ՌՈՒՍԱՍՏԱՆ–ՀԱՅԱՍՏԱՆ. ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ՇՈՒՐՋ
Սերգեյ Մարկեդոնով - քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների հիմնախնդիրների բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու:
Օգոստոսյան «հնգօրյա պատերազմը» Հարավային Օսիայում արմատապես փոխեց Մեծ Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Առաջին հայացքից այդ փոփոխությունները կարծես ուղղակիորեն չեն անդրադարձել ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների վրա: Փոխշահավետ ռազմավարական գործընկերության զարգացման և երկու երկրների ու ժողովուրդների պատմական դարավոր բարեկամության մասին խոսքերը պետությունների ղեկավարների այցելությունների, պաշտոնատար անձանց հանդիպումների ու գիտագործնական կոնֆերանսների անփոփոխ ատրիբուտն են մնում: 2008թ. նոյեմբերի 2-ին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի հռչակագրի ստորագրումը շատ փորձագետներ և´ Ռուսաստանում, և´ Արևմուտքում գնահատեցին որպես ՌԴ դիրքերի ամրապնդում ինչպես Հարավային Կովկասում ընդհանրապես, այնպես էլ Հայաստանում` մասնավորապես:
Սակայն այս ամենը միայն արտաքին ֆոն է, որի հետևում թաքնված են լուրջ խնդիրներ, որոնց օբյեկտիվ դիտարկմանն ու վերլուծությանն է նվիրված սույն հոդվածը (դրանք լռության մատնելու և քաղաքական կենացների ոճի վերածելու փոխարեն): Հազիվ թե նպատակահարմար է թվարկել բոլոր փաստերը, որոնք վկայում են Ռուսաստանի ու Հայաստանի` միմյանց ընդառաջ գնալու մասին: Նախ` դա կպահանջի ոչ թե առանձին հոդված, այլ անհամեմատ ավելի լայն ձևաչափի ուսումնասիրություն: Երկրորդ` ավելի օգտակար կլինի լուսաբանել և անդրադառնալ «խնդրահարույց կետերին»: Սա էլ, մեր կարծիքով, թույլ կտա ամրապնդել երկկողմ հարաբերությունները նոր Մեծ Կովկասի ձևավորման պայմաններում, ինչպես նաև մեծ թափանցիկություն հաղորդել դրանց:
Իսկապես, երկկողմ հարաբերությունների դինամիկան այսօր (հատկապես ԱՊՀ այլ երկրների հետ ՌԴ հարաբերությունների ֆոնին) տպավորիչ է: Հայաստանում գործում են ավելի քան 1000 ռուսական ձեռնարկություններ: Հայաստանի հետ համագործակցում են ավելի քան 70 ռուսաստանյան մարզեր ու հանրապետություններ, իսկ ապրանքաշրջանառությունը միայն վերջին ամիսներին աճել է գրեթե 20%-ով: Բայց միևնույն ժամանակ հազիվ թե հնարավոր է երկու երկրների հարաբերությունների ողջ համալիրը տեղավորել տնտեսության պրոկրուստյան մահճում:
Դժվար է ձերբազատվել այն տպավորությունից, թե Մոսկվան հիասթափվել է Երևանի երեք դիրքորոշումներից` անմիջականորեն Հարավային Օսիայի ռազմական կամպանիայի ընթացքում, ինչպես նաև դրանից անմիջապես հետո: Նախ` Հայաստանի ղեկավարությունը ձեռնպահ մնաց Ռուսաստանին միանշանակորեն աջակցելուց 2008թ. օգոստոսի 8-13-ը: Բնականաբար, Հայաստանը չքննադատեց Ռուսաստանին «ուժի անհամամասնական կիրառման» համար և չմիացավ Արևմուտքի հետ համերաշխությանը: Բայց միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը «թեժ օգոստոսի» իրադարձությունները չորակեց որպես «օս ժողովրդի ցեղասպանություն» (ինչն, ի դեպ, արեցին Կրեմլում այդքան չսիրված հայ ընդդիմադիրները, թեև կասկածներ կան, թե արդյոք դա գործող իշխանության հակառակորդի կողմից գործնական քայլ չէր):
Երկրորդ, «հնգօրյա պատերազմից» հետո Երևանը ցուցադրաբար չխզեց հարաբերությունները Թբիլիսիի հետ: Ավելին, 2008թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վրաստանի մայրաքաղաք, որտեղ նա պարգևատրվեց վրացական շքանշանով և երախտագիտության խոսքեր լսեց «երկրի տարածքային ամբողջականության աջակցության» համար: Այն ժամանակ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր. «Մենք խիստ գնահատում ենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը` Վրաստանի տարածքային ամբողջականության անսասան աջակցության հետ կապված: Հայաստանը միանշանակ, ինչպես և աշխարհի ու անմիջականորեն տարածաշրջանի շատ, գրեթե բոլոր մյուս երկրները, անսասան աջակցություն հայտնեցին Վրաստանի տարածքային ամբողջականությանը, նրա միասնությանը, հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Նման բոլոր հարցերի շուրջ միասնությունը, համոզված եմ, ընդմիշտ կմնա ոչ միայն մեր կառավարությունների, այլև ժողովուրդների հիշողության մեջ»:
Անշուշտ, այս ամենը դիվանագիտական արարողակարգի և երկկողմ հարաբերությունների էթիկայի (հատկապես հարևան երկրների միջև) անհրաժեշտ ու բնական տարրերն են: Սակայն Մոսկվայում դա վատ թաքնված զայրույթ առաջացրեց: Եվ, վերջապես, երրորդ` Երևանը (ինչպես և ՀԱՊԿ գծով Ռուսաստանի մյուս դաշնակիցները) սահմանափակվեց Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողությունների մոտիվացիային աջակցություն հայտնելով, բայց հրաժարվեց պաշտոնապես ու իրավական առումով ճանաչել վրացական երկու նախկին ինքնավարությունների անկախությունը:
Եթե խոսենք Երևանի մասին, ապա այստեղ էլ որոշակի դժգոհություն (կամ անըմբռնողություն) կա ռուսական որոշ գործողություններից: Ընդհուպ մինչև Մոսկվայի հռչակագրի ստորագրումը Կրեմլի խաղաղարար հռետորականությունը` ուղղված այն բանին, որ ցույց տրվի, թե պատրաստ են ոչ միայն «խաղաղություն հարկադրել», այլև լուծել հակամարտությունները, հայ փորձագիտական ու քաղաքական հանրության շրջանակներում բազմաթիվ հարցեր առաջացրին, որոնք հստակ պարզաբանումներ չստացան: Բայց այդ հարցերը մնացին նաև 2008թ. նոյեմբերի 2-ից հետո: Չի՞ ձգտի արդյոք Ռուսաստանն այն բանին, որ «մանրի» Ղարաբաղը Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչմամբ: Այս կասկածներն ու վախը խորանում էին նաև այն պատճառով, որ կովկասյան ուղղությամբ ակտիվանում էր Թուրքիան: Միևնույն ժամանակ նկատելիորեն բարելավվեցին ռուս-թուրքական հարաբերությունները մի կողմից՝ Անկարայի և մյուս կողմից` ԱՄՆ ու ԵՄ հարաբերությունների բացասական դինամիկայի համատեքստում (ինչն անխուսափելիորեն ասոցիացվում է 1921թ. հետ): Հավանաբար, արդարացի կլինի հանդիմանել հայ հասարակությանը Թուրքիայի և ռուս-թուրքական հնարավոր պայմանավորվածությունների նկատմամբ իռացիոնալ վերաբերմունքի համար: Բայց ցանկացած քաղաքական գործիչ, ով աշխատում է Կովկասում (և ընդհանրապես Եվրասիայում), պետք է նկատի ունենա այդ գործոնը` որպես ընկալման ասիմետրիա: Այն, ինչ Մոսկվայի համար արտաքին քաղաքական PR-ի անհրաժեշտ տարր է համարվում (ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հարցազրույցի թեզիսները Ղարաբաղում հակամարտության կարգավորման արագացման անհրաժեշտության մասին), Երևանի համար (պարզապես նրա բարդ աշխարհագրական և աշխարհաքաղաքական դրությունից ելնելով) լուրջ մարտահրավեր է համարվում: Հայաստանում ոչ միանշանակ են վերաբերվում նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների ինտենսիվացմանը: Մոսկվան ակտիվորեն աջակցում էր գործող իշխանությանը 2008թ. հոկտեմբերին նախագահական ընտրությունների ընթացքում (իր որոշակի դերը խաղալով Իլհամ Ալիևի վարչակարգի միջազգային լեգիտիմացման գործում): Շատերը Երևանում (հնարավոր է, որ դա նույնպես իռացիոնալ է և չափազանցված) «Ադրբեջանի լռությունը» «հնգօրյա պատերազմի» ժամանակ դիտարկում են որպես Մոսկվայի համաձայնության նշան` Ղարաբաղում խաղաղ կարգավորման ընթացքում հօգուտ Բաքվի որոշակի զիջումներ անելու:
Նշենք, որ վերը նկարագրված բոլոր խնդիրներն ակնհայտ դարձան ոչ հնգօրյա պատերազմի իրադարձություններից հետո: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նույն ինտենսիվությունը կար նաև դեռ 2008թ. հուլիսի սկզբին, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Բաքու` իր անդրկասպյան շրջագայության շրջանակներում: Այդ այցելության ընթացքում Մեդվեդևը չէր թաքցնում հետաքրքրվածությունը անդրկասպյան պետության հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է Կովկասում: Մեզ կապում են բազմադարյա պատմությունը և ներկայիս գործընկերության հատուկ բնույթը, ինչն օգնում է ամենատարբեր խնդիրները լուծելիս»,- Բաքվում հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևի հուլիսյան այցի ընթացքում ստորագրվել է Հռչակագիր ՌԴ ու Ադրբեջանի բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին, որտեղ իրենց արտացոլումն են գտել անդրկասպյան պետության արտաքին քաղաքական շատ գերակայություններ:
2008թ. օգոստոս-սեպտեմբերին չէ, որ ի հայտ են եկել նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Երևանի և Թբիլիսիի, ՆԱՏՕ-ի և ընդհանրապես Արևմուտքի (ԱՄՆ, Եվրամիություն) հատուկ հարաբերությունների ընկալումը, Ռուսաստանի դերը Ղարաբաղյան կարգավորման մեջ, հայ համայնքի դրությունը ՌԴ ներսում, ռուսական բիզնեսի դերը Հայաստանում, ռուս-ադրբեջանական գործընկերությունը հարցերի լայն շրջանակի գծով:
Ընդհանրապես, մեր կարծիքով, ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների զարգացման առանցքային խնդիրը մեկը մյուսի քաղաքականության ընկալման անհամամասնությունն է: Երևանի համար բնորոշ է Մոսկվայի դերի հիպերբոլացումը հետխորհրդային տարածքում: Այստեղից էլ Ղարաբաղի հարցում հնարավոր զիջման քննարկումը: Այնինչ, ակնհայտ է, որ զիջել կարելի է միայն այն, ինչին տիրապետում ես: Իսկ Ռուսաստանի ազդեցությունը ԼՂՀ-ի վրա այնքան էլ մեծ չէ և հազիվ թե ընդհանրապես կարելի է համեմատել Աբխազիայի ու Հարավային Օսիայի վրա ունեցած ազդեցության հետ: Ի դեպ, ԼՂՀ-ն ինքն էլ ավանդաբար հեռու էր մնում ինքնատիպ ԱՊՀ-2 դաշինքից` նախընտրելով իրեն դիտել Կոսովոյի կամ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ նույն համատեքստում, ընդգծելով իր հիմնախնդրի փոխկապվածությունն էթնիկ ինքնորոշման եվրոպական քեյսերի հետ, իրեն կտրելով եվրասիական (հետխորհրդային) պրոբլեմատիկայից: Հետևաբար, «Մոսկվայի ձեռքը» Ղարաբաղում գերագնահատելը հազիվ թե պրագմատիկ հիմքեր ունի: Եվ այդ հիմքերը հազիվ թե դուրս են գալիս ստատուս քվոյի սահմաններից, ինչը խտացված կերպով արտացոլվել է 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկվայի հռչակագրում:
Ռուսաստանի համար, որը ոչ միայն տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղի, այլ նաև Արևմուտքի հետ «Մեծ խաղի» մեջ է ընդգրկված (համենայնդեպս, փորձեր են արվում ներկա իրադարձություններն այդպես ներկայացնել), ռազմավարական դաշնակիցների հետ փոխհարաբերությունները չեն թերագնահատվում: Նախ` ինչպես եղել է ու կա նախկին ԽՍՀՄ երկրների հետ հարաբերություններում, իր դերն ունի վստահությունը խորհրդային իներցիայի նկատմամբ, ինչը «լուռ համաձայնությամբ» թույլ է տալիս Մոսկվային պահպանել առաջատար դիրքերը: Երկրորդ` համոզմունք կա, որ բոլոր արժանիքները (այս պարագայում` առանց որևէ հեգնանքի, խոսքը վերաբերում է ՌԴ իսկական արժանիքների մասին, այնպիսիք, ինչպիսին են մոբիլ կապի ցանցի, երկաթուղային տրանսպորտի զարգացումը և անվտանգության երաշխիքները) ավտոմատ կերպով «մեծ տերությանն» իրավունք են տալիս այնքան էլ հաշվի չնստել իր ռազմավարական դաշնակցի կարծիքի հետ: Իրականում, ի՞նչ կկորցներ Ռուսաստանը, եթե հրապարակային խորհրդատվություններ անցկացներ իր դաշնակիցների հետ, ներառյալ Հայաստանը, Հարավային Կովկասում գործողությունների առնչությամբ ոչ թե սեպտեմբերին, ՀԱՊԿ մոսկովյան գագաթաժողովում, այլ «թեժ օգոստոսի» օրերին: Կրեմլը, ամենայն հավանականությամբ, միահամուռ աջակցության չէր արժանանա, բայց ինչ-որ նվազագույն, ՌԴ-ին ձեռնտու ձևակերպումներ կլինեին: Ընդ որում` կստեղծվեր իրական գործընկերության զգացողություն ոչ միայն ընդամենը մայրաքաղաքի կարծիքի հաշվառմամբ: Նույնը վերաբերում է նաև ռուսական բիզնեսի կողմից Հայաստանի «յուրացմանը»: Անշուշտ, ռուսական բիզնեսը ներդրումներ է բերում երկիր, որոնք չես համեմատի այլ պետությունների բերածի հետ: Բայց ռուսական ընկերությունների գործունեության թափանցիկություն չկա, գործարքները կրում են կուլուարային բնույթ (դրանք գոնե կարելի էր մի փոքր «բացել», հատկապես եթե խոսքը վերաբերում է տնտեսության ռազմավարական առումով կարևոր ճյուղերին): Երրորդ` դաշնակցային հարաբերությունները ենթադրում են որակապես նոր մոտեցում ՌԴ հայ համայնքին: Այստեղ ևս մենք կրկին վերադառնում ենք ընկալման ասիմետրիայի խնդրին: Մեծ Ռուսաստանի համար այս կամ այն նահանգապետի ելույթները (ճիշտ այնպես, ինչպես և այլատյացության հրապարակումները կամ էլ հայտարարությունները ԶԼՄ-ում) այնպիսի դեր չեն խաղում, ինչպես փոքր Հայաստանի համար, որտեղ դրանք, որպես կանոն, գերագնահատվում են և չափից ավելի հուզականորեն դիտարկվում:
Մեծ Կովկասում և Մոսկվայում նոր ստատուս քվոյի ձևավորման պայմաններում Երևանը նույնպես պետք է ավելի իրատեսական լինի մեկը մյուսի մոտիվները գնահատելիս, հրաժարվի չափից ավելի մեծ ակնկալիքներից (հետո տանջալի հիասթափություն չապրելու համար): Այսօր պետք է իբրև եղելություն ընդունել այն, որ ո՛չ Մոսկվան կընդունի ԼՂՀ անկախությունը, ո՛չ Երևանը կանի դա երկու նախկին վրացական ինքնավարությունների պարագայում: Կրեմլը չի հրաժարվի համագործակցել Բաքվի հետ, վերջնական ընտրություն չի կատարի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բայց Երևանն էլ չի հրաժարվի շահավետ փոխգործակցությունից Արևմուտքի և հենց նույն Վրաստանի հետ (որի տարածքով է անցնում Հայաստանի արտաքին առևտրի գրեթե 2/3-ը): Ի վերջո, աշխարհագրությունը չեն ընտրում: Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային շրջափակման պայմաններում Հայաստանի համար միայն Վրաստանն ու Իրանն են դեպի աշխարհ տանող պատուհանները: Այս առումով, հատկանշական է ԱՄՆ օրինակը, որը փաստորեն աչք է փակում Իրանի հետ Հայաստանի համագործակցության վրա (ուրիշ էլ ի՞նչ է մնում անելու նման բարդ քաղաքական աշխարհագրության պայմաններում): Այսպիսով, երկու երկրների դիվանագետների գերխնդիրը կարող էր դառնալ բարդ հարցերի պարզաբանումը, փոխադարձ կասկածների, վախի, անըմբռնողության ցրումը: Նման գործողությունների ամբողջությունը կարելի էր բնորոշել որպես ինքնատիպ հոգեբանական լիցքաթափում: ԽՍՀՄ փլուզումից հետո անցած 17 տարիների ընթացքում երկու երկրները քիչ չեն շահել փոխհամագործակցությունից: Այսօր գլխավորը այդ շահն ամրապնդելն է` դեն նետելով անպետք խանդն ու հույզերը և ուշադրության առնելով գործընկերոջ իրական մոտիվները: Եվ, բնականաբար, օբյեկտիվ սահմանափակիչները, որոնք գոյություն ունեն և´ ՌԴ-ի, և´ Հայաստանի համար:
դեպի ետ