Ղարաբաղյան հիմնախնդիր. իրավիճակային վերլուծություն


Թեև 2006թ. առաջին կեսին, գերազանցապես ամերիկյան դիվանագիտությամբ պայմանավորված, Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումները չունեցան որևէ կոնկրետ արդյունք, սակայն առկա միջազգային իրավիճակն ու գործընթացները թույլ են տալիս հիմնախնդրի առնչությամբ անել հետևյալ դիտարկումները։
Ռուս-վրացական հակամարտություն
Եթե կարճաժամկետ հեռանկարում ռուս-վրացական հակամարտության ծավալման հիմքում կարևորվում են երկու երկրների ներքաղաքական հաշվարկները1, ապա միջնաժամկետ հեռանկարում հակամարտության շարժիչ ուժն է հանդիսանալու Վրաստանի՝ եվրաատլանտյան համակարգերին, առաջին հերթին՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նպատակը։
Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի պարագայում չի նշանակում սոսկ ազդեցության երկարաժամկետ կորուստ Թբիլիսիում։ Երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին իր անմիջական հետևանքները կունենա հարավկովկասյան աշխարհաքաղաքական փոխդասավորվածության վրա, իսկ ավելի գլոբալ` հետխորհրդային տարածքի իմաստով այն կարող է հիմնարար ազդեցություն թողնել նախկին ԽՍՀՄ երկրների արտաքին քաղաքականությունների վրա` ի վնաս Ռուսաստանի։
ՀՀ ազգային անվտանգության առումով պետք է առանցքային համարել այն հետևությունը, որ Վրաստանի հետագա ընթացքը դեպի եվրաատլանտյան համակարգեր հանգեցնելու է Ադրբեջանի աշխարհառազմավարական դիրքի արժևորմանը Մոսկվայի համար` կապված Հարավային Կովկաս-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա գծում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների հետ։
Այդ հանգամանքը չի կարող իր հետևանքը չունենալ ղարաբաղյան զարգացումներում2։
Չի կարելի վստահաբար ասել, թե նման զարգացման դեպքում Ռուսաստանը կբռնի միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշում։ Նախ՝ Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանը տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության առաջնային լծակն է։ Մյուս կողմից՝ Ռուսաստանում խնդիր է համարվելու Ադրբեջանի նկատմամբ համապատասխան ճնշամիջոց չունենալը։ Ռուս-վրացական հակամարտության սրացումն իր ազդեցությունն է թողնում նաև հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Հավելված 1-ով ներկայացնում ենք 2005թ. ՀՀ արտաքին առևտուրը ՌԴ-ի հետ։
ՎՈւԱՄ
Միջազգային ասպարեզում և, առաջին հերթին, հետխորհրդային տարածքում նպատակահարմար է, որ ավելի ակտիվ գործի մի ձևաչափ, որի շրջանակներում Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ կայացվող որոշումները կրում են միայն ադրբեջանամետ բնույթ։
Ինչպես հայտնի է, ՎՈւԱՄ պետությունների նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում շրջանառության մեջ է դրվել բանաձևի մի նախագիծ, որը վերաբերելով հետխորհրդային տարածքի «սառեցված հակամարտություններին»` առնչվում է նաև Ղարաբաղյան խնդրին3։ Վերջինիս առնչությամբ ՎՈւԱՄ նախաձեռնությունների հիմքում հարկավոր է առանձնացնել առնվազն երկու հանգամանք։
Առաջին` նպատակ ունենալով հետխորհրդային տարածքում հանդես գալ որպես Ռուսաստանի ազդեցությունից դուրս գտնվող ինտեգրացիոն ազդեցիկ միավոր` ՎՈւԱՄ-ը ջանում է ամրապնդել սեփական ինստիտուցիոնալ կարողությունները։ Այսինքն՝ ՎՈՒԱՄ անդամ երկրներին վերաբերող կարևորագույն հարցերի լուծմանն ուղղված համատեղ ջանքերը դիտարկվում են որպես կազմակերպության ամրապնդման միջոց։
Երկրորդ` Ղարաբաղյան խնդրին առնչվող ՎՈւԱՄ գործողություններում ոչ պակաս նշանակություն ունի նրա երկու անդամների` Ուկրաինայի և Ադրբեջանի միջև առկա ռազմական ու էներգետիկ համագործակցությունը։ Եթե ուկրաինա-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսվում է 1990-ական թթ. սկզբից, ապա էներգետիկ առումով Ուկրաինայի համար Ադրբեջանը նոր կարևորություն է ստանում ռուս-ուկրաինական էներգետիկ խնդիրների և Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում` որպես էներգակիրներ մատակարարող կամ տարանցիկ նշանակություն ունեցող երկիր։ 2006թ. սեպտեմբերի 7-8-ը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի այցելությունը Բաքու, ադրբեջանա-ուկրաինական բանակցությունների օրակարգում էներգետիկ զգալի հատվածի առկայությունը, Ղարաբաղյան խնդրի կապակցությամբ Բաքվում Յուշչենկոյի արած ադրբեջանամետ հայտարարությունները վկայում են այդ մասին։
ՀՀ ազգային անվտանգության առումով կարևոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՎՈւԱՄ ձևաչափում խորացող վրաց-ադրբեջանական համագործակցությունը կարող է իր հետևանքներն ունենալ հարավկովկասյան քաղաքականությունում` ընդհանրապես և Հայաստան-Վրաստան հարաբերություններում` մասնավորապես։
Սակայն վերը ներկայացվածով հանդերձ, ՎՈւԱՄ խնդրում կարևոր նշանակություն ունեն Ուկրաինայի ներքաղաքական զարգացումները, որոնցից էլ կախված են այդ երկրի արտաքին քաղաքական մոտեցումները։ Վարչապետ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի դեպքում ՎՈւԱՄ-ը կհայտնվի ճգնաժամի մեջ։
Իսլամական գործոն
Իսրայելա-լիբանանյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և մասնավորապես` իրանական ազդեցության ընդլայնման հիմքում առանցքային նշանակություն ունի իսլամական գործոնի կարևորության աճը։ Իսլամական գործոնը հանդես եկավ որպես մերձավորարևելյան փոխդասավորվածության փոփոխության գլխավոր մեխանիզմ։
Այդ գործոնի նշանակությունը միջազգային հարաբերություններում միայն աճելու է։ Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների խնդիրը՝ սահմանափակել Թեհրանի ազդեցությունը մերձավորարևելյան գործերում, չի կարող լուծվել արևմտյան ոճի ժողովրդավարության տարածման մեխանիզմով։
Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։ Ակտիվացնելով սեփական իսլամական քաղաքականությունը` պաշտոնական Բաքուն նպատակ է հետապնդում ղարաբաղյան զարգացումներում հօգուտ իրեն ապահովել մահմեդական երկրների դիվանագիտական, տեղեկատվական և տնտեսական աջակցությունը։
2006թ. հունիսի 19-21-ը Բաքվում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 13-րդ կոնֆերանսի արդյունքում ընդունված եզրափակիչ կոմյունիկեում և Բաքվի հռչակագրում Հայաստանը միակ պետությունն էր, որը նշվեց որպես «ագրեսոր»4:
Նույն տրամաբանությամբ են ընկալվում Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի՝ օգոստոսի 23-ի հայտարարությունը և, ընդհանրապես, նրա ակտիվությունն իսլամական տեղեկատվական դաշտում։ Նշենք, որ Փաշազադեն այդ օրը ոչ միայն սպառնաց ջիհադ հայտարարել Հայաստանին, այլև քննադատեց Իսրայելի քաղաքականությունը Լիբանանի նկատմամբ։ Ավելի ուշ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը բավական կոշտ արձագանքեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` սեպտեմբերի 12-ի հայտնի ելույթին, որը իսլամական աշխարհում հակաքրիստոնեական ալիքի ծավալման պատճառ էր հանդիսացել։
Պանթյուրքական գործոն
Անկարան իր արտաքին քաղաքականության մեջ վերստին սկսել է կարևորել պանթյուրքական ուղղությունը։ Եվրոպական ուղղությամբ Թուրքիայի որոշ անհաջողությունները, Վաշինգտոնի հետ հարաբերություններում երբեմն-երբեմն ծագող խնդիրները, Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի վերստին կարևորումը և այդ երկրի` Ռուսաստանից, Կասպիցից ու Մերձավոր Արևելքից դեպի Եվրոպա ընթացող էներգահոսքերի առանցքային հանգույց դառնալը, թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության պատկերացմամբ, բավարար հիմք են կրկին անդրադառնալու պանթյուրքական գործոնին։
Տարածաշրջանային զարգացումներում պանթյուրքական գործոնի ազդեցությունը կարող է աճել ևս երկու պատճառով։
2006թ. հունիսին Ղազախստանի միանալը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղին և Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը տնտեսական ու քաղաքական առումներով մեծացնելու են Աստանայի ներգրավվածությունը համաթյուրքական ձևաչափում։
Պետք է կարևոր համարել նաև նույն ձևաչափում Թուրքիայի և Ուզբեկստանի` առաջին հերթին քաղաքական ոլորտում ընդլայնվող համագործակցությունը։ 2005թ. ընթացքում ԱՄՆ-Ուզբեկստան կապի խզումը նպաստեց (ենթադրաբար՝ ոչ առանց ԱՄՆ անուղղակի աջակցության), որ թե՛ Անկարայում և թե՛ Տաշքենդում երկու երկրների միջև առկա համագործակցությունը կրկին ստանա առաջնային կարևորություն։
Հինգ տարվա ընդմիջումից հետո սեպտեմբերի 18-20-ը թուրքական Կեմերե քաղաքում կայացավ 10-րդ միջազգային թյուրքական ղուրուլթայը` համաժողովը5, որին մասնակցում էին թյուրքական բոլոր պետությունների, Ռուսաստանի Դաշնության թյուրքական սուբյեկտների և աշխարհի բազմաթիվ երկրների թյուրքական համայնքների մոտ 600 ներկայացուցիչներ։ Համաժողովի եզրափակիչ փաստաթղթում վերստին դատապարտվել է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան»։ Նախատեսվում է 2006թ. նոյեմբերի 17-ին Թուրքիայում անցկացնել թյուրքական պետությունների ղեկավարների գագաթաժողով։
Պանթյուրքական ձևաչափում Ղարաբաղյան խնդիրը, այլ հարցերի հետ մեկտեղ, կարող է շրջանառության մեջ դրվել որպես թյուրքական համագործակցությանը խոչընդոտող հանգամանք։ Այդ առումով լուրջ նշանակություն է ունենալու Թուրքիա-կենտրոնաասիական թյուրքական պետություններ գծում Ադրբեջանի կապող օղակ լինելը։ Պանթյուրքական ուղղության ընդհանուր ակտիվացումը կարող է միջազգային քաղաքականություն ներմուծել մի նոր հարթություն, ուր Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության, Իրաքի թուրքմենների, Ղարաբաղի, թուրք մսխեթցիների, Մոլդովայի գագաուզների և Ղրիմի թաթարների հարցերը քննարկվեն մեկ տրամաբանությամբ։ Չի բացառվում, որ վերոհիշյալ տրամաբանությունը պատճառ հանդիսանա նաև հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցում Անկարայի դիրքորոշման կոշտացման համար։
Հետևություններ
Հաշվի առնելով Հարավային Կովկասում ընթացող և սպասվող աշխարհաքաղաքական զարգացումները` պետք է ենթադրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ստեղծված ճգնաժամը, թերևս, չի կրում կարճաժամկետ բնույթ, այլ արտացոլում է Ղարաբաղյան հիմնախնդրի նոր փուլ մտնելու ընթացքը` մասամբ կապված նաև վերոհիշյալ չորս ուղղությունների հետ, որոնցում առկա միտումները միջնաժամկետ հեռանկարում միայն խորանալու են։
Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական ձևաչափի փոփոխումը կարող է իր հետ բերել նոր ձևաչափերի ստեղծում կամ նախկինում երկրորդական բնույթ ունեցող ձևաչափերի կարևորության աճ, որոնք խնդրի հանգուցալուծման տեսանկյունից միգուցե չունենան վճռական ազդեցություն, սակայն կարող են դիվանագիտական և տեղեկատվական առումներով զգալի փոփոխություններ առաջացնել գոյություն ունեցող իրավիճակում։ Ըստ ամենայնի, ներկայումս Ղարաբաղյան հիմնախնդրում Բաքվի քաղաքականության նպատակը դա է։
1 Հակամարտության շնորհիվ Մ.Սահակաշվիլու Միացյալ ազգային շարժում կուսակցությունը կարողացավ հոկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին ստանալ ձայների ավելի քան 55%-ը։ Ռուսաստանում հակամարտությունն օգտագործվում է 2007թ. խորհրդարանական և, ըստ ամենայնի, նաև 2008թ. նախագահական ընտրություններին ընդառաջ պուտինյան թիմի վարկանիշը բարձրացնելու համար (սեպտեմբերի առաջին կեսին Պուտինի վարկանիշը 32% էր, իսկ հոկտեմբերի սկզբին այն հասավ 37%-ի)։
2 Ռուս-ադրբեջանական մերձեցմանը կարող է նպաստել նաև իսլամական գործոնի ազդեցության աճը միջազգային քաղաքականությունում։ ԱՄՆ-Ռուսաստան հակասությունների համատեքստում Մոսկվայի համար նոր իմաստ է ստանում իսլամական աշխարհի հետ համագործակցությունը, և Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հարմար թեկնածու, նախևառաջ որպես միջնորդ Ռուսաստանի և իսլամական աշխարհի միջև։
3 2006թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդունած «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձևի ֆոնին նոր բանաձևի ընդունումը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հիմնախնդրում հայկական կողմի վրա։ Տե՛ս Հավելված 2։
4 Ավելի մանրամասն տե՛ս «Գլոբուս № 3», Արաքս Փաշայան, «Իսլամական խաղաքարտ Ղարաբաղյան հակամարտության մեջ»։
5 Պանթյուրքական համագործակցության այդ ձևաչափը հիմնադրվել է 1993թ., և մինչև 2002թ. ղուրուլթայներն անց էին կացվում յուրաքանչյուր տարին մեկ անգամ։
Հավելված 1
ՀՀ արտաքին առևտուրը Ռուսաստանի Դաշնության հետ 2005թ.
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2005թ. ՌԴ հետ ՀՀ ապրան¬քա¬շրջանառությունը կազմել է շուրջ $361.6 մլն, որից դեպի ՌԴ արտահանումը հաշվվել է $119 մլն, ներմուծումը Հայաստան՝ $242.6 մլն։
Ստորև բերված աղյուսակներում ներկայացված են ապրանքաշրջանառության տվյալները՝ ըստ հիմնական ապրանքախմբերի։
Հայաստանից արտահանումը ՌԴ
Ապրանքախումբ | Արտահանում, $մլն |
---|---|
Ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ | 71.3 |
Բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր/մետաղներ | 10.2 |
Էլեկտրական մեքենաներ/սարքավորում., ձայնագրող ապարատներ և դրանց մասեր | 5.9 |
Կաուչուկ և ռետինե իրեր | 5.3 |
Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորում. և մեխանիկական մասեր | 2.8 |
Կաթ/կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր և այլ կենդան. ծագման սննդամթերք | 2.7 |
ՌԴ-ից ներմուծումը Հայաստան
Ապրանքախումբ | Ներմուծում, $մլն |
---|---|
Վերգետնյա տրանսպորտի միջոցներ և մասեր | 49.9 |
Հացահատիկներ | 45 |
Բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր/մետաղներ | 24 |
Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորում. և մեխանիկական մասեր | 20.8 |
Կաուչուկ և ռետինե իրեր | 9.3 |
Վառելանյութեր, նավթ/նավթամթերք, բիտումային միջոցներ, մոմանյութեր | 8.4 |
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ | 8.3 |
Ոգելից և ոչ ոգելից ըմպելիքներ և քացախ | 7.4 |
Կակաո և դրանից պատրաստված մթերք | 6.8 |
* Աղյուսակները կազմվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա։
Հավելված 2
2006թ. սեպտեմբերի 7-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանում ընդունվեց Ադրբեջանի նախաձեռնած A/60/L.60/Rev.2 բանաձևի նախագիծը։ Բանաձևի վերնագիրն է «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում»։
Կապված վերոհիշյալ փաստի հետ՝ անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել մի քանի հանգամանքների վրա։
Փաստորեն, ադրբեջանական կողմին հաջողվեց հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած հրդեհների հարցը տեղափոխել միջազգային դիվանագիտության դաշտ և իրավիճակին տալ մի ձևակերպում, որի վերնագիրը արտահայտում է Բաքվի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում։
Էական է այն հանգամանքը, որ բանաձևին կողմ են քվեարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան Ղրղըզստան, Տաջիկստան) և Հայաստանին հարևան Իրանը։
Ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ ի տարբերություն հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի, 2005թ. դեկտեմբերի 14-16-ը Նախիջևանի Ջուղա բնակավայրի մոտ տեղի ունեցած հայկական գերեզմանոցի ավերման փաստը պաշտոնական Երևանը չկարողացավ դարձնել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից և ոչ մեկի քննարկման առարկա։
դեպի ետ