
ԼՂՀ-Ի ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ է

Աշխարհն ընդունում է, որ ԼՂՀ -ն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում
«ԼՂ կարգավիճակի հարց գոյություն չունի»,- օրերս հայտարարել է ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Սա նրա միակ ուշագրավ տեսակետը չէ: Պարոն Կիրակոսյանի կարծիքով` չկա նաեւ ազատագրված տարածքները հանձնելու խնդիր: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցեց Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
- Պարոն Կիրակոսյան, ի՞նչ է նշանակում գոյություն չունի ԼՂ կարգավիճակի հարց:
- ԼՂ-ի կարգավիճակը ԼՂՀ-ի փաստացի իրավիճակն է: Այսօր Ղարաբաղում չեն ապրում ադրբեջանցիներ: ԼՂ-ն իսրայելապաղեստինյան տարբերակը չէ: Ես հավատացած եմ, որ ժամանակի ընթացքում ԼՂ-ն հետ ստանալու Ադրբեջանի հնարավորությունները նվազում են: Այս հարցում կարեւոր է նաեւ Կոսովոյի խնդրի կարգավորումը: Կոսովոն կարող է նախադեպ լինել ԼՂ-ի համար, քանի որ անկախանում է ինքնորոշման ճանապարհով: Մոսկվան եւ Վաշինգտոնը տարաձայնություններ ունեն Կոսովոյի հարցում, սակայն նրանց անհամաձայնությունը ոչ թե Կոսովոյին անկախություն տալու շուրջ է, այլ այդ անկախության մեխանիզմի: Կոսովոյի անկախությունն արդեն փաստ է: Օրինակ` Մոսկվան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետո է դնում Կոսովոյի անկախության վրա, իսկ Վաշինգտոնն ասում է, որ ճանաչելու է Կոսովոյի անկախությունը` նույնիսկ Մոսկվայի վետոյի դեպքում: Եթե ինքնորշման սկզբունքն ընդունելի է Կոսովոյի համար, ապա ինչո՞ւ այն չի կարող ընդունվել ԼՂ-ի դեպքում:
- Ի՞նչ երաշխիք կա, որ ԱՄՆ-ն նույն կերպ կվարվի նաեւ ԼՂ-ի դեպքում:
- ԼՂ-ի հարցում կարեւորն այն է, որ Կոսովոյի խնդիրը կարգավորվում է ինքնորոշման ճանապարհով, եւ խոսակցության թեմա է բացվում` անկախ նրանից դա աշխարհին ցանկալի է, թե ոչ:
- 1991 թ. ԼՂՀ-ն արդեն ինքնորոշվել է, եւ ինքնորոշվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Ցանկության դեպքում աշխարհը եւ նույն ԱՄՆ-ն կճանաչեին ԼՂՀ-ի ինքնորոշումը:
- Ցավոք, մենք երբեք Կոսովոյի նման չենք պայքարել ԼՂ-ի ինքնորոշման համար, համապատասխան քայլեր չենք արել ՄԱԿ-ում: ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը շատ սահմանափակ է: Երբ Վաշինգտոնում ինձ հարցնում էին, թե ինչ կարող եմ առաջարկել ԼՂ հիմնախնդրի սառեցված բանակցությունները ակտիվացնելու համար, ես ասում էի, որ միակ քայլը` ԼՂ-ին բանակցություններում ներգրավելն է: ԼՂ-ի գործընթացին միանալու դեպքում, բանակցություններին կարող է մասնակցել նաեւ նախկինում ԼՂ-ում բնակվող որեւէ ադրբեջանցի: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկարատեւ գործունեությունը ցույց տվեց, որ խնդրի կարգավորման միակ տարբերակը ԼՂ-ն որպես անմիջական կողմ բանակցային գործընթացում ընդգրկելն է, եւ երկրորդ` Ադրբեջանի դիրքերը ԼՂ-ի հարցում գնալով թուլանում են: Ադրբեջանի ուժը, որի մասին նա անընդհատ խոսում է` նավթն է, սակայն այդ աղբյուրից Ադրբեջանը ոչ միայն հզորանում է, այլեւ նրա հնարավորությունները սահմանափակվում են:
- Դուք հայտարարել էիք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Բաքու կատարած իր վերջին ասուլիսների ընթացքում ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ էր զբաղված, այլ էներգետիկ խնդիրներով: Ինչո՞ւ եք այդպես գնահատում:
- Պատճառն այն էր, որ ՌԴ-ն Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ համաձայնության եկան նավթամուղ անցկացնել ՌԴ տարածքով եւ ոչ Կասպիս ծովի հատակով, ինչպես ցանկանում էր ԱՄՆ-ն: Դա ՌԴ-ի հաղթանակն էր, եւ Բրայզան մտահոգված եւ զբաղված էր այդ խնդրով: Այսօր Ադրբեջանը նավթից ստացված գումարներով է զարգացնում բանակը, սակայն նույն նավթի պատճառով աշխարհը կանի ամեն ինչ պատերազմը կանխելու համար:
- Այսինքն, այսօր աշխարհը խաբու՞մ է Ադրբեջանին, երբ թույլ է տալիս հզորացնել իր բանակը նավթի հաշվին:
- Մի քիչ: Այսօր Ադրբեջանը մասնակցում է խաղաղ բանակցություններին, սակայն որեւէ պայմանագիր չի ստորագրի, քանի որ հույս ունի 5-10 տարում այնքան հզորանալ, որ զենքի ուժով հետ ստանա Ղարաբաղն ու հարակից տարածքները: Կարեւորը միայն այն չէ, որ «Բրիտիշ Պեթրոլիումը», ԵՄ-ն թույլ չեն տա, որ Ադրբեջանը վերսկսի պատերազմը. ժամանակի ընթացքում Ադրբեջանում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք այնքան էլ չեն կարեւորում Ղարաբաղի խնդիրը: Ադրբեջանի նոր սերունդը պատրաստ չէ պատերազմի, նրանք ուզում են ընդամենը պարտված չերեւալ: Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ավելի վտանգավոր են հենց Ադրբեջանի ներքին քաղաքականության համար: Այսօր Ադրբեջանում եւ հենց բանակում շատերն արդեն ասում են, որ եթե Ալիեւը հայտարարում է, ապա ինչու չի դիմում այդ քայլին: Մի օր նրանք ոտքի կկանգնեն եւ կասեն, որ պատերազմը վերսկսում են առանց Իլհամ Ալիեւի կամ էլ ինչպես Թուրքիայում` ռազմական հեղափոխություն կիրականացնեն: Այսօր Թուրքիայի ռազմական ուժերը Ադրբեջանին հորդորում են իրենց որդեգրել նույն քաղաքականությունը` ներգրավված լինել քաղաքականության մեջ: Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ավելի վտանգավոր են Ադրբեջանի, քան Հայաստանի համար:
- Եթե Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են իր երկրի ներքին սպառմանը, ապա ինչ նպատակ են հետապնդում ՀՀ իշխանությունների ազատագրված տարածքները հանձնելու մասին հայտարարությունները: Ինչպե՞ս եք գնահատում մեր իշխանությունների հայտարարությունները:
- Շատ բացասական: ՀՀ-ն պահում է այդ տարածքները, սակայն չի վերաբնակեցնում, չի զարգացնում: Իմ կարծիքով` ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը փոխվել է: Այսօր աշխարհը խոսում է Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու կամ չվերադարձնելու մասին, սակայն դա կոպիտ սխալ է: Այդ հարցն արդեն լուծված է: Խոսքը պետք է գնա ոչ թե բուն ԼՂ-ի, այլ նրա շրջակա տարածքների ապագայի մասին, իսկ այդ տարածքները ԼՂ-ի անվտանգության գոտին են:
- Այսօր բոլորը խոսում են ԼՂ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին, սակայն 1997 թ-ից ԼՂ-ն բանակցությունից դուրս մղեց հենց ՀՀ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այսօր ինչպե՞ս է ընկալվում ԼՂ-ին կրկին գործընթաց վերադարձնելու պահանջը:
- Դա ռազմավարական կոպիտ սխալ էր:
- Ձեր վերջին ասուլիսի ընթացքում Դուք հայտարարեցիք, որ եթե նախկինում կարող էիք մտածել բացի Լաչինից եւ Քելբաջարից մյուս տարածքները վերադարձնելու մասին, ապա ասյօր կարծում եք, որ որեւէ տարածք չպետք է վերադարձվի: Ինչո՞վ եք բացատրում Ձեր դիրքորոշման փոփոխությունը:
- Երբ հետեւում ես միջազգային փորձին, օրինակ` Իրաքի դեպքերին, հասկանում ես, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-անվտանգությունը չի կարող երաշխավորել ոչ ՄԱԿ-ը, ոչ ԱՄՆ-ն, ոչ ՆԱՏՕ-ն: ԼՂ-ինանվտանգության երաշխիք կարող են տալ միայն Ղարաբաղը եւ Հայաստանը, եւ այս առումով խիստ կարեւոր է մեր ռազմական ուժի էլ ավելի հզորացումը: Հայկական կողմի բացթողումներից է նաեւ, որ մենք չենք խոսում Ադրբեջանի կողմից գրավված հայկական տարածքների` Շահումյանի, Գետաշենի, Արծվաշենի, Մարտակերտի հյուսիսային հատվածի մասին:
- Ձեր կարծիքով, ո՞րն է ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրական տարբերակը:
- Չեմ կարծում, որ որեւէ մեկը ունի պատրաստ դեղատոմս, սակայն կա իրականությունն ընդունելու խնդիր, այդ թվում Մինսկի խմբի համանախագահների կողմից, իսկ իրականությունն այն է, որ ԼՂ-ն երբեւեէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ես վստահ եմ, որ Մոսկվայում, Վաշինգտոնում եւ Փարիզում դա շատ լավ հասկանում են:
- Իսկ ազատագրված տարածքներն ինչպե՞ս են ընկալում:
- Այս հարցում դեռ կռիվ ունենք տալու, որպեսզի աշխարհն ընդունի, որ այդ տարածքները ԼՂ-ի անվտանգության գոտին են:
- Իսկ ԼՂ-ի անվտանգությունը կարելի՞ է վստահել խաղաղապահ ուժերին, որի տեղակայման անհարաժեշտության մասին այդքան խոսում են միջնորդները:
- Եթե նույնիսկ տեղակայվեն այդ ուժերը, ապա դրանք չպետք է լինեն մեր տարածաշրջանի երկրներից որեւէ մեկի զորքերը, այդ թվում ՌԴ-ի եւ Թուրքիայի: Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները չպետք է ուղղակի հետաքրքրություն ունենան տարածաշրջանում: Դրանք կարող են լինել Մերձբալթիկայից, Սկանդինավյան երկրներից եւ Կանադայից: Նույնիսկ ԱՄՆ-ն համաձայն չէ, որ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկվեն թուրքերը:
- Դուք կիսու՞մ եք պատմաբան Հայկ Դեմոյանի այն տեսակետը, թե Թուրքիան ԼՂ հակամարտության անմիջական մասնակից եւ կողմ է:
- Ես կիսում եմ այդ տեսակետը առաջին հերթին այն պատճառով, որ Թուրքիան Ադրբեջանի հետ մեկտեղ մինչ օրս շրջափակման մեջ է պահում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն: Միջազգային իրավունքի տեսանկյունից շրջափակումը ակտիվ պատերազմ է: Ցավոք, ՀՀ դիվանագիտությունը այդ փաստը լավ չի ներկայացնում ՄԱԿ-ում, Համաշխարհային առեւտրի կազմակերպությունում, որի անդամն է Թուրքիան: Այսօր Համաշխահրային առեւտրի կենտրոնի անդամ է ուզում դառնալ նաեւ Ադրբեջանը, սակայն այդ կազմակերպության կանոնադրության համաձայն անդամ երկիրը իրավունք չունի պատերազմ վարել կամ շրջափակման մեջ պահել մեկ այլ երկրի: Միջազգային իրավունքում մի հետաքրքիր հակասություն կա. Ադրբեջանը միշտ հայտարարում է, որ Հայաստանը բռնազավթել է իր տարածքները, սակայն միջազգային իրավունքի համաձայն Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի մեծ հանցանք են կատարում ՀՀ-ի նկատմամբ` շրջափակման ենթարկելով ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն: Իսկ մեր արտաքին քաղաքականությունը բավարար ուշադրություն չի դարձնում այս փաստին:
- Դուք Ձեր տեսակետը հայտնե՞լ եք ՀՀ կառավարությանը:
- Իսկ ո՞վ պետք է ինձ լսի ՀՀ կառավարությունում: Ես պաշտոնյա չեմ: Ես հույս ունեմ, որ նորընտիր ԱԺ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի այս փաստերին, եւ միջազգային կառույցների հետ աշխատող պատգամավորները կկարողանան այս խնդիրները պատշաճ ներկայացնել միջազգային ատյաններում, որտեղ պետք է մեկնել ոչ թե առեւտուր անելու, այլ հանդիպումներ ունենալու եւ հարցեր քննարկելու համար:
- Ձեր կարծիքով ԼՂՀ նախագահի ընտրությունները որեւէ կերպ կարո՞ղ են անդրադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման վրա:
- Կարծում եմ` այո: Ամեն անգամ ԼՂՀ ընտրությունները, որքան ժողովրդավար են լինում, այնքան ամրապնդում են նրա լեգիտիմությունը: Կարեւոր չէ, թե ով է լինելու ԼՂՀ հաջորդ նախագահը, կարեւորն այն է, թե ինչպես նա կընտրվի, որպեսզի կարողանա ձեւակերպել ԼՂ-ի դիրքորոշումը:
- Մենք խոսում ենք ԼՂ-ն որպես կողմ բանակցային գորընթացում ընդգրկելու մասին, սակայն տեսակետ կա, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, եւ այդ մասին են վկայում համանախագահների վերջին հայտարարությունները եւ իրենց իսկ կողմից դրանց հերքումը:
- Ես այն կարծիքին չեմ, որ Մինսկի խումբն իրեն սպառել է: Նրանց հայտարարությունների շնորհիվ են շարունակվում հանդիպումները: Մինսկի խումբը դեռ ունի անելիք: Բնականոն է, որ Մինսկի խումբն պարբերաբար փակուղու առաջ է հայտնվում եւ նոր բան է առաջարկում:
- Այսինքն` Մինսկի խումբը միտումնավոր փակուղիներ է ստեղծում, որպեսզի ցույց տա, որ այս կամ այն առաջակը անիմա՞ստ է:
- Անշուշտ: Դա նաեւ նշանակում է, որ ԵԱՀԿ Միսկի խումբը միակը չէ, որ կարող է զբաղվել ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ:
- Խնդիրը Մինսկի խմբից ՄԱԿ ցանկանում են տեղափոխել հենց ադրբեջանցիները:
- Այո, սակայն ՀՀ-ի համար ամենեւին վատ չէ, եթե Մինսկի խմբին զուգահեռ ԼՂ հակամարտության խնդիրի կարգավորումը քննարկվի նաեւ ՄԱԿ-ում:
- Դուք դա հնարավո՞ր եք համարում:
- Անհնար էլ չեմ համարում: Եթե դուք նայեք ԼՂ վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերին` կտեսնեք, որ դրանք շատ ավելի հայանպաստ են, քան ԱՄՆ պետդեպարտամենտի ընդունածները: ՄԱԿ-ի որեւէ փաստաթղթում նշված չէ, որ ԼՂՀ-ն եւ հարակից տարածքները գրավել են ՀՀ զինված ուժերը: Վստահ եմ, որ աշխարհը արդեն ընդունում է, որ ԼՂ-ն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը
www.a1plus.amդեպի ետ