• am
  • ru
  • en
Версия для печати
26.05.2010

ԱՅՐԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ` ԻՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ

Руский

   

Դավիթ Ստեփանյան

Վերջերս Թեհրանում տեղի ունեցավ առաջին հայացքից բավական աննշան թվացող իրադարձություն, և իրանցիները հերթական անգամ հրապարակավ այրեցին ադրբեջանական դրոշը, իսկ ԻԻՀ-ում ԱՀ դեսպանատան վրա նեխած ձվեր նետվեցին: «Կրակների երկրի» ազգային խորհրդանիշն արդեն առանձնակի հարգանք չի վայելում հարևան երկրներում, ինչի վկայությունը դարձավ ադրբեջանական դրոշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը թուրքական Բուրսայում անցյալ տարի Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ: Սակայն ադրբեջանական դրոշի այրումը Թեհրանում ձեռք է բերում միանգամայն այլ իմաստ, երբ իրադարձությունը դիտարկվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին ազդակների համատեքստում: Անդրադառնանք պատմությանը:

Ժամանակին և´ Հայաստանը, և´ Վրաստանը, և´ ներկայիս Ադրբեջանը կամ անմիջականորեն Պարսկաստանի մասն էին հանդիսանում, կամ գտնվում էին նրանից կախման մեջ: Հատկանշական է, որ Հարավային Կովկասի կողքին ռուսական Հյուսիսային Կովկասը նույնպես դարեր շարունակ զգացել է Պարսկական կայսրության ազդեցությունը: Միայն XIX դարում Ռուսաստանին հաջողվեց վերջնականապես դուրս մղել պարսիկներին Կովկասից, սակայն արդեն 1991թ. հետո, ԽՍՀՄ փլուզմամբ սկսվեց հակառակ գործընթացը, և այսօր Իրանը բավական ակտիվորեն վերադառնում է իր համար ռազմավարական առումով կարևոր Կովկասյան տարածաշրջան: Թեհրանը և Երևանը մի շարք պատճառներով այսօր բավական ջերմ հարաբերություններ ունեն: Անկասկած, Հայաստանը չի աջակցի Իրանի դեմ ցանկացած պատժամիջոցի կիրառմանը, քանի որ Իրանը Հայաստանի առևտրատնտեսական և քաղաքական գլխավոր գործընկերներից է: Հատկանշական է նաև, որ Հայաստանը, ըստ էության, աշխարհում միակ երկիրն է, որին «չի արգելվում» նման հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ, որը Վաշինգտոնի կողմից ներառված է «չարի առանցքի» մեջ:

Մի փոքր ավելի սառն են հարաբերությունները Թեհրանի և Բաքվի միջև, սակայն վերջին տարիներին այդ հարաբերությունները փոքր-ինչ հռչակագրային բնույթ են ստացել և հիմնականում հանգեցվում են փոխադարձ նվիրվածության և փոխըմբռնման հավաստիացումներին: Մինչև վերջերս հյուսիսային ուղղությամբ Իրանի քաղաքական ակտիվության գոտի էին համարվում հիմնականում Հայաստանը և Ադրբեջանը: Երկու պետությունների հետ էլ իսլամական հանրապետությունն ընդհանուր սահմաններ ունի, ընդ որում՝ երկու դեպքում էլ այդ քաղաքական ակտիվությունը տարբեր պատճառներ ունի: Հայկական սփյուռքը, որն Իրանում հազարամյա պատմություն ունի, Հայաստանն Իրանի հետ կապող կարևոր օղակ է: Իրանահայ սփյուռքը ԻԻՀ-ն հուսալիորեն կապում է արտաքին աշխարհի հետ` առևտրատնտեսական, և որ գլխավորն է` ֆինանսական հարաբերությունների համատեքստում: Հաշվի առնելով ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ԻԻՀ մշտական շրջափակումը բոլոր, այդ թվում և ֆինանսական իմաստներով, իրանահայերն Արևմուտքում իրենց հայրենակիցների օգնությամբ արտաքին աշխարհի հետ Իրանի բանկային համակարգը կապող կամուրջ են հանդիսանում: Նույնը չի կարելի ասել ադրբեջանա-իրանական հարաբերությունների մասին, չնայած այն բանին, որ էթնիկ ադրբեջանցիները, ըստ տարբեր գնահատականների, կազմում են Իրանի բնակչության քառորդից մինչև քառասուն տոկոսը և նրա հյուսիսային մի քանի շրջանների հիմնական բնակչությունն են: Ադրբեջանական անջատականության սպառնալիքն Իրանական Ադրբեջանում և ԱՄՆ-ի կողմից դրա արհեստական թեժացումը տեսականորեն հնարավոր են դարձնում Թեհրանի վրա Բաքվի քաղաքական ազդեցությունը:

Պետք է խոստովանել, որ Իրանի ազդեցությունն Ադրբեջանում կարող էր ավելին լինել, եթե չլիներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1992թ. Թեհրանն ստիպված էր ընտրություն կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ ԻԻՀ այն ժամանակվա ղեկավարությունն ընդունեց որոշում հօգուտ Հայաստանի, մանավանդ որ ադրբեջանական ազգայնական իշխանություններն անմիջականորեն վտանգավոր էին Իրանի համար և անթաքույց խոսում էին Իրանից ադրբեջանաբնակ նահանգներն անջատելու մասին։ Եթե իրանցիները 1992-ին միանային Հայաստանի շրջափակմանը, ապա Հայաստանի առանց այդ էլ բարդ վիճակը կվերաճեր աղետի: Իրանի իշխանությունները, զգուշավորությամբ վերաբերվելով Ադրբեջանի հետ մերձեցման հեռանկարներին, հրաժարվեցին այդ սցենարից: Մանավանդ որ հեռանկարը, թե Բաքուն կարող է բարձրացնել այսօր Ադրբեջան կոչվող երկու մասերի միավորման հարցը, գոյություն ունի նաև այսօր:

ԻԻՀ ներկայիս քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ կարելի է բնութագրել որպես մտրակի և բլիթի քաղաքականություն: Որպես բլիթ, որը Թեհրանը հրամցնում է Բաքվին, կարելի է հիշատակել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի` վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի` «Իրանը շարունակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի իշխող ռեժիմը մշտապես «տարածքային ամբողջականության» նոր համախոհներ է փնտրում, ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի սույն հայտարարությունը Բաքվում ախորժալուր մեղեդու պես է հնչում: Դրանից մի քանի օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Սահեդ Ալի Սաղայանը նշել էր, որ իր երկիրը գործնականում ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ նրա հետ ընդհանուր սահման ունի: Իրանցի դիվանագետների այս հակասական, ԻԻՀ արևելյան դիվանագիտության ոգուն հարազատ հայտարարություններն աշխույժ բանավեճի առիթ դարձան Ադրբեջանում: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը ինքնատիպ մեկնաբանություն տվեց Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբաղիր Բախրամիի այն հայտարարություններին, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են, որ Թեհրանը մասնակցի կարգավորման գործընթացին` հայտարարելով, թե Իրանը սահմաններ ունի թե´ Ադրբեջանի, թե´ Հայաստանի հետ և շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Հատկանշական է, որ այդ նույն Բախրամին հերքել է գործընկերոջ` ՀՀ-ում ԻԻՀ դեսպանի խոսքերը, որը հայտարարել էր Իրանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա սահմանների մասին: Ավելին, Բաքուն մշտապես լուրեր է տարածում, թե Ղարաբաղյան կարգավորման մեջ Իրանի միջնորդական դեր կատարելու փորձը 1992թ. ձախողվել է և աղետալի եղել Ադրբեջանի համար, քանի որ Թեհրանում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը ինքնապաշտպանության հայկական ուժերը գրավեցին Շուշին:

Պաշտոնական Բաքվի այսօրինակ վարվելակերպը հարկադրում է Թեհրանին ժամանակ առ ժամանակ դիմել մտրակի օգնությանը, ինչն արտահայտվում է Ադրբեջանի տարածքում հեռարձակվող իրանական հեռուստաալիքների (գլխավորապես իրանական Seher հեռուստաալիքի) հաղորդումների բովանդակության մեջ, ինչպես նաև պարբերաբար ադրբեջանական դրոշներ այրելով: Հատկանշական է, որ այսպես կոչված Իրանի ադրբեջանցիներն այս ֆոնին քար լռություն են պահպանում, ինչը վկայում է այն մասին, որ նրանք, մեղմ ասած, անտարբեր են Ադրբեջանի խորհրդանիշերի հանդեպ: Ի հակակշիռ այդ լռության` պաշտոնական Բաքուն Ադրբեջանի փոխարտգործնախարար Վագիֆ Սադիխովի միջոցով Իրանի իրավապահ մարմիններից պահանջեց համապատասխան միջոցներ ձեռնարկել ԱՀ խորհրդանիշերի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորման և դեսպանատան վրա նեխած ձվեր նետելու կապակցությամբ, ընդ որում` Սադիխովն իր պահանջները հասցեագրեց բացառապես իրանական ոստիկաններին: Ավելի կտրուկ էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովի արձագանքը, որը, մեկնաբանելով ադրբեջանական դրոշի այրումն Իրանում, հայտարարեց, թե «Իրանում գոյություն ունեն ուժեր, որոնք շահագրգռված չեն ադրբեջանա-իրանական կապերի կարգավորմամբ և փորձում են ամեն կերպ վնաս հասցնել այդ հարաբերություններին»: Հասանովը նշեց նաև, որ իրանական կողմը բավարար քայլեր չի ձեռնարկում նման միջադեպերը կանխելու համար, իսկ իրանական «Սեհեր» հեռուստաալիքի հաղորդումներն ուղղված են Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի լարվածության թեժացմանը:

Թեհրանն արդեն սկսել է հարաբերություններ հաստատել նաև հարավկովկասյան մյուս պետության՝ Վրաստանի հետ: Այստեղ հիմնական խոչընդոտ են համարվում վրաց-ամերիկյան և ռուս-իրանական հարաբերությունները: Մինչև վերջերս Վրաստանը Իրանի արտաքին քաղաքականության գերակայություն չէր համարվում: Սակայն այժմ իրավիճակն աստիճանաբար փոխվում է: Այս կարծիքի հավաստումն են այն հայտարարությունները, որոնք արվել են հունվարի 18-ին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի կողմից նրա` Թեհրան կատարած այցի ընթացքում, որտեղ նրան ընդունեցին ամենաբարձր` երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մակարդակով: Վաշաձեի այցելության պաշտոնական նպատակը Կովկասի կայունության և անվտանգության հետ կապված ռազմավարական հարցերի քննարկումն էր: Իրականում Ահմադինեժադը վրացիներին խորհուրդ տվեց «չձգտել դեպի ՆԱՏՕ», իսկ Վաշաձեն արժանին մատուցեց «Իրանի հավասարակշռված և սկզբունքային դիրքորոշմանը տարածաշրջանային զարգացումներում»` ընդգծելով Թբիլիսիի պատրաստակամությունը` ընդլայնել խորհրդատվություններն ԻԻՀ-ի հետ: Վաշաձեն բավական կարևոր մի հայտարարություն ևս արեց, ըստ որի` «Իրանն իրավունք ունի առաջ ընթանալ միջուկային տեխնոլոգիաների զարգացման գործում»: Հաշվի առնելով, որ Թբիլիսին ողջ աշխարհում ընկալվում է որպես Վաշինգտոնի դաշնակից, Իրանի իշխանությունների համար այս հայտարարությունը դիվանագիտական մեծ բեկում է նշանակում: 2012-2013թթ. Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու` Վաշինգտոնի պարբերաբար բարձրաձայնվող պլանների, ինչպես նաև համաշխարհային լրատվամիջոցների տեղեկությունների ֆոնին, թե Իրանին հարվածելու դեպքում ԱՄՆ-ը կամ Իսրայելը կօգտագործեն Վրաստանում գտնվող ռազմակայանները, Վաշաձեի հավաստիացումները Վրաստանում Թեհրանի դեմ ագրեսիվ պլանների բացակայության մասին կարևոր էին Ահմադինեժադի համար: Վաշաձեն նույնիսկ հայտարարեց, որ «Թբիլիսին երբեք չի մասնակցի Իրանի դեմ պատերազմին, ինչ դաշինքների մեջ էլ որ գտնվի Վրաստանը»: Այս ֆոնին հատկանշական է վրաց-իրանական հարաբերությունների շաղկապումը հայ-իրանական հարաբերությունների հետ, քանի որ ամենևին էլ պատահական չի թվում այն, որ հունվարի 26-ին Վրաստանի և Իրանի կառավարական պատվիրակությունները` համապատասխանաբար վարչապես Նիկա Գիլաուրիի և արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորությամբ, միաժամանակ Երևանում էին: Այս ֆոնը կարող է հոյակապ հիմք հանդիսանալ հաջորդ պնդման համար. Սահակաշվիլին, որին քննադատում են բոլորը, հաջողեցրել է, հոյակապ հարաբերություններ պահպանելով ԱՄՆ-ի հետ և միաժամանակ ներդրումներ ստանալով Իսրայելից, դառնալ Իրանի շահերի ակտիվ պաշտպանը: Օրերս Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդռեզա Սաջադին հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, այնպես որ` Թբիլիսիի այս նոր առաքելության համար «պարգևատրումն» ավելի քան ակնհայտ է ու արդարացված: Ինչպես նաև արդարացված է Իրանի հետագա ներթափանցումը Հարավային Կովկաս` այստեղից բխող բոլոր մարտահրավերներով ու ինտեգրացիոն նոր հնարավորություններով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր