• am
  • ru
  • en
Версия для печати
06.10.2008

«ՈւՆԵՑՎԱԾՔԻ ՀԱՐԿԸ» (Varlık vergisi) ԿԱՄ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԹՈՒՐՔԱՑՄԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

   

Ռուբեն Մելքոնյան

1_image (original)(Սույն հոդվածը տպագրվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Օսմանագիտական և թյուրքագիտական հետազոտություններ» մատենաշարի 5-րդ հատորում, Երևան, 2008)


Ազգային-կրոնական փոքրամասնությունները կամ ոչ մուսուլմանները Օսմանյան կայսրությունում գրեթե միշտ ենթարկվել են տարաբնույթ հալածանքների` նրանց նկատմամբ կիրառվել են օրենքով ամրագրված սահմանափակումներ, խտրականություններ, բռնաճնշումների կոշտ քաղաքականություն և այլն: Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների կոտորածների արդյունքում ժառանգեց անհամեմատ ավելի փոքրաթիվ ազգային-կրոնական փոքրամասնությունների համայնքներ, սակայն նրանց հանդեպ պետական քաղաքականությունը և վերաբերմունքը շարունակվեց նույնը` փոքրամասնությունները վտանգավոր են, թշնամի և օտար։ Վստահաբար կարող ենք պնդել, որ ազգային փոքրամասնությունները հանրապետական Թուրքիայում դրա հիմնադրման սկզբից ևեթ ենթարկվել են տարատեսակ հալածանքների և բռնաճնշումների, չնայած որ Լոզանի պայմանագրով տեսականորեն պաշտպանված էին նրանց իրավունքները: Ոչ մուսուլմանների հանդեպ Թուրքիայի Հանրապետությունում կիրառվել է բռնաճնշումների մի ամբողջ համալիր` աքսոր1, ձուլում, կրոնական, քաղաքական, տնտեսական հալածանքներ` նպատակ հետապնդելով ձևավորել միատարր Թուրքիա:

Սույն հոդվածով փորձ է արվում ներկայացնել 1942թ. կիրառության մեջ մտած, այսպես կոչված, «Ունեցվածքի հարկի»-ի («Varlık vergisi») էությունը, որը հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում տնտեսական ոլորտում կրոնական փոքրամասնությունների դեմ գործադրված ամենախոշոր և ծանր հետևանքներ առաջացրած մի քայլ էր: «Ունեցվածքի հարկ»-ը կարելի է դասել քիչ ուսումնասիրված թեմաների շարքին և, ընդ որում, ոչ միայն հայաստանյան թուրքագիտության մեջ, այլև ընդհանրապես։ Այս թեման տասնամյակներ շարունակ թաբու է եղել Թուրքիայում, պետական լուրջ հսկողությունը գրեթե չի թույլատրել փաստերի արտահոսք: Տարբեր երկրների մամուլում, այդ թվում և գիտական, սպրդած տեղեկությունները շատ հաճախ կրկնել են մեկը մյուսին և ունեցել, ըստ էության, մակերեսային բնույթ: Պետք է նշել, որ թուրքական աղբյուրները ևս ժլատ են գտնվել տեղեկություն տալու առումով, և մինչև վերջին տարիները ամենալուրջ թուրքական աղբյուր էր համարվում ժամանակի Ստամբուլի ֆինանսական վարչության պետ Ֆայիք Օքթեի 1951թ. տպագրած «Ունեցվածքի հարկի աղետը»2 փաստագրական գիրքը, ուր նախկին պաշտոնյան մանրամասներ է ներկայացնում հարկային այս պատժամիջոցի մասին, որի գործադրմանն ինքն էլ բավական ակտիվ ներգրավված է եղել: Սակայն հարկ է նշել, որ վերջին տարիներին այս թեմայի վրա եղած թաբուն որոշակի ճաքեր է տվել, և ներկայումս Թուրքիայում կարելի է հանդիպել «Ունեցվածքի հարկ»-ի մասին տպագրված մեկ-երկու քիչ թե շատ անաչառ գրքերի ու հոդվածների, որոնք, միևնույն ժամանակ, բավական մեծ փաստագրական բազա են ընդգրկում: Թեմայի ուսումնասիրության համար տեղեկատվության կարևոր աղբյուր են ծառայում նաև այն մարդիկ, որոնց նկատմամբ անմիջականորեն կիրառվել է այս հարկատեսակը: Սակայն չպետք է կարծել, թե Թուրքիայում «Ունեցվածքի հարկ»-ի թեմայի մասին եղած թաբուն ընդհանրապես վերացել է. ուղղակի «եվրոպական երկիր» դառնալ ձգտող Թուրքիան ներկայումս, ըստ երևույթին, ստիպված է գոնե արտաքուստ որոշ քայլեր անել և, օրինակ, բացահայտ չխոչընդոտել նման գրքերի լույսընծայումը կամ հալածել հեղինակներին, ինչը պատահել է քանիցս։ Նույն Ֆայիք Օքթեի գրքի տպագրումից հետո, ինչպես և պետք էր սպասել, ծայր է առել քննադատության ու մեղադրանքի գործընթաց: Նույնիսկ հարկի կիրառման վերացումից տասնամյակներ հետո էլ Թուրքիայում այդ մասին գրելն անվտանգ չէ: Օրինակ, ստամբուլահայ Երվանդ Օզուզունին «Ակոս» թերթի 1998թ. նոյեմբերի 13-ի համարում «Ունեցվածքի հարկի» մասին նրա գրած հոդվածի պատճառով մեղադրանք է հարուցվել թուրքական քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով, որը նախատեսում է 2-6 տարի ազատազրկում: Երկարատև դատական քաշքշուկներից հետո է միայն հոդվածագիրը արդարացվել:

Ինչպես խոստովանում է «Ունեցվածքի հարկի» խնդրով երկար տարիներ զբաղվող թուրք գիտնական Այհան Աքթարը, Թուրքիայի պետական արխիվների «Ունեցվածքի հարկի» հարցի հետ կապված նյութերը փակ են բոլոր հետազոտողների, այդ թվում և թուրքերի առջև3: Այս հանգամանքն էլ Աքթարին ստիպել է հարկի մասին նյութեր փնտրել արտասահմանյան, ավելի կոնկրետ` ամերիկյան և անգլիական արխիվներում: Ի տարբերություն թուրքական պաշտոնական աղբյուրների, այս արխիվներում Աքթարը հայտնաբերել է բավական քանակությամբ վավերագրեր, որոնք վերաբերում են ոչ միայն «Ունեցվածքի հարկ»-ին, այլև ընդհանրապես այդ ժամանակաշրջանում Թուրքիայում փոքրամասնությունների դեմ կիրառված զանազան հալածանքներին ու պատժամիջոցներին: Այդ տվյալները հիմնականում հավաքվել են ժամանակի Թուրքիայում աշխատող ամերիկյան և անգլիական դիվանագետների ներկայացրած զեկույցների հիման վրա: Այդ զեկույցներից շատերը, որոնք կրել են «գաղտնի» կամ «հույժ գաղտնի» դասիչները, ներկայումս հասու են սույն խնդրով զբաղվող գիտնականներին, և դրանցից մի քանիսը, որ վերաբերում են «Ունեցվածքի հարկ»-ին, ներկայացված են նաև Աքթարի գրքում:

Եթե Թուրքիայում տպագրված գրքերը, որոնք քննադատում են «Ունեցվածքի հարկ»-ը, կարելի է մատների վրա հաշվել, ապա այդ հարկի կիրառությունը պաշտպանող «գիտական» գրքերն անհամեմատ ավելի շատ են: Բացի այդ, այս խնդրում ևս թուրքական գիտական շրջանակները փորձում են «օբյեկտիվ» լինել և իբր հարցին մոտենալ հենց այդ տեսանկյունից՝ կտրուկ չքննադատելով և չպաշտպանելով «Ունեցվածքի հարկ»-ը: Սակայն նրանց այս մեթոդը՝ փաստերի և գնահատականների մանվածապատ ներկայացումը, հետապնդում է մեկ նպատակ՝ «օբյեկտիվ» թվալով իրականում պաշտպանել և արդարացնել այս հարկի կիրառման թուրքական պաշտոնական տեսակետը:

Խնդիրն ավելի համակողմանի պատկերացնելու համար կարևոր ենք համարում համառոտակի անդրադառնալ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության ոչ մուսուլման քաղաքացիների` տնտեսության ոլորտում ունեցած դերին:

Հայտնի է, որ դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում տնտեսության մեջ գերիշխող դիրք էին գրավում ոչ մուսուլմանները: Ինչպես նկատում է ակադեմիկոս Հր.Սիմոնյանը, «Կայսրության մեջ ստեղծվել էր յուրօրինակ մի դրություն. պետությունը թուրքական էր, բայց երկրի տնտեսության մեջ իշխող դիրքեր էին նվաճում ոչ թուրքերը, այլազգի «գյավուրները»4: 20-րդ դարի սկզբին տնտեսության մեջ շարունակում էին գերակա դիրքեր պահպանել ոչ մուսուլմանները, մասնավորապես բանկերն ու ծնունդ առնող արդյունաբերական ձեռնարկությունները կառավարում էին հույները, իսկ հայերի ձեռքին էր առևտուրը5: Սակայն աստիճանաբար զարգացող թուրք բուրժուազիային քրիստոնյաների այս գերակա վիճակն անհանգստացնում էր, և նա սկսում էր բոլոր միջոցներով պայքարել դրա դեմ: «Այլազգի բուրժուազիային արդյունաբերության բնագավառից, ներքին և արտաքին ասպարեզներից դուրս մղելը, շուկային միանձնյա տիրելը, տնտեսական ամուր դիրքեր նվաճելը դարձան բարձրացող թուրք ազգային բուրժուազիայի գլխավոր մտահոգությունը»6: Այս գաղափարը հրահրվում և աջակցություն էր գտնում նաև թուրքական ազգայնական իշխանությունների կողմից, որոնք այլազգիների և, մասնավորապես, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ սկսեցին կիրառել նաև տնտեսական հալածանքների քաղաքականություն: Այսինքն` նրանց երազած միատարր Թուրքիայում տնտեսությունը նույնպես պետք է թուրքացվեր, ինչի իրականացման գործին լծվեցին թուրքական շատ պետական-քաղաքական գործիչներ: Թյուրքականության գաղափարախոս Զիյա Գյոքալփը (1876-1924թթ.) թուրքական տնտեսության զարգացման մասին իր տեսական մտքերում, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններում առաջ էր քաշում էթնոկենտրոն, իմա՝ թուրքական, տնտեսության գաղափարը, և ինչպես դիպուկ նկատում է թուրքագետ Ա.Սաֆարյանը, «Գյոքալփյան էթնոկենտրոն տնտեսագիտական հայեցակարգը անհանդուրժող էր, թերևս, ոչ այնքան օտարերկրյա կապիտալի, որքան ազգային փոքրամասնությունները ներկայացնող գործարարների նկատմամբ»7: Գյոքալփի տեսակետները հատկապես անհրաժեշտ է կարևորել, քանի որ շատ գիտնականների կարծիքով՝ թյուրքականության գաղափարախոսի տեսական հայացքների և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հասարակական-քաղաքական բարեփոխումների մեջ կա ակնհայտ ընդհանրություն8: Ավելացնենք նաև, որ պանթուրքիստական գաղափարների կրողներ և իրականացնողներ են եղել Թուրքիայի Հանրապետության բազմաթիվ խոշոր քաղաքական գործիչներ: Օրինակ, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինենյուն 1925թ. Անկարայում «թուրքական օջախների» համագումարում իր ելույթի ժամանակ հայտարարել է. «Մենք բացահայտ ազգայնամոլներ ենք: Մենք ցանկացած գնով պետք է թուրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում»9: Իսկ Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարար Մահմութ Էսադը 1930թ. արտահայտել է հետևյալ միտքը. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում` Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք»10: Թուրքիայում հետզհետե աճող պանթուրքիզմի ալիքը էլ ավելի մեծ թափ ստացավ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան նախորդած տարիներին: Բոլոր առումներով միատարր Թուրքիայի տեսլականը, ինչպես նաև պանթյուրքական իդեալը` Թուրանը, սկսեցին ավելի իրատեսական թվալ թուրք ազգայնական իշխանություններին: Միևնույն ժամանակ, համաշխարհային պատերազմը փայլուն հնարավորություն էր ստեղծում նրանց համար՝ էլ ավելի ազատ ու անկաշկանդ իրականացնել ազգային-կրոնական փոքրամասնություններին հալածելու քաղաքականությունը: Պետք է նշել նաև, որ այդ տարիներին Թուրքիան կանգնած էր տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Հայտնի է, որ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, գրավելով տարօրինակ «չեզոքություն», իրականում աջակցում էր ֆաշիստական Գերմանիային` համարվելով նրա չպատերազմող դաշնակիցը: Միևնույն ժամանակ, Թուրքիան մեծացնում էր իր բանակը, որպեսզի հարմար պահի հարձակվի Կովկասի վրա: Բնականաբար, մեծացող բանակը լրացուցիչ ծախսեր էր պահանջում: Այսպես, 1939թ. թուրքական բանակը 207 հազար էր, 1940թ. սկզբին՝ 700 հազար, իսկ 1942թ.՝ 1 միլիոն11: Ըստ տարբեր հաշվարկների և աղբյուրների` ռազմական ծախսերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կազմում էին Թուրքիայի բյուջեի կեսից ավելին12:

Ինչպես նշեցինք, չնայած Հայոց ցեղասպանությանը, հույների, ասորիների կոտորածներին, Թուրքիայի Հանրապետությունում, այնուամենայնիվ, մնացել էին ազգային փոքրամասնությունների որոշ բեկորներ, որոնք տնտեսական ոլորտում շարունակում էին գրավել որոշակի դիրք, և դա զգալի էր հատկապես Ստամբուլում, որտեղ մեծ էր հայերի, հույների թիվը: Այդ տարիների թուրքական մամուլը, արտահայտելով նաև իշխող շրջանակների մտահոգությունը, բազմիցս անդրադառնում էր Ստամբուլը «օտար» տարրից, այն է` ոչ մուսուլման փոքրամասնությունից մաքրելու խնդրին13: Մնում էր գտնել մաքրելու մեթոդները։ Այն ժամանակվա ֆինանսների նախարար Ֆ.Աղմալըն հայտարարել է, որ ազգային փոքրամասնությունների նյութական և ֆիզիկական ճնշման համար նա ընտրել է երիտթուրքերից տարբերվող մեթոդ14: Եվ բնական էր, որ տնտեսության ոլորտում գործող փոքրամասնությունների նկատմամբ պետք է կիրառվեին նաև տնտեսական լուրջ պատժամիջոցներ: Ազգային փոքրամասնություններին իրենց ունեցվածքից և գործից զրկելը դարձավ պետության տնտեսական քաղաքականության անկյունաքարը և, պետականորեն ու «օրենքներով» ամրագրված՝ սկսվեց տնտեսական տեռոր կամ ուղղակի պետական մասշտաբի թալան, որոնց զոհ դարձան Թուրքիայում ապրող ոչ մուսուլմանները: Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ տարիներին` 1942թ., թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, Ազգային մեծ ժողովի հաստատմանը ներկայացրեց, այսպես կոչված, «Ունեցվածքի հարկ»-ի մասին օրենքը, որն ընդունվեց 1942թ. նոյեմբերի 11-ին, խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ (օրենքի քվեարկությանը չեն մասնակցել հետագայում Դեմոկրատական կուսակցության հիմնական առանցքը կազմող 76 պատգամավոր)15: Դրանից հետո օրենքը (թիվ 4305) մտավ գործողության մեջ: ԹԱՄԺ-ում օրենքի ընդունումից առաջ` 1942թ. սեպտեմբերին, ֆինանսների նախարարությունը նահանգների ֆինանսական վարչություններից, բանկերից, անվտանգության ծառայությունից սկսել էր պահանջել տվյալներ փոքրամասնությունների նյութական վիճակի մասին16: Անզեն աչքով անգամ նկատելի էր, որ օրենքը բացահայտորեն ուղղված էր ազգային կրոնական փոքրամասնությունների դեմ: Նախ, կարևոր է նշել, որ դա իրականում չի կարելի որակել որպես օրենք, քանի որ դրանում բացակայում էին մի շարք օրենսդրական կարևոր սկզբունքներ և ոտնահարվում մարդու իրավունքների հիմնարար արժեքներ: Այսպես, «Ունեցվածքի հարկ»-ը հարկատուներին բաժանում էր 4 խմբի և այն էլ` ըստ կրոնական պատկանելության.

  1. մուսուլմաններ
  2. ոչ մուսուլմաններ
  3. հավատափոխներ
  4. օտարահպատակներ:

Փաստորեն, սրանով խախտվում էր այն սահմանադրական դրույթը, որի համաձայն՝ բոլորը, այդ թվում և ոչ մուսուլմանները, Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ էին, և սա ավելի շատ հիշեցնում էր օսմանյան տիրապետության շրջանը, երբ ոչ մուսուլմանները վճարում էին մուսուլմաններից տարբերվող հարկեր: Նախապես հարկատուները բաժանված էին 2 խմբի` մուսուլմաններ և ոչ մուսուլմաններ, ընդ որում՝ ոչ մուսուլմանները պետք է հարկվեին տասնապատիկ ավելի, քան մուսուլմանները, սակայն ոչ մուսուլմանների խմբի մեջ մտնում էին նաև Թուրքիայում ապրող արտասահմանցիները, և այդ պատճառով իշխանությունները ձևավորեցին ևս 2 խումբ` օտարահպատակներ և հավատափոխներ17: Օտարահպատակների համար ոչ մուսուլմանների համեմատ ավելի մեղմ հարկաչափ սահմանվեց, և սա կարելի է կապել արտասահմանյան երկրների ուղղակի կամ անուղղակի միջամտության հետ։ Իսկ հավատափոխներին չընդգրկելով մուսուլմանների խմբի մեջ` թուրքական պետությունը ևս մեկ անգամ բացահայտ ցույց տվեց, որ այդ խավի հանդեպ վստահություն չի տածում և նրանց որպես «իսկական մուսուլմաններ» չի ընկալում։ Կան փաստեր նաև, երբ, օրինակ, իսլամ ընդունած հայերը, հույները և հրեաները հարկվել են ոչ թե որպես մուսուլման կամ հավատափոխ, այլ որպես ոչ մուսուլման: Այսպես, օրինակ, Ստամբուլի Քադըքյոյ թաղամասից կրոնափոխ դեղավաճառ Գևորգը, որն ամուսնացած է եղել թրքուհու հետ և փոխել անգամ անունը` դառնալով Քեմալ, հարկվել էր ոչ թե որպես մուսուլման, այլ որպես հայ18: Հիմք ընդունելով կրոնական պատկանելությունը` խտրական վերաբերմունք էր ցուցաբերվում հարկատուների նկատմամբ, և օրենքով նախատեսվում էր, որ մուսուլմանները պետք է վճարեին ունեցվածքի 12.5 տոկոսի չափով հարկ, ոչ մուսուլմանները՝ 50 տոկոսի, հավատափոխները, այսինքն՝ իսլամացածները, 25 տոկոս և օտարահպատակները՝ 12.5 տոկոս: Քանի որ այն ժամանակվա Թուրքիայում ոչ մուսուլմանների ամենամեծ համայնքները հայերինը, հույներինը և հրեաներինն էին, բնականաբար, հարկն առավելապես ուղղված էր նրանց դեմ: Ուշագրավ է, որ 20-րդ դարի կեսին անգամ Թուրքիայում մարդիկ հարկվում էին ոչ թե ըստ ունեցվածքի, այլ ըստ էթնիկ ու կրոնական պատկանելության: Հարկաչափը սահմանելու և հավաքելու նպատակով ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ, որոնք բաղկացած էին 6 հոգուց` նախագահը նահանգներում նահանգապետն էր, գավառներում` գավառապետը, ֆինանսների նախարարությունը ներկայացնում էր տեղի ֆինանսական վարչության կամ բաժնի ղեկավարը, մնացած անդամները առևտրի և գյուղատնտեսական պալատների ներկայացուցիչներն էին լինում19: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում, որ բոլոր հանձնաժողովականները լինեին զտարյուն թուրքեր: Ամենևին երկրորդական չպետք է համարել, որ հանձնաժողովների կազմում կային զգալի թվով նախկին իթթիհադականներ: «Օրենքի» ամենամեծ հակաիրավական դրույթներից էր այն, որ հանձնաժողովը կամայական էր հարկի չափը որոշելու հարցում, այսինքն՝ չկար հստակ որևէ չափանիշ: Սակայն հակաիրավական կետերը այսքանով չէին սահմանափակվում. մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող հաջորդ նորմն այն էր, որ հարկատուն իրավունք չուներ որևէ տեղ բողոքարկել հարկաչափը, այսինքն՝ հանձնաժողովի կամայական սահմանած որոշումը բեկանման ենթակա չէր և վերջնական էր: Իսկ հանձնաժողովները հարկաչափը որոշելիս հաշվի չէին առնում հարկատուի իրական եկամուտները և հնարավորություններն ու հարկում էին նրան մոտավորապես, ըստ ցանկության և տրամադրության: Նման վերաբերմունք ունեցել են ոչ միայն հանձնաժողովականները, այլև Թուրքիայի ամենաբարձրաստիճան ղեկավարները։ Այդպիսի մի որոշման մասին է պատմում ստամբուլահայ Սուրեն Բալօղլին, որի հանդեպ ևս կիրառվել է այդ հարկատեսակը: Ըստ նրա, սկզբում ամենացածր հարկը սահմանված է եղել 50 լիրան, սակայն հետո նախագահ Իսմեթ Ինենյուն, պնդելով, թե դա շատ քիչ է, մի զրո էլ է ավելացրել, և այդպիսով ամենացածր հարկը դարձել է 500 լիրա: Ինքը` Սուրենը, որ եղել է մանրավաճառ, նշում է, որ իր կապիտալը ընդամենը 50 լիրա էր, իսկ հարկը 500 լիրա է պահանջվել, այսինքն` կապիտալի տասնապատիկը20: Հարկահավաքության գործընթացում մի շատ կարևոր մանրամասն էլ կա, որի վրա հատկապես ցանկանում ենք ուշադրություն հրավիրել. թուրքական իշխանությունները տարբերակում էին դնում նաև ոչ մուսուլմանների մեջ, և հայերը, մյուս ոչ մուսուլմանների համեմատ, հարկվում էին ամենաբարձր տոկոսներով և ամենաշատը: Այսպես, օրինակ` թուրք առևտրականը պետք է վճարեր իր տարեկան եկամտի 4.7 տոկոսը, հույնը՝ 156 տոկոսը, հրեան՝ 179 տոկոսը, իսկ հայը՝ 232 տոկոսը, և փաստորեն հույն առևտրականը թուրքի համեմատ վճարում էր 31 անգամ, հրեան՝ 36, իսկ հայը՝ 47 անգամ ավելի գումար21: Հանձնաժողովների կամայական որոշումները շատ հաճախ ստեղծում էին անտրամաբանական պատկեր. օրինակ, ստամբուլյան «Թոքաթլյան հոթել» հյուրանոցի վերելակավար հայ տղայից պահանջված հարկի գումարը հավասար էր նրա 16 տարվա աշխատավարձին.22 նման օրինակները բազմաթիվ են: Հարկերի վճարման համար սահմանված էր 15-օրյա ժամկետ, որը հետո երկարացվեց մինչև 30 օր: Այդ ընթացքում պետականացվում և աճուրդով վաճառվում էր նրանց շարժական և անշարժ գույքը, ովքեր չէին կարողանում վճարել հարկը, մինչ այդ հենց իրենք՝ հարկատուներն էլ էին փորձում էժան գներով վաճառել իրենց ունեցվածքը: Ժամանակի թուրքական մամուլում կարելի էր հաճախ հանդիպել անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների: Նշենք նաև, որ գումարը չբավարարելու դեպքում բռնագրավման և վաճառքի էր ենթակա նաև հարկատուի մերձավոր ազգականների գույքը: Իսկ եթե այդ ձևով ձեռք բերված գումարն էլ չէր բավարարում հարկի վճարմանը, ապա հարկատուներն աքսորվում էին տաժանակրության, որպեսզի աշխատելով վճարեին պետության հանդեպ իրենց «պարտքը»: Իսկ տաժանակրության հիմնական վայրը ցրտաշունչ կլիմայով հայտնի Էրզրումի նահանգի Աշքալե գավառն էր, որն անվանում են նաև «թուրքական Սիբիր»:

«Ունեցվածքի հարկի» ընդունման պաշտոնական պատճառաբանությունը, ըստ վարչապետ Սարաջօղլուի, այն էր, որ դա ուղղված էր թուրքական լիրայի արժևորմանը, շրջանառության մեջ եղած դրամի նվազեցմանը, սև շուկայի, գների աճի և սպեկուլյանտների դեմ23: Սակայն օրենքի ընդունումից կարճ ժամանակ անց` 1943թ. հունվարի 21-ին, «Ջումհուրիյեթ» թերթում տպագրված նրա մտքերը շատ ավելի անկեղծ էին և բացահայտում էին հարկի իրական նպատակը. «Այս օրենքն իր ողջ խստությամբ կիրառվելու է այն մարդկանց նկատմամբ, ովքեր, օգտվելով այս երկրի հյուրընկալությունից, հարստացել են, բայց չնայած դրան՝ այս դժվարին պահին խուսափում են կատարել իրենց պարտականությունները»24: Բնականաբար, «հյուրընկալությունից օգտվողներ» ասելով` Սարաջօղլուն նկատի ուներ ոչ մուսուլման փոքրամասնություններին։ Կարևոր է նշել, որ օրենքը մինչև քվեարկությունը քննարկվել է իշխող Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության գաղտնի նիստում, որի արձանագրությունները և քննարկված թեմաները չէին հրապարակվում: Այս առումով միակուսակցական ժամանակաշրջանի Թուրքիայի և մասնավորապես ԺՀԿ-ի գաղտնի հավաքների մասին հետաքրքիր տեղեկություն կա Օսման Աքանդերեի «Ազգային շեֆի ժամանակաշրջանը» գրքում` մեջբերված այդ տարիներին հրատարակվող «Միլլիյեթ» հանդեսից. «ԺՀԿ-ն այս բոլոր ներքին քննարկումները մեծ և սարսափելի «գաղտնիության» վարագույրի հետևում, մասոնական օթյակի նման իր մեջ էր պահում, տեղեկատվության արտահոսք թույլ չէր տալիս»25: ԺՀԿ-ի գաղտնի նիստում քննարկվածների մասին հայտնի է դառնում միայն 1971թ., այն տարիների պատգամավոր գրող Ֆայիք Ահմեթ Բարութչուի «Քաղաքական հուշեր. 1939-1954թթ.» գրքից: Ըստ այդ աղբյուրի, վարչապետ Սարաջօղլուն գաղտնի նիստի ժամանակ խոսել է «Ունեցվածքի հարկի» իրական նպատակի մասին և ասել, որ դա ուղղված է հիմնականում ազգային փոքրամասնությունների դեմ և սնանկացնելով շուկայում գերակա դիրքեր ունեցող օտարներին՝ նպատակ ունի նրանց այնտեղից հեռացնել և թուրքական շուկան տալ թուրքերի ձեռքը26: Այստեղ ավելորդ չէ կանգ առնել նաև վարչապետ Շուքրյու Սարաջօղլուի անձի վրա. նա բացահայտ պանթյուրքիստ էր և մինչև այժմ էլ այդ շրջանակների կողմից դասվում է 20-րդ դարի ամենահայտնի պանթյուրքիստների շարքին: Նա «Ունեցվածքի հարկ»-ի գլխավոր «ճարտարապետն» էր և մինչև կյանքի վերջն ապրում էր այն հավատով, որ դրանով մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային: Ստորև մեջբերվող նրա մի քանի արտահայտությունները բավական լավ պատկերացում են տալիս նրա կերպարի մասին։ Այսպես, 1943թ. ԺՀԿ համագումարում Սարաջօղլուն հայտարարել է. «Կան 4 իրողություններ, որոնց մասին հարկ է, որ աշխարհն իմանա. առաջինն այն է, որ մենք թուրք ենք, թուրքիստ ենք և ամեն օր էլ ավելի թուրքիստ ենք դառնալու»27: Վարչապետ նշանակվելուց հետո մեջլիսում իր առաջին ելույթի ժամանակ Սարաջօղլուն ասել է հետևյալը. «Մենք թուրք ենք, թուրքիստ ենք և միշտ թուրքիստ ենք մնալու: Մեզ համար թուրքականությունը որքան արյան, նույնքան էլ խղճի և մշակույթի հարց է»28: Սարաջօղլուն բացահայտ հայտարարեց, որ չի զղջում «Ունեցվածքի հարկ»-ը կիրառելու համար նաև ավելի ուշ` 1950-ից հետո, երբ իշխանության եկած Դեմոկրատական կուսակցության և արդեն ընդդիմություն դարձած ԺՀԿ-ի միջև գզվռտոց էր սկսվել, ու ԴԿ-ն մեղադրում էր նախկին իշխանությանն ազգային փոքրամասնություններին ճնշելու համար29: Սարաջօղլուն խոստովանեց, որ «Ունեցվածքի հարկն» իր ստեղծագործությունն է, և եթե պետք լինի, ինքն առանց երկմտելու նորից կդիմեր այդ նույն քայլին30: Ի դեպ, նրա այս քայլը մինչև այսօր էլ շատ թուրք հեղինակներ փառաբանում են և ներկայացնում որպես իսկական սկզբունքային քաղաքական գործչին հատուկ պահվածք: Ավելորդ չէ նշել, որ այդ տարիներին ԹԱՄԺ պատգամավոր են եղել նաև ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ, որոնք, լսելով նախատեսվող հարկի մասին շշուկներ, վարչապետ Սարաջօղլուին առաջարկել են չկիրառել հարկը, իսկ դրա դիմաց նրանք պարտավորվում էին հավաքել այնքան գումար, որքան նախատեսում էր հավաքել պետությունը: Սակայն Սարաջօղլուն պատճառաբանել է, թե Թուրքիան ժամանակակից պետություն է և չի կարող նման առաջարկ ընդունել31: Այս առաջարկը չընդունելը կարող էր ունենալ 2 պատճառ. նախ, կբացահայտվեր, որ հարկն իրականում ուղղված է փոքրամասնությունների դեմ, երկրորդ, ու, մեր կարծիքով՝ ամենակարևորը, կիսատ կմնար փոքրամասնություններին սնանկացնելու, շուկայից դուրս մղելու, նրանց մի մասին տաժանակրության աքսորելու և ֆիզիկապես ու բարոյապես ոչնչացնելու և, ի վերջո, Թուրքիան «օտար» տարրից մաքրելու ծրագիրը:

Կարելի է պնդել, որ ինչպես տարբեր ժամանակներում, այնպես էլ այդ տարիներին թուրքական բացահայտ և «խորքային» պետությունը ողջ լծակներով պայքարել է ներքին «թշնամու», այն է` փոքրամասնությունների դեմ։ Դա է վկայում հենց «Ունեցվածքի հարկի» անցկացման ժամանակաշրջանում ԺՀԿ 9-րդ բյուրոյի (որը պատասխանատու էր փոքրամասնությունների հարցերով) պատրաստած մի զեկույցը, որտեղ պարզորոշ երևում է պետական ապարատի վերաբերմունքը ոչ մուսուլմանների նկատմամբ32: Զեկույցում մասնավորապես հայերի մասին տեղ են գտել հետևյալ տեսակետները. «Հայեր. Անատոլիայում վերածվել են կամաց-կամաց սակավացող փոքր համայնքի և քաղաքական ինչ-որ եղանակով ձգտում են ավելացնել իրենց թվաքանակը: Հայերին նախ և առաջ Անատոլիայից «մաքրելով»՝ պետք է տեղափոխել Ստամբուլ, այսպիսով հնարավոր կլինի վերահսկողության տակ վերցնել նաև բնակչության աճը»: Զեկույցում, հենվելով պատմական փորձի վրա, նշվում է հայերին Ստամբուլ տեղափոխելու համար մի հիմնավորում ևս. «Այս եղանակով և՛ նրանց թվաքանակի աճը կկանխվի, և՛ վաղը, անհրաժեշտության դեպքում, նրանք ավելի հավաքական ձևով կլինեն պետության աչքի առաջ և ձեռքի տակ»: Ըստ այդ զեկույցի, հայերը մի խումբ են, որ չեն ձուլվում, ուստի առաջարկվում է նրանց թվաքանակը պակասեցնել կամ բնակչության փոխանակման, կամ էլ այլ երկրներ նրանց գաղթը դյուրացնելու միջոցով33: Իսկ հույների համար նշվում է, որ նրանք արդեն վտանգ չեն ներկայացնում և հիմնական կարևոր խնդիրը մինչև Կոստանդնուպոլսի գրավման 500 ամյակը` 1953թ., Ստամբուլում ոչ մի հույն չթողնելն է34:

Ինչպես նշել էինք, հարկ չվճարածներին սպառնում էր տաժանակրության ճամբարներում աշխատանք, որով էլ նրանք պետք է մարեին պետությանն ունեցած «պարտքը», սակայն չափազանց ուշագրավ է, որ աշխատանքային ճամբարներ ուղարկվել են բացառապես ոչ մուսուլման հարկատուները, այսինքն` այստեղ ևս կիրառվել խտրականություն` ըստ կրոնական պատկանելության: Թուրքիայի կառավարության 1943թ. հունվարի 7-ի նիստում ընդունվել է աշխատանքի պարտավորության թիվ 19288 կանոնակարգը: Այն ընդգրկում էր հետևյալ հոդվածները. 1-ին հոդվածով դասակարգվում էին ստիպողական աշխատանքի դատապարտված հարկատուները: Աշխատանքային ճամբարներ առաջինը գնալու էին ընդհանրապես հարկ չվճարածները, այնուհետև` մասնակի վճարածները և այսպես շարունակ: Նախատեսվում էր տաժանակիրներին վճարել որոշակի աշխատավարձ, որը կազմելու էր օրական 250 քուրուշ, որից 60-ը պահվելու էր սննդի, կացության և այլ ծախսերի համար, իսկ մնացածը պետք է հատկացվեր «Ունեցվածքի հարկ»-ի պարտքի մարմանը35: 15-րդ հոդվածի համաձայն՝ հարկատուները պետք է աշխատեին մինչև «Ունեցվածքի հարկ»-ը լրիվ մարելը: Սակայն այս կետը շատ հարկատուների դեպքում առաջացնում էր ոչ տրամաբանական պատկեր, և կարելի է ասել, որ դա նախատեսում էր ցմահ տաժանակրություն: Այսպես, օրինակ, այն հարկատուները, որոնց պարտքը 400-500 հազար լիրա և ավելին էր, որպեսզի իրենց ստացած աշխատավարձից ամբողջովին մուծեին պարտքը, պետք է աշխատեին մոտավորապես 1600 տարի36: Արդեն 1943թ. սկզբներին հարկ չվճարածները սկսեցին ձերբակալվել` տաժանակրության ճամբարներ ուղարկվելու համար: Ճամբարներից ամենահայտնին Փըրնաքքաբը գյուղինն էր, որը գտնվում էր Աշքալեից 22 կմ հեռավորության վրա, Քոփ լեռան ստորոտում և ծովի մակերևույթից բարձր 1721 մետր: Տաժանակրության ճամբար է եղել նաև Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում, ինչպես նաև մի քանի այլ վայրերում ևս: Աշխատանքային ճամբարների կյանքի և առօրյայի մասին մանրամասն և առաջին տվյալները կարելի է գտնել «Թասվիրի էֆքյար» թերթի թղթակից Ֆերիդուն Քանդեմիրի ռեպորտաժներում: Նա աքսորյալների հետ նույն գնացքով մեկնել է Աշքալե և 12 օր ապրելով այնտեղ` ռեպորտաժներ պատրաստել, որոնք տպագրվել են թերթի 1943թ. հունվարի 28-ից փետրվարի 8-ի համարներում37: Օրինակ, ներկայացնելով փետրվարի 8-ի օրը ճամբարում՝ նա գրում է. «Օդի ջերմաստիճանը –28 է, և գյուղը ասես բևեռ լինի, աքսորյալները հույս հայտնեցին, որ նման սառնամանիքին իրենց չեն աշխատեցնի, սակայն նրանց պատասխանեցին. «Այստեղ սկզբունքը հետևյալն է` աշխատել մինչև սաստիկ ձյունամրրիկի բարձրանալը»38: Իսկ հարկատուների աշխատանքն իրականում ձյուն մաքրելը, սառույց կոտրելն ու ճանապարհ բացելն էր: Գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչընը իր «Հոգիս քեզնով է ուրախանում» գրքի նախապատրաստական փուլում այցելել է Աշքալե և զրուցել տեղի տարեց բնակիչների հետ, որոնք տեսել են աքսորյալների տանջանքները: Մեջբերենք դրանցից մի քանիսը. «Քոփ լերան վրայ երկու մարդու հասակ ունեցող ձիւնը մաքրել տուին Պոլսոյ էֆենտիներուն, որոնց ձեռքերը իրենց կեանքին մէջ բահ բրիչ բռնած չէին: Լաւ մարդիկ էին, էֆենտի մարդիկ էին: Այս մարդոց կոտորեցին օր ցերեկով»: Մեկ ուրիշը հիշում է. «Խեղճերուն ձեռքերը, ոտքերը սառեցան սաստիկ պաղէն: Աչքերովս տեսայ սառած մատներուն փրթիլը»39: «Եկածներու գրեթէ կէսը հիւանդացաւ: Սառեցան, կոտրեցան գացին այս առողջ մարդիկը»40: Հայազգի գործարար, փայտի առևտրով զբաղվող Փարսեհ (Բարսեղ) Գևրեքյանը, որի վրա դրված հարկը եղել է 150 000 թուրքական լիրա, 10 ամիս անցկացրել է տաժանակրության ճամբարներում41: Պատմելով ճամբարների կյանքի մասին` նա նշում է, որ այնտեղ հիմնական խնդիրներից է եղել սննդի հարցը և, օրինակ, Սիվրիհիսարի ճամբարում գտնվող տաժանակիրները ստիպված են եղել խմել մոտակա գետակի ջուրը և, ինչպես հիշում է Փարսեհ Գևրեքյանը, նրանք ջուրը գետակից խմել են թաշկինակի օգնությամբ, որպեսզի պատահաբար գորտեր կուլ չտան42: Պատահական չէ, որ նման պայմաններում ճամբարներում տարածված են եղել տարբեր տեսակի հիվանդություններ, և շատ տաժանակիրներ մահացել են: Այսինքն` մի կողմից բնակլիմայական, մյուս կողմից էլ` ստեղծված անտանելի պայմանները մարդկանց դատապարտել են մահվան: Ճամբարներում հավաքված հարկատուներից 1869-ը Ստամբուլից էին, 889-ը` Իզմիրից, 100-ը` Բուրսայից: Պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն Աշքալե է ուղարկվել 1400 ոչ մուսուլման հարկատու, որոնցից 1229-ը՝ Ստամբուլից43: Աշքալեում հարկատուներից 21-ը (այլ տվյալներով՝ ավելի շատերը) մահացել են44: Աքսորյալների շրջանում նույնիսկ ստեղծվել է ճամբարների անմարդկային պայմանների և առօրյայի մասին պատմող գրականություն` բանաստեղծություններ, երգեր:

Ավելորդ չէ նշել, որ «Ունեցվածքի հարկը» արժանացել է ժամանակի թուրքական մամուլի հավանությանը և ստացել նրա աներկբա աջակցությունը: Մամուլը հեղեղված է եղել օրենքը պաշտպանող հոդվածներով, որոնցում նկատելի են փոքրամասնություններին ուղղված բացահայտ թշնամանքի, ատելության, սպառնալիքի տարրեր: «Ունեցվածքի հարկը» արժանացել է նաև ժամանակի թուրք մտավորականության մեծ մասի հավանությանը և դրական արձագանքին: Շատ պալատական և ոչ պալատական գրողներ հանդես են եկել հոդվածներով` ի պաշտպանություն այս օրենքի: Օրինակ, տնտեսագետ Համդի Բաշարը (1897-1971թթ.) գտնում էր, որ աշխարհի երեսին և ամբողջ պատմության ընթացքում դրանից ավելի արդար օրենք չի եղել45: Իսկ հայտնի գրող Փեյամի Սաֆան (1899-1961թթ.) կարծիք էր հայտնում, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր թուրքերի և փոքրամասնությունների միջև տարբերություն, խտրական վերաբերմունք չի եղել, և եթե նույնիսկ եղել է, ապա՝ միայն հօգուտ փոքրամասնությունների: Նա նշում է, որ փոքրամասնություններն ավելի շատ են վաստակում, ավելի լավ ապրում46: Իսկ գրող Ռեֆիք Հալիդ Քարայը (1888-1965թթ.) հարցին մոտենում է Թուրքիայում փոքրամասնությունների և թուրքերի հարաբերություններում մինչև օրս էլ շատ կարևոր տեղ զբաղեցնող «մենք» և «նրանք» գաղափարախոսության տեսանկյունից, որտեղ «մենք»-ը թուրքերն էին կամ մուսուլմանները, իսկ «նրանք»-ը ոչ մուսուլման փոքրամասնությունները, այն է` Թուրքիայի «օտարները»: Նրա հոդվածում հանդիպում են տողեր, որոնք բացահայտորեն ի ցույց են հանում տարիներով կուտակված ատելությունը, նախանձը, խանդը և բացահայտում, որ «մտավորականը» «Ունեցվածքի հարկը» ընկալում է որպես վրեժի և իրենց «վիրավորված ինքնագիտակցության» հատուցում47: «Ունեցվածքի հարկի» ջերմ պաշտպաններից էր նաև ժամանակի հայտնի գրող-հրապարակախոս Շևքեթ Սուրեյա Այդեմիրը (1897-1974թթ.): Իսկ ռասիստ-պանթուրանիստ Նեժդաթ Սանջարը կարծում էր, որ «Ունեցվածքի հարկը» նույնիսկ քիչ է փոքրամասնություններին, ովքեր չեն վճարել իրենց հարկերը48: Ուշագրավ է նաև «Թասվիրի Էֆքյար» թերթի վերոհիշյալ թղթակից Ֆերիդուն Քանդեմիրի ռեպորտաժներից մեկում հանդիպող հետևյալ տեղեկությունը։ Ինչպես նշել էինք, աքսորյալների առաջին քարավանի հետ նա մեկնել էր տաժանավայր և թերթի մի քանի համարներում ներկայացրել ինչպես ճանապարհը, այնպես էլ ճամբարների կյանքը: Այսպես, նկարագրելով 1943թ. հունվարի 28-ը, այսինքն` ճանապարհորդության առաջին օրը, Քանդեմիրը գրում է, որ երբ աքսորյալներին տեղափոխող գնացքը կանգ է առել կայարաններից մեկում, երկու փոքրիկ երեխաներ վազելով և սաստիկ ցրտից դողալով` եկել են գնացքի մոտ, որպեսզի տեսնեն աքսորյալներին: Իսկ լրագրող Քանդեմիրի այն հարցին, թե ինչ են անում, երեխաները, միաձայն պատասխանել են, որ եկել են նայելու այն մարդկանց, ովքեր մինչ այդ օրը իրենց հաշվին հարստացել են և հիմա խուսափում են վճարել հարկերը49: Այսինքն` պետական մակարդակով քարոզչություն է տարվել, թե այդ մարդիկ հանցագործներ են ու մեղավոր շատերի չքավորության համար, և այս ամենը, այսինքն` փոքրամասնությունների հանդեպ թշնամանքը, դեռ վաղ տարիքից արտացոլվել է նաև երեխաների հոգեբանության մեջ: Ի դեպ, շատ աղբյուրներ վկայում են, որ մարդկանց մեծաքանակ խմբեր էին հավաքվում նաև Ստամբուլի կայարաններում ու տարաբնույթ անեծքներով տաժանակրության ճամբարներ ճանապարհում Թուրքիայի տնտեսական վատ վիճակի միակ «պատասխանատուներին»` «Ունեցվածքի հարկը» չվճարած ոչ մուսուլմաններին։

«Ունեցվածքի հարկ»-ը պատճառ է դարձել նաև անձնական ողբերգությունների, որոնք խոր հետքեր են թողել դա վերապրած մարդկանց հիշողություններում: Նմանատիպ դեպքերից մեջբերենք մեկ-երկուսը. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, տարեց մի կին հարկի վերացումից շուրջ 40 տարի հետո մի հոդված է կարդացել հարկի մասին և այն հույսով, թե միգուցե պետությունը վերադարձնելու է իրենից բռնագրաված գույքը, հարցրել է այդ հոդվածի հեղինակին, թե հնարավոր է` պետությունը հետ տա իր հանգուցյալ ամուսնու յուղաներկ դիմանկարը, որը նրանից բռնագրավել են այդ ժամանակ50: Հարկատուների ունեցվածքի բռնագրավման գործընթացը նույնպես ուղեկցվել է կամայականություններով, բռնագրավման պատկերը մինչև հիմա էլ խոր հետք է թողել այդ ամենը վերապրած հատկապես երեխաների մոտ: Այսպես, «Ունեցվածքի հարկի» դաժանությունները վերապրած մի հույն կին փոխանցել է, որ իր հիշուղության մեջ մինչև հիմա թարմ է այն պատկերը, երբ հարկադիր կատարման աշխատակիցները խլել են անգամ իր տիկնիկը, որով խաղալիս է եղել51:

Կարևոր հարց է նաև, թե փոքրամասնություններից խլված, պետականացված և աճուրդով վաճառված գույքը ում ձեռքն էր անցնում և, ինչպես ցույց են տալիս փաստերը, այդ ամբողջ գույքը գնել են թուրք գործարարները, թուրքական կազմակերպությունները, բանկերը52 և այն էլ շատ էժան գներով: «Ունեցվածքի հարկը» չվճարած հարկատուների շարժական և անշարժ գույքի բռնագրավումից հետո հերթը հասնում էր նաև նրանց անձնական իրերին, մինչև անգամ հագուստներին: Այդ ժամանակ շատ հաճախ կազմակերպվում էին աճուրդներ, որոնց ժամանակ վաճառվում էր փոքրամասնություններից բռնագրավված գույքը53: Այս ապրանքների հիմնական գնորդները Անատոլիայից եկած նոր հարուստներն էին, և այնքան մեծ էր գնված ապրանքների քանակը, որ խնդիր էր դառնում նաև դրանց փոխադրումը, գնացքները չէին կարողանում տեղավորել և տեղափոխել այդ քանակի ապրանքը54: Կարևոր է արձանագրել, որ, ինչպես և սպասելի էր, ժամանակի թուրքական մամուլը սրան ևս արձագանքել է մեծ հրճվանքով. բավական խոսուն է «Ջումհուրիյեթ» թերթում տեղ գտած հետևյալ միտքը. «Գոհունակությամբ գրել էինք, որ Բեյօղլուում գտնվող «Տիրոջ ձայնը» անվամբ շենքը գնել է Սումեր բանկը... Այսպիսով ազգայնացվում է ևս մեկ գեղեցիկ շենք»55: Այսինքն` պետականորեն փոքրամասնությունների հարստության բռնագրավումը և խլումը մամուլը համարում էր ազգայնացում: Սա միևնույն պետության տարբեր էթնիկ ծագում ունեցող քաղաքացիների միջև խտրականության բացահայտ օրինակ է: Ի դեպ, նշենք, որ վերոհիշյալ «Տիրոջ ձայնը» շենքը պատկանել է հայազգի Վահրամ Ղազարյանին56։ Երվանդ Օզուզունի վերոնշյալ հոդվածում տեղ է գտել նաև այն միտքը, որ «Ունեցվածքի հարկ»-ի հետևանքները բազմաշերտ են և չեն սահմանափակվել միայն տնտեսության թուրքացմամբ, այլև դրա պատճառով փաստորեն վերացել են թուրքահայ բուրժուազիան և այդ բուրժուազիայի մաս կազմող մտավորական դասը: Կարդացած, գրագետ, տարբեր լեզուների տիրապետող դասակարգը վերացավ` տեղը զիջելով իրենց ունեցվածքին էժան գներով տիրացած անատոլիական նոր հարուստներին, որոնց գերակշիռ մասը անգրագետ, անմշակույթ մարդիկ էին,- կարծում է Օզուզունը և շարունակում,- «Ունեցվածքի հարկը» հայերի համար փաստորեն նաև մշակութային կոտորած էր57: Սակայն այս հարցում թուրք հեղինակ Ռըդվան Աքարը ավելի կոշտ է արտահայտվում` նշելով. «Ունեցվածքի հարկը» փոքրամասնությունների համար «տնտեսական ցեղասպանություն էր»58:

Աքարի գրքում տեղ են գտել նաև հարցազրույցներ «Ունեցվածքի հարկի»-ն ուղղակի առնչություն ունեցած անձանց հետ, որոնցից է, օրինակ, նախկին վարչապետ Ֆերիթ Մելենը, որը հարկի կիրառման տարիներին եղել է ֆինանսների նախարարության տեսուչ և անուղղակի հարկերի գլխավոր վարչության պետը։ Նա խոստովանում է, որ մինչև «Ունեցվածքի հարկը» թուրքերն առևտրի բնագավառում կատարում էին երկրոդական-երրորդական կարգի գործեր։ Հատկապես հարկի կիրառումից հետո Անատոլիայի թուրք առևտրական դասը, գալով Ստամբուլ, գործարար աշխարհում կարողացավ գտնել իր տեղը: «Ունեցվածքի հարկը» ահա այդ արդյունքն ունեցավ, և միայն հարկի կիրառմամբ էր հնարավոր դրան հասնել59: «Ունեցվածքի հարկը» նպատակ ուներ տնտեսությունը թուրքացնել, դրանից հետո անատոլիական առևտրականները, օրինակ, Քոչերի, Սաբանջըների ընտանիքներն իրենց համար ասպարեզ գտան60: Այնուհետև Մելենը նշում է, որ հարկի կետերից մեկը, որ դժվար թե հնարավոր լինի արդարացնել, Աշքալեի տաժանակրության ճամբարներն էին:

«Ունեցվածքի հարկ»-ը պատճառ է դարձել նաև անձնական ողբերգությունների, որոնք խոր հետքեր են թողել դա վերապրած մարդկանց հիշողություններում: Նմանատիպ դեպքերից մեջբերենք մեկ-երկուսը. ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ, տարեց մի կին հարկի վերացումից շուրջ 40 տարի հետո մի հոդված է կարդացել հարկի մասին և այն հույսով, թե միգուցե պետությունը վերադարձնելու է իրենից բռնագրաված գույքը, հարցրել է այդ հոդվածի հեղինակին, թե հնարավոր է` պետությունը հետ տա իր հանգուցյալ ամուսնու յուղաներկ դիմանկարը, որը նրանից բռնագրավել են այդ ժամանակ50: Հարկատուների ունեցվածքի բռնագրավման գործընթացը նույնպես ուղեկցվել է կամայականություններով, բռնագրավման պատկերը մինչև հիմա էլ խոր հետք է թողել այդ ամենը վերապրած հատկապես երեխաների մոտ: Այսպես, «Ունեցվածքի հարկի» դաժանությունները վերապրած մի հույն կին փոխանցել է, որ իր հիշուղության մեջ մինչև հիմա թարմ է այն պատկերը, երբ հարկադիր կատարման աշխատակիցները խլել են անգամ իր տիկնիկը, որով խաղալիս է եղել51:

Կարևոր հարց է նաև, թե փոքրամասնություններից խլված, պետականացված և աճուրդով վաճառված գույքը ում ձեռքն էր անցնում և, ինչպես ցույց են տալիս փաստերը, այդ ամբողջ գույքը գնել են թուրք գործարարները, թուրքական կազմակերպությունները, բանկերը52 և այն էլ շատ էժան գներով: «Ունեցվածքի հարկը» չվճարած հարկատուների շարժական և անշարժ գույքի բռնագրավումից հետո հերթը հասնում էր նաև նրանց անձնական իրերին, մինչև անգամ հագուստներին: Այդ ժամանակ շատ հաճախ կազմակերպվում էին աճուրդներ, որոնց ժամանակ վաճառվում էր փոքրամասնություններից բռնագրավված գույքը53: Այս ապրանքների հիմնական գնորդները Անատոլիայից եկած նոր հարուստներն էին, և այնքան մեծ էր գնված ապրանքների քանակը, որ խնդիր էր դառնում նաև դրանց փոխադրումը, գնացքները չէին կարողանում տեղավորել և տեղափոխել այդ քանակի ապրանքը54: Կարևոր է արձանագրել, որ, ինչպես և սպասելի էր, ժամանակի թուրքական մամուլը սրան ևս արձագանքել է մեծ հրճվանքով. բավական խոսուն է «Ջումհուրիյեթ» թերթում տեղ գտած հետևյալ միտքը. «Գոհունակությամբ գրել էինք, որ Բեյօղլուում գտնվող «Տիրոջ ձայնը» անվամբ շենքը գնել է Սումեր բանկը... Այսպիսով ազգայնացվում է ևս մեկ գեղեցիկ շենք»55: Այսինքն` պետականորեն փոքրամասնությունների հարստության բռնագրավումը և խլումը մամուլը համարում էր ազգայնացում: Սա միևնույն պետության տարբեր էթնիկ ծագում ունեցող քաղաքացիների միջև խտրականության բացահայտ օրինակ է: Ի դեպ, նշենք, որ վերոհիշյալ «Տիրոջ ձայնը» շենքը պատկանել է հայազգի Վահրամ Ղազարյանին56։ Երվանդ Օզուզունի վերոնշյալ հոդվածում տեղ է գտել նաև այն միտքը, որ «Ունեցվածքի հարկ»-ի հետևանքները բազմաշերտ են և չեն սահմանափակվել միայն տնտեսության թուրքացմամբ, այլև դրա պատճառով փաստորեն վերացել են թուրքահայ բուրժուազիան և այդ բուրժուազիայի մաս կազմող մտավորական դասը: Կարդացած, գրագետ, տարբեր լեզուների տիրապետող դասակարգը վերացավ` տեղը զիջելով իրենց ունեցվածքին էժան գներով տիրացած անատոլիական նոր հարուստներին, որոնց գերակշիռ մասը անգրագետ, անմշակույթ մարդիկ էին,- կարծում է Օզուզունը և շարունակում,- «Ունեցվածքի հարկը» հայերի համար փաստորեն նաև մշակութային կոտորած էր57: Սակայն այս հարցում թուրք հեղինակ Ռըդվան Աքարը ավելի կոշտ է արտահայտվում` նշելով. «Ունեցվածքի հարկը» փոքրամասնությունների համար «տնտեսական ցեղասպանություն էր»58:

Աքարի գրքում տեղ են գտել նաև հարցազրույցներ «Ունեցվածքի հարկի»-ն ուղղակի առնչություն ունեցած անձանց հետ, որոնցից է, օրինակ, նախկին վարչապետ Ֆերիթ Մելենը, որը հարկի կիրառման տարիներին եղել է ֆինանսների նախարարության տեսուչ և անուղղակի հարկերի գլխավոր վարչության պետը։ Նա խոստովանում է, որ մինչև «Ունեցվածքի հարկը» թուրքերն առևտրի բնագավառում կատարում էին երկրոդական-երրորդական կարգի գործեր։ Հատկապես հարկի կիրառումից հետո Անատոլիայի թուրք առևտրական դասը, գալով Ստամբուլ, գործարար աշխարհում կարողացավ գտնել իր տեղը: «Ունեցվածքի հարկը» ահա այդ արդյունքն ունեցավ, և միայն հարկի կիրառմամբ էր հնարավոր դրան հասնել59: «Ունեցվածքի հարկը» նպատակ ուներ տնտեսությունը թուրքացնել, դրանից հետո անատոլիական առևտրականները, օրինակ, Քոչերի, Սաբանջըների ընտանիքներն իրենց համար ասպարեզ գտան60: Այնուհետև Մելենը նշում է, որ հարկի կետերից մեկը, որ դժվար թե հնարավոր լինի արդարացնել, Աշքալեի տաժանակրության ճամբարներն էին:

«Ունեցվածքի հարկը» կիրառությունից հանվել է 1944թ. մարտի 15-ին, թիվ 4530 օրենքով: Այն շրջանառության մեջ է եղել շուրջ 16 ամիս, և մինչ այդ չհավաքված հարկերն այդ օրենքով ներվում էին61: «Ունեցվածքի հարկի» չեղյալ հայտարարման ուղղությամբ աշխատանքները սկսել են 1943թ. վերջերին, օրինակ` հարկատուները տաժանակրության ճամբարներից հետ վերադարձան այն պայմանով, որ իրենց պարտքը վճարեն արդեն աշխատելով ոչ թե ճամբարներում, այլ իրենց նախկին գործատեղերում62: Սակայն սա ևս կատարյալ ծաղր էր, որովհետև փոքրամասնություններն արդեն լիովին սնանկացել էին, նրանց ձեռքից խլվել էր շարժական, անշարժ գույքը, չունեին դրամ, որ գործ սկսեին, շատերը հեռացան Թուրքիայից, այսինքն` այն հիմնական նպատակին, որին ձգտում էին թուրք իշխանությունները, հասել էին: «Ունեցվածքի հարկ»-ը փաստորեն, կարելի է ասել, կատարեց իր առաքելությունը, այն է` ոչնչացրեց ոչ մուսուլման փոքրամասնություններից կազմված բուրժուազիայի մեծ մասին, գրեթե լիովին թուրքացրեց տնտեսությունը, էլ ավելի խորացրեց վախի և անպաշտպանության մթնոլորտը և ստիպեց շատ մարդկանց «կամովին» թողնել Թուրքիան, ինչն էլ ԺՀԿ վերը նշված 9-րդ բյուրոյի կողմից պատրաստված զեկույցի բաղկացուցիչ դրույթներից էր։ Ազգային փոքրամասնություններին նյութապես, բարոյապես, հոգեպես և ֆիզիկապես կոտրելուց հետո միայն թուրքական իշխանությունները, տեղի տալով նաև արտաքին գործոնների ազդեցությանը, որպես «բարի կամքի» դրսևորում, վերացրին «Ունեցվածքի հարկ»-ի կիրառումը` շարունակելով «սեթևեթել» «անհասկացող» միջազգային հանրության առջև:

Ստորև մեջբերվող մարդահամարի արդյունքները, որոնք անցկացվել են Թուրքիայում տարբեր տարիներին, լավագույնս ցույց են տալիս հայերի արտագաղթի պատկերը.

Թուրքիայում, ըստ մայրենի լեզվի, անցկացված ընդհանուր մարդահամարներում հայ բնակչության նվազումը

Բնակավայրը 1927թ. 1935թ. 1965թ.
Յոզղաթ 1801 889 118
Սեբաստիա 4122 2094 117
Դիարբեքիր 955 582 132
Էլյազիգ 2399 707 2
Էրզրում 14 37 13
Կեսարիա 435 845 9
Մալաթիա 2325 1614 148
Ստամբուլ 45255 39831 29479
Ընդhանուրը 64745 57599 33094

Հանրապետական շրջանում հայերի գաղթն արտասահման շարունակվել է: Գավառահայությունը գաղթել է Ստամբուլ, այնտեղից էլ՝ արտասահման, այսօր գավառներում բացահայտ հայեր գրեթե չեն մնացել: Այս ամենում մեծ են, իհարկե, թուրքացման քաղաքականության հետևանքները, շարունակական հալածանքները63:

Հետաքրիր և չափազանց խոսուն փաստ է «Ունեցվածքի հարկ»-ի վերացման մասին Թուրքիայի մեջլիսի քննարկումների ժամանակ Էսքիշեհիրի պատգամավոր Էմին Սազաքի ելույթը, որը նշելով, թե օրենքը ներում է շնորհում հարկատուներին, ավելացնում է. «Բայց սրանց ժողովուրդը ինչպես է ներելու: Թեկուզ այս օրենքը նրանց ներում շնորհի էլ, այսպիսի մարդիկ այս ժողովրդի միջից պետք է ելնեն գնան …Կառավարությունը միջոցառումներ չձեռնարկեց, սակայն ժողովուրդը իր վրեժը կլուծի, չեմ կարող ասել՝ լինչի դատաստա՞ն կանի, թե՞ ինչ կանի»64: Ազգային ժողովի պատգամավորի խոսքերն արդյոք դրդիչ-հրահրիչ չե՞ն, և արդյո՞ք հետագան չապացուցեց նրա կանխատեսումների ճշմարտացիությունը: Սակայն անհրաժեշտ է նշել, որ ներկայումս էլ վիճակը Թուրքիայում շատ չի փոխվել, և պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների տեսական դատողությունները, գուցեև ցանկություններն իրականություն են դառնում ազգայնամոլ երիտասարդության ձեռքերով:

1Օրինակ, 1929թ. ամռանը և դրան հաջորդող ամիսներին մոտ 30.000 հայ է աքսորվել Խարբերդի, Դիարբեքիրի և Մարդինի նահանգներից: Տե՛ս Walker Christophor, Armenia: The survival of a nation, London, 1980, p. 348, նույնը տե՛ս նաև Hofmann Tessa, Armenians in Turkey today, (second edition) Uppsala, 2003, p. 15. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սքիների 1934թ. մարտի 2-ին ԱՄՆ արտգործնախարարին ուղարկված զեկուցագրում, որը պահվել է հույժ գաղտնի դասիչի տակ, ներկայացվում է Թուրքիայի արևելյան շրջաններից հայերի` այդ թվականների աքսորի մասին: Այսպես, նշվում է, որ 1934թ. սկզբներին թուրքական իշխանությունները սկսել են «Անատոլիայից» հայերին աքսորել Ստամբուլ։ Այդ հայերը ստիպված են եղել շատ էժան գներով վաճառել իրենց ունեցվածքը, որը դեսպանը համարում է ունեցվածքը լքելուն նույնական, և գնալ Ստամբուլ, որտեղ Հայոց պատրիարքարանը, բարեգործական տարբեր ընկերություններ աշխատել են օգնել նրանց աշխատանք գտնել, իսկ մինչ այդ ամեն ինչ արել են նրանց պահելու, ապաստարան և սնունդ տալու համար: Հայերի աքսորի իրական պատճառներից է համարվում այն, որ նրանք հաջողակ գործարարներ են, ունեն լավ աշխատանք և կարողանում են գումար վաստակել, ինչն առաջացնում է թուրքերի խանդը: Սակայն ավելի կարևոր և հիմնական պատճառ է դիտվում այն, որ այդ ամենն իրականում «Անատոլիան» լրիվ թուրքացնելու քաղաքականության մի մասն է։ Records of the Department of state Relating to the Internal Affairs of Turkey, 1930-1944. Ամերիկյան դեսպան Ռոբերտ Սքիներից ԱՄՆ արտգործնախարարին, 867.4016 հայերը/11, Aktar A., Varlik vergisi ve «Turklestirme» politikalari, Istanbul, 2000, s. 93.

2Okte F., «Varlik vergisi faciasi», Istanbul, 1951.

3Aktar A., Varlik vergisi ve «Turklestirme» politikalari, Istanbul, 2000, s. 11.

4Սիմոնյան Հր., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Երևան, 1991, էջ 20:

5Սաֆարյան Ա., Զիյա Գյոքալփը՝ թուրքական տնտեսության զարգացման մասին, Հայոց մեծ եղեռն 90, Երևան, 2005, էջ 427-428, նույնը տե՛ս Тыркова А., Старая Турция и младотурки, П. 1916, стр. 131-132.

6Սիմոնյան Հր., նշված աշխ., էջ 21:

7Սաֆարյան Ա., նշված աշխ., էջ 430:

8Սաֆարյան Ա., Զիյա Գյոքալփը՝ թուրք կանանց իրավունքների մասին, Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, Երևան, 2006, էջ 13:

9Новый Восток, кн. 16-17, М., 1926, стр. 180, նույնը տե՛ս նաև Аванесов С. С., Положение национальных меньшинств в Турции, Ереван, 1963, стр. 13.

10Аванесов С.С. Положение национальных меньшинств в Турции, Ереван, 1963, стр. 14:

11 Հասրաթյան Մ., Օրեշկովա Ս., Պետրոսյան Յու., Թուրքիայի պատմության ուրվագծեր, Երևան, 1986, էջ 291:

12Кондакчян Р. П., Внутренная политика Турции в годы второй мировой войны, Ереван, 1978, стр. 52.

13Аванесов С.С. նշված աշխ., էջ 33:

14Okte F., նշված աշխ., էջ 49:

15Akar R., Askale yolculari (varlik vergisi ve calisma kamplari), Istanbul, 2006, s.72:

16Նույն տեղում, էջ 67-68:

17Кондакчян Р. П., նշված աշխ. էջ 144:

18Okte F., նշված աշխ., էջ 180:

19Akar R., նշված աշխ., էջ 78:

20Kocoglu Y., Hatirliyorum (Turkiyede gayrimuslim hayatlar), Istanbul, 2003, s.56.

21Саркисов Е. К., Положение трудящихся масс в современной Турции, Ереван, 1955, стр. 58., նույնը տե՛ս նաև Гасратян М.А., О политике турецких провящих кругов в национальном вопросе, Проблемы современной Турции, Москва, 1963, стр. 138., Аванесов С.С. նշված աշխ., էջ 36։

22Саркисов Е. К., նշված աշխ., էջ 58:

23Akar R., նշված աշխ., էջ 58:

24Նույն տեղում, էջ 11։

25Akandere O., Milli sef Donemi, Istanbul, 1998, s. 130, 251-րդ տողատակ, նույնը տե՛ս նաև Akar R., նշված աշխ., էջ 69:

26Barutcu F., Siyasi Anilar (1939-1954), Istanbul, 1977, s. 263, նույնը տե՛ս նաև Akar R., նշված աշխ., էջ 69-70:

27Cumhuriyet, 15.6.1943, նույնը տե՛ս նաև Akar R., նշված աշխ., էջ 200:

28Aksam, 6.8.1942, Akar R., նշված աշխ., էջ 185

29Հետագայում պարզվեց, որ դա իրականում պոպուլիզմ էր, և 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ Ստամբուլում, Իզմիրում թալանվեցին ու կոտորվեցին բազմաթիվ հույներ, հայեր, ցույց տվեցին Դեմոկրատական կուսակցության և նրա իշխանության իրական էությունը:

30Kafaoglu B., Varlik vergisi gercegi, Istanbul, 2005, s. 15.

31Akar R., նշված աշխ., էջ 70:

32Նույն տեղում, էջ 190:

33Նույն տեղում, էջ 191:

34Նույն տեղում, էջ 191-192: Այս համատեքստում նշենք, որ թեկուզ մի փոքր ուշացումով, բայց, այնուամենայնիվ, թուրքական իշխանությունների այդ ծրագիրը կարելի է իրականացված համարել, մանավանդ եթե հաշվի առնենք Ստամբուլի հունական համայնքի այսօրվա թվաքանակը՝ մոտ 2000 մարդ:

35Նույն տեղում, էջ 113-115:

36Նույն տեղում, էջ 115:

37Նույն տեղում, էջ 119-120։

38Նույն տեղում, էջ 133:

39Եալչըն Ք., Հոգիս Քեզմով կը խայտայ, Երևան, 2003, էջ 99:

40Նույն տեղում, էջ 102:

41Հետաքրքիր է, որ ինչպես խոստովանում է Փարսեհ Գևրեքյանը, ինքը մտերիմ է եղել Սարաջօղլուի հետ դեռևս այն ժամանակ, երբ նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն դա չի խանգարել վարչապետին կործանել ընկերոջը:

42Akar R., նշված աշխ., էջ 242:

43Cumhuriyet 12.2.1943, նույնը տե՛ս նաև Akar R., նշված աշխ., էջ 137:

44Akar R., նշված աշխ., էջ 138:

45Cumhuriyet, 21.12.1942, նույնը տե՛ս նաև Akar R., նշված աշխ., էջ 193.

46Tasviri Efkar, 29.12.1942, նույնը տես նաև Akar R., նշված աշխ., էջ 194:

47Tasv4r4 Efkar, 24.1.1943, նույնը տես նաև Akar R., նշված աշխ., էջ 194:

48Sancar N., “Ismet Inonu ile hesaplasma, Ankara, 1973, s. 206-207, նույնը տես նաև Akar R., նշված աշխ., էջ 214:

49Akar R., նշված աշխ., էջ 121

50Նույն տեղում, էջ 229

51Նույն տեղում, էջ 163:

52Նույն տեղում, էջ 155:

53Նույն տեղում, էջ 161:

54Նույն տեղում, էջ 162:

55Cumhuriet,31.2.1943, նույնը տես նաև Akar R., նշված աշխ., էջ 156:

56Aktar A., նշված աշխ., էջ 205

57Ozuzun E., Aci bir kilometre tasi ve kultur kirimi, Agos, 13.11.1998.

58Akar R., նշված աշխ., էջ 15:

59Նույն տեղում, էջ 234։

60Նույն տեղում, էջ 235: Քոչերը, Սաբանջըները ներկայումս Թուրքիայի ամենահարուստ ընտանիքներից են:

61Նույն տեղում, էջ 163։

62Նույն տեղում, էջ 165։

63Kocoglu Y. Azinlik gencleri anlatiyor, Istanbul, 2004, s 122.

64Akar R., նշված աշխ., էջ 165-166:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր