ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Արծրուն ՀովհաննիսյանԱ.Հովհաննիսյան` ՀՀ ԶՈՒ կապիտան
Ռազմական արվեստի հիմնարար սկզբունքները վաղուց են հայտնի: Սակայն այսօր մենք պետք է նորովի իմաստավորենք դրանք` հիմնվելով մեր ռազմաբեմի առանձնահատկությունների, ռազմական և տնտեսական հնարավորությունների, ազգային առանձնահատկությունների վրա` միաժամանակ հաշվի առնելով համաշխարհային փորձը մարտավարական զարգացման բնագավառում1: Հայկական բանակի համար պետք է մշակվի առանձնահատուկ, մեր իրականությանը և տեղանքին համապատասխանող մարտավարություն2: Այս հրամայականը վաղուց արդեն քննարկման առարկա չէ: Խնդիրը լոկ այն է, թե ինչպիսի մարտավարություն է մեզ հարկավոր: Մարտավարության մշակումը դյուրին գործ չէ, պետք է աշխատեն տասնյակ մասնագետներ, վերլուծվեն մի քանի պատերազմների փորձեր և կատարվեն համապատասխան եզրակացություններ: Գործն այս բնագավառում հետաձգելը կնշանակի անտեսել մեր անվտանգությունը: Սակայն խնդիրը միայն մարտավարությունը չէ: Ստորև ՀՀ ԶՈւ-երի արդիականացման շրջանակներում ներկայացնում ենք մի քանի առաջարկ, որոնք առավելապես բխում են մեր առջև ծառացած հրամայականներից, հնարավորություններից և պայմաններից:
Փոփոխություն ջոկի կազմում
Գիտենք, որ հայկական բանակի հրաձգային ջոկը ներկայումս մոտավորապես ունի հետևյալ կառուցվածքը`
- Հրամանատար
- Ավագ հրաձիգ
- Գնդացրորդ
- Նռնականետորդ
- Հրաձիգ-նռն. օգն.
- 5 հրաձիգ
Հայկական բարձրավանդակում հայկական բանակի ստորաբաժանումներով երկարամյա ինքնապաշտպանական, ինչպես նաև համանման այլ պատերազմներում մարտ վարելու համար առաջարկվում է ևս մեկ նորամուծություն:
Հաշվի առնելով նախորդ առաջարկը` կապված համազորային ստորաբաժանումների հիմնական զենքի հետ, կարծում եմ, նպատակահարմար կլինի ամենափոքր ստորաբաժանման` ջոկի կազմում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը`
- Հրամանատար
- Ավագ հրաձիգ
- 2 դիպուկահար
- 2 գնդացրորդ
- Նռնականետորդ
- Նռնականետորդի օգնական
- 2 հրաձիգ
Առաջին հայացքից տարօրինակ այս դասակարգումն ունի հետևյալ նպատակը.
- Նախ` երկու դիպուկահարները և գնդացրորդները զգալիորեն կբարձրացնեն ջոկի կրակի արդյունավետությունը, դիպուկությունն ու խտությունը: Կրակի համակարգը կարելի է կառուցել հետաքրքիր ձևով` շեղվելով այն ընդունված նորմերից, որոնց կիրառությունն այնքան էլ արդյունավետ չի կարող լինել:
- Հակառակորդի համար կդժվարանա պայքարը ջոկի հետ, քանի որ առաջնային խոցման թիրախները շատ են` գնդացրորդներ, դիպուկահարներ:
- Անհրաժեշտության դեպքում ջոկը հնարավոր կլինի բաժանել երկու շարժուն և լավ զինված խմբի` յուրաքանչյուրում ունենալով և՛ դիպուկահար, և՛ գնդացրորդ: Իսկ նռնականետի փոփոխման դեպքում ջոկը կունենա նաև երկու նռնականետ: Բնականաբար, խմբերին բաժին կընկնի մեկական նռնականետ (առհասարակ, ջոկին նռնականետերով զինելու խնդիրը բաց է և քննարկման կարիք ունի): Երեքից հինգ հոգանոց գնդացրով, դիպուկահարով և նռնականետերով զինված խմբերի արդյունավետությունը փայլուն կերպով ապացուցվեց աֆղանական, չեչենական և այլ տեղային պատերազմներում: Մեկ խմբի հրամանատարը կլինի ջոկի հրամանատարը, մյուսինը` ավագ հրաձիգը:
- Քանի որ ջոկի կազմում բոլորը զինված կլինեն գրեթե նույն զենքով, ապա վերոնշյալ դասավորությունը շատ հեշտ կարելի է փոխարինել այլ ձևով, անգամ` հին ձևով: Տարբերությունն այն է, որ չորսի զենքերը պիտի լինեն երկար փողերով, որոնցից երկուսինը պիտի ունենան նաև օպտիկական նշանոցներ: Նույնանման զենքը, ինչպես վերը նշեցինք, կվերացնի մասնագիտացման խնդիրը:
- Ջոկի նման կառուցվածքը հստակ արտահայտում է այն մոտեցումը, որ հայ զինվորը պետք է կրակի հիմնականում հատ-հատ կրակով: Սակայն անհրաժեշտության դեպքում ջոկը կարող է վարել նաև ավելի խիտ ու հագեցած կրակ:
Նախորդ առաջարկությունը, որը, ինչպես տեսանք, վերաբերում էր մարտավարության զենքի բաղադրիչին, կարող է, որպես առաջարկություն, հիմք հանդիսանալ նաև այլ բաղադրիչների համար:
Մեր խորին համոզմամբ` յուրօրինակ մտահղացումներով և առաջարկություններով մենք կարող ենք մեր փոքր քանակը վերածել առավելության:
Պաշտպանիչ վահան
Համազորային մարտի ժամանակ զինվորի ստացած վերքերի և վնասվածքների զգալի մասը բաժին է ընկնում բեկորներին և թափառող գնդակներին: Մարտում զինվորի մարմնի ամենաթույլ պաշտպանված մասը դեմքն է: Նշված խնդրի լուծման համար առաջարկում ենք մի գործիք, որը, միաժամանակ հանդիսանալով զինվորի հանդերձանքի բաղկացուցիչը, կարող է լինել և՛ դեմքի պաշտպանիչ վահան, և՛ զենքի հենարան:
Զինվորը թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական մարտում խրամատավորվելու և ձեռնամարտի համար օգտագործում է հետևակային բահ, որի չափերը թույլ են տալիս այն մշտապես կրել իր վրա:
Հենց այդ բահի կառուցվածքային փոփոխությունների հիման վրա ցանկանում ենք կառուցել մեր առաջարկը: Բահին տալով մի փոքր ավելի լայնական կլորություն` այն կդարձնենք դիմային` պաշտպանության համար բավական հուսալի միջոց: Բահի կենտրոնում ունենալով փոքրիկ անցք` մինչև 10x5 սմ չափերով, կարելի է այն օգտագործել որպես ինքնաձիգի հենակ: Այն, ինչպես բազմիցս ցույց է տվել փորձը, մեծացնում է միջին զինվորի կրակի դիպուկությունը: Եթե այդ անցքը խանգարի հողագործական աշխատանքներին, ապա այն կարելի է փակել շարժական փեղկով: Նշված երկու ֆունկցիաներն իրականացնելու համար բահի փայտե պոչը կարելի է փոխարինել ավելի թեթև, սակայն երկու մասի բաժանվող նյութով: Պոչը բահին միացվող տեղում պետք է ունենա շարժական մեխանիզմ, որպեսզի հրաձիգը կարողանա այն պոչի երկու մասերով ամրացնել հողի մեջ: Սովորական փոքր սակրային բահի քաշը կազմում է մոտ 1 կգ: Փոխարինելու դեպքում այն կավելանա մոտավորապես 0,5 կիլոգրամով:
Հայկական ապագա ռազմաօդային ուժերի օդանավակայանները
Վերջին երկու տասնամյակում, համաշխարհային բոլոր թատերաբեմերում ռազմական գործողությունների վարման փորձը գալիս է ապացուցելու, որ ԶՈւ-երի զորատեսակներից ամենաահեղն ու ճկունը ՌՕՈւ-ն է:
Առանց վարանելու կարելի է ասել, որ եթե հակամարտող կողմերից մեկը կարողացավ ձեռք բերել գերազանցություն երկնքում, ապա ՌՕՈւ-ի խելամիտ և արդյունավետ կիրառման արդյունքում կարող է հասնել հաղթանակի` խոցելով ու ոչնչացնելով հակառակորդի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր կարևորագույն կապի ու հաղորդակցման ուղիները, ռազմավարական կարևորագույն արտադրողական, վերանորոգման, էներգաապահովման համակարգերը, պահեստները, խոշոր զորամիավորումները և զինապաշարը: Արդյունքում՝ երկրում և ԶՈւ-ում տիրում է քաոս: Համալրելու, ղեկավարելու և կոորդինացնելու հնարավորություն չկա: Բնականաբար, դժվար չէ կռահել նման սցենարի ավարտը: Մոտ ապագայում այս կերպ են գործելու կազմակերպված, մարտունակ, քանակապես ապահովված բոլոր ՌՕՈւ-ները:
Նշված խնդիրների արդյունավետ լուծումը հնարավոր է միայն ավիացիայի օգնությամբ, ինչն էլ երկնքում գերազանցություն ձեռք բերելու դեպքում կհանգեցնի հակառակորդի կործանմանը: Սա՝ այն դեպքում, երբ հակառակորդի ավիացիան և ՀՕՊ միջոցները չեն կարող արժանի հակահարված տալ: Այդ ամենին հասնելու լավագույն ձևը ցամաքում գտնվող թշնամու ՌՕՈւ-ի և ՀՕՊ միջոցների ոչնչացումն է առաջին իսկ հարվածով կամ հարվածների առաջին փուլով: Հարվածը պետք է հասցնել այնպես, որ թիրախ հանդիսացող օդանավակայաններից ոչ մի ինքնաթիռ օդ չբարձրանա հակահարված տալու համար (ՀՕՊ միջոցների խոցման առանձնահատկություններն այստեղ չենք նշելու, քանի որ կործանիչ ավիացիան ՀՕՊ լավագույն միջոցներից մեկն է, իսկ ՀՕՊ հրթիռային և հրանոթային տեսակների առանձնահատկությունները նյութի բուն էությանը չեն վերաբերում):
Ինչպես հայտնի է, ինքնաթիռների թռիչքի անհրաժեշտ բազում նախապայմաններից բացի հարկավոր է նաև թռիչքուղի: Վազքուղին, թեկուզ կարճ ժամանակով, շարքից հանելու համար հարկավոր է ընդամենը մեկ միջին հզորության ավիառումբ, իսկ շարունակական և կազմակերպված հարվածների դեպքում հնարավոր է թռիչքուղին շարքից հանել երկար ժամանակով: Այդ ամենի շնորհիվ ավելի դյուրին կլինի գետնի վրա ոչնչացնել ինքնաթիռները, շարքից հանել կառավարման օրգանները, ոչնչացնել վառելանյութի պաշարները և այլն: Առանց վազքուղու թռիչք կարող են կատարել միայն ուղղաթիռները և ուղղահայաց թռիչք ու վայրէջք (ՈւԹՎ) կատարող ինքնաթիռները: Առաջինները` որպես ՌՕՈւ-ի բաղկացուցիչ մաս, շատ կարևոր են մի շարք խնդիրներ լուծելիս, սակայն օդում գերազանցության հասնելու համար գրեթե ոչինչ անել չեն կարող: Իսկ ՈւԹՎ կատարող ինքնաթիռները ներկայումս մեծ տարածում չեն գտել մի քանի պատճառներով: Նախ և առաջ, բացի անգլիա-կան Հարիեր և ամերիկյան Ֆ-35 ՈւԹՎ ինքնաթիռներից, բոլոր մարտական ինքնաթիռներն այդ հատկության համար օժտված էին մի քանի շարժիչներով և պահանջում էին բարդ թռիչք-վայրէջքային հարմարանքներ: Հետևաբար, դրանք մեծ տարածում չգտան: Նշված անգլիական կործանիչն այդ հատկությունը ստացել է՝ զոհելով մարտական կործանիչներին հատուկ այնպիսի կարևոր հատկանիշներ, ինչպիսիք են մեծ արագությունը, թռիչքի հեռավորությունը, խուսավարումը, ռմբատարողությունը և այլն: Այսինքն` նման կործանիչները չեն կարող օդային մարտում հավասար պայքար մղել սովորական կործանիչների հետ, և որպես մարտավարական մեքենաներ նրանք զգալիորեն թույլ են:
Ահա այս պատճառներով մենք մեր քննարկման դաշտից դուրս ենք թողնում ՈւԹՎ կատարող ինքնաթիռները` որպես հակազդման միջոց: ՈւԹՎ կատարող կործանիչներից բացի մյուս բոլոր կործանիչները պետք է ունենան թռիչքուղի:
Վերջին երկու տասնամյակում ռազմական գործողությունների փորձը ցույց է տվել, որ ցանկացած տեսակի վերգետնյա տեղակայման օդանավակայան շատ հեշտ կարող է շարքից դուրս գալ: Համապատասխան գործողությունների դեպքում, բարդ ստորգետնյա և այլ տեսակի օդանավակայանների օգտագործումը, ի վերջո, կունենա նույնատիպ ավարտ: ՀՀ-ն իր փոքր տարածքի պատճառով ապագա պատերազմներում, որոնք անխուսափելի են, ևս բախվելու է այս խնդրի հետ: Օդանավակայանների փոքր ցանցը և լեռնային բարդ պայմանները ստիպում են ռազմական ավիացիայի համար այլ բան մտածել:
Հաշվի առնելով այս ամենը` առաջարկում ենք օդանավակայանների վերջրյա տեղակայում, ինչը հնարավորություն է տալիս օդանավակայանների արժեքը նվազեցնել, ունենալ ավելի դժվար խոցվող թռիչքուղի, հետևաբար` օդանավակայան, արագ և արդյունավետ հակազդող ավիացիա, քանի որ ինքնաթիռները թռիչք և վայրէջք կատարելու են անմիջապես ջրի մակերեսից, բազում ուղղություններով: Նմանատիպ օդանավակայանը կարող է տեղակայվել Հրազդան, Ախուրյան և նման գետերի քիչ լայնացված ջրային մակերեսի վրա, ինչպես նաև լճերի և ջրամբարների վրա: Ընդհանուր առմամբ հարկավոր է առավելագույնը 4 կմ2 տարածություն: Ավելի մեծ լինելու դեպքում ավելանում է օդանավակայանի անխոցելիության հնարավորությունը: Նշված տարածության վրա բազան հնարավորություն կունենա միաժամանակ օդ բարձրացնել ինքնաթիռների մինչև 50 տոկոսը և ավելին: Ջրի մեծ ալեկոծումը, ձմռանը ջրի մակերեսի սառցակալումը և այլ հարցերը կարող են խոչընդոտել օդանավակայանի աշխատանքներին:
Նշվածներից առաջինի դեպքում ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքն անթույլատրելի է նույնիսկ սովորական օդանավակայանից, իսկ երկրորդ խոչընդոտի դեմ հնարավոր է պայքարել տեխնիկական բազմազան միջոցներով, հոսող ջրով, ինչպես նաև` մարտական պատրաստության մշտական թռիչքներով: Օդանավակայանի թռիչքները սպասարկող շենքն ու շինություններն իրենց ձևով ու կառուցվածքով ափերին կարող են տեղակայվել այնպես, ինչպես վերգետնյա օդանավակայաններում: Սպասարկվող ինքնաթիռներն անհրաժեշտության դեպքում կմոտեցվեն շինություններին: Սպասարկման տարատեսակ աշխատանքների համար կարելի է լայնորեն կիրառել նաև փոքր և միջին նավակներ, որոնք հատուկ հագեցած կլինեն այդ աշխատանքները կատարելու հնարավորություններով:
Բնականաբար, նման օդանավակայանի համար անհրաժեշտ են մարտական ինքնաթիռների բոլորովին այլ տեսակներ: Մեր խորին համոզմամբ, նման ինքնաթիռները ոչ միայն դժվար չէ ստեղծել, այլ նաև դրանք շատ լայն կիրառում կարող են ունենալ: Դրանք, իհարկե, պետք է ունենան որոշակի կառուցվածքային առանձնահատկություններ:
Ինքնաթիռի սպասարկման և վերանորոգման դժվարին աշխատանքները հնարավոր է կատարել այն բարձրացնելով հատուկ մակույկային նավակի վրա կամ ափից դուրս հանելով: Միջթռիչքային սպասարկումը, որը կապված է հիմնականում վերալիցքավորման, սպառազինության թարմացման և հիմնական հանգույցների ստուգման հետ, կկատարվի անմիջապես ջրի վրա: Ինքնաթիռի ողջ սպառազինությունը թմբուկային դասավորությամբ կարող է տեղակայվել ներքին խցերում, ինչը կարևոր է ծանրության կենտրոնը չխախտելու համար: Ի դեպ, նոր սերնդի ինքնաթիռների ստեղծողները հենց այսպիսի պահանջներով են աշխատում: Նույն խնդրի համար անհրաժեշտ է, որ ինքնաթիռի վառելանյութը տեղակայվի այնպես, որպեսզի ծախսը լինի համաչափ:
Վերջրյա օդանավակայանների համար կարող են մշակվել ինքնաթիռային տարատեսակ սխեմաներ: Գաղափարը մարտավարական և ռազմավարական տեսանկյունից առաջադեմ է, քանի որ վերգետնյա ցանկացած օդանավակայան կարելի է շարքից հանել մեկ հարվածով: Սովորական օդանավակայանում ինքնաթիռները կանգնած դիրքերից միաժամանակ տարբեր ուղղություններով չեն կարող միանգամից օդ բարձրանալ: Այս ամենը տալիս է ժամանակային և նյութական մի քանի այլ առավելություն:
1Մաթևոսյան Ի.Ժ., ՀՀ ԶՈւ մարտունակության և մարտական պատրաստության ապահովումը` որպես պաշտպանական բարեփոխումների գերակա խնդիր. Հայկական բանակ. 1-2(59-60), 2009, էջ 34:
2Պետրոսյանց Հ.Տ., Տեղային պատերազմների առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը մարտավարության զարգացման վրա, Երևան, 2002, էջ 2-3:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ[07.09.2011]
- ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[04.11.2010]
- ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[24.06.2010]
- ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ ԱՎԻԱՑԻԱՅԻՑ[16.10.2009]