ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԼՈՒՐԵՐ

16.08.2010
Իրանն առաջիկա կես տարում կվաճառի $3 մլրդ-ի պարտատոմսեր՝ ֆինանսավորելու համար աշխատանքները Հարավային Փարս հանքավայրում
Իրանը մինչև տարեվերջ (ըստ իրենց օրացույցի՝ տարին ավարտվում է 2011թ. մարտին) կվաճառի $3 մլրդ-ի պետական պարտատոմսեր՝ ֆինանսավորելու համար աշխատանքները Պարսից ծոցի Հարավային Փարս գազահանքում, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Pars Oil and Gas Company (POGC)-ի կառավարիչ տնօրեն Ալի Վաքիլիին։
Ա.Վաքիլիի խոսքերով՝ առաջիկա ամսում Իրանի Իսլամական Հանրապետությունը կթողարկի ավելի քան 10 տրլն ռիալի պարտատոմսեր (մոտ $1 մլրդ)՝ տարեկան 16% տոկոսադրույքով, ընդ որում՝ դրանցից ստացված եկամուտները կազատվեն հարկերից, նշել է POGC կառավարիչ տնօրենը։
Ա.Վաքիլին տեղեկացրել է, որ իրանական օրացույցով ընթացիկ տարվա սկզբից (սկսվել է մարտի 21-ին) Հարավային Փարսի մշակման համար ներդրվել է 3 մլրդ եվրո։ Պարտատոմսերի առաջին երկու տրանշների տեղաբաշխումը հանձնարարված է Bank Saderat Iran ազգային բանկին, որը ենթարկված է ՄԱԿ և ԱՄՆ գործող պատժամիջոցներին՝ կապված իսլամական հանրապետության անլեգալ միջուկային ծրագրի հետ, հաղորդում է արևմտյան մամուլը։
Հարավային Փարս գազակոնդենսատային հանքավայրը գտնվում է Պարսից ծոցում և համարվում է աշխարհում բնական գազի ամենախոշոր հանքավայրը. նրա պաշարները գնահատվում են 50,97 տրլն մ3 գազ և մոտ 50 մլրդ բարել կոնդենսատ։ Հանքավայրը զբաղեցնում է Պարսից ծոցի իրանական և կատարյան հատվածները։ Հարավային Փարսի իրանական հատվածը, ըստ գնահատականների, մոտ 14 տրլն մ3 բնական գազ է պարունակում, ինչը կազմում է գազի համաշխարհային ապացուցված պաշարների մոտ 8%-ը։
18.08.2010
Թուրքմենստանում բնական գազի ևս մի նոր հանքախորշ են բացել
«Թուրքմեննավթ» պետական կոնցեռնի հորատման աշխատանքների Քորփեջինի շրջանի հորատողները բնական գազի ևս մի նոր հանքախորշ են բացել։
Ինչպես հաղորդում է Թուրքմենստանի Նավթագազային արդյունաբերության և հանքային ռեսուրսների նախարարության մամլո ծառայությունը, Հարավային Քամիշլիջա հանքավայրի, որը գտնվում է Թուրքմենստանի արևմուտքում՝ Բալկանսկի մարզում, 26-րդ հանքախորշում բացվել է բավական արդյունավետ շերտ 3600 մետր խորության վրա և գազակոնդենսատի հզոր հոսք է ստացվել։
«Դատելով առաջին ցուցանիշներից՝ ավելի քան 500 հազար մ3 գազի և 200 տոննա կոնդենսատի արդյունաբերական հոսք է ստացվել։ Եվ թեև սրանք նախնական հաշվարկներն են և դեռ վերահսկիչ չափումներ, ստուգումներ, վերլուծություններ են սպասվում նոր հանքախորշի օրական ճշգրիտ դեբիտի սահմանման համար, բայց այսօր արդեն երկրաբանները վստահությամբ կանխատեսում են ածխաջրածինների զգալի պաշարների մասին հանրահայտ Հարավային Քամիշլիջա հանքավայրում և Գոգերենդաղ-Օքերեմյան նավթագազային գոտում ընդհանրապես։ Նոր հանքախորշը նոր բլոկի արդյունավետ շերտ է բացել հանքավայրի հարավային թևում»,- նշում է թուրքմենական Նավթարդյունաբերության նախարարության մամլո ծառայությունը։
24.08.2010
ԱՀՊՆԸ-ն հունվար-հուլիսին ավելի քան 5,2 մլրդ մ3 գազ է իրացրել
2010թ. հունվար-հուլիսին Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը (ԱՀՊՆԸ) ընդամենը 5200,1 մլն մ3 գազ է իրացրել, տեղեկացրել է ԱՀՊՆԸ-ն։ Ընդ որում, ներքին շուկայում իրացվել է 4148,1 մլն մ3 գազ։ Դրանից 2217,7 մլն-ն հանձնվել է «Ազերէներժի» ԲԲԸ-ին, 1165,3 մլն-ն՝ բնակչությանը, 557,1 մլն-ն՝ արդյունաբերությանը, 154,3 մլն-ն՝ բյուջետային կոմունալ տնտեսություններին։ Եվս 53,7 մլն գազ ԱՀՊՆԸ-ն հանձնել է Նախիջևանի ԻՀ պետական էներգետիկ գործակալությանը, իսկ 1052 մլն-ն արտահանել է։
Ս.թ. հուլիսին ԱՀՊՆԸ-ն իրացրել է ընդամենը 540,1 մլն մ3 գազ։
Ընդ որում, ներքին շուկայում իրացվել է 443,3 մլն մ3 գազ։ Դրանից 316,0-ն հանձնվել է «Ազերէներժի» ԲԲԸ-ին, 66,2 մլն-ն՝ բնակչությանը, 49,4 մլն-ն՝ արդյունաբերությանը, 3,6 մլն-ն՝ բյուջետային կոմունալ տնտեսություններին։ Եվս 8,1 մլն մ3 գազ ԱՀՊՆԸ-ն հանձնել է Նախիջևանի ԻՀ էներգետիկ գործակալությանը, իսկ 126,8 մլն-ն արտահանել է։
25.08.2010
Ուժեղ պայթյուն թուրքական գազամուղում
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել թուրքական Աղրը նահանգի գազամուղում, որն Իրանից բնական գազ է մատակարարում Թուրքիային։
Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհի լեզվակները 100 մետր բարձրության էին հասնում։ Պատահարի տեղում աշխատել են հրշեջներն ու թուրքական նավթային ընկերության մասնագետները։
25.08.2010
Ջեյհան նավահանգստում ընդհանուր առմամբ բեռնավորվել է նավթով բեռնված 1248 լցանավ
Թուրքական Botas International Limited (BIL) պետական ընկերությունը, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի թուրքական մասի օպերատորն է, Ջեյհանի նավթային տերմինալում նավթի բեռնման վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ինչպես նշվում է Botas-ի պաշտոնական կայքում, ԲԹՋ-ում նավթի բեռնման սկզբից (2006թ. հունիսի 2) մինչև 2010թ. օգոստոսի 20-ը Ջեյհանի տերմինալում բեռնվել է 1248 լցանավ։
Այդ նույն ժամանակաշրջանում ԲԹՋ-ով տեղափոխվել է 978 բարել նավթ։
Ներկայումս ԲԹՋ-ով տեղափոխվում են «Ազերի-Չրաղ-Գյունեշլի» հանքավայրի նավթը և Կասպիայի ադրբեջանական հատվածի՝ Շահդենիզի գազակոնդենսատը։ Հուլիսին նոր համաձայնագրի ստորագրումից հետո խողովակաշարով տեղափոխվում է նաև թուրքմենական նավթը։ Համաձայնագիր կա նաև ԲԹՋ-ով ղազախստանյան նավթը տեղափոխելու վերաբերյալ։
26.08.2010
Թուրքիան ամեն օր մոտ 2 անգամ ավելի գազ է վերցնում «Երկնագույն հոսքից»՝ այն հասցնելով 37 մլն մ3-ի
Թուրքիան ավելացնում է «Երկնագույն հոսքից» վերցվող գազի ծավալը, լրագրողներին հայտնել է «Գազպրոմ» ԲԲԸ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը։ Ըստ նրա՝ «Երկնագույն հոսքով» ռուսական գազի ամենօրյա մատակարարումների ծավալները կավելանան մինչև 37 մլն մ3-ի, այսինքն՝ գրեթե կրկնակի։
«Երկնագույն հոսքով» Գազպրոմի կողմից Թուրքիային մատակարարվող գազի մատակարարումներն ավելանում են թուրքական Աղրը նահանգում գազատարի վթարի հետ կապված։ Բացի այդ, դա վկայում է նաև այն մասին, որ թուրքական տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է ճգնաժամից հետո։ Գազպրոմն առաջին անգամ չէ, որ ընդառաջում է թուրք գործընկերների խնդրանքին և ավելացնում է ամենօրյա մատակարարումներն այն դեպքերում, երբ վթարներ և այլ դժվարություններ են ծագում այլ աղբյուրներից գազ ստանալու հետ կապված, նշել է Ս.Կուպրիյանովը։
Հիշեցնենք, որ քուրդ գրոհայինները ս.թ. օգոստոսի 25-ին պայթեցրել էին գազամուղը, որն Իրանից գազ էր մատակարարում Թուրքիային և որն այդ երկրի բնական գազի երկրորդ մատակարարն է Ռուսաստանից հետո։
Հուլիսին Գազպրոմը նույնպես 57%-ով ավելացրեց գազի մատակարարումը Թուրքիա՝ մինչև 22 մլն մ3՝ կապված այդ երկրի գազատարներից մեկի պայթեցվելու հետ։ Գազպրոմում հիշեցնում են, որ Թուրքիան արդեն առաջին տարին չէ, որ ռուսական գազի գնման ծավալների գծով զբաղեցնում է երկրորդ տեղը։ 2009թ. այդ երկիր արտահանվել է 19,98 մլրդ մ3 գազ։ Ռուսական գազի առաջին մատակարարումները Թուրքիա սկսվել են 20 տարի առաջ։
26.08.2010
Իսրայելցի բիզնեսմենը Վրաստանում ջրի գնով նավթահանք է գնել
Իսրայելի խորհրդարանի նախկին անդամ, բիզնեսմեն Շմուել Պլատո-Շարոնը նավթահանք է գնել Արևելյան Վրաստանում։
Այս առնչությամբ Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Կախաբեր Ձագանիան մեղադրել է Միխայիլ Սահակաշվիլուն և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կազերաշվիլուն, որ նրանք հանուն սեփական շահի վաճառել են խոշոր նավթահանքը սովորական մի տեղամասի գնով։
Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Ձագանիան, հանքավայրը, որը Թբիլիսից 100 կմ հեռավորության վրա է գտնվում, նախնական տվյալներով ավելի քան 800 մլն բարել նավթ է պարունակում, որի արժեքը կազմում է մոտ $50 մլրդ։
«Սահակաշվիլին և Կազերաշվիլին բյուջեի միջոցներով հայտնաբերված նավթը վաճառել են իսրայելցի բիզնեսմենին այն պայմանով, որ հետո նրանք փայատեր դառնան։ Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է, որ պայմանագիրը չեղյալ հայտարարվի և միլիարդներ արժեցող հանքավայրը մնա որպես պետության, հետևաբար և ժողովրդի սեփականություն»,- հայտարարել է Ձագանիան։
27.08.2010
Աֆղանստանն առաջին անգամ նավթ է արդյունահանում
Աֆղանստանում առաջին անգամ նավթ է արդյունահանվել, տեղեկացրել են երկրի Բնական պաշարների նախարարության ներկայացուցիչները։ Աֆղանստանի իշխանությունները ծրագրում են հորատանցքից օրական արդյունահանել մոտ 800 բարել։ Առաջիկայում նախարարությունը մտադիր է այդ նավթը երկրի հյուսիսում գտնվող Սար-ի-Փուլ նահանգում վերամշակելու մրցույթ հայտարարել։
Նավթի, գազի և օգտակար այլ հանածոների արդյունահանման օգնությամբ Աֆղանստանը հույս ունի նվազեցնել ֆինանսական կախվածությունն Արևմուտքի երկրներից, տեղեկացնում է Reuters-ը։ Երկրի ներկայիս վարչակարգն առայժմ գոյատևում է միջազգային դրամական ներարկումներով (հիմնականում ամերիկյան), ինչպես նաև ԱՄՆ և ՆԱՏՕ զինծառայողների 150 հազարանոց համակազմի սվինների վրա։
Այնինչ, Աֆղանստանը, պարզվում է, հարուստ է օգտակար հանածոներով. դրանց ընդհանուր արժեքը, տարբեր գնահատականներով, տատանվում է $1-3 տրլն-ի սահմաններում։ Այսպես, Սար-ի-Փուլի նավթի պաշարները գնահատվում են 1,8 մլրդ բարել։ Եվս 1,6 մլրդ բարել նավթ կա Աֆղանա-տաջիկական նավթավայրում (իշխանությունները ցանկանում են այն մրցույթի հանել արդեն գալիք տարի)։
Միայն նավթով երկրի բնական ռեսուրսները, որն ավելի հայտնի է որպես օփիումի և հերոինի գլխավոր մատակարար, չեն սահմանափակվում։ Բալխ նահանգում բնական գազի պաշարներ կան և նույնիսկ դրա արդյունահանման ինչ-որ ենթակառուցվածք գոյություն ունի. չէ՞ որ ժամանակին Աֆղանստանը գազ էր արտահանում ԽՍՀՄ։ Երկրում նաև պղնձի, երկաթի, լիթիումի և այլ մետաղների հանքեր կան։
Սակայն դրանք բոլորն անմշակ վիճակում են, քանի որ ներդրողներին վախեցնում է լեռնային այդ երկրին հատուկ պատերազմի և անկայունության քրոնիկ վիճակը։ Միայն Jiangxi Copper Co-ի և China Metallurgical Group Corp.-ի չինացի մետալուրգներն են համարձակվել աշխատել Աֆղանստանում՝ դառնալով ամենախոշոր օտարերկրյա ներդրողները։ Երկու ընկերություններն էլ պղինձ են արդյունահանում Քաբուլից հարավ գտնվող տարածքում։
Տեղի իշխանությունների հիմնական խնդիրն առայժմ թալիբներն են, որոնք չեն թողնում հանգիստ ապրել և աշխատել ոչ տեղի իշխանություններին, ոչ, առավել ևս, օտարերկրացիներին։ Այս առնչությամբ Աֆղանստանի հանքաշերտերի յուրացումը և նրա երկար սպասված անկախությունը արևմտյան գործընկերների ֆինանսական ներարկիչից կարող են երկար տարիներ ձգձգվել։
30.08.2010
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը կպաշտպանեն իսրայելցի անօդաչու ինքնաթիռները
Թուրքական կառավարությունը երկրի տարածքով անցնող էներգետիկ խողովակաշարի պաշտպանության համար նախատեսում է գործի դնել իսրայելական Heron անօդաչու ինքնաթիռները։ Ինչպես տեղեկացնում է «Զաման» թերթը, այժմ էներգետիկայի, ներքին գործերի նախարարությունների և Գլխավոր սպայակույտի միջև խորհրդատվություններ են անցկացվում այս հարցի վերաբերյալ։
Heron-ները լավ են դրսևորել իրենց քուրդ ահաբեկիչների դեմ պայքարում, հաղորդում է պարբերականը։
Բացի այդ, խողովակաշարի պաշտպանության համար կօգտագործվեն նաև ամենաարդիական տեխնոլոգիաներ, այդ նպատակի համար բանակցություններ են սկսվել պետական կառույցների և TЬBЭTAK ու TURKSAT ընկերությունների միջև, որոնց էլ ամենայն հավանականությամբ կտրամադրվի խողովակաշարի պաշտպանության ծառայության՝ արդի տեխնոլոգիաներով ապահովումը։
Թերթը նշում է, որ Թուրքիայի տարածքով են անցնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Քիրքուք-Յումուրթալըք խողովակաշարերը, Իրան-Թուրքիա գազատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, ինչպես նաև ռուսական «Երկնագույն հոսք» գազամուղները։
31.08.2010
Գերմանիան պատրաստ է ներդրումներ կատարել Ուկրաինայի գազի շուկայի արդիականացման համար
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Գերմանիան պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ՝ արդիականացնելու այն խողովակաշարերը, որոնցով գազ է մատակարարվում Եվրոպային։ Նա հավելել է, որ ս.թ. աշնանը տեղի կունենա հատուկ տնտեսական համաժողով, որտեղ երկու երկրները կքննարկեն նախագծի մանրամասները։ Համապատասխան հայտարարությամբ Ա.Մերկելը հանդես է եկել Բեռլինում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ ԳԴՀ-ն կարող է դրական ազդեցություն գործել ուկրաինական գազի շուկայի արդիականացման գործում և որ երկու երկրների կառավարություններն արդեն պայմանավորվել են համագործակցություն զարգացնել այս ուղղությամբ։ Ա.Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան պատրաստ է միջոցներ ներդնել Ուկրաինայի գազի շուկայի արդիականացման համար։
1.09.2010
Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը ծրագրում են 2 անգամ ավելացնել նավթալից բեռների տեղափոխումը
Ադրբեջանը, Վրաստանը և Ղազախստանը որոշում են ընդունել երկու անգամ ավելացնել նավթալից բեռների տեղափոխման ծավալները «Ադրբեջան-Վրաստան» միջանցքի շրջանակներում, ասել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնաղ Աբդուլաևը։ Ըստ նրա՝ ներկայումս այդ միջանցքով տեղափոխվում է տարեկան մոտ 10 մլն տոննա նավթ և նավթամթերք։
Ընդունված որոշման համաձայն՝ նախատեսվում է այդ ծավալները հասցնել տարեկան 20 մլն տոննայի։ Մասնավորապես, դա ենթադրում է աշխատանքներ իրականացնել տերմինալներում, մեծացնել լցանավային նավատորմիկը։ Ադրբեջանում նախատեսվում է մեծացնել երկաթուղով տեղափոխման ծավալները, ինչի վրա առաջիկա տարիներին կծախսվի մինչև $1 մլրդ։ Բեռների տեղափոխման ծավալների ավելացման գծով աշխատանքներին կներգրավվեն Կուլևիի, Փոթիի, Բաթումի տերմինալները։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախստանյան նավթի տեղափոխման Անդրկասպյան համակարգին՝ Աբդուլաևը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում որոշելու տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստող ընկերությանը։ Այս նախագծի իրականացման համար SOCAR-ը և ԿազՄունայԳազը ստեղծել են համատեղ ձեռնարկություն։
1.09.2010
Ադրբեջանի նախագահը պարգևատրել է Վ.Ալեքպերովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական նավթային «ԼուկՕՅԼ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովին պարգևատրել է «Շարաֆ» (պատիվ) շքանշանով, տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղարությունը։
«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ կապերի զարգացման մեջ ունեցած վաստարկի համար պարգևատրել Վագիթ Ալեքպերովին «Շարաֆ» շքանշանով,- ասվում է պետության ղեկավարի հրամանագրում։
Սա Ադրբեջանի երկրորդ շքանշանն է, որին արժանանում է «ԼուկՕՅԼ»-ի ղեկավարը։
2001թ. Վագիթ Ալեքպերովը պարգևատրվել է «Շոհրաթ» (փառք) շքանշանով Ադրբեջանի և ՌԴ-ի միջև տնտեսական կապերի զարգացման գործում ունեցած վաստակի համար։
Սեպտեմբերի 1-ին միլիարդատեր Վագիթ Ալեքպերովը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, ռուսական ամենախոշոր «ԼուկՕՅԼ» նավթային ընկերության նախագահը, դարձավ 60 տարեկան։
«ԼուկՕՅԼ»-ին են պատկանում նավթի պաշարների գծով մասնավոր ընկերությունների մեջ առաջին տեղը, ռուսական նավթարդյունահանման գրեթե մեկ քառորդը, նավթամթերքների արտադրության 14%-ը և ռուսական ընկերությունների մեջ սպառման խոշորագույն ցանցը՝ երկուսուկես հազար ավտոլցակայաններով։
2.09.2010
ԱՀՊՆԸ-ն մտադիր է մրցակցել ԿազՄունայԳազ-ի և Գազպրոմ-ի հետ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը որոշել է, այնուամենայնիվ, մրցակցել ԿազՄունայԳազ-ի և Գազպրոմ-ի հետ Վրաստանում գազի ցանցերի համար։ Ընկերությունը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը Ռուսաստանից Հայաստան գնացող գազամուղի վրացական հատվածը գնելու գործում և չի բացառում Վրաստանի բոլոր նավթագազամուղների ձեռքբերման հնարավորությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՀՊՆԸ-ն պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի կառավարությանը, որ պատրաստ է մասնակցել մայրուղային գազատարների մասնավորեցմանը, եթե վրացական իշխանություններն, այնուամենայնիվ, վերջնականապես որոշեն վաճառել դրանք։ Մինչ այդ ընկերությունը միայն արտահայտվում էր իր այդ շահագրգռության մասին։
ԱՀՊՆԸ ակտիվում արդեն կան գազաբաշխիչ ցանցեր Վրաստանի 30 շրջաններում, Կուլևի նավթային տերմինալը Սև ծովի ափին և ավտոլցակայանների ցանցը։ Ընկերությունն ապահովում է նաև Վրաստանի բնական գազի պահանջարկի 70%-ը։
Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են հանել մայրուղային խողովակաշարերն այն օբյեկտների ցանկից, որոնք մասնավորեցման ենթակա չեն։ Մասնավորապես, որոշել են վաճառքի հանել Ռուսաստանը Հայաստանին կապող և Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարը։ Սրա հիման վրա ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Վրաստանի կառավարությունը նախատեսում է վաճառել Ռուսաստանին այս մայրուղին, և բողոք են հայտնել դրա դեմ։
Վերլուծաբանների կարծիքով՝ այս ակտիվի հիմնական հավակնորդն, այնուամենայնիվ, Գազպրոմը կլինի։ Սակայն տեղեկատվություն կա նաև այն մասին, որ ԿազՄունայԳազ ԱԸ ԲԸ-ն նույնպես դեմ չէ ձեռք բերել գազատարը։
«ԿազՄունայԳազ Ազգային ընկերություն» (ԿՄԳ ԱԸ) ԲԸ վարչության նախագահ Կայրգելդի Կաբիլդինը, որին հուլիսին վկայակոչել է «Փրայմ-Նյուսը»՝ Trend-ին հղում կատարելով, տեղեկացրել է, որ «Բաքու-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման շրջանակներում ընկերությունը քննարկում է Վրաստանի տարածքով տարանցման հարցերը։ Նրա խոսքերով՝ այժմ ԿՄԳ ԱԸ-ն վրացական կողմի հետ քննարկում է հնարավոր մասնակցության պայմանների կամ տրանսպորտային ակտիվների ձեռքբերման հարցը։ Այս որոշումը բացատրվում է Վրաստանում տարեկան 8 մլն հզորությամբ Բաթումի նավթային տերմինալի ակտիվի առկայությամբ։
«Դա խոսում է այն մասին, որ մենք ամրակետեր ունենք Սև ծովում, և տրամաբանություն կա մայրուղային խողովակաշարերի ձեռքբերման մեջ»,- ասել է վարչության նախագահը լրատվամիջոցներին։
2.09.2010
Թուրքիան 2010թ. 74%-ով կրճատել է վառելիքի մատակարարումներն Իրանին
Թուրքիան ս.թ. հուլիսից 74%-ով (մինչև 35,444 տոննա) կրճատել է վառելիքի մատակարարումն Իրանին՝ միջազգային պատժամիջոցների պառճառով, որոնք ուղղված են այդ երկրի միջուկային ծրագրի դեմ։ Այսպիսով, Թուրքիան Իրանին հուլիսին մատակարարել է ընդամենը 35,444 տոննա վառելիք (մեկ ստանդարտ չափի լցանավի մատակարարման համարժեքը – 301,272 բարել) ս.թ. հունիսի 138,673 տոննայի համեմատ։ Ընդ որում, Թուրքիան Իրանից իր մատակարարումների համար ստացել է $24,42 մլն, ինչը համապատասխանում է մեկ տոննա բենզինի միջինը $688 գնին։ Համապատասխան տվյալները տրամադրել է երկրի վիճակագրական բյուրոն, տեղեկացնում է Reuters-ը։ Նշենք, որ Իրանի առաջարկած գինը թուրքական մատակարարումների համար սփոթային գնի նվազագույն հավելավճար է միայն, որը Միջերկրածովում ամրագրված է տոննայի դիմաց $686-ի մակարդակին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Իրանին $600 է վճարել որպես տուգանք բնական գազի մատակարարումների շուրջ պայմանավորվածությունները խախտելու համար։ Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յլդըզը հավաստել է, որ տուգանքը վճարվել է այն բանի հետ կապված, որ Թուրքիան ներմուծում էր իրանական գազի ավելի քիչ ծավալ, քան պայմանավորվել էին երկու երկրների ներկայացուցիչները։
Թուրքական պետական խողովակաշարային BOTAS ընկերության և Իրանի ազգային գազային NIGS ընկերության միջև ստորագրված պայմանագրին համապատասխան, Թուրքիան պետք է ամեն օր ներկրի 30 մլն մ3 իրանական գազ, ինչից հետևում է, որ տարեկան ծավալը կկազմի 10 մլրդ մ3։ Սակայն BOTAS-ը 30 մլն մ3-ի փոխարեն ներմուծում էր օրական ընդամենը 25 մլն մ3։
Ընդ որում, Թաներ Յլդըզը հայտարարել է, որ Անկարան Իրանի հետ նավթամթերքների առևտրի ծավալների կրճատման պատճառներ չի տեսնում՝ ընդգծելով, որ իսլամական հանրապետության դեմ ուղղված պատժամիջոցները չեն արգելում նրան նավթից պատրաստված արտադրանք վաճառել։ Ըստ Թ.Յըլդըզի, Անկարայի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրերը նախատեսում են, որ Թուրքիան նավթ է գնելու Իրանից և փոխարենը նավթամթերքներ է մատակարարելու։
3.09.2010
Իրանը կարող է տարեկան մինչև 10 մլրդ մ3 ադրբեջանական գազ գնել
Իրանի և Ադրբեջանի միջև նոր գազամուղի շինարարությունից հետո Ադրբեջանից գնվող գազի ծավալը կաճի մինչև տարեկան 10 մլրդ մ3, Trend-ին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամեդ Բաղիր Բահրամին։
Ադրբեջանում 2010-2013թթ. գազային տնտեսության զարգացման հատուկ ծրագրի կետերից մեկը Կալմազ-Աստարա 360 կմ-անոց նոր գազամուղի շինարարությունն է։ SOCAR ընկերության մասնագետներն արդեն ձեռնամուխ են եղել նոր գազամուղի տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստմանը։
Բահրամիի խոսքերով՝ ավելի վաղ Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել էր կարճաժամկետ պայմանագիր գազի գնման մասին։ Շարունակվում են երկարաժամկետ գազային պայմանագրի կնքման աշխատանքները։
«Մենք ուզում ենք հինգ մլրդ մ3 գազ գնել։ SOCAR-ն այս ուղղությամբ զբաղված է առկա խողովակաշարը կատարելագործելով»,- նշել է Բահրամին։ Մասնավորապես, ներկայումս Աստարայում աշխատանքներ են տարվում գազակոմպրեսորային կայանի ընդլայնման ուղղությամբ։
Ադրբեջանն ու Իրանը կապում է Ղազի-Մահոմեդ-Աստարա-Բինդ-Բիանդ 1474,5 կմ-անոց գազամուղը (Ադրբեջանի տարածքում՝ 296,5 կմ)։ Այս երթուղին Ղազախ-Աստարա-Իրան խողովակաշարի մի ճյուղն է, որը շահագործման մեջ է մտել 1971թ.։ Դրա վրա կառուցվել է երեք կոմպրեսորային կայան՝ Ղազի-Մոհամեդում, Աղդաշում և Ղազախում։ Խողովակաշարի տրամագիծը 1200 մմ է։ Առկա միակ ենթակառուցվածքը թույլ չի տալիս դրանով գազի մեծ ծավալների տեղափոխում ապահովել։
Հունվարի առաջին կեսին SOCAR ընկերությունը և NIGEC-ը (Իրանի գազի արտահանման ազգային ընկերություն) Բաքվում ստորագրեցին կարճաժամկետ պայմանագիր Իրանին ադրբեջանական գազի մատակարարման մասին։
Ենթադրվում է, որ այս աշնանը կստորագրվի երկարաժամկետ պայմանագիր ադրբեջանական գազի մատակարարման մասին։ Իրանը հայտարարել է տարեկան մինչև 5 մլրդ մ3 ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին։ Այս մասին տեղեկացնում է «Иран.ру»-ն։
դեպի ետ