• am
  • ru
  • en
Версия для печати
16.11.2010

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ

   

Պենտագոնը հայտնել է ամերիկյան ռազմական համակարգիչներ առավել նշանակալի ներխուժման մասին

2008թ. Մերձավոր Արևելքում տեղի ունեցած և գաղտնի պահված միջադեպը բացահայտվել է պաշտպանության փոխնախար Վիլյամ Ջ. Լինի ամսագրային հոդվածում և պաշտոնապես հայտարարվել Պենտագոնի կողմից։

Լինի խոսքերով՝ «վնասաբեր կոդը» ֆլեշ-կուտակիչի միջոցով թափանցել է Պենտագոնի բաց և փակ համակարգեր՝ ստեղծելով թվային պլացդարմ, որից տվյալները կարող էին փոխանցվել օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սերվերներին։

Պենտագոնի պատասխան օպերացիան, որ հայտնի է Buckshot Yankee անվամբ, շրջադարձային էր ԱՄՆ հիմնական գերատեսչությունների կիբերանվտանգության ռազմավարության հարցում։

2008թ. նոյեմբերին Պաշտպանության նախարարությունն արգելեց օգտվել տվյալների պահպանման և մի համակարգչից մյուսը տվյալների փոխանցման համար նախատեսված սարքերից։ Արգելքը մասնակիորեն հանվեց այս տարվա սկզբին։

Լինը չհիշատակեց, թե արդյոք 2008թ. գաղտնազերծվել կամ հափշտակվել է որևէ ռազմական գաղտնիք, ով է կազմակերպել կիբերհարձակումը և որքանով էին լուրջ դրա հետևանքները։

ԱՄՆ-ը չի բացառում ռազմական հարվածի հնարավորությունը ցանցահեններին

ԱՄՆ-ը չի բացառում իր համակարգչային ցանցերի վրա կիբերհարձակումներին ռազմական հարված տալու հնարավորությունը։ Այս մասին ազգային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով օգնական Ջեյմս Միլլերը։

Ըստ նրա՝ այս ոլորտում «դեռ շատ գորշ գոտիներ կան». օրինակ՝ լիակատար հստակություն չկա այն հարցում, թե ինչը կարելի է «ագրեսիայի ակտ համարել կիբերտարածությունում»։

«Վերջին տասնամյակում մեր համակարգչային համակարգերը կոտրելու փորձերն անհամեմատ աճել են,- ընդգծեց Միլլերը։ - Այս վնասը դրսևորվում է նրանով, որ մենք տեղեկատվություն ենք կորցնում։ Կորսված տեղեկատվության ծավալը չափվում է տերաբայթերով, ինչը համարժեք է ԱՄՆ Կոնգրեսի բազմաթիվ գրադարաններին»։

«Մենք ամբողջովին չենք գիտակցում, թե որքան խոցելի ենք. ավելի քան 100 օտարերկրյա հետախուզություններ փորձում են ներթափանցել ամերիկյան համակարգչային ցանցեր, չհաշված նաև արդյունաբերական լրտեսությունը, ահաբեկչական և հանցավոր խմբերը, ինչպես նաև ցանցահենները»,- հավելել է Միլլերը։

DARPA-ն ինսայդերների բացահայտման ծրագիր է թողարկում

ԱՄՆ Պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտությունների վարչությունն (Defense Advanced Research Projects Agency, DARPA) սկսում է CINDER անվանումով ծրագրի իրականացման աշխատանքները, որի նպատակն է ինսայդերների1 գործունեությունը բացահայտող նոր մեթոդների ստեղծումը։

Քանի որ ինսայդերների աշխատանքը գրեթե չի տարբերվում օրինապահ աշխատակիցների աշխատանքից, նրանց բացահայտումը կապված է մի շարք բարդությունների հետ։ CINDER նախագիծը նախատեսված է ինսայդերների գործունեությանը հատուկ ցանցային ակտիվության հատկանիշների բացահայտման և ցանցերի ավտոմատ մոնիթորինգի համապատասխան միջոցների ստեղծման համար։

Մի քանի շաբաթ առաջ հայնրահայտ Wikileaks կայքը հրապարակեց Աֆղանստանում ԱՄՆ ռազմական օպերացիաներին վերաբերող ավելի քան 70 հազ. փաստաթուղթ։ Ապացուցվել է, որ այդ փաստաթղթերը կայքին է տրամադրել ռազմական փորձագետ Բրեդի Մենինգը, որին հասանելի էր ԱՄՆ Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկատվության փոխանցման SIPRNet ցանցը։

Փորձագետները նշում են, որ կոմերցիոն ընկերությունների համար ինսայդերներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ցանցահենները։

ԱՄՆ-ում գործի դրվեց աշխարհում առաջին անսկավառակ համակարգիչը

Կալիֆորնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի համակարգչային կենտրոնում գործարկվել է աշխարհում առաջին գերհամակարգիչը, որը չունի կոշտ սկավառակ։ Երկարաժամկետ պահպանման սարքավորումների գործառույթը կատարում են առավել ժամանակակից SSD-կուտակիչները։

SSD-կուտակիչների ընտրության հիմնական պատճառը տվյալների առավել արագ ընթերցումն է, որը հնարավորություն է տալիս համակարգչին մի քանի անգամ ավելի արագ ստանալ նախնական տվյալներ հետագա վերլուծելության համար։ Սակայն, մյուս կողմից, այս կուտակիչների օգտագործումը բարձրացրել է համակարգչի գինը։

Բացի այդ, SSD-կուտակիչներն առավել պակաս չափով են ենթակա վնասվելու և ավելի քիչ էլեկտրաէներգիա են օգտագործում։ Այս ամենի հակառակ կողմն այն է, որ կուտակիչներն ունեն փոքր ծավալ և բարձր գին։

Տարեվերջին կավարտվի AzDataCom ցանցի ստեղծումը

Մինչև այս տարվա վերջ կավարտվի AzDataCom ցանցի ստեղծումը։ AzDataCom-ը տվյալների փոխանակման գերմայրուղային միասնական ցանց է, որը երկրի բնակիչներին կտրամադրի արագ ինտերնետ կապ, IP հեռախոսակապ և IP հեռուստատեսություն, վիդեո կոնֆերանսներ, հեռակա կրթություն, ինտերակտիվ այլ ծառայություններ։ AzDataCom ցանցում կընդգրկվեն հանրապետության բոլոր շրջանները։ Իսկ Բաքվի և Նախիջևանի միջև կապն իրականացվում է օպտիկական գծերով, որոնք անցնում են Իրանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ AzDataCom ցանցը ստեղծվել է «Ազգային E-կառավարություն նախաձեռնության» շրջանակում, որն իրականացնում են Ադրբեջանի կառավարությունն ու ՄԱԿ Զարգացման հիմնադրամը։

Համակարգչային հասանելիությունն Ադրբեջանում

Ադրբեջանի քաղաքներում ամեն 33 աշակերտի բաժին է հասնում 1 համակարգիչ, միևնույն ժամանակ՝ գյուղական համայնքներում 1 համակարգիչ բաժին է ընկնում 35 աշակերտի։ Իսկ այս տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքներով ընդհանուր բնակչության հաշվարկով յուրաքանչյուր 100 արդբեջանցու բաժին է ընկնում 14 համակարգիչ։ Հիշեցնենք, որ արդեն երկու տարի է, ինչ Ադրբեջանում գործում է «Ժողովրդական համակարգիչ» ծրագիրը, որի նպատակն է հասարակության տարբեր շերտերի համար ստեղծել հնարավորություններ ժամանակակից համակարգիչներ և լիցենզավորված ծրագրային ապահովումներ ձեռք բերելու համար։

Ծրագիրն իրականացնում են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության նախարարությունները HP, Microsoft-Azerbaijan, Ultra և BestComp ընկերությունների հետ համատեղ։

Facebook սոցիալական ցանցն Ադրբեջանում

Ադրբեջանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը հասել է 234.480-ի, և այժմ այս սոցցանցից օգտվող երկրների դասակարգման մեջ այն զբաղեցնում է 97-րդ տեղը։ Հատկանշական է, որ վերջին երեք ամսում այնտեղ գրանցվել է շուրջ 30.000 օգտագործող։ Facebook-ից օգտվում է ադրբեջանցիների 2.82%-ը(ինտերնետից օգտվողների 6.36%-ը), որոնց մեջ ամենաշատն օգտվում են 18-24 տարեկանները։ Ընդ որում՝ ադրբեջանցի ֆեյսբուքամանների գերակշիռ մասը՝ 63 %-ը, կազմում են արական սեռի ներկայացուցիչները։

1Մարդիկ, ովքեր ունեն ռազմական համակարգչային ցանցերի գաղտնի տեղեկատվությունը ստանալու հնարավորություն և այդ տեղեկատվությունն օգտագործում են անօրինական նպատակներով։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ