• am
  • ru
  • en
Версия для печати
06.03.2009

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

a-11228-b (original)Թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի հոդվածը հիմնված է վերջին ժամանակներս թուրք բազմաթիվ վերլուծաբանների, լրագրողների, գիտնականների հետ նրա շփումների, ինչպես նաև Թուրքիայի հանրապետության տարբեր վայրերում անցկացրած անձնական դիտարկումների վրա (խմբ.)։


Հայ–թուրքական հարաբերություններում տեղի ունեցող վերջին զարգացումները և հատկապես «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով հարաբերությունների նոր փուլ սկսելու փորձերը ստիպում են ևս մեկ անգամ ուսումնասիրել վերջին տարիներին երկու երկրների միջև պետական և ոչ պետական մակարդակով տեղի ունեցած շփումները: Ֆուտբոլային մրցախաղից հետո շատերն ակնկալում էին, որ հայ–թուրքական հարաբերություններն ակտիվանալու են և լուրջ առաջընթաց է արձանագրվելու այդ ուղղությամբ:

Հայ-թուրքական շփումները վերջին տասը տարիների ընթացքում

Հայ-թուրքական շփումներ հիմնականում տեղի են ունեցել հասարակական կազմակերպությունների շրջանակներում: Պետական մակարդակով երկու կողմերը սկսել են ավելի ակտիվ շփվել ՍԾՏՀ (Սևծովյան տնտեսական համագործակցություն) շրջանակներում` հատկապես Ստամբուլում Հայաստանի մշտական ներկայացուցչության հիմնումից հետո: Մինչ այդ կողմերը շփվում էին ԱԳ նախարարությունների պաշտոնյաների մակարդակով:

Հասարակական կազմակերպությունների ակտիվ շփումներ սկսվել են դեռևս 1997 թվականից, երբ ստեղծվեց Հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհուրդը: Այդ կառույցի ստեղծումը իրականում ուներ քաղաքական նպատակ, սակայն այդ շրջանում չկարողացավ ծառայել իր նպատակին և շատ կարճ ժամանակում կորցրեց հետաքրքրությունը քաղաքական իշխանությունների համար: Հասարակական կազմակերպությունների շրջանակներում երկու կողմերի շփումներն ակտիվացան 2001 թվականից, երբ ԱՄՆ կառավարության կողմից «Վաշինգտոնի Ամերիկյան համալսարան» հիմնադրամին հատկացվեց մեկ միլիոն ԱՄՆ դոլար` հայ–թուրքական հարաբերությունների զարգացման նպատակով: Այս դրամաշնորհի շրջանակներում մոտ 3 տարի տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվեցին մի շարք մեծ ու փոքր ծրագրեր:

Տեղի ունեցած շփումների արդյունավետությունը

2000 թվականին ամբողջ աշխարհում սկսվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մի նոր գործընթաց: Ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևեր էին ընդունվում տարբեր երկրների խորհրդարաններում։ Նման իրավիճակում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, որքան էլ նպատակաուղղված լինեին երկու ժողովուրդների՝ միմյանց ճանաչելուն, միևնույն է չէին կարող արդյունավետ լինել: Ցանկացած հանդիպման ժամանակ ցեղասպանության ճանաչման գործընթացը արգելք էր հանդիսանում կողմերին՝ միմյանց հետ ավելի ազատ շփվելու հարցում: Պատկերն այլ է վերջին տարիների շփումների արդյունքում: Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու և ժողովրդավարական պետություն դառնալու ձգտումն իրականում փոխում է հասարակայնության ավելի կիրթ խավի մտածելակերպը և վերաբերմունքը, ինչպես հայ–թուրքական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայոց ցեղասպանության իրողության ընկալման վերաբերյալ: Թուրք մտավորականները և հասարակայնության մի ստվար մասը բացի այն, որ վերջին երկու-երեք տարիներին կարողանում են ավելի ազատ արտահայտվել, դեռ ավելին նրանց մոտ առաջացել է Հայոց ցեղասպանության մասին ավելի ճշգրիտ և մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու ցանկություն: Այս իրողության վերջին արտացոլումը թուրք մտավորականների կողմից կազմակերպված ցեղասպանության ճանաչման կոչ–ստորագրահավաքն էր, որին մի քանի օրերի ընթացքում միացավ 30 հազարից ավելի մարդ:

Ինքնության գիտակցության հարցը Թուրքիայում

Թուրքիայում չափազանց զգայուն խնդիր է ինքնության գիտակցության թեման: Վերջին տարիներին Թուրքիայում ժողովրդավարացման ուղղությամբ փոփոխությունները տարաբնույթ խնդիրներ են առաջացրել իշխանությունների և հասարակայնության որոշակի շերտերի համար: Ինքնության գիտակցության տեսանկյունից թուրքական պետության համար լուրջ խնդիր է նաև իսլամացված, ծպտյալ հայերի հարցը: Մեր կողմից կատարված բազմաթիվ և երկարաժամկետ (շուրջ 6 տարի) դիտարկումները ցույց են տալիս, որ Թուրքիայի արևելյան շրջաններում ապրող քրդերի մի մասը պնդում է, թե ունի նաև հայկական արմատներ: Թուրքական պետության համար վտանգավոր այս խնդիրը բարձրացնելուց և մի քանի հրապարակային ելույթներ ու հարցազրույցներ ունենալուց հետո պաշտոնից հեռացվեց Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ, հայտնի հակահայ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն: Թուրքական իշխանությունները Հալաչօղլուին պաշտոնից հեռացնելը հիմնավորում են երկու պատճառաբանությամբ, նախ այն, որ վերջինս քաղաքականացված պատմաբան էր և երկրորդ, որ նրա հակահայկական հայտարարությունները կարող են խոչընդոտել նոր զարգացող հայ–թուրքական հարաբերությունների ընթացքին: Իրականում Յուսուֆ Հալաչօղլուն պաշտոնից հեռացվեց, քանի որ նրա հայտարարությունները կրոնափոխ հայերի վերաբերյալ հնարավորություն էին տալիս հենց այդ հայերին համախմբվելու և մտածելու իրենց ինքնության մասին: Հալաչօղլուի հայտարարություններին զուգընթաց Թուրքիայում ստեղծվել է Սասունի հայերի միություն, որի առաջին ժողովը տեղի է ունեցել 2008 թվականի հուլիս ամսին: Միությանն անդամագրված են շուրջ 2000 կրոնափոխ հայեր: Թուրքիայում ինքնության գիտակցության հարցն առաջ եկավ նաև Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ բազմաթիվ իսլամացված հայեր (որոնք ներկայումս ապրում են Ստամբուլ քաղաքում) միացան բողոքի երթերին: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ինքնության գիտակցության խնդիրն, ի դեմս իսլամացված հայերի, Թուրքիայի արևելյան շրջաններից տեղափոխվում է երկրի ամենամեծ քաղաք` Ստամբուլ:

Թուրք հասարակայնությունը դառնում է անկառավարելի

Արդեն երկար տարիներ Թուրքիայում շրջանառվում է «խորքային պետություն» հասկացությունը, որի էությունը հակիրճ կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Թուրքիայում վերնախավի որոշ ներկայացուցիչներ ուղղակիորեն որոշում են պետության ներքաղաքական, արտաքին քաղաքական և տնտեսական, ինչպես նաև երկրում առկա այլ խնդիրները:

Խորքային պետությունը վերջին տասնամյակներում կարողացել է կառավարել ժողովրդին և վերահսկել ցանկացած ընդդիմություն կամ անհանդուրժողականություն: Վերջին մի քանի տարիներին Թուրքիայում առկա ժողովրդավարական գործընթացն իրոք թուրքական հասարակայնության համար ավելի ազատ մտածելու և գործելու հնարավորություն է ստեղծել: Նշված փոփոխություններին զուգընթաց շրջանառվում է «խորքային Թուրքիա» կամ «խորքային հասարակություն» արտահայտությունը, որը հակակշռում է «խորքային պետություն» հասկացությանը: «Խորքային Թուրքիա» է համարվում ներկայիս թուրքական հասարակայնությունը, որը դարձել է անկառավարելի և փորձում է խոչընդոտել «խորքային պետության» գործողությունները: Խորքային պետությունը գործադրում է բոլոր հնարավորությունները երկրի կառավարման ղեկն իր ձեռքում պահելու համար, սակայն տեղի ունեցող զարգացումների արդյունքում Թուրքիան փոխվում է և փոխվում են այդ երկրի կառավարման ձևերը նույնպես:

Երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող կարծրատիպերը

Թուրքական հասարակայնության մտածելակերպում հայ կամ Հայաստան արտահայտություններն ուղեկցվում են մի քանի կարծրատիպերով: Թուրքիայի քաղաքացին (թուրքը), լսելով հայի մասին, անմիջապես հիշում է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ), հիշում է տարբեր երկրներում թուրքական դիվանագիտական ներկայացուցիչների սպանությունները: Թուրքերի մոտ որպես կարծրատիպ արմատավորված են նաև հայկական ավանդական կուսակցությունները, նախ և առաջ Դաշնակցությունը, այնուհետև Հնչակյան կուսակցությունը, այդ կառույցների կողմից կազմակերպված «ապստամբությունները»: Նոր կարծրատիպ է ձևավորվել ի դեմս ԱՄՆ-ում ապրող հայերի, որոնց գործողություններն, ըստ թուրքերի, կրում են ագրեսիվ և նպատակաուղղված բնույթ։

Հայերի մոտ թուրքերի նկատմամբ կարծրատիպերը հիմնականում կապվում են ցեղասպանության իրագործման հետ: Մինչ այժմ կան մարդիկ, ովքեր վախենում են թուրքերի հետ անգամ շփվելուց:

Ձևավորված կարծրատիպերը արմատավորված են ժողովուրդների գիտակցության մեջ, և դրանք հնարավոր է վերացնել միայն փոխադարձ ճանաչողության, շփումների և երկարաժամկետ խաղաղ հարաբերությունների արդյունքում ձեռք բերված վստահության միջոցով: Իրականում հայ–թուրքական հարաբերությունները չեն կարող լուծել ոչ ֆուտբոլային մրցախաղերը, ոչ պատմաբանները, ոչ քաղաքական գործիչները, ոչ նախագահները: Խնդիրը կարող են կարգավորել միայն ժողովուրդները, երբ դրա ժամանակը գա:

Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի նպատակները և հետևանքները. ստեղծե՞լ, թե՞ ոչ

Արդեն երկար տարիներ Թուրքիան ձգտում է ստեղծել հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով, որը կոչված է լինելու ուսումնասիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ օսմանյան կառավարության ժամանակաշրջանից մնացած նաև արխիվային փաստաթղթերը: Առաջին անգամ այդ հանձնաժողովի ստեղծման առաջարկությամբ թուրքական կողմը հանդես է եկել 2002 թվականին: Հայ պատմաբանների մի մասը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, սակայն տեսնելով հասարակության և որոշ քաղաքական ուժերի հակազդեցությունը՝ ավելի զգուշավոր գտնվեց և հրաժարվեց համագործակցությունից:

Ներկայումս թուրքական կողմը դարձյալ ձգտում է ստեղծել պատմաբանների հանձնաժողով, և դա ներկայացվում է որպես հայ–թուրքական հարաբերությունների բարելավման նախապայման:

Հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման պարագայում թուրքական կողմը կկարողանա լուծել երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկը` կանխարգելելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը:

Խնդիրն ավելի համակողմանի դիտարկելու համար ներկայացնենք հետևյալ նկատառումները.

1. 1974 թվականին թուրքական կառավարության որոշմամբ ստեղծվել է թուրք պատմաբանների հատուկ հանձնաժողով, որը մինչև 1990 թվականը թուրքական արխիվներում ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը: Կարևոր է նկատել, որ այդ ուսումնասիրության հետևանքով կատարվել է արխիվների լուրջ «սրբագրում»։

2. Թուրքական արխիվներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է, որ հայկական կողմը ներկայացնի օսմաներենին տիրապետող լուրջ մասնագետների, որոնք Հայաստանում գրեթե չկան:

3. Թուրքական արխիվներն ուսումնասիրելու համար կպահանջվի տասնյակ տարիներ:

Թուրքական կողմը գիտակցում է, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը կարճ ժամանակում և շատ հեշտությամբ կանխելու է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, քանի որ միջազգային հանրությունը սպասելու է այդ հանձնաժողովի աշխատանքների ավարտին և արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարությանը: Այս բարդ խնդրի ուսումնասիրման և «արդարացի» որոշման համար պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք, որը տևելու է տարիներ: Հանձնաժողովի գործունեության արդյունքում Թուրքիան հասնելու է իր ծրագրած հերթական նպատակին, քանի որ դրանով դադարելու է ցեղասպանության ճանաչման գործընթացը: Տարիներ հետո հանձնաժողովի ոչ արդյունավետ գործունեության, ուստի և աննպատակահարմարության պատճառաբանությամբ հենց թուրքական կողմի նախաձեռնությամբ այն կլուծարվի:

Ուստի, մեր համոզմամբ, հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը Հայաստանի համար ուղղակի նպատակահարմար չէ:

Հայ–թուրքական սահմանը. բացե՞լ, թե՞ չբացել

Հայ–թուրքական սահմանի բացման խնդիրն արդեն երկար տարիներ քննարկման առարկա է դարձել երկու երկրների ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շրջանակների համար: Հայտնի է, որ մինչ ֆուտբոլային մրցախաղը Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստանի առջև դնում էր մի քանի նախապայման` Ղարաբաղյան խնդրի կարգավորում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում (Կարսի պայմանագրի շրջանակներում), Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում: Ֆուտբոլային մրցախաղից հետո կարծես թե իրավիճակը փոխվել է և Թուրքիան այլևս չի ներկայացնում նախապայմաններ (դա միանշանակ պնդում են թուրքական դիվանագիտական աղբյուրները): Միակ առաջարկությունը, որ ներկայացնում և ցանկանում է իրագործել Թուրքիան, պատմաբանների հանձնաժողով ստեղծելն է:

Թուրքական իշխանությունների համար ներկայումս լուրջ խնդիր է սահմանի բացումը, մանավանդ որ այդ հարցում միջազգային տարբեր կառույցներ և պետություններ արտահայտել են իրենց դրական կարծիքը, այսինքն՝ կա ուղղակի և անուղղակի ճնշում։ Մյուս կողմից էլ Թուրքիայում վերջին տարիներին բավական ակտիվացել են ազգայնական ուժերը և հայ–թուրքական սահմանի բացման թեման կարող է շահարկվել նրանց կողմից: Հարկ է շեշտել, որ Թուրքիայում 2009թ. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և Հայաստանի հետ սկսված շփումների ակտիվ շարունակությունը տեսականորեն հնարավոր է ապրիլ ամսից, երբ Թուրքիան, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը շահարկելով, փորձելու է կանխել ԱՄՆ նորընտիր նախագահի կողմից ապրիլի 24-ի ցավակցական ուղերձում ցեղասպանություն բառի արտահայտումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը ԱՄՆ Սենատի օրակարգ մտցնելը:

Սահմանի բացման և հարաբերությունների հաստատման հետ կապված Թուրքիան ունի մեկ այլ կարևոր խնդիր ևս. թուրք հասարակայնությունը դեռևս պատրաստ չէ Հայաստանի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների հաստատմանը: Թուրքական իշխանությունները փորձում են հատուկ կազմակերպված քարոզչությունների միջոցով իրենց ժողովրդին պատրաստել հայ–թուրքական հարաբերությունների բարելավմանը և սահմանի բացմանը, սակայն դրան խոչընդոտում են դարձյալ ազգայնական ուժերը:

Երկու երկրներում էլ արվում են քաղաքական և տնտեսագիտական վերլուծություններ, մամուլում և տարբեր հանդեսներում հրատարակվում են նյութեր` փորձելով ներկայացնել սահմանի բացման կարևորությունն ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի համար: Սահմանի բացումը տնտեսական տեսանկյունից Թուրքիային հետաքրքրում է այնքանով, որ ժամանակի ընթացքում Հայաստանը կարող է կախվածության մեջ ընկնել այդ երկրից: Իսկ քաղաքական տեսանկյունից դա Թուրքիայի համար ունի կարևորություն երկու առումով. նախ՝ Թուրքիան կձգտի իրագործել Հայաստանի թուրքացման քաղաքականություն, երկրորդ` Թուրքիան կկատարի իր դաշնակից ԱՄՆ ցանկությունները վերջինիս՝ կովկասյան տարածաշրջանում ունեցած հեռահար ծրագրերն իրագործելու հարցում: Տնտեսագետների մի մասը գտնում է, որ սահմանի բացման պարագայում Հայաստանի տնտեսությունը մի քանի ամիսների ընթացքում կաճի մոտ 30 տոկոսով։ Սակայն մասնագետները չեն նշում, թե Հայաստանի տնտեսությունը մեկ երկու տարիների ընթացքում թուրքական տնտեսությունից ինչ ծավալների կախվածության մեջ կընկնի, թե որքանով կտուժեն Հայաստանի արտադրողները և հայ ներկրողները, թե ինչպիսի բարոյահոգեբանական սթրես կապրի հայ հասարակայնությունը, որը կարծում ենք դեռևս պատրաստ չէ իր միջավայրում տեսնել թուրքական ներկայություն:


դեպի ետ