
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
ԽՍՀՄ պայմաններում ստեղծվել էր պետության մոդել, որն, ըստ էության, գործում էր ոչ կոռուպցիոն չինովնիկական ապարատի միջոցով, որը մի կողմից՝ ապահովված էր սոցիալական երաշխիքներով և արտոնություններով, մյուս կողմից` գործում էր լավ կազմակերպված վերահսկողության ներքո: Եվ որքան բարձր էր իշխանության մակարդակը, այնքան ավելի հստակ և խստորեն էր գործում այդ մեխանիզմը1:
Ոչ կոռուպցիոն վարքը փոխհատուցվում էր ոչ միայն եկամտի բարձր մակարդակով, այլև առավել բարձր գնողունակությամբ օժտված աշխատավարձով, ինչն ապահովվում էր կուսակցական և պետական ապարատի մատակարարման բարդ համակարգի միջոցով: Նշվածը կարելի էր անվանել «խորհրդային չինովնիկի սոցիալական փաթեթ»:
Նշված համակարգը բավական արդյունավետ էր կոռուպցիայի կանխարգելման համար, որն ապահովվում էր չինովնիկների ցմահ զբաղվածության, նրանց նկատմամբ համակողմանի վերահսկողության և հստակ թոշակային ապագայի ապահովման մեխանիզմներով: Այլ հարց է, որ երկրում ռեսուրսները չէին բավականացնում նշված համակարգն իշխանական բուրգի ցածր խավի (ներքնահարկի) վրա տարածելու համար:
ԽՍՀՄ փլուզումից և հայկական անկախ պետականության վերականգնումից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց մեկ այլ սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգ, որն էլ 1995թ. իրավապես ամրագրվեց ՀՀ Սահմանադրությամբ:
Շուկայական տնտեսության ուղու վրա կանգնած ցանկացած երկիր ունի շուկայական հարաբերությունների իր առանձնահատկությունը, որը տարբերվում է այլ շուկայական մոդելներից: Շուկան տարբեր երկրներում աշխատում է տարբեր կերպ: Մի դեպքում՝ շուկայական մոդելը տալիս է լավ արդյունքներ, այլ դեպքերում` գործնականորեն ոչ մի: Դա վկայում է, որ տնտեսության արդյունավետությունը կախված է ոչ միայն շուկայական հարաբերություններից, այլև հասարակության ընդհանուր մշակութային մակարդակից և իրավագիտակցությունից:
Անհրաժեշտ է նշել, որ կոռուպցիոն ռիսկերին հակազդելը պահանջում է ոչ միայն տնտեսական և քաղաքական բարձր պրոֆեսիոնալ գործողություններ, այլև հասարակությունում ձևավորված և գերիշխող սոցիալ-հոգեբանական պատկերացումների փոփոխություն:
Կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից նյութական և հոգևոր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման ոլորտներում հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկան կարող է կրել ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ բնույթ:
Տնտեսության զարգացման վրա կոռուպցիայի նեգատիվ ազդեցությունն ակնհայտ է: Նախ` կոռուպցիան ոչ միայն հարկ է բիզնեսի համար, այլև վատթարագույն հարկն է, որն, ըստ էության, տնտեսությունը մղում է անթափան-ցիկության և անարդյունավետության դաշտ: Երկրորդ` կոռուպցիան խոչընդոտում է պետության կողմից ցանկացած սոցիալ-տնտեսական ծրագրի իրագործումը: Այդ պատճառով բոլոր երկրներում պայքարում են կոռուպցիայի դեմ, սակայն հաջողության հասնում են ոչ բոլորը:
Առավել բարդ է կոռուպցիայի դեմ պայքարը, երբ այն ներթափանցում է միաժամանակ իշխանության մի քանի ճյուղ և համակարգային բնույթ է կրում: Այդ պայքարի հաջողության երաշխիք կարող է հանդիսանալ միայն հետևողական և համակարգային պայքարը, որի հիմքում դրված է պատժի անխուսափելիության սկզբունքը: Անգամ եթե խիստ պատիժ է նախատեսված, սակայն նրա կիրառումն իրականացվելու է ընտրովիության սկզբունքով, ապա նշված պայմաններում անխուսափելի են դառնում սխալները. կաշառքի միջոցով կարելի է ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլև «պատասխանատվության» ենթարկել մրցակիցներին և այլն: Բացի այդ, եթե կոռուպցիայի էլեմենտներն առկա են նաև իշխանական բուրգի վերին մակարդակներում, ապա ինքնին խաղի կանոններն առաջադրվում են այնպես, որ կոռուպցիան վերարտադրվի:
Կոռուպցիայի դեմ պայքարի հաջողության կարևոր երաշխիքներից է կոռուպցիոն գործարքների ոչ լեգիտիմությունը: Կոռուպցիոն գործարքով (կաշառքով) պայմանավորված փոխադարձ պարտավորությունները չեն կարող իրագործվել դատարանի միջոցով՝ ի տարբերություն լեգալ պայմանավորվածությունների (օրենսդրությամբ նախատեսված պայմանագրեր և այլն): Ինչպե՞ս պարտադրել պաշտոնատար անձին կատարել խոստացվածը, երբ արդեն ստացել է իր «վճարը»: Եվ հակառակը. ի՞նչ իմաստ ունի «վճարել» նրան արդեն տրամադրված անլեգալ ծառայություններից հետո: Պարզվում է, որ եթե առկա է «խաբեության»2 վտանգ, ապա կոռուպցիոն գործարքի երկու կողմերն էլ (և՛ կաշառակերը, և՛ կաշառատուն) հայտնվում են բավական բարդ վիճակում: Կոռուպցիայի մակարդակը կարող է նվազել այն դեպքում, երբ կաճի ան-վստահությունը «գործարքի» մասնակիցների միջև3: Այդ պատճառով մի շարք երկրներում իրավապահ մարմինների հետ համագործակցող անձինք պաշտպանված են օրենքով:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար (և ոչ միայն այդ պատճառով) ԱՄՆ-ում վարորդին արգելված է լքել իր նստելատեղը: Իսկ եթե տեսուչին նկատեն ծառայողա-կան մեքենայում կամ այլ տեղում վարորդի հետ զրուցելիս, կամ ընդամենը այն պահին, երբ նա հրավիրում է վարորդին ծառայողական մեքենա, ապա տեսուչը կենթարկվի քրեական պատասխանատվության` կաշառք ստանալու փորձ կատարելու մեղադրանքով:
Կոռուպցիոն գործարքների հետազոտությունների իրականացումն, ըստ էության, բավականաչափ բարդ է, ինչը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
Կոռուպցիայի դեմ պայքարի մեկ այլ միջոց կարելի է նշել գործարքների և գործընթացների թափանցիկությունը: Մեծ առաջընթաց կարելի է ապահովել դատական վճիռների, պետական գնումների մրցույթների արդյունքների և հանրային հետաքրքրությանն արժանի այլ որոշումների բոլոր տեսակի լրատվամիջոցներում հրապարակելու դեպքում: Նշված պահանջը չկատարելու համար անհրաժեշտ է նախատեսել համապատասխան պատժամիջոցներ:
Ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում կորել է ՀՀ քաղաքացիների վստահությունն ապագայի հանդեպ, քանի որ պետությունը հնարավորություն չունի իրագործելու քաղաքացիների ցմահ զբաղվածության, պետական ծառայողների և, մասնավորապես, «ուսադիրներով մարդկանց» հստակ երաշխավորված սոցիալական ապահովության անհրաժեշտ և արդյունավետ ռազմավարություն: Սակայն այս պայմաններում այդ քաղաքացիների համար հնարավորություն է ստեղծվել արագ հասնել որոշակի բարեկեցության մակարդակի՝ մասնակից դառնալով «շահավետ» կոռուպցիոն և ստվերային տնտեսական գործարքներին: Այդ կապակցությամբ համապետական հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման շրջանակներում առանձնակի ուշադրություն պետք է դարձնել պետական ծառայողների երաշխավորված և բավարար սոցիալական ապահովման և նրանց գործունեության օբյեկտիվ ու իրական վերահսկողության մեխանիզմների մշակմանը և իրագործմանը:
Պետական ծառայողների գործունեության նկատմամբ իրական և արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ներդրման տեսանկյունից կարող է հետաքրքրություն ներկայացնել (նաև կոնկրետ քննարկումների առարկա դառնալ) հետևյալ առաջարկությունը. պետական ծառայողի կողմից շահադիտական նպատակով (որպես կոռուպցիոն գործարքի մասնակից) իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (չկատարելու կամ գերազանցելու) դեպքում պարտադիր կարգապահական պատասխանատվություն նախատեսել նաև նշված ծառայողի անմիջական ղեկավարի համար` աշխատանքից ազատում: Եթե, իհարկե, վերջինս «գործարքի» մասնակից (հանցակից) չի հանդիսանում: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ծառայողի անմիջական պետի նկատմամբ աշխատանքից ազատումը՝ որպես պարտադիր կարգապահական պատիժ կիրառելն անհրաժեշտ է ամրագրել համապատասխան նորմատիվային իրավական ակտերով, այլ ոչ թե թողնել վերադասի հայեցողությանը: Նշված մեխանիզմի ներդրումը կարող է ապահովել հետևյալը.
- պետական ծառայողների պաշտոնական լիազորություններից բխող գործունեության արդյունավետության բարձրացում,
- անմիջական պետի կողմից աշխատակիցների գործունեության նկատմամբ իրական (այլ ոչ ֆորմալ) և ամենօրյա վերահսկողություն,
- պետական ծառայողի և հայցող քաղաքացու միջև կոռուպցիոն հարաբերությունների հնարավորության նվազեցում,
- անմիջական պետ և աշխատակից հարաբերություններում ոչ պաշտոնական գործառույթներից բխող հարաբերություններին (կոռուպցիոն հարաբերություններին) նպաստող պայմանների վերացում,
- ժամանակակից պայմաններում պետական ծառայողներին անհրաժեշտ իրավագիտակցության ձևավորմանն անհրաժեշտ պայմանների ստեղծում:
Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարում առաջին քայլն այն է, որ դադարեցվի այդ արատավոր երևույթի քողարկումը, և չձևացնել, թե ամեն ինչ կարգին է: Կոռուպցիայի խնդիրը հնարավոր չէ լուծել, եթե ձևացնենք, թե այն գոյություն չունի: Բոլոր մակարդակներում անհրաժեշտ է դրսևորել քաղաքական, մասնագիտական և քաղաքացիական կամք այդ բարդույթը հաղթահարելու համար:
Նշված խնդրի համատեքստում կարևոր է ժամանակակից պայմաններում իրավապահ կառույցների հետ համագործակցող անձանց ինստիտուտի զարգացման և կատարելագործման հիմնախնդիրների ուսումնասիրման անհրաժեշտությունը:
1Բացառություն էր կազմում մի քանի խորհրդային հանրապետություն` Ադրբեջան, Վրաստան, Ուզբեկստան, որտեղ իշխանական բուրգում տեղ գրավելու համար անհրաժեշտ պայման էր հանդիսանում որոշակի ոչ ֆորմալ համակեցությանը մասնակից լինելը:
2Պայմանավորվածությունների չկատարում կամ դրանց թերակատարում, ինչպես նաև «մատնում» իրավապահներին գործարքի վերաբերյալ:
3Գործարքի կողմերի միջև անվստահության մթնոլորտի ձևավորումն անհրաժեշտ է իրականացնել նպատակաուղղված համապետական համակարգի միջոցով, որտեղ իրավապահ համակարգը կզբաղեցնի իր առանձնահատուկ տեղը: Իրավապահ կառույցների այդ յուրօրինակ գործունեությունը կարելի է դիտել որպես կանխարգելիչ գործունեություն:
դեպի ետ