• am
  • ru
  • en
Версия для печати
11.03.2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

   

Արման Հակոբյան

Վերջին շրջանում Հունաստանի գիտական շրջանակները մեծ ակտիվություն են դրսևորում Թուրքիայի տարածքում ապրող իսլամացված հույների հանդեպ: Հունական մամուլում ևս այդ թեմային վերաբերող բազմաթիվ հոդվածներ են լույս տեսնում: Միաժամանակ Հունաստանում շարունակվում են հաստատվել Թուրքիայի տարբեր շրջաններում դարեր առաջ իսլամ ընդունած հույների սերունդները:

Մահմեդականացված հույների հոծ խմբեր այժմ բնակվում են Թուրքիայի սևծովյան շրջանում` Զոնգուլդակից մինչև Ռիզե: Առանձին խմբեր կան Իզմիրի և Անթալիայի հատվածներում, Ալեքսանդրետում, ինչպես նաև երկրի կենտրոնական շրջաններում. մասնավորապես` Կեսարիայի, Սեբաստիայի, Էսքիշեհիրի, Կոնյայի...

Մահմեդականացված հույները հատկապես շատ են Տրապիզոնում: Համանուն վիլայեթը բաժանված է Օֆի, Չայքարայի, Սյուրմենեի, Արաքլիի, Արսինի, Յոմրայի, Տրապիզոնի, Մաչկայի, Աքչաաբաթի, Տոնիայի, Վաքֆիքեբիրի, Բեշիքդյուզյույի, Չարչիբաշիի, Դյուզքյոյի, Քոփրյուբաշիի, Դերնեքփազարի, Հայրաթի և Շալփազարիի շրջանների: Բոլոր այս շրջանները ժամանակին բնակեցված են եղել հույներով, հայերով և մասամբ էլ լազերով: Սակայն Օսմանյան կայսրության տարածքում քրիստոնյաների հանդեպ սկիզբ առած բռնությունները պատճառ են հանդիսացել շրջանի իսլամացմանը: Այժմ վերոնշյալ բոլոր շրջաններում բնակվում են մահմեդականություն դավանող հույներ: Եթե նախկինում տեղի հույները գերադասում էին չխոսել իրենց ինքնության մասին, ապա այսօր այդ առումով հարաբերական տեղաշարժ կա, մասնավորապես՝ Մաչկայի, Օֆի, Տոնիայի, Չայկարայի և Սյուրմենեի հույների մի մասն այլևս չի թաքցնում իր ազգային պատկանելությունը՝ միաժամանակ նշելով, որ, չնայած հունական արմատներին, իսլամը մնում է իրենց կենսակերպի կարևոր մասը: Ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս նոր բնակավայրեր, որտեղ ապրում են իսլամացված հույներ: Այս հոդվածի շրջանակներում առանձնացվում են Սյուրմենեի և Մաչկայի իսլամացված հույներին վերաբերող տեղեկություններ:

Սյուրմենեի շրջան

Շրջանի հույն բնակչությունը, ընդունելով իսլամ, ձուլվել է` արագորեն միախառնվելով թուրքերին, մասամբ էլ լազերին: Մինչ քրիստոնյա հայերի և հույների տեղահանումը, Սյուրմենեի շրջանն ուներ իսլամ և քրիստոնեություն դավանող հայերի և հույների 65 բնակավայր: Շրջանում ավելի քան 6.000 քրիստոնյա ընտանիք էր բնակվում: 1935թ. մարդահամարի արդյունքների համաձայն՝ Սյուրմենեի շրջանն ուներ 69.451 բնակիչ: Վերջին տվյալները շրջանի բնակչության թվի վերաբերյալ գրեթե չեն տարբերվում: Ռուս հայտնի արևելագետ Վ.Ա.Գորդլևսկին իր աշխատանքներում անդրադարձել է Սյուրմենեի իսլամացված հայերին և հույներին` առանձնացնելով հատկապես Քըզըլ-Ըրմաք գետի հովտի նախկին քրիստոնյաներին, որոնք չնայած դավանում էին իսլամ, սակայն շարունակում էին գաղտնի հետևել քրիստոնեական հավատալիքներին: Նախորդ դարի կեսերին Սյուրմենեում հաստատվում են մեծ թվով թուրքեր Հունաստանի հյուսիսից, Բուլղարիայից, ինչպես նաև նախկին Հարավսլավիայից` մասամբ փոխելով շրջանի էթնիկ պատկերը: Այնուամենայնիվ, չնայած թուրք բնակչության թվաքանակի աճին` իսլամացված հույները Սյուրմենեում շարունակում են կազմել մեծամասնություն: Պոնտոսի հունական մշակույթը, ավանդույթները և սովորույթները շարունակում են գերակայել իսլամացված հույների կենցաղում: Սյուրմենե քաղաքի իսմալացած հույներին տեղի թուրքերն անվանում են «ռումլար»: Սյուրմենե քաղաքից 10-12կմ հեռավորության վրա, լեռնային գեղատեսիլ հատվածում է գտնվում Դիրլիք Քյոյ բնակավայրը: Գյուղում ապրում են թուրք վերաբնակներ և պոնտոսցի մահմեդական հույներ: Դիրլիքի նախկին անվանումը եղել է Զիդա, և տեղի պոնտոսցի հույներից ոմանք նույնպես կրում են այդ անունը: Գյուղի մահմեդական հույները նշում են, որ իրենք իսլամ ընդունած հույների երրորդ և չորրորդ սերունդն են: Ռուս մեկ այլ արևելագետ Պ.Ա. Չիխաչևը շրջանի մահմեդականացված հույների վերաբերյալ նշում է, թե այնքան ակնառու է նրանց հույն լինելը, որ պետք չէ հարցի շուրջ նույնիսկ գիտական ուսումնասիորւթյուն կատարել: Արևելագետն առանձնացնում էր տեղի իսլամացված հույների արագ խոսակցականը, որը համահունչ է հուներեն լեզվին: Դիրլիքի հարևանությամբ են գտնվում իսլամացված հույներով բնակեցված այլ գյուղեր, որոնք են Աքսու-Քյոյը, Ուսթյունդալը, Յոքուշբաշին, Օրմանսևենը: Հետաքրքրական է, որ մինչ օրս այդ գյուղերի բնակիչներն, անտեսելով թուրքական անունները, օգտագործում են բնակավայրերի հունական անվանումները` Ասսու, Զիկոլի, Սեվեխո: Բացի մահմեդականացված պոնտոսցի հույներից, Սյուրմենեի շրջանում կան նաև մասամբ հունական արմատներ ունեցող թուրքեր: Խոսքը հիմնականում հույն կանանց մասին է, որոնք ամուսնացած են տեղացի թուրքերի հետ: Որպես կանոն՝ հարևան թուրքերն առանձնացնում են այդ ընտանիքներին: Սյուրմենեի իսլամացված հույների բնակավայրերը հանդիպում են անկլավներով: Օրինակ` բարձրադիր գոտում գտնվող երեք այլ պոնտոսցի հույն մահմեդականներով բնակեցված գյուղերը բավական կտրված են շրջանից: Այդ բնակավայրերը գտնվում են Բյույուք Դողանլի, Քյուչյուք Դողանլի գյուղերի մոտակայքում: Բնակիչները խոսում են միայն պոնտական հունարենով: Վերոնշված բնակավայրերում հունական ավանդույթները և սովորույթներն առավել պահպանված են:

Ի տարբերություն Օֆի շրջանի մահմեդական հույների` Սյուրմենեի հույները մոլեռանդ հավատացյալներ չեն: Այս մասին մասնավորապես գրում է ազգությամբ հույն ռուսաստանցի հետազոտող Ա.Պոպովը, Թուրքիայի սևծովյան շրջան կատարած իր վերջին այցելությունից հետո: Ա.Պոպովի տվյալներով` նախկին հունական եկեղեցիները վերածվել են մզկիթների, սակայն պոնտոսցի հույները, բացառությամբ Օֆի բնակչության և մասամբ էլ Տոնիայի և Մաչկայի, առավել հաճախ այցելում են շրջանի տարբեր հատվածներում գտնվող աղոթատեղիներ, որոնք ժամանակին քրիստոնյա բնակչության ուխտատեղիներն էին համարվում: Ինչպես Սյուրմենեում, այնպես էլ Մաչկայում կրոնական, տոնական, հարսանյաց արարողությունները պոնտական հունարենով են անվանվում, օրինակ` լոգոն, պսալաֆեմուն, գամոն, օպիս և այլն: Սյուրմենեի և Մաչկայի հույն մահմեդականների գլխավոր կրոնական տոներն են խըդրլեսը կամ խայիրը և մարիամ–խանան: Խըդրլեսով հույն մահմեդականները ոգեշնչում են իրենց սրբերից մեկին` Իլիասին, իսկ մարիամ-խանան նշվում է օգոստոսին և նվիրված է Հիսուս Քրիստոսի մորը` Մարիամին: Տոնակատարության օրերին Մաչկայի և Սյուրմենեի հույն մահմեդականները հավաքվում են Սումելա քրիստոնեական վանքի հարևանությամբ և մեծ շուքով նշում են տոնը:

Մաչկայի շրջան

Նախորդ դարասկզբին Մաչկայի շրջանում բնակվում էր 18.460 մահմեդականացված և 12.066 քրիստոնյա հույն բնակչություն: Շրջանն ուներ 98 բնակավայր: Իսկ նախորդ դարի վերջին շրջանն ուներ 33.000 բնակչություն: Մաչկայի շրջանի հույն մահմեդականներին ավանդաբար կոչում են «կրումլի», ինչը նշանակում է մարդ, որը կանգնած է քրիստոնեության և մահմեդականության միջև: Մաչկայի հունական անվանումն է Մացուկա: Մինչ օրս Կովկասում բնակվող հույների շրջանում առանձնանում են «մացուկատի» հույները, որոնք Ռուսաստանի հարավային շրջաններ են հաստատվել հենց Մաչկայից: Մաչկայի շրջանում է գտնվում Սումելա հունական վանքը, որը տեղացի հույն մահմեդականների համար շարունակում է մնալ գաղտնի սրբատեղի:

Սյուրմենեի հույն մահմեդականների նման այս շրջանի պոնտոսցի հույները ևս հետևում են իրենց ավանդույթներին: Մաչկայում բազմաթիվ մզկիթներ կան, որոնք նույնպես նախկինում եղել են հունական եկեղեցիներ: Շրջանի խոշոր բնակավայրերից է Խամսի-Քյոյը, որտեղ մոտ 800 մարդ է բնակվում: Ընդհանրապես Մաչկայի իսլամացված հույների բնակավայրերը մարդաշատ չեն և գտնվում են միմյանցից մեծ հեռավորության վրա: Հարևանությամբ է գտնվում Ֆերղանլի բնակավայրը: Այստեղ ի տարբերություն Խամսի–Քյոյի հույների` բնակիչները բավական մոլեռանդ են: Ժամանակին Ֆերղանլիի իսլամացված հույները գետնին հավասարեցրին քրիստոնեական գերեզմանատեղին և նրա տեղում կառուցեցին տներ: Բացի բնիկ հույներից, Մաչկայի շրջանում ապրում են նաև Տրապիզոնից տեղափոխված հույն մահմեդականներ, որոնք անցյալ դարասկզբին հիմնեցին 5 նոր բնակավայրեր` Զավերան, Ֆերղանլին, Մելանլին, Չախարլին և Իստաման: Մաչկայում վերաբնակեցված մյուս հույն մահմեդականներն իրենց անվանում են տոնյալիդիս` վերաբնակներ Տոնյայից, Օֆլիդիս` վերաբնակներ Օֆից, սյուրմենենլիդիս` վերաբնակեցված Սյուրմենեից, և Չայկարալիդիս` վերաբնակներ Չայկարայից: Այս խմբերից յուրաքանչյուրն ունի պոնտական հունարենի իր խոսվածքը: Կան նաև որոշ մշակութային առանձնահատկություններ: Մաչկա հաստատված Օֆի հույներն առավել կրոնապաշտ են և պահպանողական: Մաչկայում հաստատված Չայկարայի հույներին բնորոշ է թուրքերի էթնիկ բաղկացուցիչը լինելու պնդումը: Մյուսներն առավել հակված են իրենց պարզապես պոնտոսցի անվանելու: Իսկ առհասարակ Մաչկայի գրեթե բոլոր գյուղերի բնակիչները խոսում են հունարենով: Մաչկայի իսլամացված հույներն ի տարբերություն Սյուրմենեի նույնատիպ խմբի` աչքի են ընկնում էթնիկ ինքնագիտակցության մի քանի դրսևորումներով` իրենց միաժամանակ համարելով թուրք, հույն-ռում և լազ: Մինչ օրս Մաչկայի հույն մահմեդականները հիշում են իրենց նախկին հունական ազգանունները, որոնք փոխել են Աթաթյուրքի իշխանության օրոք կամ ավելի վաղ տարիներին: Մաչկայի իսլամացված հույների շրջանում տարածված են եղել Չապրի, Սպիրիտի և այլ ազգանունները, որոնց փոխարինելու են եկել թուրքականները` Յավուզը, Աթալայը, Քավազօղլուն և այլն: Մինչ օրս Մաչկայի շրջանի հնակառույց տները բնակիչները կոչում են «ռում-սպիտի», ինչը թարգմանաբար նշանակում է «հույնի հին տուն»: Մաչկայի իսլամացված հույները Հունաստանի իրենց ազգակիցներին անվանում են «յունանլը»` հունաստանցի: Ինչպես Մաչկայի, այնպես էլ Սյուրմենեի իսլամացված հույներն առօրյայում օգտագործում են նաև համշենահայերին բնորոշ կենցաղային իրեր և մասնակիորեն կրել են նաև համշենահայերի մշակութային ազդեցությունը: Սյուրմենեում տեղի են ունեցել մահմեդականություն դավանող հույների և համշենցի հայերի միաձուլման դեպքեր, ինչն էլ հնարավոր է իր հետքն է թողել իսլամացված հույների կենսակերպում: Ամեն դեպքում, որոշ երաժշտական գործիքներ, պարային շարժումներ և անգամ ծիսական արարողություններ ունեն հայկական հետքեր: Մաչկայի և Սյուրմենեի իսլամացված հույները կրել են նաև լազերի ազդեցությունը. դա հատկապես նկատելի է կենցաղում:

Պոնտոսից սերված ազգությամբ հույն Օմեր Ասանի գնահատականներով` միայն Տրապիզոնից մինչ Լազիստան ընկած շրջանում ապրում է իսլամ դավանող ավելի քան 300.000 պոնտոսցի հույն: Որոշ խմբեր հստակ պահպանել են իրենց ազգային գիտակցությունը, մի մասն էլ գրեթե ձուլվել է, սակայն այս խմբի մոտ էլ պատմական հիշողությունը դեռևս առկա է: Ըստ Օմեր Ասանի` Տրապիզոն քաղաքի բնակչությունը, բացառությամբ վերջին շրջանի թուրք և բոսնիացի վերաբնակիչների, ունի հունական ծագում: Քաղաքի տարբեր թաղամասերում մինչ օրս հնչում է հունարենը, իհարկե, աղավաղված ձևով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր