• am
  • ru
  • en
Версия для печати
05.05.2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ ԴԺԳՈ՞Հ Է, ՈՐ ՈՉ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐՆ ԵՆ ԳԱՌԱՆ ՊԵՍ ՄՈՐԹՎԵԼ

English

   

Հարութ Սասունյան

Լոս Անջելեսում Թուրքիայի երիտասարդ և անփորձ գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը ջանադրաբար փորձում է արժանանալ Անկարայի իր տերերի գովասանքին` պայքարելով Միացյալ Նահանգների լրատվամիջոցներում հայերի վերաբերյալ յուրաքանչյուր հիշատակման դեմ: Անցյալ շաբաթ այս ուղղությամբ նա շատ հեռուն գնաց` վիրավորական նամակ հղելով «Լոս Անջելես թայմս» թերթին:

Թեքինին զայրացրել էր Փեթ Մորիսոնի հարցազրույցն ինձ հետ, որն ապրիլի 24-ին հրապարակվել էր «Լոս Անջելես թայմսի» խմբագրական էջում՝ «Հարութ Սասունյան. հավատարիմ անցյալին» վերնագրով հոդվածում:

Իր համառոտ նամակում գլխավոր հյուպատոս Թեքինը մի քանի սխալ դատողություն էր արել: Նախ՝ մեղադրել էր «Լոս Անջելես թայմս» թերթի «Pulitzer»-ի մրցանակակիր, վետերան լրագրող Փեթ Մորիսոնին՝ պնդելով, թե նրա հարցազրույցը «մոլորության մեջ գցող շատ տարրեր» էր պարունակում` չնշելով դրանցից և ոչ մեկը: 

Դատելով գլխավոր հյուպատոսի նամակի բովանդակությունից՝ կարելի է ասել, որ այն, ամենայն հավանականությամբ, կազմվել է թուրքական կառավարության կողմից մեծ գումարներով վարձված ամերիկյան հասարակական կապերի (PR) ընկերություններից մեկի կողմից: Միգուցե տեքստը գրվել է ամերիկացիների կողմից, սակայն մտքերն ակնհայտորեն պատկանում են թուրք ժխտողականներին: Իրականում PR ընկերություններն այնքան էլ մտահոգ չեն, թե որքան հիմար մտքեր են արտահայտված նրանց գրվածքներում, միայն թե գոհացնեն իրենց թուրք պատվիրատուին և առատաձեռնորեն վարձատրվեն: Ահա մի անվճար խորհուրդ, որը թուրքական կառավարությունն ու գլխավոր հյուպատոսը հետագայում պետք է հաշվի առնեն նախքան ազատ երկրի ազատ մամուլի դեմ նորից հարձակվելը. «Երբեք մի վիճեք մի մարդու հետ, որը թանաքը գնում է տակառներով»:

Թեքինն իրեն այնպես է պահում, կարծես դեռ գտնվում է Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցներին հաճախ ճնշում են այնպիսի ֆաշիստական մեթոդներով, ինչպիսիք են լրագրողներին բանտ նետելը կամ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը: Նա ապարդյուն ջանում է Թուրքիայի ոչ ժողովրդավարական «բերան փակելու» քաղաքականությունը ներմուծել Միացյալ Նահանգներ`ճգնելով լռեցնել «Լոս Անջելես թայմսին»:

Գլխավոր հյուպատոսը հարձակվում է ինձ վրա`«Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածում զետեղված լուսանկարի համար, որտեղ ես պատկերված եմ տատիկիս` «փամփշտակալներով» նկարը ձեռքիս: Ես անչափ հպարտ եմ իմ Կատար տատով, որովհետև այն ժամանակ, երբ միլիոնից ավելի հայեր մահարշավի էին դատապարտվել Թեքինի նախնիների ցեղասպան իշխանավորների կողմից, նա և իր զեյթունցի հայրենակիցները` տղամարդ, կին ու երեխա, խիզախորեն պաշտպանվել էին՝ թույլ չտալով գառան պես մորթել իրենց: Եթե նա չպայքարեր ու չփրկեր իր կյանքը, այսօր ես գոյություն չէի ունենա, ինչը, թերևս, ավելի կերջանկացներ գլխավոր հյուպատոսին: Ի՞նչ է, Թեքինը վշտացա՞ծ է, որ թուրքական կառավարությանը չի հաջողվել ավարտին հասցնել մինչև վերջին հայը բնաջնջելու ծրագիրը:

Այնուհետև գլխավոր հյուպատոսը մեղադրել է ինձ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրություններին իմ «անդրդվելի ընդդիմության» համար: Արձանագրությունները չվավերացնելու համար նա պետք է մեղադրի միայն իր կառավարությանը, որը վեց ամսից ավելի «ջուր է ծեծում» թուրքական խորհրդարանում: Անշուշտ, հայերի բախտը բերել է, որ արձանագրությունները չվավերացնելով՝ Թուրքիայի ղեկավարներն ակամա պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը՝ փորձելով ավելի շատ զիջումներ կորզել հայկական կառավարությունից:

Թեքինն իր խղճուկ նամակն ավարտում է` հորդորելով ինձ մի փոքր նմանվել Վիլյամ Սարոյանին, որը, նրա պնդմամբ, «կարեկից» է եղել թուրքերի նկատմամբ: Միգուցե թուրք հյուպատոսին հիշեցնեմ Սարոյանի` Հայաստանն ու նրա ժողովրդին բնաջնջել ցանկացող թուրքերին խարազանող հանրահայտ գրվածքի մասին: Ահա մեջբերում բնագրից, որը հրապարակվել է «Inhale & Exhale» գրքում, Random House»-ի կողմից, Նյու Յորքում 1936 թվականին. «Համարձակեցե՛ք բնաջնջել այս ցեղը: Սեպեցեք, թե դարձյալ 1915 է: Համաշխարհային պատերազմ է: Քանդեցե՛ք Հայաստանը: Տեսե՛ք, թե կրնա՞ք: Աքսորեցե՛ք զիրենք իրենց տուներեն դեպի անապատները: Ձգեցե՛ք իրենց առանց հացի և ջուրի: Այրեցե՛ք անոնց տուներն ու եկեղեցիները: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս պիտի վերածնին: Տեսե՛ք, թե անոնք ինչպե՛ս կրկին պիտի խնդան: Տեսե՛ք, թե սերունդը նորեն պիտի չապրի, և երբ անոնցմե երկուքը գինետան մը մեջ հանդիպին քսան տարի ետք, տեսե՛ք, թե անոնք արդեօք չպիտի խնդան ու չպիտի խոսին իրենց լեզվով: Համարձակեցե՛ք, տեսե՛ք, թե կրնա՞ք բան մը ընել: Տեսե՛ք, թե կրնա՞ք զիրենք կեցնել աշխարհի մեծ գաղափարները ծաղրելե, դուք՝ շան լակոտներ, երկու հայեր որ իրար հետ կխոսին աշխարհի վրա, համարձակեցե՛ք զիրենք բնաջնջել»:

Մի՞թե Թուրքիայի գլխավոր հյուպատոսը ձգտում է վարկաբեկել ինձ այն բանի համար, որ մշտապես մերժել եմ նրա հետ հանդիպելու բազմաթիվ հրավերներն ու կոոպտացիայի ենթարկելու նրա համառ փորձերը: Եթե սա մխիթարություն է նորելուկ դիվանագետի համար, ապա ասեմ, որ ես չեմ խաբվել նաև նրա վերադասների կողմից, որոնք իրենից շատ ավելի փորձառու են և տիրապետում են գործակցող հայեր որսալու արվեստին:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյան


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր