ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՈՐՈՇ ՎՏԱՆԳԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2007թ. նոյեմբերի 14-ին հրապարակվեց Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) նոր (արդեն երրորդ) զեկույցը, որը նվիրված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանն ու հայ-ադրբեջանական դիմակայության գոտում մարտական գործողությունների վերսկսման հավանականության գնահատմանը։ Զեկույցը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի վտանգը»։ Հաշվի առնելով հակամարտող կողմերի հասարակություններում առկա աննախադեպ հետաքրքրությունը ՄՃԽ նախորդ երկու զեկույցների հանդեպ (դրանք հրապարակվել էին 2005թ. աշնանը և հիմք էին հանդիսացել Ռամբույեում և Բուխարեստում կայացած բանակցությունների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Մինսկի խմբի կողմից տրված հանձնարարականների համար)՝ երրորդ փաստաթուղթը նպատակահարմար է վերլուծել Ղարաբաղյան հարցին արևմտյան փորձագետների տված գնահատականների դինամիկայի տեսանկյունից։
Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում զեկույցի հեղինակների առաջադրած տեսակետը, համաձայն որի՝ 2012թ. հետո Ադրբեջանի նավթային եկամուտների շարունակական ավելացումը վիճահարույց է՝ կապված Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի ու գազի հիմնական հետախուզված պաշարների սպառվելու և դրանց՝ այսպես կոչված «անկում ապրող արդյունահանման» փուլ անցնելու հետ։ Տվյալ վերլուծությունը կատարված է միջազգային հեղինակավոր, այդ թվում նաև՝ բրիտանական հայտնի British Petroleum (BP) նավթային ընկերության համար աշխատող փորձագետների եզրակացությունների հիման վրա։ Բացի այդ, նշվում են Ադրբեջանում կոռուպցիայի բարձր մակարդակն ու նավթային եկամուտների վերաբաշխման դժվարությունները, ինչպես նաև այդ երկրում հստակորեն երևակվող «հոլանդական հիվանդության» ախտանիշերն ու դրա հետ կապված՝ Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային հատվածում առկա խոր ճգնաժամը։ Այդուհանդերձ, Ադրբեջանի արդյունաբերության կապիտալի առումով չափազանց տարողունակ նավթային ճյուղն ապահովում է բնակչության միայն աննշան մասի զբաղվածությունը. այստեղ աշխատում են ընդամենը 76 հազար ադրբեջանցիներ, այն դեպքում, երբ երկրի աշխատունակ բնակչության թիվը (համաձայն պաշտոնական վիճակագրության) կազմում է ավելի քան 4 միլիոն մարդ։
Ինչպես այս բաժնում նշում են փաստաթղթի հեղինակները (այն բավական պատկերավոր վերնագիր ունի՝ «Ադրբեջանի նավթային նզովքը», և վերլուծում է այդ երկրի տնտեսական զարգացման վրա կասպյան ածխաջրածնային պաշարների ազդեցությունը), «ներկայումս պետության ոչ նավթային բյուջեն պակասորդային է։ Ծախսերի մոտ 70%-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսավորվում է նավթի վաճառքի հաշվին»։ Թեև 2012թ. Ադրբեջանը, թերևս, դեռ հնարավորություն կունենա վճարումներ ստանալ Կենտրոնական Ասիայից ձգվող խողովակաշարերի նավթի ու գազի տարանցման համար, բայց դա չի լրացնի սեփական նավթի արդյունահանման կրճատման պատճառով այդ երկրի տնտեսության կրած վնասները։ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների գնահատմամբ՝ նավթի վաճառքից ստացված եկամուտներն առավելագույնին կհասնեն 2009թ. և կկազմեն ՀՆԱ 46%-ը, իսկ 2012թ. կիջնեն մինչև 32,6%, որն իր անվանական արժեքով 2009թ. կկազմի $20,5 մլրդ իսկ 2012թ.՝ $17,8 մլրդ։ Ուստի, եթե նավթից ստացված համախառն եկամուտները շարունակեն մնալ Ադրբեջանի բյուջետային ծախսերի գրեթե միակ աղբյուրը, ապա 2012թ., երբ սկսվի նավթի արդյունահանման կանխատեսվող անկումը, այդ երկրում համատարած տնտեսական ճգնաժամ կարող է սկսվել. «Երբ սկսեն նվազել նավթի վաճառքից ստացված եկամուտները, նույնը կկատարվի ՀՆԱ իրական աճի հետ։ Նավթային եկամուտների և բյուջետային ծախսերի սալդոն 2011թ. կհասնի 60%-ի, իսկ 2012թ.՝ 65%-ի։ 2012թ., առավելագույն եկամուտներ ստանալուց 2 տարի անց միայն, բյուջեի պակասորդը ՀՆԱ 5,4% չափով վերականգնելու համար, հավանաբար, կպահանջվեն նավթային հիմնադրամի ակտիվները։ Հաշվի առնելով կոռուպցիան ու տնտեսությունը ղեկավարողների ոչ բանիմացությունը, առնվազն 8 տարի անց Ադրբեջանը կարող է հայտնվել ծանր կացության մեջ»։
Դիմակայության գոտում ձևավորված ռազմական հավասարակշռությանը վերաբերող հատվածում միջազգային փորձագետները նշում են, որ չնայած վերջին տարիներին Ադրբեջանը զինտեխնիկայի զգալի գնումներ է կատարել (մեծ քանակի Т-72 տեսակի տանկեր, Миг-29 и Су-25 մարտական ինքնաթիռներ, ինչպես նաև РСЗО «Смерч» կարգի ծանր հրետանի), այնուամենայնիվ, կողմերի ԶՈւ հաշվեկշռային մարտունակությունն ընդհանուր առմամբ չի փոխվել և դժվար թե փոխվի մոտակա ժամանակներում, ինչը մեծ մասով պայմանավորված է ԼՂ ճակատային գծի՝ հայկական կողմի համար շահավետ աշխարհագրական դիրքով։ Ճակատային գծի գերիշխող բարձունքների զգալի մասը գտնվում է հայկական կողմի հսկողության տակ, իսկ ադրբեջանական զորքերի հետ շփման ճակատի առավել խոցելի տեղամասերը վերածված են խոր թիկունք հասնող երկարաժամկետ դաշտային ամրաշինական կառույցների համակարգի։ Ռազմական հավասարակշռության պահպանման գործում իրենց դերն ունեն նաև ռուս-հայկական շարունակվող զինվորական համագործակցության գործոնը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և Երևանի համար Ռուսաստանում զինտեխնիկա ու սպառազինություններ գնելու արտոնյալ կարգը։
Սակայն այս ամենով հանդերձ պետք է նշել այն զգալի հակասությունները, որ առկա են փաստաթղթի բուն տեքստի և զեկույցի հեղինակների արած հետևությունների ու հանձնարարականների միջև։ Ըստ էության, հետևությունները կրկնում են ՄՃԽ նախորդ՝ 2005թ. հոկտեմբերի 11-ին հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. խաղաղության հաստատման ծրագիր» զեկույցի հիմնական դրույթները, որոնցում նշվում էր Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ պայմանագրի շտապ կնքման անհրաժեշտությունը, հակառակ դեպքում կողմերին սպառնում էին Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման հնարավորությամբ։ Սակայն ներկա զեկույցում նմանատիպ եզրահանգում է արվում արդեն տրամագծորեն հակառակ թեզերի հիման վրա։ ՄՃԽ 2005թ. եզրահանգումները վերաբերում էին խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությանը, քանզի Ադրբեջանի ստացած նավթային բարձր եկամուտներն ու սպառազինության մեծաքանակ գնումները կարող էին գայթակղել Բաքվին՝ վերսկսել մարտական գործողությունները։ Մինչդեռ 2007թ. զեկույցում ուղղակիորեն ասվում է, որ նույնը կարող է տեղի ունենալ, եթե «մոտավորապես 2012թ., երբ Ադրբեջանի նավթային եկամուտները, ինչպես սպասվում է, սկսեն նվազել, այստեղ կարող է գայթակղություն առաջանալ՝ ուժով լուծել հակամարտությունը» և պատերազմ սկսել Հայաստանի դեմ, «որը, սպասվածին հակառակ, տնտեսական առումով վատ չի զարգանում, նույնպես սկսել է ավելի մեծ համառություն դրսևորել և ավելացրել է ռազմական ծախսերը»։ Զեկույցում նշվում է, որ «երբ նավթի արտահանումից Ադրբեջանի ստացած եկամուտները հավանականորեն սկսեն պակասել, ռազմական արկածախնդրությունը կարող է հարմար միջոց ներկայանալ քաղաքացիների ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար» (սույն տողերը բառացիորեն մեջբերված են փաստաթղթի տեքստից)։
Այսինքն՝ ստացվում է, որ կողմերից զիջումներ ստանալ չկարողանալով (առաջին հերթին՝ հայկական երկու կողմերից, որոնց դիրքորոշումների վրա չազդեցին «նավթային շանտաժն» ու ռազմական հավասարակշռությունը Ադրբեջանի կողմից իբր մոտակայում խախտելու մասին հայտարարությունները), ՄՃԽ զեկույցի հեղինակները կոչ են անում կողմերին համաձայնության գալ, այս անգամ արդեն ելնելով 2012թ. հետո բուն Ադրբեջանում սպասվող տնտեսական ճգնաժամի վտանգից, երբ տնտեսապես ու սոցիալապես թուլացած ադրբեջանական կողմն իբր թե կփորձի հարձակվել տնտեսապես կայուն զարգացող Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վրա։ Այլ խոսքով՝ ստացվում է, որ սույն զեկույցի գլխավոր «տրամաբանական» հետևությունն այն է, որ եթե կողմերը համաձայնության չգան, ապա 2012թ. հետո այս անգամ արդեն աղքատ Ադրբեջանը պատերազմ կսկսի «հարուստ» Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ։
Փաստաթղթի հիմնական տեքստի և վերջնական հետևությունների մեջ եղած նման ակնհայտ տրամաբանական անհամապատասխանությունը (տեքստից բխում է ճիշտ հակառակ եզրահանգումը. Ադրբեջանի նավթային եկամուտները 2012թ. հետո կտրուկ կպակասեն, և այդ ժամանակ այդ երկիրն արդեն չի կարողանա սպառազինությունների մրցավազքում հասնել այնպիսի ճնշող առավելության, որ վստահ լինի ռազմական գործողությունների՝ իր համար բարենպաստ ելքի մեջ) վկայում է, որ հեղինակներն ընդամենը կատարել են ամերիկյան և եվրոպական ազդեցիկ շրջանակների քաղաքական պատվերը, որոնք ձգտում են հնարավորինս որոշակի կայունության հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանային էներգետիկ և հաղորդակցային մեծ նախագծերի ուղիների երկայնքով ։
Սակայն հեղինակների պրոֆեսիոնալիզմը, այնուամենայնիվ, թույլ չի տվել իրավիճակը վերլուծելիս չնկատել իրական ու առարկայական փաստերը, ինչն իր արտացոլումն է գտել զեկույցի հիմնական մասում՝ կապված 2012թ. հետո Ադրբեջանի նավթային հիմնախնդիրների և Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու նրա իրական կարողությունների հետ։ Նույն տեսանկյունից պետք է դիտարկել տեքստում մանրամասնորեն լուսաբանված նախաձեռնությունը Ղարաբաղում (և/կամ Ղարաբաղի հարցով) լրացուցիչ հանրաքվե անցկացնելու մասին, ինչը կարելի է Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատվելու փաստն օրինականացնելու յուրատեսակ փորձ համարել։ Այս հարցին զեկույցում զգալի տեղ է հատկացված։
Ամփոփելով վերոնշյալը՝ միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ տրված հանձնարարականներն այս փուլում ոչ Ղարաբաղյան հարցի լուծման որոշակի դեղատոմս են հանդիսանում, ոչ էլ միջազգային փորձագետների կողմից ծանոթացման համար կողմերին ներկայացված «քողարկված» առաջարկություն։ Թեև, իհարկե, ՄՃԽ նախկին հանձնարարականները Մինսկի խմբի կողմից օգտագործվել են ինչպես առաջարկների մշակման, այնպես էլ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրությանն ու քաղաքական վերնախավին հնարավոր փոխզիջումների մանրամասների մասին «տեղեկացնելու և ոչ պաշտոնական լուսաբանումների» համար։ Սակայն Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցն ի հայտ է բերում արևմտյան փորձագիտական-վերլուծական հանրության հայացքների և մոտեցումների որոշ փոփոխություն, մասնավորապես` այն, որ նրանց գնահատականներն ավելի քննադատական են դարձել Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի կողմից իրականացվող «նավթային» և ռազմական շանտաժի համատեքստում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ[23.09.2013]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ[02.05.2013]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»[28.03.2013]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ[10.12.2012]
- ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[15.10.2012]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ[24.09.2012]
- ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ[27.07.2012]
- ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ[14.02.2012]
- ՀՀ ԵՎ ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[01.09.2011]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[07.02.2011]
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ[21.10.2010]