ՀՐԵԱ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԽՍՏՈՐԵՆ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
«Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները» խորագրով միջազգային նշանակալից խորհրդաժողով տեղի ունեցավ ապրիլի 14-ին Փարիզում: Այն կազմակերպել էր Հայ Դատի ֆրանսիական Բյուրոն և Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակը:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Իսրայելի Բաց համալսարանի պատմության պրոֆեսոր, դոկտ. Յաիր Օրոնը, Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Իսրայել Չարնին, Գերմանիայի «Ցեղասպանության դեմ պայքարի» միության նախագահ, թուրք պատմաբան Ալի Էրթեմը, Բելգիայի «Ինֆո-թուրք» հիմնադրամի նախագահ, թուրք լրագրող Դոգան Օզգուդենը, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դոկտ. Ալֆրեդ Զայասը /Ժնև/, դոկտ. Իվ Թերնոն /տեսահոլովակով, Փարիզ/, Փարիզի Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի դասախոս, քաղաքագետ Ֆրեդերիկ Էնսելը, Հայաստանի ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը և Լոս Անջելեսի «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
Լսարանը հատուկ ուշադրությամբ էր հետևում պրոֆ. Օրոնի համարձակ և արդարացի մեկնաբանություններին՝ հաշվի առնելով վերջին շրջանում իսրայելցի և թուրք պաշտոնյաների միջև բուռն փոխադարձ քննադատությունները և Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրիլի 28-ին սպասվող քննարկումները: Նա տարիներ շարունակ եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման անխոնջ պաշտպան և խստորեն քննադատել է իսրայելյան կառավարության ժխտողական քաղաքականությունը:
Պրոֆ. Օրոնն իր ելույթն սկսեց մեջբերում անելով 1918 թվականին Շմուել Տալկովսկու գրած մի հոդվածից, որը Chaim Weitzmann-ի քարտուղարն էր. հետագայում նա դարձավ Իսրայելի առաջին նախագահը: Տալկովսկին ցավ է հայտնել հայերի «նահատակության» համար և ակնարկել, որ «ազատ ու երջանիկ Հայաստանը, ազատ ու երջանիկ Արաբիան և ազատ ու երջանիկ հրեական Պաղեստինն այն երեք սյուներն են, որոնց վրա պետք է խարսխվի Մերձավոր Արևելքի ապագա խաղաղությունն ու բարեկեցությունը»: Դոկտ. Օրոնն իր ափսոսանքը հայտնեց, որ Իսրայելի ներկայի քաղաքականությունը շատ հեռու է Տալկովսկու կողմից 1918 թվականին ձևակերպված սկզբունքներից:
Քննադատելով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ Իսրայելի դիրքորոշումը, պրոֆ. Օրոնը թվարկեց հետևյալ յուրահատուկ հակահայկական գործողությունները. «1978 թվականին արգելվեց Երուսաղեմի Հայկական թաղամասի մասին ֆիլմի ցուցադրումը: 1982 թ. իսրայելյան կառավարությունը միջամտեց Ողջակիզման և ցեղասպանության թեմայով միջազգային համագումարին`ճնշում գործադրելով կազմակերպիչների վրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունները բացառելու նպատակով: 1989 թ. Իսրայելը մասնակցել է ամերիկյան օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման կանխարգելմանը: Այս կամ այն կերպ Իսրայելը և հրեաները մասնակցել են Միացյալ Նահանգներում 1985, 1987, 1989, 2000, 2007 և 2010 թվականներին տեղի ունեցած քննարկումներին: 1990 թվականին արգելվեց Միացյալ Նահանգներում արտադրված «Հայկական ուղևորություն» հեռուստաֆիլմի ցուցադրումը»:
Այնուհետև, պրոֆ. Օրոնը տեղեկացրեց, որ երբ Իսրայելի կրթության նախարար Յոսի Սարիդը 2000 թվականի Ապրիլի 24-ին առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը մտցնել միջնակարգ դպրոցների ծրագրերում, Իսրայելի կառավարությունը մերժել էր այդ գաղափարը:
Մեկ տարի անց, 2001 թ. ապրիլի 10-ին, այն ժամանակ Իսրայելի արտգործնախարար, այժմ՝ նախագահ Շիմոն Պերեսն ասել է. «Մենք ցավում ենք, որ փորձեր են արվում նույնացնել Հոլոքոստն ու հայկական մեղադրանքները: Ոչինչ տեղի չի ունեցել, որը կարող է համեմատվել Հոլոքոստի հետ: Դա ողբերգություն է և ոչ թե` ցեղասպանություն»: Լսարանին հիշեցնելով, որ 2002 թ. փետրվարին նման ժխտողական կարծիք էր արտահայտել նաև Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենը, պրոֆ. Օրոնը այդ հայտարարությունները գնահատեց որպես «Իսրայելի`պասիվ ժխտողականությունից դեպի ավելի ակտիվին, չափավոր ժխտողականությունից` ավելի կոշտին անցում»: Նա ասաց, որ իր հայ ընկերը մի անգամ «իրավացիորեն» նկատել է. «Ես չգիտեմ մի կրթված քաղաքական գործչի ժողովրդավարական երկրում, որն այնպիսի կարծիք հայտնի, ինչպիսին անում եք դուք՝ հրեաներդ»:
Պրոֆ. Օրոնը խոսեց նաև Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 2007, 2008 և 2009 թվականներին տեղի ունեցած քննարկումների մասին: Ամեն անգամ Իսրայելի կառավարությունը դեմ է արտահայտվել այդ հարցին: Նման մի մերժում նա ակնկալում է այս ամսվա վերջին, երբ հարցը կրկին կբարձրացվի Կնեսետում:
Պրոֆ. Օրոնը հատուկ նշեց Իսրայելի կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին. «Իսրայելը, մի կողմից պայքարում է Հոլոքոստի ժխտման դեմ, իսկ մյուս կողմից` մասնակցում մեկ այլ ցեղասպանության ժխտմանը: Ամենայն հավանականությամբ սա հետագայում վնասելու է Հոլոքոստի ժխտման դեմ տարվող պայքարին: Նման մոտեցումը կարող է դիտվել որպես բարոյական անկում: Մենք պարտավոր ենք հիշել, որ բարոյական պահանջները կարող են ազդեցություն ունենալ,միայն եթե դրանք հետևողական են.... Բոլորը կհամաձայնեն, որ Իսրայելն իրավունք չունի վիճարկել Հոլոքոստի հիշատակը: Սակայն նա երբեք, ոչ մի պարագայում, նույնիսկ ավելի քան ցանկացած այլ երկիր իրավունք չունի վիճարկել այլ զոհերի խմբի հիշատակը: Սակայն Հայոց ցեղասպանության հետ Իսրայելը հենց այդպես էլ վարվում է: Իսրայելը աջակցում է Ցեղասպանության ժխտման գործընթացին և դրանով իսկ դավաճանում Հոլոքոստի հիշատակն ու ժառանգությունը»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի տասնյակ երկրների, միջազգային կազմակերպությունների և ակնառու գիտնականների կողմից: Հայերը կարիք չունեն խնդրել Իսրայելին ճանաչել Ցեղասպանությունը: Ժխտելով Հայոց ցեղասպանությունը, Իսրայելը բարոյական մեծ վնաս է հասցնում իր իսկ երկրի վստահելիությանը, հեղինակությանն ու վարկին:
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՆԱԽԻՋԵՎԱՆ ԱՅՑԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԵՐԸ ՀԵՏԱՅՍՈՒ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼԾԻ ՏԱԿ[04.10.2011]
- ԹՈՒՐՔ ԳԻՏՆԱԿԱՆ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.05.2010]