ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Կովկասյան լրատու # 566
12-ը նոյեմբերի, 2010թ.
Վերլուծաբանների կարծիքով` պաշտպանության ոլորտում Ադրբեջանի եւ Թուրքիայի ամրապնդվող համագործակցության արդյունքը կարող է լինել Ռուսաստանի ազդեցության թուլացումը:
Առ այսօր Ադրբեջանը հույս էր դնում Վարշավյան Պակտի չափորոշիչներին համապատասխանող զենքերի վրա, սակայն, աստիճանաբար նախապատվությունը տալիս է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից զենք գնելուն, ինչը վկայում է այն մասին, որ երկրի ռազմական օղակները շուտով կառաջնորդվեն արեւմտյան չափանիշներով, որոնց արդեն իսկ հետեւում են Վրաստանում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի` նոյեմբերի 2-4 Բաքու կատարած այցի շրջանակներում մի շարք համաձայնագրեր ստորագրվեցին ռազմական նախապատրաստման, զինամթերքի արտադրության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության այլ ձեւերի վերաբերյալ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թուրքական «Makin Eve Kimya» ընկերության հետ համատեղ պետք է զբաղվի ձեռքի նռնականետների արտադրությամբ: Թուրքիայում նոր հրթիռային համակարգ կարտադրվի, որի մասերը կհավաքեն Ադրբեջանում:
«Ես համոզված եմ, որ ապագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը պաշտպանության ոլորտում ավելի կամրապնդվի», - հայտարարել էր նախագահ Իլհամ Ալիեւը Գյոնուլի հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանը մեծապես ավելացրել է պաշտպանության ոլորտի ծախսերը. 2009 թվականին պետությունն այս ոլորտին ավելի քան մեկ միլիարդ դոլար է հատկացրել` նախատեսելով հաջորդ տարի այս գումարը մինչեւ 2,3 միլիարդ դոլարի հասցնել:
Ադրբեջանը հիմնականում զինամթերք գնում է Ռուսաստանից եւ Ուկրաինայից, սակայն, փորձագետները նշում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկները, հանձինս Թուրքիայի, սկսում են թափանցել զենքի շուկա:
«Թուրքիայի կողմից Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին հատկացված նյութական աջակցության ընդհանուր ծավալը գերազանցում է 200 միլիոն դոլարը», - ասում է Ռազմական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Իլդիրիմ Մամեդովը:
Թուրքիան եւ Ադրբեջանը նմանություններ ունեն. երկու երկրների ժողովուրդների լեզուները խիստ նման են, իսկ պաշտպանության ոլորտում համագործակցությունը սկսվել է դեռեւս 90-ականների սկզբին: Թուրք մասնագետները ադրբեջանցի զինվորներ են նախապատրաստում 1997 թվականից սկսած:
ՆԱՏՕ-ին ինտեգրման հանձնախմբի նախագահ Մեհման Քերիմովի խոսքերով` այս տարվա մայիսին Հորդանանում կայացած ցուցահանդեսին ադրբեջանական պատվիրակությունը հող էր նախապատրաստել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հետ լայն համագործակցության համար:
«Առ այսօր Ադրբեջանը պայքարել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համար: Նախքան Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հետ համագործակցության սկիզբը, Ադրբեջանը ստիպված էր բավարարվել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկների, հատկապես Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ համագործակցությամբ», - նշում է Քերիմովը:
«Կարծում եմ` Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու, սահմանապահ զորքերի եւ ներքին գործերի նախարարության ուժերի շարքերում կատարված փոփոխությունների շնորհիվ ռազմածովային անվտանգության ամրապնդման, սահմանների պաշտպանությունը կազմակերպելու եւ այլ հարցերում: Այս նպատակով նաեւ կշարունակվեն Թուրքիայից ռազմական տեխնիկայի գնումները», - հայտարարել էր նա:
Ռազմական լրագրող, պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովն այն կարծիքին է, որ պաշտպանության ոլորտում Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ արդյունավետ համագործակցության եզրերը շատ են: Նա նշում է, որ երկու երկրներն էլ «ահաբեկչության եւ անջատողականության զոհ են դարձել»` ակնարկելով քրդական շարժման հետ կապված Թուրքիայի ունեցած խնդիրները եւ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ձախողումը:
Միաժամանակ, Ջաֆարովը նշում է, որ ոչ Ադրբեջանի ազգային անվտանգության ներկա ռազմավարությունը, ոչ էլ պաշտպանության դոկտրինը Թուրքիային որպես «ռազմավարական գործընկեր» չեն որակում` հավելելով, սակայն, որ «իշխանությունները կարծում են, թե երկու երկների միջեւ ռազմավարական համագործակցության մասին վկայող տասնյակ փաստաթղթեր կան, ինչն արդեն իսկ բավական է»:
Մամեդովը նախազգուշացնում է, որ Ռուսաստանը, հավանաբար, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել, մինչ Թուրքիան կգրավի Ադրբեջանում զինամթերքի ավանդական ռուսական շուկան:
Հոկտեմբերին կայացած Անկախ պետությունների համագործակցության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ նախկին խորհրդային հանրապետությունները որոշում կայացրին պաշտպանության արդյունաբերության ոլորտում իրենց գործողությունները համաձայնեցնելու եւ զենքի արդիականացման համատեղ կենտրոն հիմնելու վերաբերյալ:
Միեւնույն ժամանակ, Մամեդովը նշում է, որ Թուրքիան, իր հերթին, չի ցանկանում, որպեսզի դաշնակից Ադրբեջանը շարունակի զենք գնել Ռուսաստանից:
«Կարծում եմ` ՆԱՏՕ-ն, ի դեմս Թուրքիայի, օգնում է Ադրբեջանին հաղթահարել իր կախվածությունը ռուսական զենքից», - հավելում է նա:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
www.iwpr.net
դեպի ետ