• am
  • ru
  • en
Версия для печати
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Թուրքիայի իշխանությունների կողմից Ցյուրիխյան արձանագրությունների տապալումը լուրջ հարված հասցրեց այդ երկրի միջազգային հեղինակությանը: Դրանից հետո թուրքական կողմը սկսեց ձեռնարկել իմիտացիոն բնույթի քայլեր, որոնք միտված են տպավորություն ստեղծելու, թե հայ-թուրքական գործընթացը շարունակվում է եւ Թուրքիան հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին: Այդ քայլերը, հետզհետե ծավալվելով, սկսեցին էական տեղ զբաղեցնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Թուրք ամենատարբեր գործիչներ, հատկապես նախագահ Գյուլը եւ արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, շրջանառության մեջ դրեցին «լուռ դիվանագիտություն», «հասարակական դիվանագիտություն», «Ցյուրիխ-2» եւ այլ բառեզրեր, որոնցով ցանկանում են բնութագրել հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակը:

Ի պատասխան թուրքական կողմի հավաստիացումներին, թե հայ-թուրքական գործընթացը չի դադարել եւ տարբեր ձեւերով շարունակվում է, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հնչեց բավական հստակ հայտարարություն, համաձայն որի` «լուռ դիվանագիտության» կամ «Ցյուրիխ-2»-ի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Սակայն ակնհայտ է, որ թուրքական կողմը հակված է շարունակել իմիտացիոն քաղաքականությունը, եւ կարելի է ասել, որ այսօր նրանք առավելապես շեշտը դրել են «լուռ դիվանագիտություն», «հասարակական դիվանագիտություն» կոչված երեւույթների վրա: Սա, միեւնույն ժամանակ, նրանց մանեւրելու լայն դաշտ է ապահովում, քանի որ սակավ կոնկրետություն է պահանջում: Այդ համատեքստում պետք է դիտարկել վերջին շրջանում ակտիվացող հայ-թուրքական հասարակական տարատեսակ շփումները, կլոր սեղանների անցկացումը, սեմինարները, փոխայցելությունները, համատեղ ծրագրերը, որոնք խրախուսվում են դրամաշնորհ հատկացնող արտասահմանյան տարբեր կառույցների կողմից եւ շատ գրավիչ են տեղական «գրանտակեր» կազմակերպությունների համար: Միաժամանակ, Հայաստան են գործուղվում թուրքական տարբեր էմիսարներ, որոնք նպատակ ունեն թվացյալ ակտիվացում մտցնել հայ-թուրքական գործընթացի մեջ եւ դրա համար երբեմն կիրառում են նաեւ էժանագին մեթոդներ:

Այդպիսի մի քարոզչական հնարք էր Հզոր Թուրքիա կոչված անհայտ կուսակցության` վերջերս տեղի ունեցած տարօրինակ քաղաքական «շնորհանդեսը»: Նախ թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե ի նշան բողոքի, որ Հայաստան–Թուրքիա սահմանը փակ է, Հզոր Թուրքիա կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ նրա տեղակալը Անիի ավերակների հատվածում յուրահատուկ ակցիա են արել` հատելով սահմանը: Այս լուրը շատ արագ տարածվեց նաեւ հայկական լրատվամիջոցներով1 եւ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկման առիթ դարձավ: Եվ չնայած այն հանգամանքին, որ ռուսական սահմանապահները հերքեցին այդ լուրը, միեւնույն է` թուրքական քարոզչամեքենայի գցած խայծն արդեն աշխատել էր ու անհայտ կուսակցության երիտասարդ նախագահին ապահովել որոշակի ճանաչվածություն Հայաստանում եւ Թուրքիայում:

Նկատենք, որ Թուրքիայում պետական սահմանի անօրինական հատումը համարվում է հանցագործություն, սակայն Հզոր Թուրքիա կուսակցության այդ քայլին թուրքական իրավապահ մարմինները բացարձակ չարձագանքեցին` այդպիսով եւս մեկ անգամ ի ցույց դնելով այդ ամենի կազմակերպված եւ ուղղորդված լինելու հանգամանքը: Ըստ երեւույթին, Թունա Բեքլեւիչը թուրքական իշխանությունների թույլտվությամբ մոտեցել է Թուրքիայի կողմից սահմանի վերջնակետին, այնտեղ լուսանկարվել եւ այդպիսով ապահովել իր քարոզչական քայլի նախահիմքերը: Այս ամենից հետո կրկին թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Թունա Բեքլեւիչը եւ նրա համախոհներն այցելելու են Հայաստան, այնտեղ կազմակերպելու են կոնֆերանս, մամլո ասուլիս եւ հնարավորության դեպքում` հանդիպելու են Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն հայ-թուրքական հարաբերությունները:

Ակնհայտ է, որ ինչպես այս կուսակցության անվանումը, այնպես էլ ցանկությունները չափից ավելի հավակնոտ են: Ավելորդ չենք համարում նշել, որ Հզոր Թուրքիա կուսակցությունը ստեղծվել է 2006թ. եւ թուրքական քաղաքական դաշտում որեւէ ազդեցություն, հեղինակություն, կշիռ չունեցող կառույց է: 2007թ. խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի մասնակցել, միայն նրա նախագահ Թունա Բեքլեւիչն է առաջադրվել Էդիրնեում պատգամավորության թեկնածու եւ ստացել ընդամենը 643 ձայն: Հարկ է նկատել նաեւ, որ Բեքլեւիչի եւ նրա կուսակիցների տեսակետները սկզբունքային հարցերում համընկնում են թուրքական պետական թեզերին: Մասնավորապես, ըստ նրանց` 1915-ին երկու կողմից էլ կորուստներ են եղել, ցեղասպանության խնդրին երրորդ երկրները չպետք է միջամտեն, այդ հարցը պետք է թողնել պատմաբաններին եւ այլն:

Ինչեւէ, Հայաստան–Թուրքիա սահմանը «հատելուց» հետո որոշակի ճանաչում ձեռք բերած կուսակցության նախագահը եւ փոխնախագահն այցելեցին Հայաստան, որպեսզի շարունակեն «բեմադրության» հաջորդ հատվածները: Մեր կարծիքով, հայաստանյան այցի հետ կապված` նրանք ունեին «պլան մաքսիմում» եւ «պլան մինիմում»: Առավելը, որին նրանք հավակնում էին` Երեւանում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված կոնֆերանսի հրավիրումը եւ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպումն էր, որոնք տեղի չունեցան: «Պլան մաքսիմումի» տապալումից հետո նրանք իրականացրին «պլան մինիմումը», այն է` կարողացան հանդիպել հայաստանյան ԶԼՄ-ների հետ եւ իրենց գաղափարները որոշակիորեն տարածել հայկական մամուլում:

Այս ամենից որոշ ժամանակ անց կրկին թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց մի տեղեկատվություն, համաձայն որի` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը «Ազգային անվտանգության նոր քաղաքականության փաստաթղթում» Թուրքիայի համար սպառնալիք հանդիսացող երկրների ցանկից հանել է Վրաստանի, Սիրիայի, Բուլղարիայի եւ Հայաստանի անունները: Նախ նկատենք, որ այս քայլով թուրքական կողմը փորձ է անում ցույց տալ, թե իր ազգային անվտանգության նոր փաստաթուղթը համահունչ է Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր տեսլականին` «զրո խնդիր հարեւանների հետ» եւ, որպես դրա ապացույց մի քանի անմիջական հարեւան պետությունների անունները հանել է վտանգավոր համարվող երկրների ցուցակից: Եթե իրատեսորեն ենք մոտենում հարցին, ապա ներկայում Հայաստանը չի կարող դիտվել որպես լուրջ սպառնալիք Թուրքիայի համար եւ նրան այդ ցանկում ընդգրկելը կրում էր առավելապես քարոզչական բնույթ եւ միտված էր թուրքական հասարակության մեջ թշնամու կերպարը վառ պահելուն: Մյուս կողմից, չի կարելի բացառել, որ սա հերթական քայլն է, որով Թուրքիան ցանկանում է տարանջատել Հայաստանն ու հայկական սփյուռքը, եւ միգուցե հետագայում լինի պարզաբանում կամ տեղեկատվություն տարածվի, որ ոչ թե Հայաստան պետությունը, այլ հայկական սփյուռքն է սպառնալիք Թուրքիայի համար: Ի դեպ, Հայաստանի եւ Սփյուռքի տարանջատման խնդիրը վերջերս սկսել է լուրջ տեղ զբաղեցնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, եւ դրա մասին բացահայտ արտահայտվել են վարչապետ Էրդողանն ու արտաքին գործերի նախարար Դավութօղլուն:

Սակայն Թուրքիայի` պետական գաղտնիք հանդիսացող «Ազգային անվտանգության նոր քաղաքականության փաստաթղթի» որոշ դրույթների «գաղտնազերծումը» եւ տեղեկատվության «արտահոսքը», առավելապես, ունի քարոզչական գործառույթ: Կարելի է ենթադրել նաեւ, որ այս քայլը միտված է արտաքին լսարանին եւ կրկին մասն է կազմում թուրքական իմիտացիոն քաղաքականության, եւ շատ վերլուծաբանների կարծիքով` էական ազդեցություն չի ունենա Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրական քաղաքական տրամադրվածության վրա: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքից հանելու մասին լուրը ողջունող միակ թուրքական քաղաքական ուժը եղավ հենց Հզոր Թուրքիա կուսակցությունը` հայտարարելով, որ դա տեղին արված քայլ է:

Այսպիսով` կարելի է եզրակացնել, որ թուրք էմիսարների այցերը եւ քարոզչական բնույթի քայլերը, ինչպես նաեւ զանազան տեղեկատվական արտահոսքերը միտված են լրացնելու եւ ամբողջացնելու թուրքական իմիտացիոն քաղաքականությունը: Մյուս կողմից, այս ամենը նպատակ է հետապնդում ցույց տալ, թե Թուրքիայում կա «բազմակարծություն», եւ ծայրահեղ ազգայնամոլների կողքին կան նաեւ հավասարակշիռ գործիչներ: Կանխատեսելի է նաեւ, որ նմանատիպ քայլերը շարունակվելու են եւ փորձ է արվելու այդ ամենը ներկայացնել նաեւ միջազգային տարբեր զեկույցներում` որպես հայ-թուրքական գործընթացի շարունակման ապացույց:

1Ավելորդ չենք համարում փաստել, որ Թուրքիան լայնամասշտաբ տեղեկատվական-քարոզչական քայլեր է կատարում Հայաստանի եւ Հայության նկատմամբ, որի հաջողությանը նպաստում են նաեւ թուրքական ԶԼՄ-ներում առկա տեղեկությունների առանց ֆիլտրման թարգմանությունն ու տեղադրումը հայկական ԶԼՄ-ներում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր