• am
  • ru
  • en
Версия для печати
04.12.2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՀԻՄՔԵՐԸ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Melkonyan_Ruben (medium) Սույն թվականի նոյեմբերի սկզբին Եվրամիության պաշտպանության նախարարների ժողովին մասնակցելու համար Բրյուսելում էր գտնվում Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը։ Վերջինս նոյեմբերի 10-ին ելույթ ունենալով Բրյուսելի թուրքական դեսպանատանը կայացած Աթաթուրքի հիշատակին նվիրված միջոցառմանը` արտահայտել է շատ ուշագրավ եւ միեւնույն ժամանակ սկանդալային միտք` կապված թուրքական «ազգային պետության» հետ։ Ըստ նրա, ներկայիս Թուրքիայի միատարր, «ազգային» լինելու համար նրանք պարտական են դարասկզբին տեղի ունեցած մի շարք հանգամանքների, այդ թվում` 1923թ. Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բնակչության փոխանակմանը, համաձայն որի` Թուրքիայում բնակվող հույներն արտաքսվեցին Հունաստան, իսկ այնտեղի մուսուլման թուրքերը` Թուրքիա։ Այդ փոխանակման ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիայից տեղափոխվել է 1.5-2.5 միլիոն հույն, իսկ Հունաստանից` 350-500 հազար թուրք։ Թուրքիայի պաշտպանության նախարարն, ի դեպ, ասել է. «Այսօր, եթե Էգեյան ծովի ավազանում հույները եւ Թուրքիայի շատ վայրերում հայերը շարունակեին ապրել, արդյո՞ք մենք կարող էինք նույն ազգային պետությունը լինել։ Չգիտեմ ինչ բառերով ձեզ բացատրեմ, թե հույների փոխանակումը որքան կարեւոր էր»։

Այս խոսքերի տակ իրականում թաքնված է թուրքական ժամանակակից պետության մի ամբողջ գաղափարախոսություն, որի արմատները հասնում են մինչեւ Օսմանյան կայսրություն։ Այդ գաղափարախոսությունը ենթադրում է, որ թուրքերը հայերի, հույների կամ ոչ մուսուլմանների հետ չեն կարող մի պետության մեջ խաղաղ գոյակցել, իրենց խոսքերով` «ազգային պետություն» լինել։ Պաշտպանության նախարարի, գուցե եւ անզգույշ, խոսքերում նաեւ թուրքական իշխող վերնախավի, կարելի է ասել, ավանդական մոտեցումն է թաքնված, այն է` հայերը, հույները, ոչ մուսուլմանները պետք է ոչնչացվեն, ձուլվեն կամ հեռանան այս երկրից։ Միաժամանակ, էթնիկ խտրականության մասին այս անկեղծ խոստովանությունը ստիպում է եւս մեկ անգամ խորհել թուրքերի հետ խաղաղ գոյակցելու խնդրի շուրջ, քանի որ հենց իրենք` թուրք պաշտոնյաներն են, փաստորեն, անուղղակի եւ ուղղակի ապացուցում, որ այդ քարոզները կամ կեղծ են, կամ էլ անարժեք իրենց համար։

Պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը նաեւ կարեւորել է Թուրքիայի Հանրապետության ձեւավորման ժամանակվա սկզբունքները` «ազգակերտումը» եւ տնտեսությունը։ Խոսելով հատկապես տնտեսության եւ դրանում այլազգիների դերի մասին` Գյոնուլն ասել է հետեւյալը. «Ես մի ժամանակ աշխատել եմ Իզմիրի Առեւտրի պալատում, եւ այս պալատի հիմնադիրների շարքում գեթ մեկ մուսուլման չկար, բոլորը լեւանտացիներ (եվրոպացիներ) էին։ Հանրապետության հիմնադրումից առաջ էլ Անկարայում կար չորս թաղամաս, որոք պատկանում էին հայերին, հույներին, հրեաներին եւ մուսուլմաններին։ Էգեյան ավազանում բարեբեր հողերը փոքրամասնությունների ձեռքում էին»։ Քննադատելով «տխուր» անցյալը` Թուրքիայի պաշտպանության նախարարը պետք է շատ ուրախանա ներկայիս վիճակով, քանի որ այն ներկայացնում է լիովին այլ պատկեր։ Նախարար Գյոնուլը անուղղակիորեն դրական է համարել նաեւ Թուրքիայի տնտեսությունից ոչ մուսուլմաններին հեռացնելը։

Պաշտպանության նախարար Գյոնուլի մտքերը լայն արձագանք գտան ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Օրինակ` թուրք հայտնի քաղաքագետ, պրոֆեսոր Բասքն Օրանը 1923թ. բնակչության փոխանակումը որակում է որպես էթնիկ եւ կրոնական զտում, եւ գտնում, որ այս փոխանակումն ու «1915-ի հայերի աքսորը ոչնչացրին Թուրքիայում բազմազանությունը»։ Այս ամենը, ըստ պրոֆեսորի, մեծ վնաս հասցրեց Թուրքիային, ընդ որում` տարբեր բնագավառներում։ Օրանը սխալ է որակել նաեւ այս մտքերի արտահայտումը` հատկապես արտասահմանում. «Այս խոսքերն ասվել են արտասահմանում։ Նախ մտածում եմ, թե օտարները սա լսելով ինչ են ասել։ Ճիշտ է` Թուրքիայի Հանրապետությունը հույների փոխանակումը արյունալի չի արել, ինչպես Օսմանյան կայսրությունը, սակայն որքանով է ճիշտ այս ամենն արտասահմանցիների առջեւ այսպես ասել։ Այս խոսքերը ե՛ւ մշակութային, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումներով սխալ են»։

Նախարարի խոսքերի առիթով Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակով հանդես եկան մի խումբ պոլսահայեր, որոնց աջակցեցին մոտ 20 մտավորական-գիտնականներ։ Ըստ նրանց, նախարարը պարծենում եւ հպարտանում է իրենց երկրում իրականացված էթնիկ խտրականությամբ, որի հետեւանքով միլիոնավոր մարդիկ բռնությամբ հեռացվել են այն վայրերից, որտեղ նրանց նախնիներն ապրել են հազարամյակներ։ Թուրք նախարարին արձագանքեց եւ պաշտոնական Աթենքը. Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Յորգոս Կումուչակոսը դա որակեց հետեւյալ կերպ. «Նախարարի հայտարարության մեջ նկատվում է վտանգավոր եւ անընդունելի տրամաբանություն»։ Թուրքական «Զաման» թերթում Իհսան Դաղըն իրավացի հարց է տալիս` նախարար Գյոնուլը իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությա՞ն անդամ է, թե՞ երիտթուրքական Միություն եւ առաջադիմություն կուսակցության, որովհետեւ նրա մոտեցումները կրում են զուտ իթթիհադական բնույթ։ Եվ, ըստ նրա, Էնվեր փաշայի աթոռի մերօրյա ժառանգի խոստովանությունը մեծ հաղթաթուղթ կարող է դառնալ «հայկական աքսորի» հարցում, բնականաբար, ոչ ի նպաստ Թուրքիայի։ Շատերը մեղադրում են նախարարին, թե նա, ասելով այս խոսքերը, մեծ սխալ է գործել, որը կօգտագործեն Թուրքիայի թշնամիները, առաջին հերթին` հայկական սփյուռքը։ Նախարարի խոսքերի առիթով դատական հայցով է հանդես եկել Թուրքիայի «Համերաշխություն մարդու իրավունքների եւ հալածվածների համար» կազմակերպությունը` գտնելով, որ նրա մտքերում հստակ արտահայտված են էթնիկ խտրականության տարրեր։

Գյոնուլի արտահայտությունների հետեւանքով բարձրացած եւ օրեցօր նոր ծավալներ ընդգրկող աղմուկից հետո պաշտպանության նախարարն անհաջող փորձ արեց սրբագրելու իր խոսքերը` ասելով, թե նկատի չի ունեցել մեր օրերը, այլ` 80 տարի առաջվա դեպքերը։ Սակայն, չէ՞ որ ներկայիս պատկերը արդյունքն է հենց դարասկզբին տեղի ունեցած դեպքերի։

Ինչպես դիպուկ նկատել է թուրք գիտնական Ջենգիզ Աքթարը` «Գյոնուլին Աստված է ստիպել, որ խոսի» եւ նրա խոսքերը որակել որպես խոստովանություն։ Եվ իրոք, սա կարելի է համարել պետական քաղաքականության մասին խոստովանական հայտարարություն, քանի որ հայտնի է, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության, հույների, ասորիների կոտորածների արդյունքում ժառանգեց անհամեմատ ավելի փոքրաթիվ ազգային-կրոնական փոքրամասնությունների համայնքներ, սակայն նրանց հանդեպ պետական քաղաքականությունը եւ վերաբերմունքը մնաց նույնը` փոքրամասնությունները վտանգավոր են, թշնամի եւ օտար։

Վստահաբար կարող ենք պնդել, որ ազգային փոքրամասնությունները հանրապետական Թուրքիայում դրա հիմնադրման սկզբից եւեթ ենթարկվել են տարատեսակ հալածանքների եւ բռնաճնշումների, չնայած որ Լոզանի պայմանագրով տեսականորեն պաշտպանված էին նրանց իրավունքները: Ոչ մուսուլմանների հանդեպ Թուրքիայի Հանրապետությունում կիրառվել է բռնաճնշումների մի ամբողջ համալիր` աքսոր, ձուլում, կրոնական, քաղաքական, տնտեսական հալածանքներ` նպատակ հետապնդելով ձեւավորել միատարր, «ազգային» Թուրքիա: Այս նպատակին են ծառայել Թուրքիայի Հանրապետությունում հալածանքի քաղաքականության մի շարք բաղկացուցիչներ, որոնցից են Ունեցվածքի հարկը,1 20 դասակարգ զորակոչը,2 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը,3 «Հայրենակից, թուրքերեն խոսիր»4 ակցիաները եւ այլն։

1 Երկրորդ համաշխարհայինի թեժ տարիներին` 1942թ., թուրքական կառավարությունը, վարչապետ Շուքրու Սարաջօղլուի գլխավորությամբ, Ազգային մեծ ժողովի հաստատմանը ներկայացրեց, այսպես կոչված, «Ունեցվածքի հարկ»-ի մասին օրենքը, որն ընդունվեց 1942թ. նոյեմբերի 11-ին` խորհրդարանի նիստին մասնակցող 350 պատգամավորների միաձայն քվեարկությամբ: Անզեն աչքով անգամ նկատելի էր, որ օրենքը բացահայտորեն ուղղված է ազգային-կրոնական փոքրամասնությունների դեմ:
«Ունեցվածքի հարկ»-ը հարկատուներին բաժանում էր 4 խմբի` ըստ կրոնական պատկանելության. ա. մուսուլմաններ, բ. ոչ մուսուլմաններ, գ. հավատափոխներ, դ. օտարահպատակներ: Փաստորեն, սրանով խախտվում էր սահմանադրական այն դրույթը, որի համաձայն` բոլորը, այդ թվում եւ ոչ մուսուլմանները, Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ էին, եւ սա ավելի շատ հիշեցնում էր օսմանյան տիրապետության շրջանը, երբ ոչ մուսուլմանները վճարում էին մուսուլմաններից տարբերվող հարկեր: Իսկ հավատափոխներին չընդգրկելով մուսուլմանների խմբի մեջ` թուրքական պետությունը եւս մեկ անգամ բացահայտ ցույց տվեց, որ այդ խավի հանդեպ վստահություն չի տածում եւ նրանց որպես «իսկական մուսուլմաններ» չի ընկալում։ Կան փաստեր նաեւ, երբ, օրինակ, իսլամ ընդունած հայերը, հույները եւ հրեաները հարկվել են ոչ թե որպես մուսուլման կամ հավատափոխ, այլ որպես ոչ մուսուլման:
Սույն օրենքով նախատեսվում էր, որ մուսուլմանները վճարեն ունեցվածքի 12.5 տոկոսի չափով հարկ, ոչ մուսուլմանները` 50 տոկոս, հավատափոխները, այսինքն` իսլամացածները` 25 տոկոս եւ օտարահպատակները` 12.5 տոկոս: Քանի որ այն ժամանակվա Թուրքիայում ոչ մուսուլմանների ամենամեծ համայնքները հայերինը, հույներինը եւ հրեաներինն էին, բնականաբար, հարկն առավելապես ուղղված էր նրանց դեմ:
Հարկաչափը սահմանելու եւ հավաքելու նպատակով ստեղծվեցին հատուկ հանձնաժողովներ: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում, որ բոլոր հանձնաժողովականները լինեին զտարյուն թուրքեր: Ամենեւին երկրորդական չպետք է համարել, որ հանձնաժողովների կազմում կային զգալի թվով նախկին իթթիհադականներ: «Օրենքի» ամենամեծ հակաիրավական դրույթներից էր այն, որ հանձնաժողովն ինքնակամ էր որոշում հարկի չափը, այսինքն` չկար հստակ որեւէ չափանիշ: Սակայն հակաիրավական կետերն այսքանով չէին սահմանափակվում. մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարող հաջորդ նորմն այն էր, որ հարկատուն իրավունք չուներ որեւէ տեղ բողոքարկել հարկաչափը, այսինքն` հանձնաժողովի կամայականորեն սահմանած որոշումը բեկանման ենթակա չէր եւ վերջնական էր: Իսկ հանձնաժողովները հարկաչափը որոշելիս հաշվի չէին առնում հարկատուի իրական եկամուտները եւ հնարավորություններն ու հարկում էին նրան մոտավորապես, ըստ ցանկության եւ տրամադրության:
Հարկահավաքության գործընթացում մի շատ կարեւոր մանրամասն էլ կա, որի վրա հատկապես ցանկանում ենք ուշադրություն հրավիրել. թուրքական իշխանությունները տարբերություն էին դնում նաեւ ոչ մուսուլմանների միջեւ, եւ հայերը, մյուս ոչ մուսուլմանների համեմատ, հարկվում էին ամենաբարձր տոկոսներով եւ ամենաշատը: Այսպես, օրինակ` թուրք առեւտրականը պետք է վճարեր իր տարեկան եկամուտի 4.7 տոկոսը, հույնը` 156 տոկոսը, հրեան` 179 տոկոսը, իսկ հայը` 232 տոկոսը, եւ փաստորեն հույն առեւտրականը թուրքի համեմատ վճարում էր 31 անգամ, հրեան` 36, իսկ հայը` 47 անգամ ավելի գումար: Հարկերի վճարման համար սահմանված էր 15-օրյա ժամկետ, որը հետո երկարացվեց մինչեւ 30 օր: Այդ ընթացքում հարկը վճարել չհասցնողի շարժական եւ անշարժ գույքը պետականացվում եւ աճուրդով վաճառվում էր. մինչ այդ հենց իրենք` հարկատուներն էլ էին փորձում էժան գներով վաճառել իրենց ունեցվածքը: Նշենք նաեւ, որ գումարը չբավարարելու դեպքում բռնագրավման եւ վաճառքի էր ենթակա նաեւ հարկատուի մերձավոր ազգականների գույքը: Իսկ եթե այդ ձեւով ձեռք բերված գումարն էլ չէր բավարարում հարկի վճարմանը, ապա հարկատուներն աքսորվում էին տաժանակրության, որպեսզի աշխատելով վճարեին պետության հանդեպ իրենց «պարտքը»: Իսկ տաժանակրության հիմնական վայրը ցրտաշունչ կլիմայով հայտնի Էրզրումի նահանգի Աշքալե գավառն էր, որն անվանում են նաեւ «թուրքական Սիբիր»:
Թուրքիայի կառավարության 1943թ. հունվարի 7-ի նիստում ընդունվել է թիվ 19288 աշխատանքի պարտավորության կանոնակարգը: Այն ընդգրկում էր հետեւյալ հոդվածները. 1-ին հոդվածով դասակարգվում էին ստիպողական աշխատանքի դատապարտված հարկատուները: Աշխատանքային ճամբարներ առաջինը գնալու էին ընդհանրապես հարկ չվճարածները, այնուհետեւ` մասնակի վճարածները, եւ այսպես շարունակ: Նախատեսվում էր տաժանակիրներին վճարել որոշակի աշխատավարձ, որը կազմելու էր օրական 250 քուրուշ, որից 60-ը պահվելու էր սննդի, կացության եւ այլ ծախսերի համար, իսկ մնացածը պետք է հատկացվեր «Ունեցվածքի հարկ»-ի պարտքի մարմանը: 15-րդ հոդվածի համաձայն` հարկատուները պետք է աշխատեին մինչեւ «Ունեցվածքի հարկ»-ի լրիվ մարումը: Սակայն այս կետը շատ հարկատուների դեպքում առաջացնում էր ոչ տրամաբանական պատկեր, եւ կարելի է ասել, որ դա նախատեսում էր ցմահ տաժանակրություն: Այսպես, օրինակ, այն հարկատուները, որոնց պարտքը 400-500 հազար լիրա եւ ավելի էր, որպեսզի իրենց ստացած աշխատավարձից լրիվ մուծեին պարտքը, պետք է աշխատեին մոտավորապես 1600 տարի: Ճամբարներում հավաքված հարկատուներից 1869-ը Ստամբուլից էին, 889-ը` Իզմիրից, 100-ը` Բուրսայից: Պաշտոնական տվյալների համաձայն` միայն Աշքալե է ուղարկվել 1400 ոչ մուսուլման հարկատու, որոնցից 1229-ը` Ստամբուլից: Աշքալեում հարկատուներից 21-ը (այլ տվյալներով ավելի շատերը) մահացել են:
Կարեւոր հարց է նաեւ, թե փոքրամասնություններից խլված, պետականացված եւ աճուրդով վաճառված գույքը ո՞ւմ ձեռքն էր անցնում. ինչպես ցույց են տալիս փաստերը, այդ ամբողջ գույքը գնել են թուրք գործարարները, թուրքական կազմակերպությունները, բանկերը եւ այն էլ` շատ էժան գներով: Փաստորեն, «Ունեցվածքի հարկ»-ը, կարելի է ասել, կատարեց իր առաքելությունը, այն է` գրեթե լիովին թուրքացրեց տնտեսությունը:
Ազգային փոքրամասնություններին նյութապես, բարոյապես, հոգեպես եւ ֆիզիկապես կոտրելուց հետո միայն թուրքական իշխանությունները, տեղի տալով նաեւ արտաքին գործոնների ազդեցությանը, որպես «բարի կամքի» դրսեւորում, վերացրին «Ունեցվածքի հարկ»-ի կիրառումը։

2Հանրապետական Թուրքիայի պատմության տարբեր ժամանակահատվածներում արձանագրված բազմապիսի հալածանքների մեջ առավել քիչ է արծարծված կամ գրեթե անտեսված է 1941թ. (ըստ տարբեր աղբյուրների` մայիսի 1-15-ը) թուրքական պետության կողմից երկրի ոչ մուսուլման բնակիչների հանդեպ կիրառված, այսպես կոչված, 20 դասակարգ զինակոչը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակաշրջանում թուրքական իշխանությունները հապճեպ զորակոչ հայտարարելով` 20 դասակարգի համաձայն «ծառայության» են տարել փոքրամասնությունների` հայերի, հույների, հրեաների չափահաս 18-60 տարեկան տղամարդկանց։ Անխտիր զորակոչվում էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր նոր էին վերադարձել զինծառայությունից, հաշմանդամ էին, հիվանդ։ 20 դասակարգ զորակոչի առանձնահատկությունն այն էր, որ կիրառվում էր բացառապես ոչ մուսուլման քաղաքացիների նկատմամբ։ Կարեւոր նրբերանգներից է այն, որ զորակոչի մասին նախօրոք չի հայտարարվել. ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, առանց նախապես տեղեկացնելու, պոտենցիալ զորակոչիկներին հավաքել են։
Թուրքական աղբյուրները շեշտում են, որ զորակոչի որոշումը նախագծվել է վերին աստիճանի բծախնդրորեն, եւ հատուկ ջանքեր են գործադրվել, որ այդ որոշման մասին, բացի համապատասխան ատյաններից, հայտնի չդառնա։ Այս զորակոչի ամենակարեւոր կողմերից է այն, որ զինակոչված ոչ մուսուլման տղամարդիկ, ըստ էության, զինվոր չէին. նախ` նրանց չի տրվել զենք, զինվորական կրթություն, զինվորական համազգեստ։ Այդ անզեն «զինվորներին» աշխատեցնում էին տարատեսակ շինարարություններում։ Այդ «զինվորները» զորակոչվելուց հետո ենթարկվում էին ոչ թե Թուրքիայի պաշտպանության նախարարությանը, այլ հասարակական աշխատանքների նախարարությանը։
Զորակոչված ոչ մուսուլմանները հիմնականում տեղակայվել էին երկրի արեւելյան շրջաններում գտնվող ճամբարներում, ուր պայմանների չափազանց վատ լինելու պատճառով տարածված էին հիվանդություններ, որոնք էլ դարձան նրանցից շատերի մահվան, հաշմվելու պատճառ։ Չնայած պաշտոնական թվեր չկան մահացածների մասին, սակայն ականատես-վերապրողների եւ որոշ աղբյուրների համաձայն` դրանք բավական մեծ են եղել։
Չափազանց կարեւոր մի փաստի ենք հանդիպում աղբյուրներից մեկում, համաձայն որի` ոչ մուսուլմանների հետ միասին «զինծառայության» են տարել նաեւ կրոնափոխ հայերին։ Այս փաստը ինքնին խոսուն ապացույց է, որ 20 դասակարգ զորակոչն ունեցել է հստակ էթնիկ երանգ, եւ նույնիսկ բռնի իսլամացված հայերը թուրքական իշխանությունների համար եղել են վտանգի աղբյուր։ Սա նաեւ ցույց է տալիս, որ պետական կառույցները հայերի իսլամացման գործընթացի հենց սկզբից նրանց պահել են ուշադրության կենտրոնում եւ վերահսկել նրանց շրջանում տեղի ունեցող գործընթացները: Ի վերջո, նրանց իրականում մուսուլման չեն համարում։
Խոսելով 20 դասակարգ զինակոչի պատճառների եւ նպատակների մասին` պետք է նշել, որ սակավաթիվ աղբյուրները եւ ականատես-վերապրողների պատմածները գալիս են հաստատելու այն, որ դա էթնիկ զտում էր` ածանցյալ այլ նպատակներով։ Որպես կարեւոր պատճառ է համարվում այն, որ այդ տարիներին թուրքական իշխանությունները, պատրաստվելով հնարավոր պատերազմի, նախօրոք հավաքել եւ չեզոքացրել են «5-րդ շարասյուն» համարվող ազգային փոքրամասնություններին։ Տարբեր աղբյուրներ նշում են նաեւ, որ այս զորակոչով պետությունը նպատակ է ունեցել նաեւ որոշ ժամանակով ոչ մուսուլմաններին հեռացնել առեւտրի ոլորտից, որտեղ նրանք լուրջ դիրքեր ունեին։

31955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի, Իզմիրի հույն, հայ բնակչությունը ենթարկվել է պետության կողմից նախօրոք պատրաստված խուժանի հարձակմանը։ Սրա համար պատրվակ է հանդիսացել իշխանությունների կազմակերպմամբ հրապարակ նետված այն լուրը, թե ռմբակոծվել է Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տունը։ Դրանից հետո գազազած ամբոխը հարձակվել է հունական եւ հայկական թաղամասերի վրա, թալանել, այրել տներ, խանութներ, եկեղեցիներ, խոշտանգել, բռնաբարել եւ սպանել մարդկանց։ Այս ամենին թուրքական իշխանություններն արձագանքել են միայն մեկ օր հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր։ Հետագայում ընթացող դատական քննության ժամանակ ի հայտ եկած փաստերն ապացուցեցին, որ այդ ամենը կազմակերպված էր իշխանությունների կողմից` պետական ամենաբարձր պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ։

4Թուրքիայի Հանրապետության պատմության տարբեր տարիներին (օրինակ` 1930-ական, 1960-ական թթ.) անցկացվել են, այսպես կոչված, «Հայրենակից, թուրքերեն խոսիր» ակցիաներ, որոնց գլխավոր թիրախը կրկին փոքրամասնություններն էին։ Երիտասարդներից կազմված խմբերը շրջում էին հատկապես փոքրամասնություններով բնակեցված թաղամասերում եւ պահանջում խոսել միայն թուրքերեն. չենթարկվելու պարագայում հետեւանքներն անկանխատեսելի էին լինում։ Սա իրականում դարերի պատմություն ունեցող լեզվական ձուլման քաղաքականության շարունակությունն էր:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր