
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆ ԼԻՆԵԼԸ ԼԱ՞Վ Է
Այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում վտանգավոր աշխուժություն է հասունանում, նկատվում էր 2004թ. ապրիլից։ Պատճառներից մեկը Վաշինգտոնի՝ իրավիճակի համակարգային ապակայունացմանն ուղղված քաղաքականությունն էր՝ հեռուն գնացող նպատակներով։ Շատ փորձագետներ կարծում են, թե այս պատերազմը Հարավային Օսիայում, Թբիլիսիի համար բարեհաջող ավարտվելու դեպքում, պետք է «մոդել» դառնար էլ ավելի մեծ իրադարձությունների, օրինակ՝ Իրան ամերիկա-իսրայելական ներխուժման կամ Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման համար։
Ողջ Հայաստանը, շունչը պահած, հետևում էր պատերազմի աստիճանական ծավալմանը Հարավային Օսիայում։ Հայկական բոլոր հեռուստաալիքներն օրը մի քանի անգամ պատմում էին այդ իրադարձությունների մասին։ Եվ ոչ միայն նրա համար, որ երկրում շատ ընտանիքներ սովորություն ունեն հանգստանալ աջարական ծովափում։ Հայերը պարզապես չեն կարող ուղղակի ցեղասպանության վերածված անարդարության համակիրը լինել։ Եվ այս հարցում նրանք չէին կարող օսամետ կամ, եթե ավելի հարմար է՝ ռուսամետ տրամադրված չլինել։ Միայն եզակի արմատական-արևմտամետ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ եղան, որ կարեկցեցին Թբիլիսիին խաղաղ բնակչության ոչնչացման ճանապարհով «տարածքային ամբողջականության վերականգնման» հարցում։ Ինչպես հանրահայտ «Շանթ» հեռուստաընկերության եթերով օգոստոսի 12-ին ասաց հայտնի մարտական գեներալ, ՀՀ Ազգային ժողովի հեղինակություն վայելող պատգամավոր Արթուր Աղաբեկյանը, «ակնհայտ էր, որ Սահակաշվիլուն պարզապես անհրաժեշտ էր ոչ այնքան այդ տխրահռչակ տարածքային ամբողջականությունը, որքան տարածքն առանց օսերի» (ճիշտ այնպես, ինչպես շատերին պետք է «Հայաստանն առանց հայերի»)։ Աղաբեկյանը, որ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն էր, վրացական ուժերի հարձակումը համեմատեց 1941թ. հունիսի 22-ին ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի ուխտադրուժ հարձակման հետ՝ նշելով ընդհանրապես ռազմական տեսակետից Սահակաշվիլու գործողությունների անհասկանալիությունը (Գենշտաբ, որպես այդպիսին, վրացիները չունեին) և մարտավարական որևէ տրամաբանության բացակայությունը։ Նրա կարծիքով՝ արկածախնդրությունը սկզբից ևեթ դատապարտված էր տապալման:
Սակայն Կովկասում բոլորը չէ, որ այդպես էին մտածում։ Արտասովոր աշխուժություն էր նկատվում Ադրբեջանում. այստեղ պատգամավորներն ու փորձագետները միահամուռ և ամենայն լրջությամբ սկսեցին քննարկել, որ պետք է սովորել Վրաստանից ու ռազմերթ կազմակերպել Ստեփանակերտի վրա (այսօր նրանց լավատեսությունը պակասել է)։ Ահա թե ինչպես են նկարագրում ականատեսները Բաքվում վերջին օրերին կատարվածը. «...Ադրբեջանական ԶԼՄ-ն (հիմնականում) ուլտրահայրենասիրական հիսթերիայի մեջ է ընկել՝ դատապարտելով Ռուսաստանի «ագրեսիվ» կայսերական քաղաքականությունը և պաշտոնական Բաքվին կոչ անելով օրինակ վերցնել Միխայիլ Սահակաշվիլուց ու մի հարվածով վերցնել Ղարաբաղը... Հիմնականում, այնուամենայնիվ, գրում են այն տղերքը, որոնք երբեք չեն եղել Ղարաբաղյան ճակատում պատերազմի ժամանակ, մարդկանց չեն սպանել ու եղբայրներ չեն կորցրել։ Մի խոսքով՝ next սերնդի երկարականջ հերոսները՝ պրովոկատոր-գործիչների հետ խառնված, ներկա պահին փորձում են ձևավորել հանրային կարծիքն Ադրբեջանում»։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Խազար Իբրահիմը ջանադրաբար պնդում էր, թե Վրաստանը «լիազորություն» ունի վերականգնելու իր «տարածքային ամբողջականությունը»։
Թուրքական ծագում ունեցող ամերիկյան փորձագետ Զեյնո Բարանը՝ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզայի տիկինը, հայտարարել է, թե Վրաստանն «իր տարածքն ազատագրելու» բոլոր իրավունքներն ունի, քանի որ այլևս «համբերել չէր կարող»։ Տիկինը նախկինում ևս աչքի է ընկել խիստ ռազմաշունչ արտահայտություններով, որոնք շփոթեցրել են անգամ նրա համախոհներին, նա անզուսպ գովերգել է Բաքուն՝ որպես տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիր, իսկ այժմ լրիվ է չափն անցել։ Սակայն «ազատագրումը» տեղի չունեցավ։ Հաղթանակը տեր շատ ունի, պարտությունն է, որ որբ է։ Վրացական բանակի պարտությունից հետո Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքը ծանր տպավորություն թողեց... Երևում է՝ մարդիկ Վրաստանում մինչ այժմ չգիտեն, որ հարձակումը գործել է Վրաստանը, որ վրացի զինվորականներն են դաժանաբար ոչնչացրել օս խաղաղ բնակիչներին, որոնց իրենց համաքաղաքացիներն են համարում։ Միխայիլ Սահակաշվիլին CNN-ին պատմել է միայն այն, ինչ նախապես պատրաստված էր ապատեղեկատվական վարկածով։ Զարմանալի չէ. «վարդերի հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ առանց CNN-ի և գլոբալ այլ մաս-մեդիաների ինֆոաջակցության։ Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի սկսվելու դեպքում նույնպես «անկախ» արևմտյան հեռուստաալիքները կխմբագրեն իրադարձությունները, իսկ ՄԱԿ ԱԽ-ում այն երկրների ներկայացուցիչները, որոնք, ավելի քան մյուսները, էներգառեսուրսների կարիք ունեն, կսկսեն պաշտպանել այնպիսի ագրեսիան, ինչպիսին է «տարածքային ամբողջականությունը վերականգնելու Ադրբեջանի իրավունքը»։
Հարավային Օսիայի (որտեղ ագրեսորի խնդիրը բավական հեշտանում էր Տրանսկովկասյան ավտոմայրուղու նկատմամբ վրացական անկլավների վերահսկմամբ) շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ բուֆերային գոտու՝ որպես պաշտպանության միասնական ռազմավարական հենակետի, գոյության կարևորությունը։ Բարյացակամ խոսքերն ու խաղաղ կարգավորման պաշտպանությունը գործնականում ոչինչ չարժեն, և ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը միշտ պետք է լրիվ մարտական պատրաստության մեջ գտնվեն, եթե հանկարծ Բաքուն, թևավորված Սահակաշվիլու սկզբնական «հաջողություններով», որոշի կրկնել նրա փորձարկումը։ Նշենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ևս լարվածություն է առաջացել. վրացական կողմը պնդում է, որ հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմակայանից են հենց թռել ռուսական ռմբակոծիչները, ինչի մասին հաղորդել է «Ալանիա» հեռուստաընկերությունը։ Վրաստանը մեղադրել է Հայաստանին համաձայնագիրը խախտելու մեջ, ըստ որի Հայաստանը չպետք է միջամտեր վրաց-օսական հակամարտությանը։ Հայաստանը հերքել է մեղադրանքը, և Վրաստանի դեսպանն էլ Երևանում հավաստիացրել է, որ նման բան չի եղել։ Սակայն չի երևում, թե Թբիլիսին պատրաստվում է ներողություն խնդրել իր կեղծիքի համար, որն այդքան լայնորեն տարածվել է ադրբեջանական լրատվամիջոցներով։ Պատերազմը Հարավային Օսիայում ցույց տվեց, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին աշխարհում իր տեղից ու դերից զրկելու մշակված ծրագիր ունի, և օսերի, հայերի, իրաքցիների, իրանցիների, քրդերի կյանքը՝ ընդամենը խաղաքար է այդ խաղում։ Տխրահռչակ «ժողովրդավարացումը» տարածաշրջանի ժողովուրդներին այդ խաղի մեջ ներքաշելու ընդամենը լպիրշ առիթ է։
Հայ հասարակությանը (ինչպես և Հայաստանի ղեկավարությանը) անհրաժեշտ է ձերբազատվել վերջին պատրանքներից. Կովկասյան տարածաշրջանում դավանանքի գործոնն այլևս այնքան էլ շատ բան չի նշանակում. այստեղ այլ՝ Մեծ խաղ է սկսվել, որում քրիստոնյաները կարող են ոչնչացնել քրիստոնյաներին՝ ի շահ այդ Խաղի վարպետների։ Երևանը պետք է հասկանա, որ ոչ միայն Բաքուն, այլև մյուս կարևոր «վուամ»-ականները նույնպես նրա բարեկամները և անգամ գործընկերները չեն. ո՛չ Թբիլիսին, որ մշտապես թեժացնում է իրադրությունը հայկական Ջավախքում, ո՛չ նույնիսկ վրացիներին օսերի և ռուսների դեմ արկածախնդրության մեջ օգնող Կիևը չեն կարող այլևս Հայաստանի համար լրիվ բարեկամական մայրաքաղաքներ համարվել։ Կուզենայինք մտածել, որ դրանով հանդերձ արտաքին քաղաքականության ռուսական ու եվրոպական վեկտորները նախկինի պես կկարողանան զուգակցվել Երևանի արտաքին քաղաքականությունում։ Համենայնդեպս, հայ դիվանագիտությունը և Ստեփանակերտը պետք է լրջորեն վերլուծեն հարավօսական պատերազմի իրադարձությունները, ճշտեն իրենց մոտեցումներն ու նոր քաղաքականություն որդեգրեն։
Շուշան Խաթլամաջյան
Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտ, Երևան
http://fondsk.ruդեպի ետ