• am
  • ru
  • en
Версия для печати
16.05.2007

Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ բարեփոխումներից առաջ

Руский

   

Սերգեյ Մինասյան

Ներածություն

Թուրքիայի Հանրապետության զինված ուժերը չափազանց մեծ դերակատարություն են ունեցել և ունեն երկրի քաղաքական կյանքում։ Բանակի բացառիկ դերն ամրագրված է երկրի Սահմանադրությունում և բազմիցս փաստվել է երկրի ներքաղաքական գործընթացների մեջ բանակի անմիջականորեն ներգրավված լինելու քաղաքական փորձառությամբ, ինչպես նաև զինվորական ղեկավարության վճռորոշ խոսքով՝ արտաքին քաղաքական գերակայությունները որոշելիս և դրանք իրական քաղաքականության մեջ կենսագործելիս։ Զինվորական ղեկավարության խիստ վերահսկողությունը քաղաքական կյանքի նկատմամբ հանգեցրել է նրան, որ «Թուրքիայի բանակը ոչ թե պետության մասն է, այլ ինքը պետությունն է»1։

Թուրքիայի զինված ուժերը նաև տարածաշրջանային նշանակության կարևորագույն ռազմաքաղաքական գործոն են։ Անձնակազմի մեծաթվությունը (թվաքանակով թուրքական բանակը երկրորդն է ՆԱՏՕ-ում ԱՄՆ բանակից հետո), զինծառայողների բարձր կարգապահությունն ու գաղափարական պատրաստվածությունը, հարաբերականորեն ժամանակակից սպառազինությամբ ու զինտեխնիկայով հագեցվածությունը, զարգացող ռազմարդյունաբերական համալիրը՝ այս բոլորը Թուրքիայի զինված ուժերը դիտարկել են տալիս որպես ամենամարտունակներից մեկը Միջին և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի և ամբողջ Կասպյան-Սևծովյան տարածաշրջաններում։

Համաձայն երկրի Սահմանադրության՝ թուրքական զինված ուժերի (ԹԶՈւ - Turk Silahli Kuvvetleri, TSK) գլխավոր հրամանատարն է հանրապետության նախագահը։ ԹԶՈւ օպերատիվ ղեկավարման բարձրագույն մարմինը Գլխավոր շտաբն է (ԳՇ), իսկ վերջինիս պետը նաև նրանց գլխավոր հրամանատարն է։ 117 հոդվածի համաձայն՝ ԳՇ պետը՝ նախարարների խորհրդի ներկայացմամբ, նշանակվում է հանրապետության նախագահի կողմից և պատասխանատու է երկրի վարչապետին։ ԳՇ պետը պատասխանատու է խաղաղ և պատերազմական ժամանակներում ԶՈւ ընդհանուր ղեկավարման և վերահսկման, մարտական պատրաստականության ու օպերատիվ ղեկավարման համար։ ԳՇ-ն մշակում է պաշտպանության ու ազգային անվտանգության ոլորտների ընդհանուր քաղաքականությունը, ԶՈւ մարտական կիրարկումը, ձևավորում է ռազմական դոկտրինը, որոշում է զինուժի պահուստային կարիքներն ու զարգացման հեռանկարները։ Պատերազմական ժամանակներում ԳՇ պետը հանրապետության նախագահի անունից կատարում է ԹԶՈւ գլխավոր հրամանատարի պարտականությունները։ ԳՇ պետը նաև ղեկավարում է այլ պետությունների զինուժերի, ինչպես և ՆԱՏՕ կառույցների հետ ԹԶՈւ հարաբերությունների ու կապերի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Պետք է նշել, որ Թուրքիայի ԳՇ պետը, փաստորեն ի տարբերություն ՆԱՏՕ անդամ այլ երկրների իր գործընկերների, ավելի բարձր իրավասություններ և անկախություն ունի։ Պատահական չէ, որ ԳՇ և, ընդհանրապես, զինվորական իշխանությունների չափազանց մեծ դերակատարությունը Թուրքիայի քաղաքական ու հասարակական կյանքում, նրանց ազդեցությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության ձևավորման վրա՝ այն հիմնական պատճառներն են, որոնք առիթ են տալիս Եվրամիությանը քննադատել Թուրքիային ԵՄ նրա հնարավոր անդամակցության բանակցությունների ժամանակ։

ԹԶՈւ տեսակներն են՝ ցամաքային ուժեր, ռազմաօդային ուժեր և ռազմածովային ուժեր։ Դրանց հրամանատարներն անմիջականորեն ենթարկվում են ԳՇ պետին։ Այսպիսով, կազմակերպորեն Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի ԳՇ վարչական ու օպերատիվ ենթակայության տակ են գտնվում ցամաքային ուժերի, ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատարությունները։ Պատերազմական ժամանակներում ԳՇ օպերատիվ ենթակայության տակ են անցնում նաև ոստիկանական զորքերն ու առափնյա պահպանության ծառայությունը, որոնք խաղաղ ժամանակ մտնում են ՆԳՆ կազմի մեջ, ինչպես նաև այլ նմանատիպ զորագնդեր ու ջոկատներ, օրինակ՝ Թուրքիայի հատուկ գործողությունների շտաբի ստորաբաժանումները՝ այսպես կոչված «մուգ կարմիր բերետները», ոստիկանության հատուկ ծառայության ջոկատները, երկրի քրդաբնակ շրջանների այսպես կոչված «գյուղական պահպանությունը» և այլ կառույցներ։ Զորահավաքի ժամանակ նշված ուժերն ու կառույցները մտնում են համապատասխան ԶՈւ տեսակների կազմի մեջ։

ԳՇ պետն աշխատում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարության (ԱՊՆ - Milli Savunma Bakanligi, MSB) հետ սերտ կապի մեջ, սակայն հաշվետու է վարչապետին, և ոչ Ազգային պաշտպանության նախարարին։ ԱՊՆ գործառույթների մեջ են մտնում զորակոչն ու ԶՈւ համալրումը, սպառազինության ու զինտեխնիկայի գնումները, թիկունքի մատակարարումները, երկրի ռազմարդյունաբերական համալիրի գործունեության ապահովումը։

2006թ. տվյալներով՝ Թուրքիայի բնակչությունը կազմել է 72.300 հազար մարդ։ 2006թ. ռազմական բյուջեն կազմել է ավելի քան $10,9մլրդ (առկա գներով ու թուրքական լիրայի փոխարժեքին համապատասխան), այսինքն՝ առկա գներով՝ ընդհանուր ՀՆԱ մոտ 3%-ը։ 2006թ. Թուրքիայի կանոնավոր բանակի զինծառայողների ընդհանուր թիվը կազմել է 421 հազ. մարդ, իսկ ռազմականացված ստորաբաժանումների (ոստիկանական զորքերի ու առափնյա պահպանության գնդերի) հաշվառմամբ՝ ավելի քան 652 հազ. մարդ։ Զինված ուժերում զինծառայողների ու ազատ վարձկանների ընդհանուր թվի ու ակտիվ բնակչության հարաբերակցությունը կազմել է 2,2%։

Թուրքիայի Հանրապետության Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ ծառայությունը զինված ուժերում համարվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն ու պարտականությունը։ Շարքային ու սերժանտական կազմով ԶՈւ համալրման հիմնական աղբյուրը ժամկետային զորակոչն է։ Բանակի հիմնական աղբյուրը զինապարտ տղամարդիկ են։ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի (20 տարին լրացած) զորակոչվում է ծառայության՝ հաշվի առնելով նրա կրթական մակարդակն ու ունեցած կարգավիճակը։ Բոլոր մակարդակների համար Թուրքիայի զինված ուժերն ունեն զինվորական ուսումնառության զարգացած համակարգ։ Սպայական կազմն ուսուցվում և վերապատրաստվում է նաև այլ երկրների զինվորական ուսումնական հաստատություններում և ՆԱՏՕ ակադեմիաներում։

Զինծառայողների նախապատրաստման զարգացած համակարգը, երկրի զգալի ժողովրդագրական ներուժն ու հավաքագրման հնարավորությունները, անհրաժեշտության դեպքում, թույլ են տալիս կարճ ժամկետում բոլոր զորատեսակների զինծառայողների հավելյալ մեծաթիվ համալրում իրականացնել։ Փորձագետների կարծիքով՝ երկրի հավաքագրական ընդհանրական ներուժը կազմում է մոտ 18,2 մլն մարդ։

Թուրքիայի ցամաքային ուժերը

Ցամաքային զորքերը համարվում են Թուրքիայի հնագույն և առավել մեծաքանակ զորատեսակը։ Երկրի աշխարհաքաղաքական դրության առանձնահատկությունը, քրդաբնակ շրջաններում շարունակվող լատենտային մարտական գործողությունները, գրեթե բոլոր հարևանների հետ առկա քաղաքական խնդիրները մեծացնում են ԹԶՈւ այս զորատեսակի կարևորությունը։ Թուրքիայի ցամաքային զորքերի ղեկավարման համակարգը ներառում է հետևյալ ուժերի հրամկազմերը. 1-ին, 2-րդ և 3-րդ դաշտային բանակների հրամանատարությունները, Էգեյան (4-րդ դաշտային) բանակի հրամանատարությունը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական ուժերի (այսպես կոչված «կիպրոսյան թուրքական խաղաղապահ ուժերի») հրամանատարությունը, վարժանքների ու դոկտրինների հրամանատարությունը, հատուկ գործողությունների հրամանատարությունը (նրա օպերատիվ ենթակայության տակ են գտնվում «կոմանդոսների» առանձին բրիգադներն ու դաշտային բանակների հատուկ նշանակության առանձին ջոկատները), լոգիստիկայի (նյութատեխնիկական մատակարարման) հրամանատարությունը, բանակային ավիացիայի հրամանատարությունը և ոստիկանության գլխավոր հրամանատարությունը (խաղաղ ժամանակներում այն մտնում է Թուրքիայի ՆԳՆ կազմի մեջ)։ Ցամաքային ուժերի կազմի մեջ են մտնում հետևյալ զորամիավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները. 4 դաշտային բանակ, 10 բանակային կորպուս, 2 մեքենայացված դիվիզիա, 2 մեքենայացված (տակտիկական) դիվիզիայի շտաբ, 1 հետևակային դիվիզիա, 1 ուսումնական դիվիզիա, 14 մեքենայացված բրիգադ, 14 տանկային բրիգադ, հետևակային և այսպես կոչված «տարածաշրջանային անվտանգության» 12 բրիգադ, «կոմանդոսների» 5 բրիգադ, 5 ուսումնական բրիգադ, նախագահական գվարդիայի 1 գունդ, սահմանապահների 5 գունդ և 26 գումարտակ (պատերազմական ժամանակներում կազմակերպորեն մտնում են ոստիկանության կազմի մեջ)։

Ցամաքային զորքերն ունեն հետևյալ սպառազինությունը. ATACMS տիպի օպերատիվ-տակտիկական հրթիռների 12 մեկնարկային կայանք, մոտ 4170 տանկ («Leopard» A1/A3, M-60 A1/A3, ինչպես նաև M-48 –ի տարբեր մոդիֆիկացիաներ՝ T5, A5T1, T2), որոնցից մարտական վիճակում են գտնվում 2653-ը, իսկ մնացածները (M-48–ի հնացած A3 մոդիֆիկացիան) գտնվում են պահուստում, զրահամեքենաներ՝ մոտ 930 БМП (AIFV, UR-416, Condor), մոտ 4600 БТР (AAPC, М-113 А1/А3, БТР-80, БТР-60) և 360 БРМ, 105մմ և ավելի տրամաչափի մոտ 885 ինքնագնաց հրետանային կայանք, 105մմ և ավելի տրամաչափի մոտ 1300 քարշակային հրետանային կայանք, ավելի քան 2000 ականանետ, համազարկային կրակի մոտ 164 РСЗО հրթիռային համալիր (այդ թվում՝ մոտ 30 320մմ տրամաչափի РСЗО WS-1A/B), մոտ 1400 ПУ ПТРК հակատանկային հրթիռակայան, ավելի քան 47000 РПГ և հակատանկային հրանոթ, 1660 զենիթային հրանոթ, փոքր ու միջին շառավղով գործունեության 96 ПУ ЗРК զենիթահրթիռային համալիրի մեկնարկային կայանք, մոտ 940 ПЗРК զենիթահրթիռային համալիր և այլ զինատեսակներ ու ռազմական տեխնիկա։

Մինչև 1990-ական թթ. սկիզբը Թուրքիայի ցամաքային զորքերի կազմակերպական-հաստիքային կառույցն աչքի էր ընկնում ուռճացածությամբ։ ՆԱՏՕ անդամ դառնալուց հետո և դրան հետևած սառըպատերազմյան տարիներին Թուրքիայի ցամաքային զորքերի հիմնական նպատակն ու դրանց առջև դրված խնդիրները կապված էին հիմնականում սևծովյան նեղուցների պաշտպանության և Անդրկովկասից հնարավոր խորհրդային հարձակմանը դիմակայելու հետ, և, ըստ այդմ, զորքերի դիվիզիոնային-կորպուսային կառույցը շատ բարդ էր։ Պաշտպանական պլանավորման մեջ գերակայությունների փոփոխությունը սառը պատերազմի ավարտից հետո, ինչպես նաև 1990-91թթ. «Փոթորիկ անապատում» գործողության ընթացքում սահմանամերձ Իրաքում իրավիճակի սրվելու փուլում ցամաքային զորքերի մեծաքանակ միավորումների կուտակման և դեպի Իրաքի հյուսիսարևելյան սահմաններն արագ տեղափոխվելու անհրաժեշտության պարագայում պարզ դարձավ, որ թուրքական բանակի շարժունակությունն անբավարար է, և այն պատրաստ չէ անձնակազմի ու զինտեխնիկայի զանգվածային տեղաշարժերին։ Այս ամենը, ինչպես նաև հարևան պետություններից սպասվող վտանգի թուլացումը ստիպեցին ԹԶՈւ ղեկավարությանը 1990թ. սկսած՝ որոշակի փոփոխություններ մտցնել ցամաքային ուժերի կազմակերպական-հաստիքային կառույցի մեջ։

Ելնելով այս ամենից՝ Թուրքիայի ցամաքային զորքերում ներկայումս լայնամասշտաբ բարեփոխումներ են նախատեսվում։ Բազմանդամ դիվիզիաների փոխարեն կստեղծվեն ավելի փոքր՝ բրիգադային և նույնիսկ գումարտակային կարգի մարտական ստորաբաժանումներ, որոնք կորդեգրեն «պարտիզանական» կամ ոչ կանոնավոր ռազմական գործողությունների մարտավարությունը։ ԹԶՈւ ցամաքային զորքերի վերակազմավորումների հեղինակն ու գաղափարախոսը Գլխավոր շտաբի ներկայիս պետ Յաշար Բույուքանիթն է։ Զինվորական բարեփոխումների կարևորագույն նպատակը մարտունակ և շարժունակ զինուժի ստեղծումն է, զինուժ, որն ունակ կլինի կարճ ժամկետներում և վերջնականապես ճնշել քրդերի դիմադրությունը երկրի հարավարևելյան շրջաններում և Հյուսիսային Իրաքում։ Բարեփոխումների ընթացքում նախատեսվում է լիարժեք օգտագործել ապստամբների դեմ մարտական գործողությունների, փոքր ինտենսիվության հակամարտությունների և նոր սերնդի ասիմետրիկ պատերազմների թուրքական ու համաշխարհային փորձը2։

Թուրքիայի Հանրապետության գոյության ամբողջ ժամանակահատվածում ամենաարմատական զինվորական բարեփոխումներով նախատեսվում է լուծարել երկու դաշտային բանակ (3-րդը և 4-րդը՝ Էգեյանը), ստեղծել երեք զինուժերի (ցամաքային, օդային և ծովային) միացյալ հրամանատարություն և վերակազմավորել ներկայիս Գլխավոր շտաբը՝ ստեղծելով համապատասխան «կենտրոնական» կամ միավորված շտաբ, որի ենթակայության տակ կգտնվեն ԹԶՈւ բոլոր տեսակների հրամանատարությունները։ Ստամբուլում տեղակայված առաջին և Մալաթիայում տեղակայված 2-րդ դաշտային բանակների շտաբների հենքի վրա կստեղծվեն Արևմտյան և Արևելյան զորախմբերի հրամանատարությունները, իսկ Թուրքիայի ամբողջ տարածքը՝ զինվորական-վարչական և օպերատիվ նկատառումներով, կբաժանվի երկու մասի։ ԹԶՈւ ԳՇ պետ Յ.Բույուքանիթի խոսքերով՝ ենթադրվում է, որ այս ամենի արդյունքում 2014թ. թուրքական բանակի ընդհանուր թվաքանակը կկրճատվի 20-30%-ով։ Ենթադրվում է, որ ցամաքային զորքերի նոր կառույցն ավելի փոքրաքանակ կլինի, բայց ավելի շարժունակ, մարտունակ և զինված ավելի արդիական զենքով ու զինտեխնիկայով3։ Ծրագրվում է նաև նորակոչիկներին աստիճանաբար փոխարինող պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակի ավելացում մշտական մարտական պատրաստականության զորամասերում կամ այն պաշտոններում, որոնք բարձր մասնագիտական պատրաստվածություն և փորձ են պահանջում։ Ցամաքային զորքերի (նաև ԹԶՈւ այլ տեսակների) համալրման համակարգը հեռանկարում բացառապես պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելու ճանապարհին նշված միջոցառումները կարևոր փուլ են դիտարկվում։

Թուրքիայի ցամաքային զորքերում վերակազմավորման շրջանակներում զգալի ուշադրություն է դարձվում դրանց տեխնիկական ու քանակական վերազինմանն ու արդիականացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում զրահատեխնիկայի գնումներին ու արդիականացմանը, ինչպես նաև ցամաքային զորքերին արդիական հրետանային համակարգերով հագեցնելուն։ Ենթադրվում է զգալի փոփոխություններ կատարել նաև սահմանների պաշտպանության համակարգերում, որպեսզի ապահովվի այս ասպարեզի համար պատասխանատու ծառայությունների համապատասխանությունը եվրոպական նվազագույն չափորոշիչներին։ Ներկայումս այդ գործառույթներն իրականացնում են ոստիկանության ստորաբաժանումները, իսկ Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում՝ նաև ցամաքային զորքերի զորամասերը։ Բայց, Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության մասին բանակցությունների գործընթացի շրջանակներում, ԵՄ ճնշման տակ, ԶՈւ ԳՇ և Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը 2006թ. ձեռնարկեցին հատուկ մասնագիտացված սահմանապահ ծառայության ստեղծման մասշտաբային նախագծի իրականացումը4։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը

Թուրքիայի ռազմական օդուժը (ԹՌՕՈւ) հատուկ դերակատարություն ունի ԶՈւ կառույցում, քանզի առաջնային է երկրի ռազմավարական պաշտպանական ծրագրավորման հարցերում և իր մարտական ներուժով ու շարժունակությամբ համարվում է զինուժի առավել հզոր տեսակներից մեկը։ Դա բացատրվում է ինչպես ԹՌՕՈւ բավական արդիական տեխնիկական հագեցածությամբ, այնպես էլ մարտական մեծ հնարավորություններով ու օպերատիվությամբ։ Թուրքիայի օդուժն ունակ է լուծել իր առջև դրված մարտական առաջադրանքները ինչպես ԶՈւ մյուս տեսակների հետ սերտ համագործակցությամբ, այնպես էլ ինքնուրույնաբար։

ԹՌՕՈւ կառույցում ներկայացված են. ԹՌՕՈւ հրամանատարությունն ու շտաբը (Անկարա), 1-ին և 2-րդ տակտիկական ավիացիոն հրամանատարությունները (Էսքիշեհիր և Դիարբեքիր), ուսումնական հրամանատարությունը (Իզմիր), թիկունքի հրամանատարությունը, վառելիքալցավորող ինքնաթիռների 10-րդ ավիաբազայի հրամանատարությունը (Ինջիրլիք, Ադանա), 11 գլխավոր ավիատրանսպորտային բազայի հրամանատարությունը (Էթիմեսգուտ, Անկարա) և 12-րդ գլխավոր ավիատրանսպորտային բազայի հրամանատարությունը (Էրքիլետ, Կայսերի)։

Տակտիկական ավիացիոն հրամանատարությունները ԹՌՕՈւ հիմնական օպերատիվ միավորումներն են։ 1-ին տակտիկական ավիացիոն հրամանատարությունը «ծածկում» է երկրի արևմտյան մասի օդային տարածքը և ներառում է 4 ավիաբազաներ (Էսքիշեհիրում, Ակինչիում, Բանդըրմայում, Բալիքեսիրում), զենիթահրթիռային ռազմակայաններ (Ալեմդաղ, Ստամբուլ) և օդային տարածքի վերահսկման 1-ին խմբի հրամանատարությունը։ 2-րդ տակտիկական ավիացիոն հրամանատարությունը պատասխանատու է երկրի արևելքի ու հարավ-արևելքի համար և իր կազմի մեջ ներառում է 3 ավիաբազաներ (Մերզիֆոնում, Էրխաչ-Մալաթիայում և Դիարբեքիրում) և օդային տարածքի վերահսկման 2-րդ խմբի հրամանատարությունը։

ՌՕՈւ-ն բաղկացած է 19 կործանիչ և կործանիչ-ռմբարկու ավիացիոն էսկադրիլիաներից, 1 հետախուզական ավիացիոն էսկադրիլիայից, 6 ուսումնական ավիացիոն էսկադրիլիաներից, 6 տրանսպորտային ավիացիոն էսկադրիլիաներից, վառելիքալցավորող ինքնաթիռների 1 էսկադրիլիայից և 8 զենիթահրթիռային դիվիզիոնից (ЗРК «Nike Hercules» տիպի 34 մարտկոց)։

Թուրքական ՌՕՈւ կազմում կան ավելի քան 400 ինքնաթիռներ, այդ թվում՝ 218 F-16C/D, 50 F-4E «Terminator 2020», մոտավորապես 65 F-4E (այդ թվում՝ 18 RF-4E), 58 F-5A/B (այդ թվում՝ 20 RF-5)։ Կան նաև KC-135R տիպի 7 վառելիքալցավորող ինքնաթիռներ։ ՌՕՈՒ, ցամաքային զորքերի օդուժի, ոստիկանության և ռազմածովային ուժերի ավիացիայի կազմում կան մոտ 470 ուղղաթիռներ, այդ թվում՝ AH-1 W/P տիպի 37 հարվածային ուղղաթիռ (բանակային օդուժի կազմում) և մոտ 350 տրանսպորտային ու բազմաթիրախ ուղղաթիռներ (AS-532 Cougar, S-70A «Blackhawk», UH-1H/AB-204/AB-205, Ми-17)։ Իսրայելից հետո թուրքական բանակը երկրորդն է անօդաչու կառավարվող սավառնակների քանակով (ավելի քան 110 միավոր, այդ թվում՝ «Նագրու» տիպի)5։

Փորձագետների կարծիքով՝ ՆԱՏՕ անդամ երկրների ՌՕ ուժերում թուրքական օդաչուները ամենապատրաստվածների թվում են՝ ելնելով նրանց պրոֆեսիոնալ պատրաստվածությունից, թռիչքաժամերի քանակից (այդ թվում՝ լեռնային պայմաններում՝ ցածր բարձրությունների վրա) և բարոյահոգեբանական տրամադրվածությունից։ Իսկ Միջին և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԹՌՕՈւ-ն քանակապես և որակապես զիջում են միայն Իսրայելի ՌՕՈւ-ին։ Եթե հաջողությամբ պսակվի ԹՌՕՈւ համալրումը որոշակի քանակի AEW&C տիպի հեռահար ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքաթիռներով, ապա տարածաշրջանում թուրքական օդուժը հավասարը չի ունենա նաև ավիացիայի մարտական օգտագործման, օդային տարածքի հետախուզման ու վերահսկման կառավարման համակարգերի առումով։

ԹՌՕՈւ ղեկավարության հեռանկարային ծրագրերում մոտակա 15 տարիների ընթացքում նախանշված են 100-120 F-35 տիպի ինքնաթիռների առաջնահերթ գնումները (այդ ինքնաթիռը JSF ծրագրի շրջանակներում նախագծվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Դանիայի, Նորվեգիայի և Թուրքիայի մասնագետների կողմից)։ Այդ ինքնաթիռներն աստիճանաբար կփոխարինեն ազգային օդուժի սպառազինության մեջ գտնվող F-4 և F-16 տիպի ինքնաթիռներին։ Թուրքիան այդ նախագծի ակտիվ մասնակիցներից է։ Ըստ հաշվարկների, F-35 տիպի կործանիչի նշված խմբաքանակը կարժենա մոտ $10 միլիարդ դոլար։

Մոտակա ամիսներին ԹԶՈւ մտադիր են նաև գնել 2 անօդաչու ռազմական օդապարիկ, որպեսզի ապահովեն Թուրքիայի հարավարևելյան շրջանների և Իրաքի հետ սահմանի մոնիթորինգն ու հետախուզումը։ Դա նրանց անհրաժեշտ է քրդերի զինյալ ջոկատների տեղաշարժերը վերահսկելու և նրանց դեմ պայքարող ոստիկանության ու թուրքական բանակի զորամասերի գործողությունները կոորդինացնելու համար6։

Թուրքիայի ռազմածովային ուժերը

Ռազմածովային ուժերը ինքնուրույն զորատեսակ են։ Կազմակերպորեն դրանք 4 հրամանատարություններ են ներառում՝ ռազմածովային նավատորմի, Հյուսիսային ռազմածովային գոտու, Հարավային ռազմածովային գոտու և ուսումնական հրամանատարությունները։ ՌԾՈւ հրամանատարի օպերատիվ ենթակայության տակ է գտնվում առափնյա պահպանության հրամանատարությունը, որը խաղաղ ժամանակներում ենթարկվում է ՆԳՆ-ին։ Թուրքական տորմիղը ներառում է 13 դիզելային սուզանավ, 20 УРО տիպի ֆրեգատ, 6 կորվետ, 29 ականազերծող նավ ու մոտորանավ, 106 պարեկային ռազմանավ ու մոտորանավ, 50 դեսանտային ռազմանավ ու մոտորանավ, ավելի քան 80 օժանդակ նավ ու մոտորանավ։ Ծովային ավիացիան բաղկացած է 2 էսկադրիլիայից, որոնք ներառում են 30 ինքնաթիռ և ուղղաթիռ։ ՌԾՈւ կազմի մեջ է մտնում նաև ծովային հետևակի առանձին բրիգադը7։

ԶՈւ արդիականացման հետ կապված՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հեռանկարային ծրագրերում զգալի ուշադրություն է հատկացվում ՌԾՈւ զարգացմանն ու զինվածությանը, նոր ռազմանավերով, սուզանավերով և տարբեր նշանակության մոտորանավերով համալրմանը, ինչպես նաև պարեկային ծառայության ու հակասուզանավային ավիացիայի քանակական ավելացմանը։ Ծրագրվում է, որ ՌԾՈւ կազմը համալրող ռազմանավերի ու սուզանավերի մեծ մասը արտոնագրով կամ սեփական նախագծերով պետք է կառուցվի թուրքական նավաշինարաններում։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի տորմիղի նորացման և ուժեղացման նման մասշտաբային ծրագրի իրականացմանը կարող են խանգարել ֆինանսական խնդիրներն ու հրամանատարության ցանկությունը՝ առաջին հերթին ավարտել 1999թ. երկրաշարժից փաստացի ավերված և թուրքական նավատորմի հիմնական հենակայանը հանդիսացող Գելջյուկ ռազմածովային բազայի վերականգնումն ու վերասարքավորումը։

Եզրափակում

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Թուրքիայի զինուժն ունի բավական բարձր մարտունակություն, մեծաքանակ է, սպայական կազմը կարգապահ է ու արհեստավարժ, բանակի տեխնիկական հագեցածությունը՝ բավարար։ Ներկայումս Թուրքիայի զինված ուժերն ունակ են լուծել լայնամասշտաբ արտաքին հարձակմանը դիմակայելու և երկրի ներսում միաժամանակյա տեղային ապստամբությունները ճնշելու խնդիրները, ինչպես նաև տիրապետում են զինուժի բոլոր տեսակների մասնակցությամբ միացյալ հարձակողական գործողություններ իրականացնելու ներուժի՝ տարածաշրջանային կտրվածքով։ Փորձագետների գնահատականներով՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերն ունակ են երկարաժամկետ լայնամասշտաբ մարտական գործողություններ վարել ինչպես ինքնուրույնաբար (հատկապես օպերատիվ և օպերատիվ-տակտիկական մակարդակներում), այնպես էլ ՆԱՏՕ միացյալ ԶՈւ կազմում։

1 Багдасарян С., Перед выбором: проблема основных факторов и приоритетов политического развития Турции // Туркологические и османистические исследования. т. 1, Ереван, 2002, с. 75.

2 Турецкая армия будет воевать по-партизански // http://lenta.ru/news/2006/08/28/turkish/

3 РИА «Новости», 24.08.2006.

4 Нестеркин В., Создание погранслужбы Турции // Зарубежное военное обозрение, №6, 2006. с.35.

5 The Middle East Strategic Balance 2005-2006. JCSS: Tel Aviv University, 2005.

6 Эльжанов В., За передвижениями боевиков в Турции планируется следить с помощью дирижаблей // Зарубежное военное обозрение, №12, 2006, с. 65.

7 The Middle East Strategic Balance 2005-2006. JCSS: Tel Aviv University, 2005.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր