
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է («Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանի հարցազրույցը «Երկիր» շաբաթաթերթին)

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի կարծիքով, ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջնորդվել տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներով՝ թերեւս ժամանակավրեպ է։ Քաղաքագետը բաժանում է միջազգային քաղաքագիտական հանրությունում ձեւավորվող այն կարծիքը, թե այսօր նման հակամարտությունների լուծման հիմքում պետք է դրվեն քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական իրողությունները։
- Արդյոք Դուք կիսո՞ւմ եք ԵԱՀԿ համանախագահների այն կարծիքը, թե 2007-ի ավարտին հնարավոր կլինի հասնել երկկողմանի ընդունելի սկզբունքների հիման վրա ստեղծված փաստաթղթի ձեւավորմանը։
- Արդեն երկար ժամանակ է, ինչ ԵԱՀԿ համանախագահները շարունակաբար այցելում են տարածաշրջան եւ տարաբնույթ, երբեմն հակասական հայտարարություններ են անում։ Ավանդույթ են դարձել, մասնավորապես, այն հայտարարությունները, թե հերթական տարվա աշնանը կամ գարնանը ԼՂ հարցի կարգավորման խնդրում կլինեն որակական փոփոխություններ։ Կարծում եմ, որ ըստ էության եւ ըստ աշխարհաքաղաքական տրամաբանության, Ղարաբաղի խնդիրը կարգավորված է։ Կար Լեռնային Ղարաբաղի մարզը, որը հայտնի գործընթացների արդյունքում ներկայումս վերածվել է ԼՂ Հանրապետության։
Այս առիթով նկատենք, որ խիստ շահարկվող՝ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության երբեմն իրարամերժ սկզբունքները (եւ դրանց հետ կապված տարաբնույթ մեկնությունները) հակամարտությունների խնդրին նվիրված արդի քաղաքագիտական գրականությունում արդեն ընդունվում են որպես ժամանակավրեպ եւ ոչ կառուցողական։ Ինչո՞ւ։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո տեղի են ունեցել գործընթացներ, որոնք նոր աշխարհաքաղաքական իրավիճակ են ստեղծել։ Ձեւավորվել են 15 անկախ հանրապետություններ ԽՍՀՄ տարածքում, 6 հանրապետություն՝ Հարավսլավիայում, բաժանվել է Չեխոսլովակիան, Էրիտրեան առանձնացել է Եթովպիայից, այսօր ակտիվորեն քննարկվում է Կոսովոյի հիմնախնդիրը, որին գուցեեւ արժե հատուկ անդրադառնալ։ Փաստն այն է, որ խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների հետեւանքով նոր, հետսառըպատերազմյան իրողություններ են ձեւավորվել, որոնց հիմնական մասը ամրագրվել եւ ընդունվել է միջազգային հարաբերությունների հարթությունում, իսկ մի փոքր մասը դեռեւս վերջնական ձեւակերպումներ չի ստացել։ Այսօր միջազգային փորձագիտական հանրությունում տարածում է գտնում այն մոտեցումը, որ եղած խնդիրներին լուծում տալու համար ավելի իրատեսական սկզբունքներ պետք է մշակվեն։ Օրինակ՝ նշվում է քաղաքակրթական գործոնը, որի համաձայն՝ պետք է կարեւորել այս կամ այն ազգի քաղաքակրթական պատկանելությունը եւ նախապատվություն տալ ազգերի վերամիավորման գործընթացին։ Այսինքն՝ թերեւս ժամանակն է հրաժեշտ տալ նախկին քաղաքական եզրաբանությանը եւ առաջնորդվել ավելի բովանդակային ու գլխավորը` իրականությանը համարժեք կատեգորիաներով։
Այս ամենի համատեքստում կա մի կարեւոր խնդիր՝ ազատագրված տարածքների խնդիրը։ Ակնհայտ է, որ այդ տարածքները անվտանգության իրական եւ ռազմավարական երաշխիք են, եւ ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ ՀՀ-ի համար։ Ակնհայտ է, որ դրանք տեսականորեն հնարավոր կլինի վերադարձնել միայն եւ միայն այն պարագայում, երբ համարժեք եւ լիարժեք անվտանգության երաշխիքներ տրվեն։ Թե որքան է դրան պատրաստ Բաքուն՝ դժվար է ասել։
- Այսօր շատ են հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, եւ որ ժամանակն իրենց օգտին է աշխատում։ Դա այդպե՞ս է։
- Ադրբեջանի տնտեսական աճը՝ կապված նավթի հետ, չի կարելի անտեսել։ Ավելին, ադրբեջանական պաշտոնյաները հայտարարում են, թե նրանք այդ նավթային դոլարները վերածում են ռազմական բյուջեի՝ խոստանալով այն հասցնել 1 միլիարդ դոլարի։
Միեւնույն ժամանակ, չի կարելի անտեսել նաեւ մեկ այլ, ըստ իս՝ ավելի կարեւոր իրողություն։ Օտարերկրյա եւ միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից տրվող վարկանիշային ցուցանիշներով, որոնք վերաբերում են այս կամ այն պետության կայացած լինելուն (վարկանիշները հաշվարկում են Foreign Policy հեղինակավոր ամսագիրը եւ նույնքան հեղինակավոր Thomson Dialog կազմակերպությունը), մարդկային զարգացման (հաշվարկվում է ՄԱԿ-ի կողմից) եւ տնտեսական ազատության ցուցանիշներով (հետազոտությունները կատարում է հանրահայտ Heritage Foundation-ը) ՀՀ-ն էապես գերազանցում է Ադրբեջանին եւ ընդհանրապես տարածաշրջանային բոլոր երկրներին։ Այսինքն՝ Հայաստանը ըստ ամենայնի, որպես պետություն, հանդիսանում է տարածաշրջանի առաջատարը։ Այս իրողությունը պարունակում է նաեւ Հայկական բանակի բարձր վարկանիշը։ Այսպիսով՝ չեմ կարող բացառել, որ Բաքվի նման ռազմատենչությունը կարող է տխուր հետեւանքներ ունենալ այդ հանրապետության համար։ Կարծում եմ, որ այս իրողությունը գիտակցում են նաեւ Ադրբեջանում։ Ասում են, որ եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի եւ «երբեք մի՛ ասա երբեք»։ Սակայն միեւնույն ժամանակ ռազմական գործողությունների վերսկսվելու հավանականությունը ցածր եմ համարում։
Ասածիս օգտին է վկայում նաեւ հետեւյալ նկատառումը. այսօր գրեթե բացառվում է, որ որեւէ առանձին պետություն պատերազմի եւ խաղաղության հարցը լուծի ինքնուրույնաբար։ Ադրբեջանը մի տարածք է, որտեղ կենտրոնացած են նավթային խոշոր ընկերությունների կամ, այլ խոսքերով` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ եվրոպական մի շարք երկրների աշխարհատնտեսական շահերը։ Կարծում եմ, որ այդ տերությունները պետք է ձգտեն հնարավորինս նվազեցնել ցանկացած ձեւաչափի պատերազմական գործողությունների հնարավորությունը։
Այլ խնդիր է «մեծ եղբայր» Թուրքիան, որը Ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից առայսօր անթաքույց կերպով ռազմական օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Սակայն այդ պետությունը, ինչպես հայտնի է, այսօր բազմաթիվ արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրներ ունի եւ, ի լրումն, Ցեղասպանության խնդրի համատեքստում արդեն իսկ գտնվում է միջազգային հանրության ճնշման տակ։ Այսինքն՝ այսօր Թուրքիայի համար Ադրբեջանին պատերազմի հորդորելը կարծես թե այնքան էլ հեռանկարային մտահղացում չէ։ Այս համատեքստում պետք է շեշտել նաեւ Ռուսաստանի տարածաշրջանային կարեւոր դերակատարումը եւ մասնավորապես ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այն հայտարարությունը, որ եթե խախտվեն Հայաստանի սահմանները, ապա կձեռնարկվեն պատասխան գործողություններ։
- Պարո՛ն Հարությունյան, համամի՞տ եք ԼՂՀ ղեկավարների այն մոտեցումներին, որ արդարացի փաստաթուղթ կլինի միայն այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին։
- Ես կարծում եմ, որ դա դրական ազդեցություն կունենա եւ կամրագրի գոյություն ունեցող իրողությունը. ԼՂՀ-ն փաստացիորեն մասնակցում է բանակցային գործընթացին։ Նույն ԵԱՀԿ ներկայացուցիչները այցելում են ԼՂՀ եւ այնտեղ հանդիպումներ են ունենում։
Հարցազրույցը՝ Կարինե Մանգասարյանի («Երկիր» շաբաթաթերթ, 1 Հունիսի, 2007թ.)
www.yerkir.amդեպի ետ