
ՄԵՆՔ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
Արա ՄարջանյանԱպրիլը ծանր ամիս է հայերի համար: Այն հեշտ ամիս չէ նաև Թուրքիայում, և նույնիսկ ԱՄՆ-ում որոշակի խնդիրներ է առաջացնում այս երկրի նախագահների աշխատակազմերի և Պետդեպարտամենտի աշխատակիցների մեջ. «Եթե ուզում եք իմանալ, երկրի (իմա` Միացյալ Նահանգների - Ա.Մ.) բնակիչները եղեռնը շատ տհաճ բան են համարում: Նրանք չեն սիրում առավոտյան լրագրերում դրա կամ դրա նման մի բանի մասին կարդալ: Մարդն իրեն լավ չի զգում երբ, առավոտյան սուրճն ըմպելիս եղեռնի մասին է կարդում: Այդպիսի լուրը կարող է մարդու ամբողջ օրը փչացնել: Երեք-չորս եղեռն, և մարդ կարող է այնքան զայրանալ, որ, մեկ էլ տեսար, ընտրություններին իր ձայնը տա այլ թեկնածուի», հեռավոր 1965-ին դառը հեգնանքով գրում էր XX դարի հանճարեղ ֆանտաստներից մեկը` Ռոբերտ Շեքլին իր «Մի քիչ չխոսե՞նք» սքանչելի պատմվածքում1:
Եվ ընդհանրապես, մեր ժամանակները դյուրին չեն (եթե երբևէ եղել են այդպիսին): Իրոք, աշխարհը, գլոբալ մասշտաբի բազմաթիվ խնդիրների բեռի տակ կքած, դառնում է ավելի խրթին ու անկայուն: Ապագա զարգացումները մշուշոտ են, լի վտանգներով: Գոյանում են աշխարհաքաղաքական նոր ուժային կենտրոններ, սրվում են ազգային միջպետական հարաբերությունները, տարածաշրջանային հակասությունները: Սաստկանում է մրցակցությունը բնական ռեսուրսների համար: Մամուլի էջերը, կինո- և հեռուստաէկրանները, անգամ ակադեմիական հրապարակումները ողողված են մարդկությանը սպասող տարատեսակ Արմագեդոնների պատկերումներով, ապագայի հոռետեսական սցենարների մանրակրկիտ նկարագրումով: Գրեթե ամեն ամիս հայտնվում են «Աշխարհն առանց Արևմուտքի» կամ «Աշխարհն առանց ԱՄՆ-ի», «Աշխարհն` անդունդի եզրին» թեմաներով նոր գրքեր և հոդվածներ2: Իսկ նորօրյա մարգարեները չեն զլանում գրեթե ամեն օր ավետել նոր աշխարհակարգի գալուստը:
Ի՞նչ է նշանակում այս բոլորը: Ի՞նչ է նշանակում մեզ համար` պրակտիկ հարթությունում:
Պրագմատիկ տեսանկյունից այս ամենի հիմքում ընկած է երկբևեռ («Սոցաշխարհ -Արևմուտք») և միաբևեռ («ԱՄՆ հեգեմոնիա») աշխարհակարգերի ավարտի իրողությունը: Սակայն այստեղ ավելի կարևոր է այն, որ 2008թ. նոյեմբերից հետո ԱՄՆ քաղաքական ու հասարակական մտքի հսկա ճոճանակը մեսիականությունից թեքվում է դեպի մեկուսացում, (իզալյացիոնիզմ)՝ աշխարհի քաղաքական պատմության մեջ ազդարարելով նոր փուլի բացումը: Զուր չէ, որ միջազգային հարաբերությունների գործում որոշ բազմափորձ վետերաններ այս առումով նախանշում են XIX կամ նույնիսկ XVIII դարերի «եվրոպական նվագախմբի» վերադարձը: Կարելի է պնդել, որ «նոր աշխարհակարգի գալստյան» բոլոր խոսակցությունների հետևում ընկած է հետևյալ իրողությունը. Մեսիական Ամերիկան լքում է աշխարհը, այդ թվում և Կովկասը: Միգուցե լքում է մեր ողջ տարածաշրջանը, իր իսկ սիրելի զավակ «Մեծ Միջին Արևելքը»: Լքում է` տեղը թողնելով ավելի պրագմատիկ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ին, որն այլևս որդեգրելու է աշխարհաքաղաքական տարբեր շահերի հավասարակշռման, այսպես կոչված` իրատեսական, ռեալիստական ու պրագմատիկ հաշվարկի քաղաքականությունը` Ռեալփոլիթիկը:
Հասկանալի է, որ ԱՄՆ այս «գաղափարական նահանջը» տեղի չի ունենա մեկ օրում կամ մեկ տարում: Այն կարող է լինել տևական, “smart force”-ի3 այս կամ այն կիրառման հետ կապված բազմաթիվ ելևէջներով: Մեզ համար այս ելևէջների արտահայտման վառ օրինակը հանդիսացավ, մի կողմից, հայ-թուրքական մերձեցման հարցում ԱՄՆ քաղաքական օժանդակումը Հայաստանին, մյուս կողմից` ԱՄՆ նախագահի շուրթերից «գ-բառի» արտաբերումից «խնամքով խուսափումը», ճիշտ ինչպես դա խորհուրդ էր տրվում ԱՄՆ հեղինակավոր ՌԵՆԴ կորպորացիայի վերջին աշխատությունում4: “The G-word”-ը, Genocide (գենոցիդ, եղեռն) բառի էվֆեմիզմն է՝ օգտագործված այս տարի ապրիլին` Սպիտակ տան մամլո խոսնակի կողմից: Այն միանգամից կրկնվեց ԱՄՆ և միջազգային մամուլի շատ էջերում: Գիտակցո՞ւմ են արդյոք այս էվֆեմիզմի հեղինակները, թե ինչ ահավոր, վիրավորական, անբարո հնարք և արարք է սա: Հնարք, որին կարելի է պատասխանել միայն «F-բառով»: Սփոփիչ է, սակայն, գիտակցել, որ ԱՄՆ երկու մեծագույն ու խորապես հավատացյալ նախագահները ընդունել են Հայոց ցեղասպանության իրողությունը և անվարան արտաբերել են «գենոցիդ» բառը` Բարերար (և դեմոկրատ) Վուդրո Վիլսոնը, Խաչակիր (և հանրապետական) Ռոնալդ Ռեյգանը:
Հասկանալի է նաև, որ այս ռազմավարական նահանջն ինչ-որ ժամանակ իր տեղը կարող է զիջել և հակադարձ շարժման: Բայց դրա համար շատ բան պետք է փոխվի աշխարհում, առաջին հերթին դրա համար էական տեղաշարժ է պետք հենց ԱՄՆ հասարակությունում: Իսկ մինչ այդ, կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ այս նահանջն է, որ հանդիսանալու է մեր իրականության աշխարհաքաղաքական ամենահիմնական գործոնը: Պրակտիկ հարթությունում մեզ համար սա նշանակում է երկու բան:
* * *
Հայոց եղեռնի ճանաչումը, Հայոց պահանջատիրությունն առաջին հերթին Արդարության և Բարոյականության պահանջներն են: Դրանք առավելագույն հավանականություն ունեին (ունեն) դառնալ քաղաքական և աշխարհաքաղաքական իրողություն միայն այն ժամանակ, երբ մեսիական Միացյալ Նահանգները գիտակցում էր (է) իր պատմական ու վսեմ առաքելությունը ողջ աշխարհում ու աշխարհի առջև: Այդպես էր նախագահ Վ.Վիլսոնի ժամանակ, այդպես էր «Ատլանտյան խարտիայի» ժամանակ, այդպես էր նախագահ Ռ.Ռեյգանի օրոք: Եվ այստեղ ԱՄՆ նախագահի կուսակցական պատկանելության խնդիրը երկրորդական է: Շատ ավելի կարևոր է հաղորդ լինել այս երկրի հիմնարար արժեհամակարգին և շարժիչ ուժերին: Գործել դրանց ներդաշնակ, լինել սինաֆազ այս ուժերի տևական պարբերական տատանումներին: Այլ ոչ թե գործել միապաղաղ հաստատունությամբ` դուրս ընկնելով պատմության ռիթմից: Գործել հակաֆազ և ձախողվել այն բարերար ռեզոնանսի առաջացման գործում, երբ, վերջապես, մեր արդարության պահանջը կհամընկնի իրականության արդարության պահանջին:
Իսկ մինչ այդ, այնքան ժամանակ և քանի դեռ ռազմավարական ու վերլուծաբանական հանրությունների կարկառուն ներկայացուցիչներն ԱՄՆ-ում, ՌԴ-ում և այլուր, արձագանքելով աշխարհում տիրող իրողություններին, նույնականացնում են կայսրությունները հանրապետությունների հետ, Հայաստանը և ողջ Հայությունը պարտավոր են լինել զգոն, աչալուրջ ու հավասարակշիռ: Մենք պարտավոր ենք վարել մեր տարածաշրջանում գործող բոլոր աշխարհաքաղաքական վեկտորները հավասարակշռող քաղաքականություն, լինել ուժեղ ու հավաք: Այլ ոչ թե ապավինել միայն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին` Մ.Սահակաշվիլու Վրաստանի նման, ապավինել հիմնականում ԱՄՆ-ին, Թուրքիային և Իսրայելին` հայր և որդի Ալիևների Ադրբեջանի նման, ապավինել միայն Ռուսաստանին` Իսրայել Յավրիի կամ Խաչատուր Աբովյանի նման:
Մինչ այդ, այնքան ժամանակ և քանի դեռ Անկարան չի ճանաչի Թուրքիայի՝ հայերի հայրենազրկող ցեղասպանության կազմակերպման ու իրականացման իրողությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ Հայությունը կարող են, ո՛չ, պարտավոր են ընկալել «Կովկասում Թուրքիայի խոր և երկարաժամկետ ռազմավարական շահերը»5, որպես «Հայկական հարցի» վերջնական լուծմանն ուղղված ռազմավարություն: Որպես մեր ազգային շահերի համար ուղիղ, լուրջ և անմիջական սպառնալիք:
Վերջապես, մինչ այդ, անհրաժեշտ է ամեն գնով խուսափել «Հայաստանի զարգացում` զիջելով Հայոց պահանջատիրությունը», թե «Հայաստանի զարգացում` առանց զիջման» անպտուղ, դիխոտոմիկ հարցադրումից: Իրականում այն կեղծ է, համարժեք չի արտացոլում իրականությունը և հարցը փակուղի է տանում: Հիշո՞ւմ եք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», ոչ թե կոմս Տոլստոյի (նա օգտագործում էր ավելի իմաստուն «և» մասնիկն ու ավելորդ հարցեր չէր տալիս), այլ մեր ոչ այնքան վաղ անցյալի միանգամայն ժամանակավրեպ հարցադրումը: Կամ՝ «ունիկա՞լ ազգ են արդյոք Հայերը, թե՞ ոչ» անպտուղ, հետևաբար և վտանգավոր բանավեճը, որի բացասական հետևանքները, սպասելի կերպով, չուշացան երևան (և Երևան) գալուց: Մինչդեռ, իրականության սթափ ըմբռնումը, զերծ՝ պահի անցողիկ լարվածությունից և հիմնված լրացման սկզբունքի վրա, միանգամից կհուշեր, որ մարդկային քաղաքակրթության վերջին 5 հազար տարիների ընթացքում խաղաղությունը կազմել է ընդամենը մոտ 300 տարի: Իսկ Հայերը, իհարկե, ունիկալ ազգ են, պատմական իրենց չափազանց ուրույն առաքելությամբ` ճիշտ ինչպես աշխարհի շատ ազգեր: Եվ կարիք չկա այստեղ դես ու դեն ընկնել:
Փոխարենը, կարծում ենք, անհրաժեշտ է առաջնորդվել և տարածաշրջանային ակտորներին հորդորել ընթանալ հետևյալ տրամաբանության ուղիով: Հայոց ցեղասպանության ճանաչում` առաջին հերթին Թուրքիայի կողմից, որպես Կովկասի զարգացումը սանձող կապանքներից ձերբազատման, ողջ տարածաշրջանում իրական, երկարաժամկետ հեռանկարում` կայուն տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատման լրջագույն գրավական: Այս խնդիրը ողջ Հայության խնդիրն է, եթե կուզեք` ողջ առաջադեմ մարդկության խնդիրը: Առանց այս խնդրի լուծման անհնարին է XXI դարի անխռով ընթացքը։ Ոչ ավելի, ոչ պակաս:
* * *
Պրակտիկ հարթությունում Կովկասից մեսիական ԱՄՆ նահանջով պայմանավորված գործոնը մեզ համար կարևոր է նաև հետևյալով: Արդի աշխարհաքաղաքականությունը, ինչպես և բնությունը, չեն «հանդուրժում վակուում»: Մեր տարածաշրջանում ու Կովկասում մեսիական ԱՄՆ նահանջով պայմանավորված վակուումը պետք է լրացվի ինչ-որ ուժով կամ ուժերի համամասնությամբ:
Իրոք, Վրաստանը, հասկանալով, որ անխուսափելիորեն մոտենում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության պարտությունը գալիք ընտրություններում և տագնապելով «ջուրը գցել» այն հսկայական լոբբիստական ջանքերը, որը թափել էր ԱՄՆ այս կուսակցությանն իր աջակիցը դարձնելու համար, շտապեց դիմել ռազմական ավանտյուրային Հր. Օսիայում` ելնելով ընկերներ Ջուղաշվիլու, Օրջոնիկիձեի և Բերիայի կողմից ժառանգված իր մինի-կայսերապաշտական նկրտումներից: Այս արկածախնդրությունը լրջորեն վտանգեց ոչ միայն Կովկասի, այլև ողջ տարածաշրջանի, գուցե և ողջ աշխարհի անվտանգությունը: Զվարճալի է, որ “The New York Times” ամսագրի 2008թ. մարտի 27-ի համարում, ՌԵՆԴ կորպորացիայի վերը հիշատակված աշխատության հեղինակ պրն Սթիվեն Լարաբիի “Georgia on their minds” հոդվածում (խեղճ Ռեյ Չարլզ), վճռականորեն հակադրվում էր Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի 2008թ. մարտի 10-ի այն հայտարարությանը, թե «սառեցված հակամարտություններով երկրները տեղ չունեն ՆԱՏՕ-ում»: Փրփուրը բերանին՝ պրն Լարաբին պնդում էր Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցելու անհրաժեշտությունը, «չափազանց քիչ հավանական» համարելով այն, «որ Ռուսաստանը երբևէ կճանաչի Հր. Օսիայի և Աբխազիայի անկախությունը»6: Զվարճալի է այժմ: Իսկ այն ժամանակ դեպքերի մի փոքր այլ ընթացք` և մեր ողջ տարածաշրջանը կընկղմվեր աներևակայելի մղձավանջի մեջ:
Ռուսաստանը, հստակ գիտակցելով ԱՄՆ գալիք ռազմավարական նահանջի իրողությունը, գիտակցեց նաև, որ իր համար Կովկասում եկել է «ճշմարտության պահը»: Վրաստանի ագրեսիային նա պատասխանեց ամենայն վճռականությամբ: Իսկ Թուրքիան, որը դեռ 2004-ից հետևողականորեն ընդլայնում և զարգացնում էր հարաբերությունները ՌԴ-ի հետ, տպավորված Վրաստանի ագրեսիայի նկատմամբ ռուսական հակահարվածի վճռականությամբ, շփոթված փորձեր ձեռնարկեց Կովկասում իր ազդեցությունը վերագտնելու և վերիմաստավորելու ուղղությամբ: Թուրքիայում շփոթը խորացավ Հր. Օսիայի և Աբխազիայի անկախության՝ ՌԴ-ի կողմից ճանաչումով, Հայաստանի նախագահի՝ Թուրքիայի նախագահին ուղղված պատմական հրավերով և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի նախաձեռնողական քայլերով, որոնք, ամենայն հավանականությամբ, ի սկզբանե ունեին ՌԴ ծավալուն սատարումը:
Ադրբեջանը, շունչը պահած, հետևում էր իրադարձություններին և գիտակցելով, որ կարող է կորցնել այն լծակը, որն օգտագործում է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վարվող բանակցություններում, թուրք-հայկական մերձեցման և սահմանի բացման հարցում Թուրքիային իր ռազմավարական, էներգետիկ, քաղաքական և այլ օժանդակումն այս բանակցություններում պայմանավորեց արձանագրվող իր համար նպաստավոր առաջխաղացմամբ: Այսպիսի պայմանավորումը, հակառակ «ճանապարհային քարտեզի» տառին և ոգուն, փաստորեն վիժեցրեց թուրք-հայկական մերձեցման գործընթացի ներկայիս փուլը, որի տրամաբանական միջակետը դրվեց Հայաստանի նախագահի ս.թ. ապրիլի 22-ի հրամանագրով: Ասում ենք միջակետ, որովհետև վստահ ենք, որ թուրք-հայկական մերձեցման գործընթացը դեռ շարունակվելու է: Պետք է շարունակվի: Ի բարօրություն Կովկասում և ողջ տարածաշրջանում ապրող ժողովուրդների:
Վերջապես, Իսրայելը, վերաշեշտադրեց իր ռազմավարական նպատակներին ԱՄՆ ներքաշվածության խնդիրը՝ առաջին պլան մղելով նավթային գործոնը և Իրանին պատժելու անհրաժեշտությունը: Մինչ այդ, Իսրայելը շտապեց կրկին խուժել Գազայի հատված, կոշտացնել դիրքորոշումը հրեական բնակավայրերի կառուցման գործում և, փաստորեն հակադրվել «երկու ժողովուրդ - երկու պետություն» գաղափարին: Իսկ Գերմանիան, որը ոչ պակաս հստակությամբ գիտակցում էր ԱՄՆ ռազմավարական նահանջի մոտալուտ սկիզբը, հոգնած ԵՄ անաշխատունակությունից ու տձևությունից, վիրավորված այն քաղաքական նվազ դերակատարումով, որն ունի եվրոպական այս հսկան Միության քաղաքական գործերում, իր աշխարհաքաղաքական հայացքները սկսեց ուղղել դեպի Ռուսաստան և անդին` Կովկաս ու Միջին Արևելք:
Կովկասում մեսիական ԱՄՆ նահանջով պայմանավորված վակուումը մեզ մոտ, ամենայն հավանականությամբ, կլրացվի ՌԴ և Գերմանիայի, ինչպես նաև Իրանի և Թուրքիայի ուժային աշխարհաքաղաքական վեկտորների հավասարակշռումից գոյացած համամասնությունով: Մեզ համար նորությունն այստեղ Գերմանիայի տարածաշրջանային աշխարհաքաղաքական դերակատարման հնարավորությունն է և սկիզբը: Հանգամանք, որը, կարծում ենք, գուցե ենթագիտակցաբար, ստիպել էր պրն Լարաբիին օգտագործել Ordnungsmacht եզրը ՌԵՆԴ-ի վերը քննվող նյութում` հայ-թուրքական մերձեցմանը նվիրված հատվածում: Գերմանիայի աշխարհաքաղաքական դերակատարման աճի հանգամանքը չի վրիպել հայրենական վերլուծաբանների աչքերից: Այս առումով կուզենայինք ընդգծել խնդրո առարկա, ժամանակագրորեն, թերևս, առաջին և ամբողջական հրապարակումը7: Համաձայնելով այստեղ կատարվող վելուծության հետ՝ կուզենայինք պարզապես հավելել հետևյալը:
XX դարի ընթացքում առնվազն երեք անգամ Վրաստանի ռազմավարական շահերը հակադրվել էին Հայաստանի ազգային շահերին, իսկ վարվող գործողությունները Հայաստանի ազգային շահերի և Հայ ժողովրդի համար հանդիսացել էին ուղիղ, լուրջ և անմիջական վտանգ: Եվ Հայաստանը վճարել է դրա աշխարհաքաղաքական, ռազմավարական, ազգային և բարոյական էական գինը: Նոր` XXI դարի կարճ պատմության ընթացքում առնվազն մեկ անգամ Վրաստանի ռազմավարական շահերը հակադրվել են Հայաստանի ազգային շահերին: Եվ նորից Հայաստանը վճարել է դրա գինը: Եվ այս ամենի ակունքում ընկած է դեռ կայսերական Գերմանիայի գենշտաբի ռազմավարական ծրագիրը` մեկուսացնել Ռուսաստանը Կովկասից ու Միջին Արևելքից՝ Կովկասում ստեղծելով միայն մեկ քրիստոնեական բուֆերային պետություն, այն է` ուղղափառ Վրաստանը: Բացի այդ, Կովկասում նախատեսվում էր ունենալ ևս մեկ` մահմեդական պետություն, Կովկասի թաթարներից բաղկացած երկիր: Խոսքը ներկայիս Ադրբեջանի մասին է: Ինչպես տեսնում ենք, այս տեսլականում տեղ չկա ոչ Հայերի, ոչ Հայաստանի համար: Այս ամենը հանգիստ խղճով կարելի էր թողնել պատմաբանների և հարցի պատմությամբ զբաղվող ուսումնասիրողների դատին, եթե չլիներ հետևյալ կարևոր հանգամանքը:
Աշխարհաքաղաքական կոնստրուկտներն ունեն շատ մեծ կենսունակություն: Մի անգամ ձևակերպվելով «ուժային կենտրոնների» կողմից ու կյանքի կոչվելով բեկումնային ժամանակներում՝ դրանք չեն անգոյանում քաղաքական տվյալ իրադրության սպառումով և գործընթացների ավարտով: Դրանք նորից ի հայտ են գալիս բեկումնային նոր ժամանակներում: Մեզ համար, մեր տարածաշրջանի համար այսպիսի բեկումնային ժամանակներ եղան Ռուսական կայսրության հոգեվարքը XX դարի սկզբին և ԽՍՀՄ փլուզումը XX դարի վերջին: Եվ XX դարասկզբի հին աշխարհաքաղաքական կոնստրուկտները չուշացան երևան գալ դարավերջին: Նկատի ունեմ ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ ՊԱԿ ղեկավար Հ. Ալիևի, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Է. Շևարդնաձեի և մի շարք թուրք, հրեա ու ամերիկացի այն ռազմավարներին, որոնք 90-ականների 2-րդ կեսին հղացան «Ալիևի դոկտրինը», այն է. 1. համակցել Ադրբեջանը և Կենտրոնական Ասիան` Թուրքիայի, Իսրայելի և Եվրոպայի հետ էներգետիկ, տնտեսական, քաղաքական, իսկ այնուհետև` անվտանգության համակարգերով, 2. կտրել Կովկասը Ռուսաստանից, մեկուսացնել Ռուսաստանը և Իրանը ողջ տարածաշրջանից, 3. խեղդամահ անել Հայաստանը8: Դատելով ներկայումս բաց աղբյուրներից՝ այստեղ գերմանական մասնակցությունը փաստագրված չէ: Սակայն, չի կարելի չնկատել, որ «Ալիևի դոկտրինը» նման է կայսերական Գերմանիայի գենշտաբի XX դարի սկզբի տեսլականին` ինչպես երկվորյակ եղբայր:
Հետևաբար, մեզ համար, ԵՄ ամենաուժեղ տերության՝ Թուրքիայի վաղեմի բարեկամ, ԵՄ-ում Վրաստանի կուրատոր Գերմանիայի Դաշնային Հանրապետության վերադարձը Կովկաս հասկանալի է, ողջունելի և օգտակար միայն մեկ պարագայում. այն չպետք է սատարի Կովկասի ներկայիս պառակտումը, այն չպետք է խրախուսի «տարածաշրջանային էներգետիկ և տնտեսական ծրագրերից Հայաստանի արտաքսումը»: Այն պետք է ուղղված լինի Հայաստանի, Իրանի և ՌԴ տարածաշրջանային լիարժեք ինտեգրմանը՝ առանց մեզ խեղդամահ անելու կամ մեր ձեռքերը ոլորելու սպառնալիքի:
* * *
Ընդհանրապես, մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ կարճաժամկետ հեռանկարում մեր տարածաշրջանում կմեկնարկի վերը նշված վակուումի լրացմանն ուղղված տենդագին ակտիվություն: Ամենաբարձր մակարդակի այցելությունները տարածաշրջանում կարձանագրվեն անախադեպ հաճախությամբ, մամուլի էջերը կողողվեն այս ամենի տարաբնույթ վերլուծություններով և այլն: Գալիք այս եռուզեռի ժամանակ մեզ համար, կարծում ենք, կտրականապես կարևոր է ամրագրել մի քանի բազիսային իրողություն, որոնք և ուրվագծում են մեր տարածաշրջանում իրականության աշխարհաքաղաքական հիմքը:
Բացառապես խաղաղ և օրինական կերպ արտահայտված Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի արտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը դիմեց ռազմական ագրեսիայի, որում և կրեց ռազմական չոր պարտություն9: Այս երկիրը կամ պետք է սանձազերծի նոր պատերազմ, կամ մշակի ինքնուրույն Լեռնային Ղարաբաղի հետ իր modus vivendi–ն: Ճիշտ այնպես, ինչպես որ ՌԵՆԴ կորպորացիայի վերոհիշյալ աշխատությունում դա առաջարկվում է անել Թուրքիային` Իրաքի հյուսիսում գործող Քրդստանի տարածքային կառավարության հանդեպ:
Թուրքիան, 1993թ. փակելով սահմանը Հայաստանի հետ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ դիմեց ռազմական գործողության և, հետևաբար, զրկեց իրեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ հանդիսանալու որևէ բարոյական ու տրամաբանական հիմքերից: Գոնե և ճիշտ մինչև այն պահը, երբ նորից կբացի սահմանը Հայաստանի հետ` առանց 3-րդ կողմերի խնդիրների հետ որևէ արծարծման: Բացի այս, Թուրքիան կանգնած է ինքնության խոր ճգնաժամի առջև և տարածքային չկարգավորված վեճեր ունի իր սահմանների գրեթե ողջ պարագծով` Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի և Իրաքի հետ: Տարածքային վեճը Հայաստանի հետ կարգավորված չէ, բայց նաև ակտիվ չէ: Թուրքիան շարունակում է եռանդուն մերժել Հայերի հայրենազրկող ցեղասպանության կազմակերպման և իրականացման իրողությունը: Այսպիսի դիրքորոշումը մեր ողջ տարածաշրջանը զրկում է զարգացման ռազմավարական հեռանկարից:
Վրաստանը հիմնովին ձախողվեց իր հետխորհրդային սահմանների ներսում ազգային համաձայնության քաղաքականություն մշակելու և վարելու գործում: Դիմելով ռազմական արկածախնդրության՝ այն վտանգեց ողջ տարածաշրջանի անդորրն ու կայունությունը և ուղղակիորեն կանգնեց տարածքային ամբողջականության պահպանման հարցի առջև:
Իրանի մեկուսացումը տարածաշրջանային զարգացումներից հանգեցնում է նրան, որ «այս տարածաշրջանը զարգանում է աննորմալ կերպով»10: Ռուսաստան – Հայաստան – Իրան տնտեսական, էներգետիկ, մշակութային, քաղաքական և աշխարհաքաղաքական համագործակցությունը մեր տարածաշրջանը կայունացնող ու հավասարակշռող արդյունավետ ռազմավարական գործոն է: Այն կարող է ընդլայնվել և ներառել Ռուսաստան – Հայաստան – Թուրքիա համագործակցության բաղադրիչը, որը կլրացնի Թուրքիա-Իրան համագործակցության անխուսափելի զարգացումը: Այս ամենին Գերմանիան կարող է բերել իր էական սատարումն ու օժանդակումը:
Արևմուտքի անտարբեր աչքերի առջև Հայաստանը շարունակում է շնչահեղձ լինել պարտադրված շրջափակման և տարածաշրջանային ենթակառույցների զարգացումից «արտաքսվածության» հետևանքով: Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարական նշանակության հիմնական գործոնը եղել է, է և կլինի հայ զինվորի մարտունակությունն Արցախում և մեր սահմաններին: Միջազգային տիրույթում կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի անվտանգության համակարգը կշարունակի հենվել ՌԴ-ի հետ Մեծ պայմանագրի և ՀԱՊԿ-ի վրա: Անցած երկու տասնամյակների ընթացքում Արևմուտքը ձախողվեց այս հարցում Կովկասյան տարածաշրջանին ռազմավարական այլընտրանք առաջարկելու գործում` ոչ վերջին հերթին այն բանի հետևանքով, որ որդեգրեց և իրականացրեց իր հիմքում` արատավոր և, վերջին հաշվով` անիրատես «Ալիևի դոկտրինը»:
* * *
2008թ. օգոստոսից հետո շատ բան փոխվեց Կովկասում, մեր ողջ տարածաշրջանում, մեր մտածելակերպում և հաշվարկներում: Սակայն ամենակարևոր փոփոխությունը, կարծում ենք, այն է, որ վերջապես կարելի է ասել. եկել է լրջանալու պահը: Այն հասունացել է թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում, թե՛ աշխարհում:
1R. Shekley, Shall We Have a Little Talk? Galaxy, 1965.
2А. Марджанян, Наше будущее – глазами NIC. «21-й Век» (русскоязычное издание), Nо 3 (11), 2009г. C. 3-38.
3«Խելացի ուժ» եզրը բազմիցս օգտագործվել է ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի և Պետդեպարտամենտի ղեկավար Հ. Քլինթոնի կողմից` ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը բնութագրելու համար:
4Troubled partnership: U.S.–Turkish relations in an era of global geopolitical change. F. S. Larrabee. RAND, Project Air Force, MG-8893-AF. 2010. Այս աշխատության զննության և հարակից հարցերին նվիրված մեր ավելի ծավալուն հոդվածը տե՛ս «21-րդ ԴԱՐ» հանդեսի ս.թ. թիվ 3-ում:
5Նույն տեղում, Ch. 5։
6http://www.nytimes.com/2008/03/27/opinion/27iht-edlarrabee.1.11471355.html
7http://www.noravank.com/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4678 (Գ. Տեր-Հարությունյան, Ռուսաստան-Գերմանիա. հնարավոր սցենարներ տարածաշրջանային անվտանգության համատեքստում, 26 ապրիլի, 2010թ.)։
8Ձևակերպումը մերը չէ: Այն կարելի է գտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից 1998թ. դեկտեմբերին կազմված և 2007թ. ապրիլին գաղտնազերծված OREA CEI-9812 փաստաթղթում:
9Ձևակերպումը մերը չէ: Այն կարելի է գտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից 1999թ. նոյեմբերի 15-ին կազմված և 2007թ. ապրիլին գաղտնազերված SEIB 99-264CX փաստաթղթում:
10Ձևակերպումը մերը չէ: Այն կարելի է գտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից 1999թ. նոյեմբերին պատրաստված և 2007թ. ապրիլին գաղտնազերծված OTI 99-10031 հաշվետվությունում:
22 ապրիլի - 9 մայիսի, 2010թ.
դեպի ետ