ԱՄՆ-ՈՒՄ, ՈՐՊԵՍ ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, ԲԱՑՎԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Կենտրոնը հիմնել են ադրբեջանցի և օտարերկրացի երիտասարդ գիտնականները՝ որպես քաղաքականության գնահատման և անկախ մտածողության մշակման, ինչպես նաև Ադրբեջանի, Կովկասի և, ընդհանրապես, Կասպյան տարածաշրջանի հետ կապված հարցերի ուսումնասիրմանն ու քննարկմանն իրենց ավանդը բերելու հարթակ։
Ապրիլի 27-ին նորաստեղծ կենտրոնը Էլիոթի միջազգային հարաբերությունների դպրոցում կազմակերպել էր «Կասպյան էներգետիկայի աշխարհաքաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ» շնորհանդեսը։ Միջոցառման նախագահն էր Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպական, ռուսաստանյան և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հենրի Խեյլը։ Շնորհանդեսին մասնակցում էր նաև Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Էդվարդ Չոուն։
Քննարկումներից առաջ Էֆգան Նիֆթիևը (Վաշինգտոնի ադրբեջանագիտության կենտրոն) ընդհանուր գծերով ներկայացրեց կազմակերպության առաքելությունը։ Քննարկումը նվիրված էր Կասպյան տարածաշրջանի նաֆթի և գազի արդյունահանման արդի խնդիրներին, Ադրբեջանի դերին՝ որպես էներգիա արտադրող և տարանցող երկրի։ Հիշելով 90-աններին տարածաշրջան կատարած իր ուղևորության մասին՝ Էդվարդ Չոուն նշեց, որ Ադրբեջանը կարողացավ կարճ ժամանակահատվածում էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ընկերությունների հետ պայմանագրեր կնքել և դրանք վերածել լուրջ նախագծերի։ Նրա խոսքով՝ կառավարությունը կարողացավ հավասարակշռել մասնավոր ընկերությունների և ազգային շահերը, ինչը հնարավորություն տվեց մշտական ներդրումներ ապահովել Ադրբեջանում։ «Չի կարելի թերագնահատել այն, ինչը ձեռք է բերվել վերջին 17-18 տարվա ընթացքում»,- հայտարարեց Չոուն՝ նշելով, որ դժվար է պատկերացնել կայուն զարգացում առանց տարածաշրջանում սառեցված հակամարությունների լուծման։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Էդվարդ Չոուն նշեց, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման որևէ հեռանկար չկա։
Անդրադառնալով Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին՝ Էդվարդ Չոուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին չհրավիրելու փաստը գնահատեց որպես «ԱՄՆ-ի համար բաց թողնված հնարավորություն»։ Նա ասաց, որ լավ կլիներ, եթե Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի հաճախ այցելեն Ադրբեջան։
դեպի ետ