• am
  • ru
  • en
Версия для печати
30.03.2009

ԷՐԳԵՆԵՔՈՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Melkonyan_Ruben (original)Կարելի է վստահաբար պնդել, որ վերջին ժամանակներս Թուրքիայի ներքաղաքական կյանքի ամենակարևոր և բազմաթիվ առումներով ուշագրավ իրադարձություններից են Էրգենեքոն անվանված ահաբեկչական կառույցի շուրջ ընթացող զարգացումները: Այս գործը շատ հաճախ ասոցիացվում է նաև «խորքային պետություն» հասկացության հետ: Նշվում է, որ Էրգենեքոնի հայտնաբերումը և դատական գործընթացը իրականում պայքար է Թուրքիայում իշխող իսլամամետ ուժի և աշխարհիկ զինվորականության միջև: Այն, որ Էրգենեքոնում ակնհայտ է զինվորականության, այն էլ` բարձրաստիճան, ներկայությունը, անառարկելի փաստ է: Բավական է նշել, որ ներկայումս այդ գործով ձերբակալված կամ որպես կասկածյալ են անցնում թուրք բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսիք են, օրինակ, հայտնի պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, մայորներ Մեհմեթ Զեքերիա Օզթուրքը, Մեհմեթ Ֆիքրի Քարադաղը, կապիտան Մուզաֆեր Թեքինը: Կան նաև ձերբակալվածներ, որոնք հարցաքննվելուց հետո բաց են թողնվել, օրինակ գեներալներ Հուրշիթ Թոլոնը, Շեներ Էրույգուրը, որի ազատման պատրվակ է հանդիսացել նրա առողջական վիճակը: Ի դեպ, առողջական խնդիրներ ունենալը և այդ պատրվակն օգտագործելը բավական տարածված են Էրգենեքոնի կասկածյալների շրջանում, և նրանցից շատերը կամ արդեն հիվանդանոցում են, կամ դիմել են այդ պահանջով, իսկ զինվորականները շատ հաճախ տեղափոխվում են Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիա1: Ամեն դատական նիստի 5-7 կասկածյալներ չեն ներկայանում հիվանդ լինելու պատրվակով2: Ներկայումս Էրգենեքոնի գործով որպես կասկածյալ անցնում են շուրջ 100 հոգի3, և այդ թիվն անընդհատ աճի միտում ունի: Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ կասկածյալների և ձերբակալվածների մեջ հանդիպում են տարբեր ոլորտների և մասնագիտությունների ներկայացուցիչներ. այսպես, այդ գործով անցնում են Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը, պաշտոնաթող գնդապետ Մուսթաֆա Լևենթ Գյոքթաշը, Հատուկ օպերատիվ վարչության նախագահի նախկին պաշտոնակատար Իբրահիմ Շահինը, Ստամբուլի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի պետ Սերդար Սաչանը, լրագրող Թունջայ Օզքանը, փաստաբան Քեմալ Քերինչսիզը, գիտնական Յալչըն Քյուչուքը, Անկարայի Առևտրի պալատի նախագահ Սինան Այգյունը և շատ ուրիշներ։

Հատկապես աչքի է զարնում այն, որ էրգենեքոնականների մեջ շատ են հանդիպում մարդիկ, որոնք ունեն հստակ հակահայկական պահվածք և ակտիվ պայքար են մղում Հայության և Հայաստանի դեմ: Ուշագրավ է այն, որ գործի քննության ժամանակ անուղղակիորեն պարզ դարձավ, որ նրանց հակահայկական գործունեությանը կազմակերպված բնույթ է հաղորդել հենց Էրգենեքոն ահաբեկչական կառույցը:

Բացահայտ հակահայ գործունեությամբ ամենահայտնի անուններից է պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը. նա պանթյուրքիստ է և ներկայումս այդ շրջանակների կողմից դասվում է 20-րդ դարի կարկառուն պանթյուրքիստների շարքին: Այս «բարձր» կոչման կարևոր գրավականներից է եղել Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո գեներալ Քյուչուքի երբեմն բացահայտ օգնությունը «կրտսեր եղբայր» Ադրբեջանին: Բազմաթիվ կասկածելի գործարքների և գործողությունների հետ է կապված Քյուչուքը, սակայն արժե նշել, որ նրա անունը մեզ համար առավել հետաքրքրական դարձավ հատկապես հանգուցյալ Հրանտ Դինքի հալածանքների և այնուհետև սպանության խնդրի համատեքստում: Հիշեցնենք, որ հենց ազգայնամոլ երիտասարդական կազմակերպությունները, որոնք իրենց անվանում են «իդեալիստներ», սկսեցին Դինքի դեմ բացահայտ ակցիաներ, և հատկապես այն բանից հետո, երբ Դինքը «Ակօս» թերթում տպագրեց Թուրքիայի կարևոր խորհրդանիշներից մեկի` առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչենի հայկական արմատները փաստող մի հոդված, «իդեալիստները» ցույց արեցին «Ակօսի» խմբագրատան առջև` պարզելով սպառնալից պաստառներ, որոնց վրա գրված էր «Դինք, դու մեր թիրախն ես»: Հարկ է նշել, որ «իդեալիստները» «Գորշ գայլեր» ազգայնամոլական կառույցի երիտասարդական թևն են կազմում, և պատահական չէր, որ Դինքին սպանեց նույնպես երիտասարդ ազգայնամոլ: Այս բոլոր շրջանակների համար գեներալ Վելի Քյուչուքը անվերապահ հեղինակություն է։ Կան Դինքի սպանության մեջ ընդգրկված անձանց ու Քյուչուքի ուղղակի շփումները հաստատող փաստեր: Քյուչուքը բացահայտ շահագրգռվածություն էր ցուցաբերում Դինքին հալածելու մեջ. նա անգամ մասնակցել է Դինքի դատավարության նիստերին: Ի դեպ, այդ հանգամանքն անհանգստացրել էր Դինքին և նրա մերձավոր շրջապատին, ու ինչպես սպանությունից հետո խոստովանեց Հրանտի եղբայրը՝ Խոսրով Դինքը, նրա եղբայրը սկսել է իրականում գիտակցել հալածանքների առավել վտանգավորությունն ու լրջությունը հատկապես հրապարակում Վելի Քյուչուքի բացահայտ երևալուց հետո:

Էրգենեքոնի դատական գործի շրջանակներում ևս շատ ուշագրավ դեպքեր տեղի ունեցան Քյուչուքի անձի հետ կապված: Դատական նիստերից մեկում, ինքնապաշտպանական ճառի ժամանակ, խոսելով 2000թ. բանակից զորացրվելուց հետո իր գործունեության մասին, նա հայտարարել է. «Ես մասնակցում էի թուրքական հետազոտական կրթական հիմնադրամի միջոցառումներին, երբեմն-երբեմն նաև ելույթներ էի ունենում: Ելույթներ եմ ունեցել արևելյան հարցի վերաբերյալ և միշտ պաշտպանել եմ այն տեսակետը, թե դա քրդական հարց չէ: Գյուղ առ գյուղ բացատրել եմ, որ PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) քրդական չէ, որ արևելյան հարցը ոչ թե քրդական, այլ հայկական հարց է: Եվ քանի որ իմ այս մտքերը ոմանց դուր չեն եկել, այդ պատճառով ես այսօր այստեղ եմ»4: Հայերին ուղղված նման մեղադրանքները նոր չեն թուրքական քաղաքական դիսկուրսում, սակայն հետաքրքիր է, որ այդ մասին բացահայտ արտահայտվում է բարձրաստիճան զինվորականը՝ որպես թշնամի նշելով հայերին, որոնք խորթ են թուրքերին, իսկ մուսուլման քրդերը գոնե իրենց կրոնական եղբայրներն են: Ի դեպ, Էրգենեքոնի գործով անցնող այլ մեղադրյալներ ևս արտահայտել են այս նույն գաղափարը և իրենց ձերբակալվելու իրական պատճառ համարել հայկական խնդիրը: Հարկ է նշել, որ PKK-ի, իբրև թե, հայկական պատկանելության մասին արտահայտվել են տարբեր մակարդակի թուրք պաշտոնյաներ՝ սկսած ներքին գործերի նախարարուհուց մինչև նահանգապետ. այս թեման թուրքական քաղաքական շահարկումների զինանոցի կարևոր տարրերից է: Ժամանակ առ ժամանակ թուրքական մամուլը և տարբեր գերատեսչություններ աղմուկ են բարձրացնում իբր Հայաստանում գտնվող PKK-ական զինյալների կամ նրանց ճամբարների մասին:

Էրգենեքոնի գործով ձերբակալված է նաև թուրք փաստաբան Քեմալ Քերինչսիզը, որը դատական գործ հարուցեց գրող Օրհան Փամուքի դեմ նրա հայտնի հայտարարությունից հետո: Նա նույնպես Վելի Քյուչուքի սաներից է ու նաև ակտիվորեն ներգրավված էր Հրանտ Դինքի դեմ դատական արշավին:

Մյուս կասկածյալը՝ Անկարայի Առևտրի պալատի նախագահ Սինան Այգյունը, առաջիններից էր, որ դժգոհություն արտահայտեց Դինքի սպանությունից հետո մեծ տարածում գտած «Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Դինքն ենք» կարգախոսի դեմ։

Էրգենեքոնի գործով անցնող հաջորդ հայտնի դեմքը Թուրքիայի Բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքն է: Ավելորդ չէ նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ մղվող գործընթացում նա թուրքական պետական, քարոզչական մեքենայի կարևոր օղակներից է: Հայտնի է նաև, որ Դողու Փերինչեքն ունի հայկական ծագում, սակայն նրա գործունեությունն ուղղված է Հայության դեմ. նման երևույթ երբեմն հանդիպում է կրոնափոխված ու դիմախեղված մարդկանց շրջանում5: Էրգենեքոնի դատավարության շրջանակներում պարզվել է, որ Փերինչեքն այդ կազմակերպության ղեկավար անդամներից և կազմակերպիչներից է, սակայն ամենակարևորն այն է, որ նրա միջոցով հիշյալ խմբավորումը կապ է ունեցել PKK-ի և նրա զինյալների հետ: Հրապարակվել են անգամ Փերինչեքի և Աբդուլա Օջալանի լուսանկարները քուրդ զինյալների ճամբարներից մեկում: Դատավարության ժամանակ ներկայացվել է նաև 2000թ. մայիսի 26-ին Փերինչեքի «խորհրդատվական» նամակը Օջալանին6: PKK-ի և Էրգենեքոնի ենթադրյալ կապը մեջտեղ բերելով՝ թուրքական իշխանությունները, մեր կարծիքով, մի քանի նպատակի են հասնում. նախ ցույց է տրվում քրդական զինյալների և թուրքական «խորքային պետության» կապը, որն այդ ամենն օգտագործել է երկրում անկայունություն, այն է՝ հեղաշրջման նախադրյալներ ստեղծելու և իրականացնելու համար, սակայն էլ ավելի կարևոր է այն, որ այս բացահայտումը խոր հիասթափություն է առաջացրել հենց ընդդիմադիր քրդերի շարքերում, որոնց մի մասը նույնիսկ համակվել է խաբվածի տրամադրություններով: Մյուս կողմից, ներկայումս թուրքական իշխանությունները լծված են քրդական հեռուստաալիք և ռադիոկայան բացելու աշխատանքներին, և ակնհայտ է, որ դա ևս զգալի մեղմացում կմտցնի քրդական հարցում:

Դողու Փերինչեքի գործունեության այն փուլը, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարին, նույնպես անուղղակիորեն տեղ է գտել դատական գործընթացի շրջանակներում: Այսպես, հայտնի է, որ թուրքական «Թալեաթ փաշա» ոչ երկիմաստ անունով կազմակերպությունը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում հատկապես Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Այդ նույն կազմակերպության գործուն անդամներից է նաև Փերինչեքը: «Թալեաթ փաշա» կազմակերպությունը հատկապես ակտիվ էր 2005-2006թթ., երբ թուրք մի շարք քաղաքական գործիչներ, գիտնականներ համատեղ գործունեություն էին ծավալում այս ուղղությամբ, նրանց շարքերում էին Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախկին նախագահ Ռաուֆ Դենքթաշը, պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն և այլք: Այս ամենի արդյունքում էր, որ Փերինչեքի դեմ Շվեյցարիայում գործ հարուցվեց Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար (հետո նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեծ աղմուկ բարձրացնելով այդ հարցի շուրջ): Սակայն ուշագրավ է, որ Էրգենեքոնի դատական գործի շրջանակներում ի հայտ է եկել այն, որ «Թալեաթ փաշա» կոմիտեն ևս Էրգենեքոնի ստեղծած կառույցներից է և գործել է ահաբեկչական կազմակերպության հրահանգներով7: Խոսելով այս մասին՝ Փերինչեքը դատարանում հայտարարել է հետևյալը. «Այդ խմբի մեջ էին մտնում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության այն ժամանակվա պատգամավորներ Նևզաթ Յալչընթաշը, Մեհմեթ Դյուլգերը և Իբրահիմ Օզդողանը»8: Այնուհետև թվարկելով գիտնականների, այլ քաղաքական գործիչների անուններ` Փերինչեքը հայտարարել է. «Եթե այդ բոլորը Էրգենեքոնն էր կազմակերպում, ապա ստացվում է, որ այդ բոլոր մարդիկ էրգենեքոնականներ են»9: Բանվորական կուսակցության ազգայնամոլ ղեկավարը չի մոռանում նաև իր «որդեգրած» քաղաքական կողմնորոշման մասին և իր ձերբակալման գործում մեղադրում է «իմպերիալիստական ուժերին» և մասնավորապես ԱՄՆ-ին:

Անդրադառնալով Փերինչեքի ծայրահեղ հակահայկական գործունեությանը՝ հարկ է նշել, որ թուրքական մամուլը վերջերս տպագրել է Դողու Փերինչեքի ավելի վաղ արած հայտարարություններն ընդհանրապես հայկական խնդրի մասին, որոնք ևս մեկ անգամ վկայում են նրա փոփոխական, հակասական կերպարի մասին: Թուրքիայի իշխող կուսակցության խոսափող «Զաման» օրաթերթն արտատպել է «Թուրքական ձախ» ամսագրի 88-րդ համարում տեղ գտած Փերինչեքի հոդվածը, որը վերնագրված է հետևյալ կերպ. «Իթթիհադական կոմպրադորները հարյուր հազարավոր հայեր են կոտորել»: Ի դեպ, նրա այս մտքերը հնչել են մեկ այլ՝ ավելի վաղ տեղի ունեցած դատական գործի ժամանակ. այսպես, 1969թ. Փերինչեքը հիմնում է «Թուրքիայի բանվորների և գյուղացիների կուսակցությունը», որը 1971թ. զինվորական միջամտությունից հետո փակվում է, իսկ Փերինչեքը և նրա ընկերները ձերբակալվում են: Իր պաշտպանական ճառը դատարանում նա այնուհետև վերածում է գրքի, որի 154-րդ էջում խոսում է հայկական խնդրի վերաբերյալ. «Իթթիհադական կոմպրադորները ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացրին հալածանքի և կոտորածի քաղաքականություն: Արևելքում հարյուր հազարավոր հայերի կոտորեցին, մնացածներին էլ իրենց երկրից աքսորեցին… Աբդուլ Համիդը կայսրությունը արևելյան Անատոլիայում կոտորված հարյուր հազարավոր աշխատավորների և Ստամբուլի փողոցներում սպանված հազարավոր հայերի արյունով ներկեց»10:

Էրգենեքոնի գործով անցնող մեղադրյալների մեջ իր աղմկահարույց ցուցմունքներով հատկապես աչքի է ընկնում Թուրքիայի Հատուկ օպերատիվ վարչության նախագահի նախկին պաշտոնակատար Իբրահիմ Շահինը։ Նրա ցուցմունքներում հետաքրքիր մանրամասներ կան նաև հայկական ուղղվածությամբ. նա իր գործունեության տարբեր փուլերում զբաղվել է հայկական խնդիրներով, մասնավորապես՝ 1983թ. նշանակվել է ԱՍԱԼԱ-ի դեմ պայքարի համար ստեղծված ոստիկանական ուժերի հրամանատար, այս նպատակով կրթություն ստանալու համար եղել է Գերմանիայում և ԱՄՆ-ում11: Ըստ քրեական գործի նյութերի, Շահինը ստեղծել է 300 հոգուց բաղկացած մի թիմ, որի կազմում են եղել օպերատիվ վարչության աշխատակիցներ և 30 տարեկանից ցածր զինվորներ12: Հիշյալ թիմի միջոցով ահաբեկչական կառույցը ծրագրել և իրականացրել է գործողություններ: Դատարանում Շահինը ցուցմունք է տվել, որ թիմը ստեղծել է Թուրքիայի բանակի յոթերորդ կորպուսի հրամանատար, գեներալ Բեքիր Քալյոնջուի և Գլխավոր սպայակույտի կապի ու հաղորդակցության վարչության պետ, բրիգադի գեներալ Մեթին Գյուրաքի ցանկությամբ13: Շահինը 1993թ. Թուրքիայի ներքին գործերի նախարարության հանձնարարականով ստեղծել է Հատուկ օպերատիվ վարչությունը, որտեղ աշխատել է մինչև 1996թ., 2002թ. դատապարտվել է 6 տարի ազատազրկման մեկ այլ՝ Սուսուրլուքի հայտնի դեպքին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն Շահինին, կրկին առողջականի պատրվակով, Թուրքիայի նախագահի կողմից ներում է շնորհվել: Ի դեպ, այս գործի առնչությամբ շրջանառվել է նաև Վելի Քյուչուքի անունը:

Ինչպես պարզ է դառնում Շահինի ցուցմունքներից, նա ինտենսիվորեն զբաղվել է հայկական խնդիրներով նաև թոշակի անցնելուց հետո: Ստորև ներկայացնում ենք մի մեջբերում նրա ցուցմունքներից. «Ես ծանոթ եմ Ասենա մականունով հայտնի Ֆաթմա Ջենգիզի հետ, որն ապրում է Կեսարիայում, և երբեմն-երբեմն այցելում էի նրան: Նա գիտեր, որ ես հետաքրքրվում էի հայկական խնդրով և ինձ ծանոթացրեց մի գրողի հետ: Վերջինիս հետ զրույցում նա պատմեց, որ Թոմարզայում հայերն ամենամսյա հավաքներ են կազմակերպում, և սրանց պատասխանատուն Սեբաստիայում ոսկեգործությամբ զբաղվող մեկն է: Ես էլ այս ամենի մասին մանրամասն տվյալներ հավաքելով՝ ցանկացա տեղեկացնել հետախուզությանը»14: «…Հուդայի անունով մի անձ ինձ հայտնեց Սերփիլ անունով մի կնոջ մասին: Ասաց, որ այս կնոջ իսկական անունը Մաթիլդ Սարսանյան է, և նա Երզնկայի շրջանում ոսկի է փնտրում: Հուդային, բացի այդ, ասաց, որ այս կինը հարավ-արևելքում տարբեր նահանգներում տներ է հիմնում, որտեղ ապաստան է տալիս արտասահմանից եկած հայերի: Ես էլ այս մասին հայտնեցի Ազգային հետախուզական ծառայությունից (MIT) իմ ծանոթ մարդկանց, որից հետո ավելի մանրամասն տեղեկություններ պահանջեցին»15։ Ուշագրավ է նաև, որ Շահինը աշխատել կամ հանձնարարություն է ստացել, որ ճշտի տվյալները տարբեր կուսակցությունների անդամների, քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց էթնիկ ծագման մասին: Ըստ նրա ցուցմունքների, քրդական Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության մեջ կան 520 հայեր: Սակայն էլ ավելի ուշագրավ փաստեր են ի հայտ եկել Շահինի նոթատետրում, որտեղ նշված են եղել տվյալներ տարբեր քաղաքական գործիչների էթնիկ ծագման մասին: Շահինի նոթատետրում ձեռագրով նշված է եղել, որ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ, Գորշ գայլեր) նախագահ Դևլեթ Բահչելին, Ժողովրդական հասարակարգ կուսակցության նախագահ Ահմեթ Թուրքը, ԱՇԿ պատգամավորներ Մեհմեթ Շանդըրը, Մեհմեթ Էյմուրը հայկական ծագում ունեն16: Հիշյալ նոթատետրում կա մեկ պնդում ևս, համաձայն որի՝ «Անատոլիայի» կենտրոնական և հարավարևելյան շրջանների միջև ընկած տարածքի բնակչությունն իբր թե կազմված է հայերից17:

Շահինը ևս, ինչպես Վելի Քյուչուքը և այլք, առաջ է քաշում այն պնդումը, թե PKK-ն ոչ թե քրդական, այլ հայկական կառույց է. «PKK-ն քրդական ծագմամբ մեր եղբայրներին ներկայացնող մի կառույց չէ, այլ հայկական կառույց է18»: Նա պնդում է, որ մասնագիտական գործունեության ընթացքում պայքարել է PKK-ի դեմ, իսկ թոշակի անցնելուց հետո սկսել է գրքեր գրել, որտեղ մշակել է այն միտքը, թե PKK-ն հայկական կառույց է19: Իր այս մտքերն արտահայտել է նաև տեղական հեռուստաալիքներով20:

Քննությունից պարզ է դարձել, որ Շահինի խումբը նաև մահափորձեր է ծրագրել. հավանական զոհերի ցուցակում եղել են Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, Ալևի-բեքթաշի դաշնության գլխավոր քարտուղար Քազըմ Գենչի, նույն դաշնության նախագահ Ալի Բալքըզի անունները21: Ուշագրավ է, որ Շահինն իրենց նախատեսած գործողություններն անվանել է «ներքին մաքրություն» և թիրախների ընտրության հարցում առաջնային է համարել նրանց առնչությունը հայկական խնդրին։ Այսպես, Շահինը խոստովանել է, որ եթե չձերբակալվեր, ապա մեկ շաբաթ հետո սկսվելու էր գործողություն հայերի ղեկավարների դեմ22: «Ներքին մաքրության» շրջանակներում գործողություններ են նախատեսվել նաև մի շարք թուրք մտավորականների՝ վերջերս ձեռնարկած «Ներողություն եմ խնդրում» ակցիայի կազմակերպիչների դեմ: Շահինի և իր հանցախմբի գործունեության ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև ալևիական կազմակերպությունները, հատկապես այն պատճառով, որ, ըստ իրենց աղբյուրների, այդ կազմակերպություններում ևս հայեր կան: Մահափորձ է նախատեսվել նաև Սեբաստիայի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրան Գյուլերի դեմ23: Ըստ Մինաս Գյուլերի եղբոր՝ Երվանդ Գյուլերի, Սեբաստիայում ապրող հայերի թվաքանակը չի գերազանցում 200-ը, ինչն օրեցօր նվազում է, չնայած, ըստ պաշտոնական տվյալների, հայերի թիվը Սեբաստիայում 1136 է։ Մինաս Գյուլերը միևնույն ժամանակ նաև Կեսարիայի, Թոքաթի, Երզնկայի հայ «համայնքների» պատասխանատուն է24։ Ակնհայտ է, որ Թուրքիայի արևելյան շրջաններում պահպանված քրիստոնյա հայության բեկորներին համայնք կոչելը խիստ դժվար է։ Շահինի հանցախմբի կողմից հատկապես Սեբաստիայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ այն քիչ թե շատ բազմէթնիկ նկարագիր ունի և հարմար է վախի մթնոլորտի խորացման, անկայունության ստեղծման համար, ինչը լիովին տեղավորվում է Էրգենեքոնի գործունեության տրամաբանության շրջանակներում։ Ի դեպ, հարկ է նշել, որ պարզ է դարձել, թե հենց Էրգենեքոնն է կազմակերպել նաև 2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի Զիրվե հրատարակչության երեք քրիստոնյա աշխատակիցների սպանդը, որը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և նրա սահմաններից դուրս:

Այսպիսով, այս աղմկահարույց դատավարությունը և դրա ընթացքում արվող բացահայտումները ցույց են տալիս, որ հակահայկական բազմաթիվ գործողություններ կազմակերպվել կամ կատարվել են թուրքական պետության կամ դրա «խորքային» տարբերակի կողմից: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ թուրքական քարոզչական և պետական մեքենան, ըստ էության, շարունակում է թշնամու կատեգորիայում տեսնել գերազանցապես հայերին: Ուշագրավ և ինչ-որ տեղ արդեն սպասելի է, որ էթնիկ ծագման հարցը նույնպես գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Թուրքիայի օրակարգում է էթնիկ ծագման և դրա տարատեսակ դրսևորումների խնդիրը:

1Erdal B., Ergenekon'da tutuklu sayısı 100'e çıktı, Zaman, 27.01.09.

2Erdal B., Ergenekon sanıkları sürekli hasta!, Zaman, 01.02.2009.

3Նույն տեղում։

4 http://www.hyetert.com/haber3.asp?Id=30935&DilId=1

5Մանրամասն տե՛ս Մելքոնյան Ռ., Թուրքիայում ինքնության դրսևորումների շուրջ, Հանրապետական, Երևան, 2008, թիվ 11, էջ 5-8:

6Erdal B., Ergenekon'da tutuklu sayısı 100'e çıktı, Zaman, 27.01.09.

7 www.hyetert.com/haber3.asp?Id=31265&DilId=1

8Նույն տեղում։

9Նույն տեղում։

10Acar E., Arşivler de Doğu Perinçek'i yalanlıyor, Zaman, 24.1.2009

11ASALA’ya karşı Almanya ve ABD’de eğitim aldım’, http://www.hyetert.com/haber3.asp?Id=31161&DilId=1

12Devlet benden 300 kişilik liste istedi, Hurriyet, 12.1.2009

13ASALA’ya karşı Almanya ve ABD’de eğitim aldım’, http://www.hyetert.com/haber3.asp?Id=31161&DilId=1

14Նույն տեղում։

15Նույն տեղում։

16MHP YÖNETİCİLERİNİ DE ERMENİ DİYE FİŞLEMİŞ!, http://www.hyetert.com/haber3.asp?Id=31202&DilId=1

17Նույն տեղում։

18ASALA’ya karşı Almanya ve ABD’de eğitim aldım’, http://www.hyetert.com/haber3.asp?Id=31161&DilId=1

19Նույն տեղում

20Devlet benden 300 kişilik liste istedi hurriyet.com.tr12.1.2009

21İki suikast timine operasyon Zaman, 23.01.09

22‘Yakalanmasaydım bir hafta sonra operasyon başlıyordu’, Radikal,12.2.2009

23Նույն տեղում։

24Ergenekon neden Sivas'ı seçti?, Zaman, 16.02.2009.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր