավոր թեման թե' տեղական և թե' միջազգային ասպարեզում։ Նշենք, որ կողմերը պնդում էին, թե հարաբերությունների կարգավորումն ընթանում է «առանց նախապայմանների»։

2009թ. Արդեն սկիզբ առած գործընթացներն իրենց գագաթնակետին հասան 2009թ.։ Նախ տարվա սկզբին Հայաստան ժամանեցին մի շարք թուրք քաղաքական գործիչներ և լրագրողներ, այդ թվում՝ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` մասնակցելու ապրիլի 16-17-ը Երևանում անցկացված Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Մի քանի օր անց՝ ապրիլի 22-ին, ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «ճանապարհային քարտեզ»: Այն յուրատեսակ նախերգանք հանդիսացավ ԱՄՆ նորընտիր նախագահ Բ.Օբամայի՝ ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձին, որի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը բնորոշեց հայերեն «The Mets Eghern» տերմինով։

Այս ընթացքում հայ-թուրքական կարգավորումն ուղեկցվում էր թեժ բանավեճերով և հասարակական քննարկումներով ինչպես Հայաստանում և Սփյուռքում, այնպես էլ Թուրքիայում։

«Ճանապարհային քարտեզի» կնքումից շատ չանցած կարևոր փոփոխություն է տեղի ունենում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում։ Մայիսի 1-ին ԱԳ նոր նախարար է դառնում Ա.Դավութօղլուն, ով մինչ այդ Թուրքիայի վարչապետ Ռ.Թ. Էրդողանի և նախագահ Ա.Գյուլի արտաքին հարցերով խորհրդականն էր։ Դավութօղլուի նշանակումը կարևոր նշանակություն ունեցավ, քանի որ նա հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր վեկտորի՝ «զրո խնդիր հարևանների հետ»2 հեղինակներից մեկը։ Ա.Դավութօղլուի ներգրավումը նշանավորվեց նրանով, որ դրանից հետո սկսեցին ի հայտ գալ թուրքական երկակի քաղաքականության առաջին դրսևորումները, այն է՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացում ժամանակ առ ժամանակ սկսեց հիշատակվել նաև Արցախյան հիմնահարցը։ Միևնույն ժամանակ, փոխելով արտգործնախարարին, Թուրքիան գործընթացում ժամանակ վերցրեց՝ մանևրելու առավել մեծ հնարավորություն ստեղծելով։

Նախարարի փոփոխությունը համընկավ ամառային քաղաքական շրջանի հետ, ինչն առանց դրսևորվող քայլերի լուռ բանակացություններ վարելու հնարավորություն տվեց, որոնց արդյունքը երկար սպասել չտվեց։ Օգոստոսի 31-ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիան նախաստորագրում են ՀՀ և Թուրքիայի միջև «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները: Այս քայլը խթան հանդիսացավ տեղական և միջազգային ձևաչափերով հասարակական քննարկումների էլ ավելի ակտիվացման և Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական, հասարակական ուժերի կողմից կարգավորման փաստաթղթերում ձևակերպումների դեմ ընդվզման ցույցերի նախաձեռնման համար։ Միաժամանակ Թուրքիայի ազգայնական հատվածը և ադրբեջանական կողմը ևս ակտիվացրին արձանագրություններին դեմ ուղղված իրանց հռետորաբանությունը։

Պաշտոնական Հայաստանը շարունակում էր պնդել, որ կարգավորման գործընթացը շարժվում է «առանց նախապայմանների» քաղաքականության ուղեծրով, այնինչ թուրքական կողմը սկսել էր խնդրո առնչությամբ երկիմաստ ձևակերպումներով հանդես գալ։3

Արձանագրությունների ստորագրումը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին։ Հարկ է նշել, որ արարողությանը ներկա էին ԱՄՆ, ԵՄ, ՌԴ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Բացի այդ, ստորագրման վայր ժամանեց Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երգիչ Շ.Ազնավուրը, ստորագրման արարողությունը տեղի ունեցավ ուշացումով, ինչպես նաև ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարները չընթերցեցին նախապես իրենց պատրաստած ելույթները։ Այս ամենը մատնանշում էր գործընթացի միջազգային կարևորության և կողմերի միջև չհամաձայնեցված հարցերի առկայության մասին։ Հակասությունների առկայությունն ամրապնդվեց արձանագրությունների կնքման հաջորդ օրը, երբ ի պատասխան ադրբեջանական կողմի մեղադրանքների (Ադրբեջանը հանդես է գալիս ստորագրված արձանագրությունների խիստ քննադատությամբ), Թուքիայի վարչապետ Էրդողանը հայտարարում է, որ «ՀՀ-ի հետ Թուրքիայի սահմանի բացումը կապված է Ղարաբաղյան հիմնահարցում առաջընթացի հետ: Մենք ցանկանում ենք, որ բոլոր սահմանները բացվեն միաժանակ»:4 Այնուամենայնիվ, ստորագրմանը հաջորդող ամիսներին միջազգային դիվանագիտական հարթակում շարունակում են խրախուսվել գործընթացի շարունակման ջանքերը։

Արձանագրությունների ստորագրումը հասունացրեց նաև արդեն դրսևորվող ադրբեջանա-թուրքական հակասությունները՝ առաջ բերելով երկրների միջև երբևէ տեղ գտած թերևս ամենալուրջ ճգնաժամը, որը ստացավ «դրոշների պատերազմ»5 անվանումը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջ ընթացքում Ադրբեջանը վստահորեն հայտարարում էր, որ Հայաստանի հետ սահմանը չի կարող բացվել մինչև Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Երբ հայտնի դարձավ, որ արձանագրությունները ստորագրվել են, Ադրբեջանի ահազանգերը սաստկացան և ծավալվող բնույթ կրեցին։ Ցյուրիխյան հանդիպումից մի քանի օր հետո` հոկտեմբերի 14-ին, Բուրսայում տեղի ունեցավ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էին նաև ՀՀ և Թուրքիայի նախագահներ Սարգսյանը և Գյուլը: Համաձայն ՖԻՖԱ-ի կայացրած որոշման՝ արգելվում էր մարզադաշտ բերել ադրբեջանական դրոշներ: Շուտով ադրբեջանական էլեկտրոնային պարբերականներով տարածվեց տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են թուրք ոստիկանները պատռում ադրբեջանական դրոշները և նետում աղբամանը: Այս միջադեպն ավելի բորբոքեց կրքերը երկկողմ հարաբերություններում: Որպես պատասխան՝ հաջորդ օրը Բաքվում Շեհիդների ծառուղում գտնվող թուրք զոհվածներին նվիրված հուշարձանի մոտից հանվեցին թուրքական և ադրբեջանական դրոշները, նույն բանը կատարվեց նաև Թուրքիայի հոգևոր գործերով կցորդության շենքի մոտ: Պաշտոնապես դա մեկնաբանվում էր Ադրբեջանի օրենսդրության այն կետով, թե Ադրբեջանում օտարերկրյա դրոշներն իրավունք ունեն բարձրացվելու միայն տվյալ երկրների դեսպանատներում: Այս ամենից հետո կողմերը մտան դիվանագիտական նախազգուշացումների և բանակցությունների մի փուլ, որը տևեց մինչև հոկտեմբերի 29-ը, երբ մի շարք երկկողմ հանդիպումներից և պայմանավորվածություններից հետո կեսգիշերին թուրքական և ադրբեջանական դրոշները կրկին հայտնվեցին իրենց նախկին տեղերում: Այս պարագայում ակնհայտ էր, որ եթե մինչև այդ Թուրքիան շարունակում էր պնդել, որ «կա այն, ինչ ամրագրված է փաստաթղթերում», ապա արձանագրությունների ստորագրումից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Այստեղ, անշուշտ, կարևոր դեր խաղաց արդբեջանական կողմի բարձրացրած աղմուկն ու անհանգստությունը։ Պարզ դարձավ Թուրքիայի երկակի քաղաքականությունը. մի կողմից ամբողջ աշխահին ցուցադրվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մոտ է, իսկ մյուս կողմից շարունակում էր պնդել, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակելու պատճառ հանդիսացող Արցախյան հիմնախնդիրը շարունակում է իրենց համար նախապայման մնալ։

2010թ. Տարին նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք մեծ ազդեցություն թողեցին հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Նախ՝ հունվարի 12-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվելուց հետո, փետրվարի 12-ին ուղարկվեցին Ազգային ժողով՝ վավերացման։ Միևնույն ժամանակ շարունակվում էր միջազգային ճնշումը երկու կողմերի (հատկապես Թուրքիայի) վրա՝ հնարավորինս արագացնելու կարգավորման գործընթացը։ Դրա վառ դրսևորումը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու որոշումների ընդունումը մարտի սկզբին մեկ շաբաթ տարբերությամբ (մարտի 4, 11)։ Հայոց ցեղասպանությունը ճանաչում և դատապարտում են նախ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (և որոշում հարցը մտցնել Կոնգրեսի ընդհանուր օրակարգ), հետո էլ Շվեդիան: Հաշվի առնելով ստեղծված պայմանները և ապրիլի 24-ի մոտ լինելը՝ Թուրքիան սկսեց ջանքեր գործադրել՝ դուրս գալու իրավիճակից։ Այս նպատակով ապրիլի 7-ին Երևան է ժամանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆ.Սինիրլիօղլուն, ով նախագահ Ս.Սարգսյանին է փոխանցում Թուրքիայի վարչապետի նամակը, որով վերջինս Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթանժողովի շրջանակներում հանդիպում է խնդրում ՀՀ նախագահից: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այս հանդիպումը չկարողացավ ազդեցություն ունենալ բանակցություններում առկա խոչընդոտների հաղթահարման համար։ Ամիսներ շարունակ Թուրքիան վարում էր քաղաքականություն, որը հակասում էր բանակցությունների «առանց նախապայմաններ» ձևաչափին և անընդունելի էին Հայաստանի համար՝ հայ-թուրքական գործընթացը կապելով Արցախյան հիմնախնդրի հետ։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծում ստացավ ապրիլի 24-ի նախօրյակին։ Ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը: Որին էլ հետևում է նախագահ Ս.Սարգսյանի կոչը, որով հայտարարում էր ՀՀ կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիայի Հանրապետություն։ Այսպիսով՝ ավարտվում է մոտ երկու տարի առաջ սկսված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձի ևս մեկ փուլ։

Սակայն հետաքրքրական է, որ արձանագրությունների տապալումից հետո էլ Թուրքիան չէր դադարում վարել գործընթացի շարունակության իմիտացիոն քաղաքականությունը։6 Թվացյալ գործընթացն իր հիմնական արտացոլումն է գտել «հասարական դիվանագիտության» ձևաչափում։ Ակտիվացան հայ-թուրքական հասարակական բազմազան շփումները, համատեղ սեմինարները, քննարկումները, փոխայցելությունները և դասընթացները երկու երկրներում ու արտերկրում։ Իմիջիայլոց, նշենք, որ այս ամենը մեծ խրախույս և օժանդակություն է ստանում արևմտյան դոնոր կազմակերպությունների կողմից։ Միաժամանակ Թուրքիան կիրառում է զանազան քարոզչական մեթոդներ և հնարքներ, որոնք նույնպես նպատակ են հետապնդում ապացուցելու հայ-թուրքական գործընթացի շարունակականությունը։ Ընդ որում, քարոզչության թիրախ է ոչ միայն միջազգային հանրությունը, այլև Հայաստանյան ներքին լսարանը։ Հիշատակենք միջազգային հանրությանն ուղղված նմանատիպ մի քանի իրադարձություն։

Ապրիլի 24-ին Պոլսի Թաքսիմ հրապարակում մի շարք թուրք մտավորականներ և իրավապաշտպաններ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Սա առաջին դեպքն էր Թուրքիայում, երբ ապրիլի 24-ին Եղեռնի զոհերին նվիրված հրապարակային միջոցառում է տեղի ունենում:

Սեպտեմբերի 19-ին Վանա լճում գտնվող Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում 1915թ. Մեծ եղեռնից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց: Պատարագի ընթացքում եկեղեցու խաչը, որը պատրաստվել էր մի քանի տարի առաջ և պահվում էր Պոլսի Հայոց պատրիարքարանում, տեղադրված չէր գմբեթին, ինչը բացասական արձագանք առաջացրեց հայերի շրջանում: Սա դարձավ այն կարևոր իրադարձությունը, որը ևս մեկ անգամ բարձրացրեց հայ-թուրքական հարաբերությունների թեման և դարձրեց քննարկումների առարկա։

Հոկտեմբերի 1-ին տեղադրվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչը, որին ի պատասխան «Ազգայնական շարժում» կուսակցությունն Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա նամազ կազմակերպեց: Կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին այսպիսով սկսեց 2011թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Հոկտեմբերի 27-ին հաստատվեց Թուրքիայի ազգային անվտանգության քաղաքականության նոր փաստաթուղթը: Ըստ թուրքական մամուլի, Հայաստանը դուրս էր հանվել նաև «Կարմիր գիրք» կոչվող փաստաթղթի` վտանգ ներկայացնող երկրների շարքից։

Հոկտեմբերի 29-ին ավելի վաղ հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատելու մասին անհիմն տեղեկատվություն տարածած թուրքական «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը ժամանում է Հայաստան և վերահաստատում ՀՀ սահմանը խախտելու իր պնդումները։ Ըստ նրա խոսքերի, այդ քայլը նպատակ էր հետապնդում ուշադրություն հրավիրել հայ-թուրքական սահմանների փակ լինելու հանգամանքի վրա։ Նա պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան առաջարկում են լքել Հայաստանի տարածքը:

Տարին ավարտվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ. դեկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳՆ-ն կազմակերպել էր միջազգային երկօրյա գիտաժողով «Ցեղասպանության հանցագործությունը. Կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով, որին մասնակցում էին 18 երկրներից ժամանած հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ, իսկ հյուրերին ողջունեց ՀՀ նախագահը։ Գիտաժողովը կարելի է ազդանշան համարել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարց և գալիք տարում էլ շարունակվելու են այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Ահա սրանք էին այն հիմնական իրադարձությունները, որոնք տեղ էին գտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս ընթացքում մենք առաջին անգամ ականատես եղանք կողմերի միջև ստորագրված փաստաթղթերի, որոնք սակայն տապալվեցին։ Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ հայ-թուրքական հարաբերությունները, որևէ հաջողության չհասնելով դիվանագիտական մակարդակում, ավելի ու ավելի շատ են ընկղմվում հասարակական երկխոսության ձևաչափի մեջ։ Հարաբերությունների կարգավորման համար, անշուշտ, կարևոր է երկու հասարակությունների երկխոսություն, սակայն դրանից առաջ անհրաժեշտ է ապահովել համապատասխան քաղաքական և իրավական դաշտ։ Իսկ արձանագրությունների տապալումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ներկայիս Թուրքիան պատրաստ չէ նման երկխոսության և անցյալի հետ բացեիբաց առճակատման։ Միևնույն ժամանակ կարգավորման գործընթացի այս փուլը երկու կարևոր եզրակացություններ անելու հնարավորություն ընձեռեց, որոնք առնչվում են Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին։ Առաջին հերթին՝ ևս մեկ անգամ վերահաստատվեց այն, որ Թուրքիան չկարողացավ ձերբազատվել Ադրբեջանի հանդեպ ստանձնած իր հովանավորչական դերից։ Միևնույն ժամանակ, թերևս առաջին անգամ, երևան եկան թուրք-ադրբեջանական եղբայրության և «մեկ ազգ, մեկ պետություն» հայտնի թեզի պառակտման որոշ հավանականություններ, ինչը առավել ցայտուն երևաց «դրոշների ճգնաժամի» ընթացքում։ Այդ օրերին ադրբեջանական մամուլը հատկապես աչքի ընկավ սուր ելույթներով։

Կարծում ենք, որ այս ամենը կարող է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման տեսանկյունից։

1Ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունները, կամ ավելի ճիշտ, դրանց փաստացի բացակայությունը, կարելի է բնորոշել որպես «առանց կոնվենցիաների դիվանագիտության» վառ օրինակ, այսինքն` դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում երկկողմ հարաբերությունների քաղաքականություն, ինչը շարունակվում է շուրջ 17 տարի։ Այս տարիների ընթացքում հայկական արտաքին քաղաքականությունը բնորոշվեց երեք ժամանակաշրջաններով: Այսպես՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիները հայ-թուրքական հարաբերություններում բնորոշվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բավական զուսպ քաղաքականությամբ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտացրեց դիրքորոշումը Ցեղասպանության հարցում և վերջինիս միջազգային ճանաչումը դարձրեց հայկական արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրներից մեկը: Երրորդ փուլի սկիզբը համընկավ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գալով, որն առանձնանում է պաշտոնական հարաբերությունների ձևավորման աշխուժությամբ։

2«Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքական վեկտորը, որը իշխող ԱԶԿ կուսակցության արտաքին քաղաքականության պաշտոնական ուղղությունն է, ենթադրում է առանց խնդիրների հարաբերությունների հաստատում հարևան երկրների հետ։ Սակայն շատ վերլուծաբաններ նշում են, որ այս քաղաքականությունը սերտորեն առնչվում է թուրքական «նեոօսմանիզմ» գծի հետ։ Վերջինս էլ ենթադրում է այսպես կոչված soft power-ի կիրառմամբ նախկին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող երկրներում համընդհանուր օսմանյան անցյալի վրա հիմնված մշակութային և տնտեսական ազդեցության ու կապերի ամրապնդում, որի վերջնական արդյունքում այդ երկրները կընդգրկվեն Թուրքիայի ազդեցության գոտու մեջ։ Ավելի մանրամասն տե´ս http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956;
http://www.worldpoliticsreview.com/articles/5125/turkeys-neo-ottoman-problem

3Զանազան թուրք պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս հայտարարություններով, թե «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Ադրբեջանի «գրավված տարածքների» վերադարձի հետ»։

4 http://news.bbc.co.uk/2/hi/europe/8301314.stm

5Հաճախ նաև կիրառվում է «դրոշների ճգնաժամ» տարբերակը։

6«Հայաստան-Թուրքիա. թուրքական քաղաքականության որոշ միտումներ», Ռ. Մելքոնյան, Հանրապետական հանդես։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր