ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ ՍՅՈՒԺԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Վերջերս Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի սյուժե՝ նվիրված Վ.Վիլսոնի տուն-թանգարանին։ Քաղաքական մեկնաբան և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ թղթակից Հայկարամ Նահապետյանն այցելել է տուն-թանգարան և հարցազրույց անցկացրել գործադիր տնօրեն Ջ.Աուսելայի և համակարգող Ջ.Փաուէլի հետ։ Հարցազրույցը նվիրված էր թանգարանի հավաքածուին և Վիլսոն-Հայաստան հարաբերություններին։ Հարցազրույցը (հայերեն լեզվով) կարելի է տեսնել YouTube-ում :
Հատուկ ուշադրություն է դարձվել ամերիկահայ նկարիչ Հովսեփ Փուշմենի «L’Esperance» կտավին, որը փակցված է Վիլսոն Հաուսի ընդունելությունների դահլիճում։ Ապագայի հույս խորհրդանշող այս կտավը նախագահ Վիլսոնին է նվիրել հայկական պատվիրակությունը 1917թ. նոյեմբերի 27-ին՝ «ի նշան շնորհակալանքի և երախտագիտության այն ջանքերի համար, որոնք նա գործադրել է տառապյալ Հայաստանին օգնելու նպատակով, և որոնք հուսավառել են բոլոր հայ կանանց սրտերը» Հայոց ցեղասպանության ժամանակ։
Ի նշան նույն այդ երախտագիտության, ապրիլի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում գտնվող Վ.Վիլսոնի գերեզման և ծաղկեպսակ դրեց նրա գերեզմանին՝ մասնակցելով ԱՄՆ 28-րդ նախագահի կյանքի և ժառանգության ոգեկոչման արարողությանը։ Ազգային տաճարում հավաքված հարյուրավոր ամերիկահայերին ուղղված խոսքում Ս.Սարգսյանը բարձր գնահատեց նախագահ Վիլսոնի կոչը (1919թ.), թե պետք է ընդհանուր ջանքեր գործադրել, «որպեսզի հայ ժողովուրդն այլևս չտառապի»։ Ս.Սարգսյանի խոսքով՝ 95 տարի անց աշխարհի տարբեր երկրներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, շարունակում են կատարել Վ.Վիլսոնի պատգամը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցով կանխելու համար ցեղասպանության և այլ տառապանքների հնարավորությունն ապագայում։
դեպի ետ