«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀ ՏԱՆՈՂ ԴԱՐՊԱՍ Է» Կարծում է ՌԴ ֆոնդային շուկայի զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ ԳՐԻՆՅԱԵՎԸ

- Պրն Գրինյաև, Ֆոնդային շուկայի զարգացման ինստիտուտը՝ որպես վերլուծական և գիտագործնական կազմակերպություն, գոյություն ունի մոտ մեկ տարի։ Ուստի, դուք սկսել եք գործել ճգնաժամի պայմաններում, իսկ դա բավական համարձակ քայլ է, քանզի շատերն են կարծում, որ երբ չորս կողմն ամեն ինչ քանդվում է, ավելի լավ է «չցուցադրվել» և մի փոքր սպասել նոր գաղափարների իրականացման հետ կապված, մինչև որ իրավիճակը կարգավորվի...
- Ես բոլորովին համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Հենց համաշխարհային տնտեսության ճգնաժամային երևույթների զարգացման փուլում է անհրաժեշտ ստեղծել սեփականը, առաջ քաշել նոր, ոչ ստանդարտ գաղափարներ։ Մեր ինստիտուտի առանցքային, նպատակային գործառույթներից մեկը Ռուսաստանում ֆինանսական կենտրոնների գաղափարի իրագործումն ու ՌԴ ղեկավարությանը դրանում ընդգրկելն է։ Մեր կարծիքով՝ հենց անկայունության, հին դոգմաներից հրաժարվելու պայմաններում է (երբ տեղի է ունենում մի ամբողջ շարք առանցքային դրույթների վերանայում, այդ թվում՝ համաշխարհային տնտեսական համակարգում) հնարավոր առաջարկել ինչ-որ նոր բան։ Տնտեսական ինստիտուտներ շատ կան թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, սակայն մենք մեր գործունեության մեջ որդեգրել ենք բավական նեղ ուղղվածություն՝ կապված «ֆինանսական կենտրոնների» ստեղծման և զարգացման գիտական հիմնավորման հետ. ի՞նչ է դա, ինչպիսի՞ պայմաններում է սկզբնավորվում այս կամ այն ֆինանսական կենտրոնը, ի՞նչն է նպաստում դրա զարգացմանը, ինչո՞ւ միևնույն պայմաններում որոշ կենտրոններ գործում և զարգանում են, իսկ մյուսները դադարում են գոյություն ունենալ և այլն։ Բանն այն է, որ մինչև ճգնաժամը գործող համակարգն ի ցույց դրեց այն, որ չի կայացել գոնե այն առումով, որ չկարողացավ կանխել, կանխատեսել այն իրավիճակի զարգացումը, որի ականատեսն ենք մենք այսօր։ Եվ սա արդեն երիտասարդ կազմակերպություններին որոշակի ազատություն է տալիս՝ առաջարկելու սկզբունքորեն նոր ինչ-որ բան՝ դրանով իսկ ազդելով իրերի գլոբալ դրության վրա։ Կայուն իրավիճակում դա անիրատեսական կլիներ...
- Թիթեռի էֆեկտի նման, այո՞, երբ համակարգը գտնվում է անկայուն վիճակում և բավական է թիթեռը թափահարի իր թևերը, որպեսզի ազդի իրադարձությունների ընթացքի վրա։
- Ճիշտ այդպես։ Մինչև ճգնաժամը գոյություն ուներ համաշխարհային ֆինանսական կենտրոնների հստակ հիերարխիա, որոնց շարքում առաջատարներն էին Նյու Յորքը, Լոնդոնը, Շանհայը, որոշ ժամանակից ի վեր՝ նաև Դուբայը։ Առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը, անշուշտ, կարելի է համարել նաև Շվեյցարիան։ Գոյություն ունի ֆինանսական կենտրոնների մեկ այլ շարք ևս, որը, սակայն, չունի ներքին ներուժ և ներքին շարժիչ ուժեր։
- Խոսքն օֆշորների՞ մասին է։
- Այո ... Կայմանյան կղզիները, Բերմուդները, Վիրջինյան կղզիները և այլն արտոնյալ հարկման շնորհիվ ֆինանսական հոսքեր են գրավում, սակայն ապահովել դրանց անվտանգությունն ու կայունությունը, ֆինանսական այդ հոսքերը մի ինչ-որ իրական ակտիվով լցնել դրանք ի վիճակի չեն։ Օֆշորները պարզապես ներկա վերարտադրված համակարգի արատավոր տարրն են։ Ընդհանրապես, մեր դասակարգմամբ, համաշխարհային ֆինանսական կենտրոնները կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի խմբերի կամ զարգացման ուղիների՝ «խաղաղ նավահանգիստներ», ինչպես, օրինակ, Շվեյցարիան, «արդյունաբերական կենտրոններ»՝ ինչպիսին են Նյու Յորքը, Չիկագոն, Շանհայը, որտեղ ֆինանսական կապիտալի կուտակման թիկունքին արդյունաբերական ներուժն է կանգնած։ Ընդ որում՝ այս կամ այն ֆինանսական արդյունաբերական կենտրոնի զարգացումն ուղղակիորեն կախված է արդյունաբերության այս կամ այն ճյուղի զարգացածության պահանջված լինելուց։ Եթե մարդկության զարգացման որևէ փուլում, ասենք, ավտոմեքենաներով գերհագեցածություն է տեղի ունենում, ապա հասկանալի է, որ հզոր ֆինանսական կենտրոնները, ինչպիսին, օրինակ, Դեթրոյթն է, որն անցյալ դարի 30-40-ական թվականներին գտնվում էր փառքի գագաթնակետին, կամաց-կամաց «մահանում» են՝ կորցնելով կարգավիճակը։ Այսօր ավտոմեքենաներն արդեն ոչ մեկին չեն հետաքրքրում. դրանք այնքան շատ են, որ հետագա զարգացումը իմաստ չունի։ Երրորդ ուղղությունը վերաբերում է ֆինանսական կենտրոնների ստեղծմանն ու կայուն զարգացմանն այն վայրերում, որոնք աշխարհագրական տեսանկյունից առևտրային ուղիների, ապրանքների, տեղեկատվության, ֆինանսական ակտիվների միգրացիայի խաչմերուկներ են։
- Դուք թվարկեցիք համաշխարհային ֆինանսական մի քանի կենտրոններ։ Իսկ ո՞վ և ինչպե՞ս է, ի վերջո, որոշում,թե ով պիտի լինի առաջատարը, և ով ՝ ոչ։
- Դուք անդրադարձաք առանցքային հարցերից մեկին։ Բանն այն է, որ այսօր գոյություն ունեցող մոտեցումը կառուցված է հիմնականում արևմտյան վարկանիշային գործակալությունների կողմից մշակված գնահատման մեթոդիկայի վրա։ Օրինակ, լոնդոնյան Սիթիի պատրաստած մեթոդիկան ներառում է 46 քաղաքների 46 կետ, որոնց վարկանիշը հիմնված է բազմաթիվ գործոնների վրա։ Առաջին հերթին, դա, իհարկե, կյանքի որակն է. որքանո՞վ է հարմար ապրել տվյալ քաղաքում, որքա՞ն բարձր է սպասարկման մակարդակը, այդ թվում՝ բուժսպասարկման, հանգստի կազմակերպման, մշակութային կյանքի։ Գնահատվում է նաև քաղաքային ենթակառուցվածքը, բիզնեսի գործառնության համար ստեղծված հարմարությունները, գրասենյակների հարմարավետությունը և այլն... Այդ վարկանիշով առաջին տեղը զբաղեցնում է Լոնդոնը, երկրորդը՝ Նյու Յորքը, Շվեյցարիան գտնվում է հինգերորդ, իսկ Մոսկվան՝ նախավերջին, այսինքն՝ քառասունհինգերորդ տեղում...
- Իսկ ո՞վ է վերջինը։
- Եթե չեմ սխալվում, աֆրիկյան երկրներից մեկը... Զարմանալի ոչինչ այստեղ չկա. չէ՞ որ հաշվարկի մեթոդիկան մարդիկ գրել են իրենց՝ սեփական սիրելի անձի համար։ Անօգուտ է պայքարել այն իրավական, մեթոդաբանական դաշտում, որն ի սկզբանե «հարմարեցված» չէ քեզ, այդպես չէ՞։ Քեզ այնտեղ չեն կանչել և չեն հրավիրել։ Մյուս կողմից, որոշակի ջանքեր գործադրելով, նույն Մոսկվան կարող է մոտ ապագայում դառնալ տարածաշրջանային, համաշխարհային ֆինանսական կենտրոն՝ տեղ զբաղեցնելով առաջին տասնյակում, և այդ ուղղությամբ այսօր լուրջ աշխատանք է տարվում։ Առաջին հերթին, իհարկե, ասվում է կյանքի որակի բարելավման անհրաժեշտության մասին։ Իմանալով Մոսկվայի քաղաքապետի՝ շինարարության հանդեպ ձգտման մասին, կարելի է ենթադրել, որ Մոսկվան հավակնում է դառնալ մի ինչ-որ քաղաք-պարտեզ։ Սակայն գիտական, քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական տեսանկյուններից, ֆինանսական կենտրոնը ոչ միայն յուրատեսակ դրախտ է երկրի վրա, այլև բազմաթիվ այլ գործոնների ամբողջություն։
- Օրինակ, ինչպիսի՞։
- Եկեք հիշենք Լիխտենշտեյնի իշխանապետությունը։ Իսկական դրախտ երկրի վրա... Մինչև վերջերս այն ֆինանսական կենտրոն էր համարվում, ի թիվս այլոց, նաև արտոնյալ հարկման շնորհիվ, որը թույլ է տվել «հանգիստ փողերին» հաշտ ու համերաշխ կուտակվել ավելի քան էլիտար պայմաններում։ Իսկ հիմա հիշենք Գերմանիայի հատուկ ծառայությունների հետ կապված աղմկոտ կոնֆլիկտը, որոնք բավական խորհրդանշական գումարով՝ մի քանի միլիոն եվրոյով ձեռք բերեցին Լիխտենշտեյնի բանկերի բոլոր ներդրողների տվյալների շտեմարանները, հարկային ստուգումներ անցկացրին՝ հայտնի ընտանիքներին չվճարված հարկերի ահռելի հաշիվներ ներկայացնելով։ Այդ սկանդալը, ըստ էության միջազգային լինելով, առնչվել է համաշխարհային ֆինանսական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ, որոնց կապիտալները պահվել են Լիխտենշտեյնի բանկերում։ Ըստ էության, բավական է եղել ընդամենը 4 մլն եվրո՝ այդ երկիրը ֆինանսական կենտրոնի կարգավիճակից զրկելու համար։ Քանզի այն երկիրը, որն ի զորու չէ ապահովել ֆինանսական հոսքերի անվտանգությունը, ֆինանսական կենտրոն չի կարող լինել։ Նույն ճակատագիրն է սպասում նաև Բերմուդյան կղզիներին, Կայմաններին, Կիպրոսին, այսինքն՝ բոլոր հայտնի օֆշորները, որոնք չունեն իրական ներքին ուժ, իրական հիմք, որը թույլ կտա նրանց մնալ ֆինանսական կենտրոնների կարգավիճակում այն ժամանակ, երբ ճգնաժամի պատճառով ամեն ինչ գլխիվայր է շրջվում։ Միևնույն ժամանակ, հենց այսօրվա պայմաններում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Հայաստանը, ֆինանսական լուրջ կենտրոններ դառնալու իրական հնարավորություններ ունեն...
- Ո՞ր բանալին կբացի այդ դուռը Ռուսաստանի առջև։
- Ռուսաստանի համար այդ բանալին, իհարկե, նրա բնական հարստություններն են։ Առանց Ռուսաստանից, դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով անցնող ֆինանսական հոսքերն ակտիվներով համալրելու՝ իրական ֆինանսական համակարգ կառուցել հնարավոր չէ։ Տարածաշրջանային և համաշխարհային ֆինանսական կենտրոն ստեղծելու հեռանկարի հետ կապված՝ Ռուսաստանում ռազմավարական նշանակության ապրանքների գների ձևավորման հարց առաջացավ։ Բացի նավթից և գազից՝ ռուսաստանյան ռազմավարական ապրանք են նաև մետաղները, գյուղմթերքները և այլն։ Այսօր իրավիճակը բավական անհեթեթ է. ռուսական նավթի գինը ձևավորվում է ԱՄՆ-ում, Լոնդոնում, որտեղ ուզես՝ բայց ոչ Ռուսաստանում։ Եվ այն ձևավորվում է ցանկացած տարադրամով, հիմնականում՝ դոլարով, մասամբ եվրոյով, բայց ոչ երբեք ռուբլով։ Բայց չէ՞ որ դա արատավոր պրակտիկա է։ Հումքը պիտի վաճառվի Ռուսաստանում ռուբլով։ Մի խոսքով, այս բոլոր գաղափարները դրվել են Ռուսաստանում ֆինանսական կենտրոնի ձևավորման հիմքում։ Այժմ գործընթացը տեղի է ունենում ողջ թափով. արդեն առկա է Մոսկվայում համաշխարհային ֆինանսական կենտրոնի զարգացման ռազմավարությունը՝ մշակված ՌԴ տնտեսական զարգացման նախարարության կողմից։ Մոսկվայի կառավարությունը նույնպես ակտիվ մասնակցում է այդ աշխատանքին։ Ռազմավարությունն ընդունվել է ինչպես Մոսկվայի տարածաշրջանային, այնպես էլ դաշնային, համապետական մակարդակով։ Փաստաթուղթը համալիր է, նախատեսում է օրենսդրական բազայի, հարկային օրենսդրության, ֆինանսական և ֆոնդային շուկաների ենթակառուցվածքների բարելավում, Մոսկվայում կյանքի որակի բարձրացում։
- Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի հետ համագործակցության և այստեղ տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի ստեղծման հարցը։
- Հայաստանի դերը կարող է լինել շատ նշանակալի։ Հայաստանն իր մշակութային սովորույթների, ակտիվ արտաքին քաղաքական դոկտրինի շնորհիվ, որը վերջին տարիներին չափազանց հստակ է ուրվագծվում, մասնավորապես՝ մերձավորարևելյան երկրների և, հատկապես, Իրանի հետ կապերի ամրապնդման առումով, կարող է հանդես գալ տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի դերում, որը կհամակարգի ֆինանսական հոսքերը Հյուսիս-Հարավ և Եվրոպա-Ասիա տրանսպորտային միջանցքներով։ Դրան գլխավորապես նպաստում է Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը։ Պատահական չէ, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի նման ռազմաքաղաքական դաշինքներն են ձգտում ամրապնդել այստեղ իրենց դիրքերը։ Քանի որ հետաքրքրություն կա այս տարածաշրջանի նկատմամբ, ուստի, դա օբյեկտիվ է։
- Ասել կուզի, Դուք համամիտ չեք լաց ու կոծին Հայաստանի ոչ այնքան նախանձելի աշխարհաքաղաքական դիրքի՝ փակ ճանապարհների և այլ հիմնախնդիրների թեմայի առնչությամբ։
- Ո՛չ, համամիտ չեմ... Եթե նույնիսկ Հայաստանն՝ իր աշխարհագրական դիրքի համատեքստում, ունի ինչ-ինչ խնդիրներ՝ հասանելիության, մատչելիության առումով, ապա Սփյուռքի, համաշխարհային բոլոր ֆինանսական կենտրոններում հայության ներկայացվածության տեսանկյունից նրա իրավիճակը խիստ հեռանկարային է։ Առաջին ասպեկտը տրանսպորտային միջանցքն է և Հայաստանը՝ որպես այդ միջանցքում ֆինանսական հոսքերի կարգավորիչ և արբիտր։ Երկրորդ ասպեկտն ավելի լայն է. Հայաստանը՝ որպես գլոբալ աշխարհ տանող դարպաս։ Հաշվի առնելով հայ գործարարների ներկայությունը համաշխարհային առաջատար ֆինանսական կենտրոններում՝ հենց Հայաստանը կարող է նպաստել Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական վերնախավի հետ բիզնես-կապերի հաստատման գործում։ Այստեղ թաքնված է ահռելի ներուժ, որը դեռևս ոչ ոք չի օգտագործել։ Հայկական Սփյուռքի ներուժը շատ մեծ է, և ես կարծում եմ՝ արժե, որ Հայաստանը դուրս գա բացառապես սեփական խնդիրները լուծելու կողմնորոշման շրջանակներից։ Չէ՞ որ, գլոբալ աշխարհ տանող դարպասի դերն ապահովելով, Հայաստանն իր համար ևս տեղ կգտնի համաշխարհային այն նոր տնտեսությունում, որը՝ ուզենք թե չուզենք, արդեն ձևավորվում է։ Մինչճգնաժամային գլոբալ նախագիծն արդեն սպառվել է, ապացուցել անարդյունավետությունը, և գլոբալ նախագծին անխուսափելիորեն կհետևի տարածաշրջանային նախագիծը։
- Այսինքն՝ Դուք կարծում եք, որ տեղի կունենա համաշխարհային ֆինանսական համակարգի ռեգիոնալացո՞ւմ։
- Անտարակույս։ Դա արդեն տեղի է ունենում։ Հիշենք ազգային դրամին անցնելու նախագծերը։ Այդպիսի նախագիծ կա և՛ Հարավարևելյան Ասիայում, և՛ աֆրիկյան աշխարհամասում, և՛ Եվրոպայում, և՛ Հարավային Ամերիկայում, և՛ Հյուսիսային Ամերիկայում։ Շատ փորձագետներ կարծում են, որ մոտակա ժամանակներս դոլարն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ, ավելի ճիշտ՝ այն կմնա որպես վերազգային տարադրամ և կղեկավարվի ոչ թե ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից, ինչպես տեղի է ունենում այսօր, այլ Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի կողմից։ Այս նոր տնտեսության մեջ եվրասիական աշխարհամասը և, առաջին հերթին, ԱՊՀ երկրները, առայժմ մնում են ազատ անկման մեջ՝ չկողմնորոշվելով որ նախագծին միանալ կամ չմիանալ։
- Կարծես թե ոչ ոք ոչ մի տեղ առանձնապես չի էլ հրավիրում, կամ հրավիրում է զուտ հրետորականորեն...
- Համաձայն եմ։ Իմիջիայլոց, օրերս քննարկվում էր Համաշխարհային բանկի պատրաստած հետաքրքիր զեկույցն այն մասին, թե ինչպիսի քայլեր պիտի ձեռնարկվեն արևելաեվրոպական երկրների տնտեսությունները փրկելու համար։ Եվ ակնհայտ է, որ ծեր Եվրոպան փոքր-ինչ շտապում է օգնել իր նոր անդամներին։ Նրանց առաջարկվում է հրաժարվել ազգային դրամից, անցնել եվրոյին, սակայն տնտեսության մեջ առանց որևէ սկզբունքային քաղաքական հարցեր լուծելու իրավունքի։ Այլ կերպ ասած, ուզո՞ւմ եք՝ խնդրեմ, իսկ եթե ոչ, ուրեմն՝ ոչ։ Բայց ի՜նչ հարված է դա արևելաեվրոպական տնտեսությունների համար։ Հազար ու մի պրոբլեմ, կյանքի թանկացում մի քանի անգամ և այլն...
Տեսեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ինչի՞ հանգեցրին խոսակցությունները ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության, տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավոր օգնության մասին։ Երբ գործը հասավ իրական քայլերին, պարզվեց, որ ոչ մեկը չի շտապում օգնություն ցուցաբերել։ Ո՞ւր մնացին այն միլիարդավոր եվրոները, որոնք խոստացվել էին Ուկրաինայի ֆինանսական համակարգի փրկության համար։ Չկան... Ինչո՞ւ են Ուկրաինայի մերձավոր հարևաններ Չեխիան և Լեհաստանն այլևս աշխատանքային վիզաներ չեն տրամադրում ուկրաինացիներին։ Նրանք պարզապես վախենում են, որ իրենց աշխատաշուկան կհեղեղվի էժան ուկրաինական աշխատուժով։ Սա է իրողությունը, և որևէ վստահություն չկա, թե մյուս երկրների նկատմամբ նույնը չի արվի։
Այսօր անհրաժեշտ է ելնել իրական իրավիճակից, այն նոր հնարավորություններից, որոնք ստեղծվում են մեզ համար, և առավելագույն չափով օգտագործել այդ հնարավորությունները։ Աշխատանք շատ կա։ Մենք «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ միասին պատրաստել ենք համագործակության պայմանագիր՝ տեղեկատվության, փորձի փոխանակման հարցերով։ Հուսով եմ, ռուսական կողմից մեզ կհաջողվի գրավել երկկողմանի համագործակցության, առաջին հերթին՝ օրենսդիր և գործադիր իշխանությունների ինստիտուտներին, որոնք ներկայում զբաղված են Մոսկվայում ֆինանսական կենտրոնի հայեցակարգի իրագործման խնդիրներով։ Այսօր այս թեման լայնորեն քննարկվում է Ռուսաստանի Դաշնության Պետդումայում։ Հաջորդ քայլը ռուս և հայ պատգամավորների միջև միջխորհրդարանական հանդիպումների անցկացումն է՝ քննարկելու համար Ռուսաստանում և Հայաստանում ֆինանսական կենտրոնների հետ կապված հարցերը։ Հաշվի առնելով, որ թեման նոր է, չծեծված, որ դա, ըստ էության, սկզբունքորեն նոր ուղղություն է մեր երկկողմանի հարաբերություններում, դժվարանում եմ այս պահին կանխատեսել արդյունքները։ Շփումների ընթացքում ի հայտ կգան նոր տնտեսական համակարգի ստեղծման ծավալուն նախագծի իրականացմանն անհրաժեշտ իրական քաղաքականության, իրական միջոցառումների ուրվագծերը։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի, կարևորը ջանասիրությամբ աշխատելն է։
Հարցազրույցը վարեց Զառա Գևորգյանը
«Голос Армении», N 42, 21.04.2009թ.
դեպի ետ