• am
  • ru
  • en
Версия для печати
12.06.2008

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ

Руский

   

Աղբյուրը՝ Ստեֆան Բլանկ, Eurasianet
Ստեֆան Բլանկը ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս է։ Սույն հոդվածում արտահայտված տեսակետները որևէ առնչություն չունեն ԱՄՆ զինված ուժերի, Պաշտպանության նախարարության կամ ամերիկյան դեսպանատան մոտեցումների հետ։


http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/

 

Nagorno Karabakh (original)Կովկաս. անկայունության գոտի.- Քրդական հարցը, հատկապես, քրդերի հայրենիքի ստեղծման առումով, լրացուցիչ բարդություններ է մտցնում Իրաքում կայունություն հաստատելու գործընթացում։ Այսօր միջազգային փորձագետները մտահոգություն ունեն, թե քրդական հարցը կարող է դառնալ լարվածության և հնարավոր է՝ նոր հակամարտության աղբյուրներից մեկն Անդրկովկասում։

Ինչպես հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, քուրդ զինյալները, մասնավորապես՝ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները, ստանալով Երևանում հայկական կառավարության գաղտնի աջակցությունը, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից գրավյալ առանձին շրջաններում։ Ըստ առկա տվյալների՝ քրդերից շատերը վերաբնակեցվում են ռազմավարական նշանակություն ունեցող, ներկայումս Հայաստանի կողմից գրավված, իսկ նախկինում Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լաչինի միջանցքում։ Լաչինի շրջանի վերահսկողությունը դարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական «փորձաքարերից» մեկը։

Մինչև Ղարաբաղյան հակամարտության բռնկվելը Լաչինում բնակվում էին մեծ թվով քրդեր, իսկ 1920թ. այն մտնում էր ԽՍՀՄ Քրդական Ինքնավար Մարզի կազմի մեջ։ Քուրդ բնակչության մեծ մասը ղարաբաղյան պատերազմի տարիներին լքեց այս շրջանը։ Բայց փաստը մնում է փաստ, որ Լաչինում առկա է քրդերի բնակության պատմական նախադեպը։ Սակայն նույնիսկ սրանով հանդերձ նրանց վերադարձը, հատկապես եթե ճիշտ են նորաբնակների շրջանում ՔԲԿ զինյալների առկայության վերաբերյալ տեղեկությունները, հղի է տարածաշրջանային անվտանգությանն սպառնացող լուրջ խնդիրներով։

Վերջին շրջանում թուրքական և ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ահազանգում են քրդական սպառնալիքի և քրդերի վերադարձի գործընթացում Հայաստանի ենթադրվող դերակատարության մասին՝ իրենց հրապարակումներում ակնհայտորեն թեմայի շուրջ չափազանցությանը տուրք տալով։ Հոդվածագիրները պնդում են, որ քուրդ զինյալները կազմակերպում են զորավարժանքների ճամբարներ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ նրա հարակից շրջաններում, և որ հայկական իշխանությունները քրդերին հեռահաղորդակցման պետական մարմիններից օգտվելու «մուտքի իրավունք» են ընձեռում։ Նշվում է նաև, որ Հայաստանի քաղաքական կազմակերպությունները, ինչպիսին, օրինակ, Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, ամեն կերպ աջակցում են քրդերին՝ նրանց դիտարկելով որպես միջոց՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի վերահսկողությունն ամրապնդելու գործում։ Բացի այդ, թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ն ընդգծում են, որ Անկարայում և Բաքվում ՔԲԿ-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

«Հնարավոր է, որ ՔԲԿ ղեկավարությունն այնքան էլ ապահով չի զգում իրեն Հյուսիսային Իրաքում և մտադիր է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ», - մայիսի 14-ի համարում գրում է Ստամբուլի «Ենի Շաֆաք» թերթը՝ Թուրքիայի կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության մոլի ջատագովը։ Հոդվածում բերված տվյալներն անկախ կարգով ստուգվելու ենթակա չեն։

Հայաստանի իշխանությունները վճռականապես հերքում են ՔԲԿ ներկայությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղի տարածքում։ «Քրդստանի բանվորական կուսակցության՝ Լեռնային Ղարաբաղ և նրա ենթայակության տակ գտնվող տարածքներ տեղափոխվելու մասին չհիմնավորված լուրերը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական սադրանք»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Գուցե մամուլում հայտնված հաղորդագրությունների նշանակությունը նվազեցնելը գայթակղիչ թվա՝ դրանք վաղեմի հակառակորդի՝ Հայաստանի դեմ ուղղված թուրքական և ադրբեջանական քարոզչությանը վերագրելով։ Սակայն ընդհանրապես անտեսել նրանց հայտարարությունները և չմտահոգվելը կարող են վտանգավոր լինել։ Դրանք հետագա ուսումնասիրման կարիք ունեն։

Վտանգ կա, որ Թուրքիան և Ադրբեջանը կարող են գործը վերցնել իրենց ձեռքը՝ քրդական սպառնալիքը պատրվակ օգտագործելով Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Ինչպես նշում է քաղաքական վերլուծաբան Մուհաբիզ Ահմեդօղլուն Բաքվի «Էխո» օրաթերթում փետրվարին հրապարակած հոդվածում, իր երկրի քաղաքական ղեկավարությունը կարող է իրեն պարտավորված զգալ ուժ կիրառելու քրդական հարցը լուծելու գործում։ «Եթե Հայաստանը շարունակի շարժվել այդ ուղղությամբ, ապա Ադրբեջանը կուժեղացնի դիմադրությունը, ընդ որում՝ ոչ միայն դիվանագիտական մակարդակում։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է անցնել իրական ռազմական գործողությունների։ Ես գիտեմ պաշտոնյաների, որոնք վերջերս արել են նման հայտարարություններ, և ես այդպիսի տպավորություն եմ ունեցել»,- գրել է Ահմեդօղլուն։ Այսպես, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հրապարակայնորեն հայտարարել է, որ Բաքուն կվերանայի ռազմական գործողությունների անցկացման հնարավորությունները՝ քուրդ զինյալներին ոչնչացնելու նպատակով։

Բացի այդ, Թուրքիայի զինվորական ղեկավարները վերջին ամիսներին հրաման են արձակել Հյուսիսային Իրաքի տարածքում տեղակայված ՔԲԿ կայանների դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ և ակնարկել են, որ կմտածեն քուրդ զինյալների դեմ պայքար մղելու մասին՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Դա տեղիք է տալիս ենթադրելու, որ Թուրքիան կարող է դիտարկել նաև Ղարաբաղի կամ նույնիսկ Հայաստանի դեմ ռազմական արշավանքի հարցը։

Այն փաստը, որ թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ն դժգոհում են Ղարաբաղի տարածքում քրդական ռազմական ներկայությունից, ուղղակի պարտավորեցնում է միջազգային հանրությանը և, հատկապես, Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, գործողություններ ձեռնարկել։ Անհրաժեշտ է կրկնապատկել Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները «վերակենդանացնելուն» ուղղված ջանքերը՝ չեզոքացնելու, կամ, առնվազն հնարավորինս սահմանափակելու իրադարձությունների անցանկալի ընթացքի հավանականությունը։


դեպի ետ