ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՆՈՐ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի արտաքին քաղաքական և տնտեսական գերակայություններում շարունակում են կարևորագույն դեր խաղալ ռուսաստանյան վեկտորն ու համագործակցությունը հետխորհրդային տարածքում։ Անցած 2007 թվականը և 2008թ. սկզբի իրադարձությունների դինամիկան ցույց են տալիս ինչպես Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների էական խորացումը, այնպես էլ դրանց քաղաքական կարևորության աճը Հարավկովկասյան տարածաշրջանում։
Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում ակտիվորեն զարգանում էր ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների հետ։ Մասնավորապես, անվտանգության ոլորտում Երևանի և Մոսկվայի համագործակցության առավել կարևոր իրադարձությունը վերջին տարվա ընթացքում պետք է համարել նորագույն զենիթահրթիռային համալիրներով (ԶՀՀ) ապահովված հայ-ռուսական համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի մարտական հերթապահության սկիզբը։ Համատեղ հերթապահության սկիզբն ազդարարող արարողությանը մասնակցելու համար 2007թ. փետրվարի 14-ին Երևան ժամանեց Ռուսաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը։ Նա մասնակցեց նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։ Հոկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, որը հանդիպումներ ունեցավ ՀՀ զինվորական և քաղաքական ղեկավարության հետ, ինչպես նաև տեսչական այցով եղավ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում։ 2007թ. վերջին ամբողջովին ավարտվեց 12-րդ և 62-րդ ռուսական ռազմակայանների անձնակազմերի և սպառազինության դուրսբերումը Վրաստանից և նրանց տեղակայումը Գյումրիի102-րդ ռազմակայանում։
2007թ. հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններից մեկը դարձավ Հայաստանի տնտեսության և հաղորդակցային ենթակառուցվածքների մեջ ռուսական կապիտալի ներթափանցման ուժեղացումը։ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը 2007թ. առաջին 9 ամիսների ընթացքում (2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ) աճեց ավելի քան 5 անգամ, ինչը ՀՀ պետական վիճակագրական ծառայության տվյալներով կազմել է Հայաստանի տնտեսության իրական հատված մտած օտարերկրյա ներդրումների 37,4%-ը և ուղղակի ներդրումների 32,6%-ը։
Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը նույն ժամանակահատվածում աճել է 68,2%-ով և կազմել է $632,1 մլն։ Ընդ որում, թեև որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ գտնում են, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներկայության ավելացման միտումը սպառնալիք է ներկայացնում ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու համար, հայկական քաղաքական վերնախավի զգալի մասն այդ փաստն ընկալում է այլ կերպ։ Նրանց կարծիքով՝ Հայաստանում ռուսական կապիտալի դիրքերի ուժեղացումը (ինչը, բնականաբար, շատ դեպքերում պայմանավորված էր քաղաքական դրդապատճառներով) Երևանի հավասարակշռված և բազմավեկտոր քաղաքականության արդյունք է։ Վրաստանում և Ադրբեջանում Մոսկվայի դիրքերի թուլացմանը զուգընթաց՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը պահպանելու համար հայկական վեկտորը հետզհետե ավելի մեծ նշանակություն ձեռք բերեց։ Սա, իր հերթին, Մոսկվայից ավելի մեծ ուշադրություն է պահանջում իր հայկական դաշնակցի տնտեսական շահերի նկատմամբ։ Չի կարելի հաշվի չառնել հայկական քաղաքական և գործարար շրջանակների զուտ պրագմատիկ հետաքրքրվածությունն այս հարցում, քանի որ շատ հստակ է, որ վերջին ժամանակներս Հայաստանի կայուն տնտեսական աճի համար քաղաքականորեն պատճառաբանված ռուսական ներդրումները ծանրակշիռ գործոն են հանդիսացել։
Խնդրի էությունն ավելի ակնառու ներկայացնելու համար փորձենք ցույց տալ երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդհանուր դինամիկան վերջին տարվա ընթացքում։ 2007թ. հունվարի 24-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վ.Պուտինի և Ռ.Քոչարյանի աշխատանքային հանդիպումը։ Համաձայն ԶԼՄ հաղորդումների՝ հանդիպման ժամանակ երկկողմ քաղաքական և հատկապես տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ է քննարկվել։ Այդ հանդիպումից հետո տեղեկատվություն հայտնվեց, որ ռուսական կողմը՝ հանձին «Գազպրոմ» ընկերության, քննարկում է Հայաստանի՝ Իրանի հետ սահմանամերձ շրջանում մոտ 7 մլն տոննա տարեկան արտադրական հզորությամբ նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) համատեղ շինարարության հարցը։ Փորձագետների գնահատմամբ՝ ՆՎԳ շինարարությունը կարժենա մոտ $2,7 մլրդ, որից մոտ 1 մլրդ-ն կկազմեն տրանսպորտային ենթակառուցվածքներ ստեղծելու ծախսերը։ Վերջինս թույլ կտա ապահովել Թավրիզ քաղաքից 200կմ խողովակաշարով նավթի մատակարարումը և վերամշակված նավթամթերքների հետադարձ առաքումը Իրան երկաթուղով։ Բնական է, որ տվյալ նախագծի (եթե այն իրականացվի) առկայությունը պայմանավորված է առաջին հերթին քաղաքական նկատառումներով։ Ընդ որում՝ ի սկզբանե հայկական կողմը Ռուսաստանին առաջարկում էր կառուցել ընդամենը 3-4 մլն տոննա հզորությամբ գործարան։ Սակայն ռուսական կողմը հանդիպակաց առաջարկություն արեց՝ գրեթե կրկնակի ավելացնելով նախագծվող ՆՎԳ հզորությունը։ Բուն Հայաստանի պահանջարկը չի գերազանցում տարեկան 250 հազար տոննա նավթամթերքը։ Վերամշակվող նավթի մնացած քանակությունը, ըստ երևույթին, պետք է հետ առաքվի Իրան։ Սակայն դեռ պարզ չէ՝ կկենսագործվի՞ արդյոք սույն նախագիծը, թեև ՆՎԳ շինարարությունը բավական մանրամասն քննարկվել էր ՀՀ և ՌԴ վարչապետեր Ս.Սարգսյանի և Վ.Զուբկովի առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2007թ. սեպտեմբերի վերջին։
2007թ. հայկական շուկայում ռուսական կապիտալի մասնաբաժնի ավելացման միտումները դրսևորվեցին նաև կապի և հաղորդակցության, ինչպես նաև էներգետիկ, լեռնարդյունահանման ու ֆինանսաբանկային ոլորտներում։ 2007թ. կեսերին «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել Հայաստանին 1000 մվտ հզորությամբ նոր ԱԷԿ կառուցելու հարցում և իր ֆինանսական մասնակցությունն ունենալ $2 մլրդ նախնական արժողությամբ այդ նախագծի իրականացմանը։
Քննարկվել է նաև Հայաստանի տարածքում գտնվող ուրանի հանքերից հումքի արդյունահանմանը «Ռոսատոմի» մասնակցության հարցը։ 2008թ. հունվարի 21-ին Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախարար Ի.Լևիտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է նաև լուրջ ներդրումներ կատարել Հայաստանում ուրանի հետախուզման և արդյունահանման ասպարեզում, ինչպես նաև Մեծամորի ԱԷԿ-ի կառավարման և նոր ԱԷԿ-ի շինարարության ուղղությամբ։
2007թ. սեպտեմբերի 14-ին ռուսական МТС ընկերությունը ձեռք բերեց հայկական K-Telecom (հայկական շուկայում այն հայտնի է Viva-Cell ապրանքանիշի անվամբ) բջջային կապի ընկերության բաժնետոմսերի 80%-ը, ինչպես նաև նախնական-իրավունքային համաձայնագիր ստորագրեց մնացած 20%-ը գնելու վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմեց €310 մլն։ Սեպտեմբերի 21-ին ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ներդրումային ընկերության TDA Holding Limited դուստր ձեռնարկությունը $13 մլն-ով գնեց «Հայներարտբանկի» արժեթղթերի 96.15%-ը։ Նախատեսվում է, որ «Տրոյկա դիալոգը» և «Ամերիա» ընկերությունը «Հայներարտբանկի» հիմքի վրա կստեղծեն ներդրումային բանկ, որն իր հաճախորդներին լայն ծառայություններ կառաջարկի, և արդեն 2008թ. սկզբին բանկում մոտ $50 մլն կներդրվի։
2007թ. դեկտեմբերի 1-ին «Գազպրոմբանկը» հայտարարեց «Առէքսիմբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 80.09%-ը ձեռք բերելու մասին։ «Առէքսիմբանկը» գնելուց հետո նրա գործունեության հիմնական գործառույթներ կդառնան դրամարկղահաշվարկային գործառույթները, խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորումը և առևտրային ու նախագծային ֆինանսավորումը։
2007թ. նոյեմբերին «Մառնեուլի» ԲԸ-ն, որը Վրաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերություններից է և ռուսական «Արդյունաբերական ներդրողներ» ֆինանսաարդյունաբերական խմբի դուստր ձեռնարկությունն է, դարձավ Արարատի ոսկու կոմբինատի (AGRC) սեփականատերը։ 2007թ. դեկտեմբերին հայտարարվեց նաև, որ փաստորեն «Ռուսական երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ-ն հաղթող դարձավ «Հայկական երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման իրավունքի համար հայտարարված միջազգային մրցույթում։ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ՌԵՃ-ը պատրաստ է ներդնել 174.5 մլրդ դրամ ($570 մլն)։ 2008թ. հունվարի կեսից ՌԵՃ-ի այս նախագիծը թևակոխել է գործնական փուլ։
Արդյունքումч Հայաստանի տնտեսության մեջ ռուսական կապիտալի ծավալուն ներդրումները վերջին շրջանում հանգեցրին նրան, որ հայկական քաղաքական վերնախավի, փորձագետ-քաղաքագետների և լրագրողների զգալի մասի կողմից Ռուսաստանի ընկալումն անսպասելիորեն բարելավվեց։ Եթե նախկինում Ռուսաստանի պետական և ոչ պետական տարաբնույթ կառույցների (այդ թվում՝ բարձրագույն իշխանությանը մոտ կանգնած) փորձերը՝ ուղղված Հայաստանի հասարակական-քաղաքական գիտակցության մեջ Ռուսաստանի խաթարված վարկը և նրա ընկալումը բարելավելուն, հանգեցնում էին ճիշտ հակառակ արդյունքի (խոսքը Հայաստանում ռուսական շահերի պաշտպանության նախկինում ընդունված ձևերի մասին է, որոնք միայն կրկնօրինակում էին արևմտյան տիպի հիմնադրամների, ինստիտուտների և կանխակալ ԶԼՄ-ի գործունեությունը), ապա վերջին տարում իրավիճակը փոխվել է։
Ըստ երևույթին, հետխորհրդային շրջանում առաջին անգամ Մոսկվայի կողմից իրականացվող «Տնտեսական ներդրումներ քաղաքական լոյալության դիմաց» յուրօրինակ նախագիծը Հայաստանում արդյունավետ մեխանիզմ դարձավ քաղաքական և մեդիա վերնախավի ավանդական «արևմտամետ» հասարակական կարծիքի վրա ներազդելու համար։ Ռուսական օլիգարխների և պետական կորպորացիաների կողմից Հայաստանում ներդրված փողերը քաղաքական ազդեցության ավելի գուրծուն և ցանկալի ռեսուրս դարձան, քան որոշ ռուսաստանյան «քաղաքական տեխնոլոգների» կոմբինացիաները կամ Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունն իրագործող և հսկող ռուսաստանյան «ուժայինների» որոշակի մասի կողմից Երևանին ուղղված սպառնալից ժեստերը։ Այն, ինչին Ռուսաստանը չկարողացավ հասնել սպառնալիքներով ու շանտաժով, գուցե ստանա «լոյալությունը գնելով»։ Հնարավոր է, որ ռուսական այս յուրահատուկ և առավել գրավիչ «soft power» (արևմտյան քաղաքագիտական տերմինաբանությամբ) քաղաքականության արդյունավետությունը վերջապես գիտակցվել է նաև բուն Ռուսաստանի առաջատար քաղաքական գործիչների և քաղաքագետների կողմից։ Կարելի է նույնիսկ խոսել այդ քաղաքականության թող որ ոչ լիարժեքորեն գիտակցված, բայց հետխորհրդային տարածքում դրա կենսագործումը կոնկրետ ձևով արտահայտող հայտանիշերի մասին։
Նման միտման յուրատեսակ արտահայտություն կարող է հանդիսանալ «Պոլիտիկա» հիմնադրամի տնօրեն, ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Վ.Նիկոնովի կարծիքը, ըստ որի՝ Մոսկվային անհրաժեշտ է այնպիսի գործնական քայլեր կատարել, որոնք կհամոզեն Երևանին կոնկրետ տնտեսական օգնություն ցույց տալու իր պատրաստակամության մեջ։ 2008թ. հունվարի 28-ին РИА «Новости» գործակալության հրապարակած հոդվածում Վ.Նիկոնովը նշում է, որ «հաշվի առնելով Ռուսաստանի ֆինանսական հնարավորությունները՝ Հայաստանը պետք է ներառել արտասահմանյան ուղղակի օգնությունն առաջնահերթ կերպով ստացողների ցանկում»։ Հայտնի քաղաքագետի կարծիքը բոլորովին չի նշանակում, թե այն իրականում կիրագործվի (կամ կարող է իրագործվել) մոտ ապագայում։ Առավել ևս, որ Վ.Նիկոնովի հոդվածը հրապարակվել է՝ ելնելով Հայաստանում նախագահական ընտրությունների քաղաքական իրադրությունից։ Սակայն քաղաքագետի այս միտքը շատ է նման աշխարհի 16 երկրներին (այդ թվում՝ Վրաստանին և Հայաստանին) ցույց տրվող տնտեսական օգնության ամերիկյան ծրագրին («Հազարամյակների մարտահրավերներ»), որն իրագործվում է սկսած 2006թ. և նախատեսում է մոտակա տարիներին Հայաստանին աջակցություն ցույց տալ մոտ $235 մլն-ի չափով։ Չէ՞ որ գաղտնիք չէ. «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը Վաշինգտոնը դիտարկում է նաև որպես գործիք՝ իր քաղաքական նպատակներն իրագործելու և աշխարհի կարևորագույն տարածաշրջաններում (այդ թվում և Հարավային Կովկասում) իր ազդեցությունը ուժեղացնելու համար։
Այսպիսով, կարելի է խոսել հայ-ռուսական հարաբերություններում նոր միտման ամրագրման և դրա կենսագործման նոր մեխանիզմների ի հայտ գալու մասին, ինչն արտահայտվում է հայաստանյան տնտեսության մեջ ռուսական կապիտալի ներգրավման նախագծերի հայտնվելով։ Վերջիններս թեկուզ քաղաքականապես են պատճառաբանված, բայց, ըստ էության, նաև տնտեսական գրավչություն ունեն (թեև, ցավոք, հաճախ այլընտրանք չունեն)։ Իսկ այս ամենն արդյունքում հանգեցնում է հարավկովկասյան քաղաքական գործընթացներում Ռուսաստանի տեղի ու դերի մասին հայկական վերնախավի ու հանրության ունեցած մոտեցումների ու ընկալման փոփոխությանը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ[23.09.2013]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ[02.05.2013]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»[28.03.2013]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ[10.12.2012]
- ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[15.10.2012]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ[24.09.2012]
- ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ[27.07.2012]
- ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ[14.02.2012]
- ՀՀ ԵՎ ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[01.09.2011]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[07.02.2011]
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ[21.10.2010]