ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՆՈՂ ԴՈՒՌԸ ՓԱԿ ՊԱՀԵԼ
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացման նախագծերը գրեթե չեն ողջունվում թուրքական սահմանամերձ քաղաքներում և գյուղերում:
Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի հնարավոր վերաբացման մասին խոսակցությունները սահմանամերձ թուրքական քաղաքների բնակիչների մոտ տարակուսանք են առաջացրել, թե արդյո՞ք այսպիսի զարգացումն այն է, ինչ իրենց հարկավոր է:
Շատերն ասում են, որ նույնիսկ եթե դա տնտեսապես ձեռնտու է, միեւնույն է, իրենք, այնուամենայնիվ հայ հարևանների հետ ընկերանալու պատրաստ չեն:
Իգդիրը փոքր քաղաք է Թուրքիայում: Չնայած իր գավառական լինելուն, այն շատ մեծ ռազմավարական կարևորություն ունի Թուրքիայի համար, քանի որ գտնվում է Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի սահմանների խաչմերուկում:
Իգդիրի տեղացի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, ովքեր այստեղ են եկել Լեռնային Ղարաբաղից կամ հարակից տարածքներից:
Թուրքիան փակել է իր սահմանը Հայաստանի հետ 1993 թվականին` ի աջակցումն Ադրբեջանի, քանի որ վերջինս շատ պարտություններ էր կրել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Երկու երկրների միջև դեռ չկա ոչ մի դիվանագիտական հարաբերություն, քանի դեռ գոյություն ունեն Ղարաբաղի չկարգավորված հակամարտության խնդիրը, Հայաստանի` 1915թ. հայերի զանգվածային կոտորածները Օսմանյան կասրությունում ցեղասպանություն ճանաչելու պահանջները և մի քանի հայկական քաղաքական կուսակցությունների պահանջները` վերադարձնել Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող վեց գավառները:
Սահմանի բացումը այն 35 պահանջներից մեկն է, որ Թուրքիան պետք է իրականացնի Եվրոպական Միությանը անդամակցելու համար:
Հայաստանը և Թուրքիան, իսկ Շվեյցարիան` որպես միջնորդ, փակ բանակցություններ են վարում այդ հարցի շուրջ դեռ 2002թ-ից:
Այն նախանշանները, որ Հայաստանն ու Թուրքիան կարող են բարելավել հարաբերությունները, առաջացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունը:
Նա իր դժգոհությունն արտահայտել է Անկարայում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին այցելելու մերժումով` այսպիսով զոհաբերելով իր հնարավորությունը հանդիպել Օբամայի հետ, ով այլ բարձրաստիճան հյուրերի հետ մասնակցում էր միջոցառմանը:
Չնայած Ադրբեջանի դեմարշերին` թուրք-հայկական ճանապարհային քարտեզը արդեն նախատեսում է երկու երկրների սահմանների միջև երկու անցակետերի վերաբացում:
Մեկը գտնվում է Իգդիրի Ալիջան գյուղի շրջակայքում, իսկ մյուսը` Կարսի Ակյակա գյուղում:
Իգդիրի Ազգային Շարժում կուսակցության (Թուրքիայում հայտնի որպես MHP) նախագահ Ջահիդ Էրոլը մտահոգված է այն ազդակներով, որոնք տանում են դեպի սահմանի վերաբացումը:
Նա վախենում է, որ Իգդիրի քուրդ քաղաքապետի ընտրությունները կարող են ունենալ արագացված և անցանկալի գործընթաց;
Վերջերս Էրոլը պարտություն էր տարել տեղական ընտրություններում` Քրդական Ժողովրդավարական Հասարակական կուսակցության թեկնածու Մեհմետ Գյունեշի հետ մրցելիս: Էրոլը պնդում է, որ վերջինս աջակցում է Քրդական Աշխատավորների Կուսակցությանը` PKK, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
«Հիմա, ցավոք, նրանք նշանակել են PKK-ի անդամին ղեկավարել քաղաքապետարանը», - բողոքում է Էրոլը:
Նա անհանգիստ է, որ նորանշանակ քուրդ քաղաքապետը կբացի սահմանը Հայաստանի հետ:
Ընտրվելուց հետո Գյունեշը տեղական թերթին տված հարցազրույցում ասել է, որ «կբացի Ալիջանի դարպասները», որը առաջարկված անցակետերից մեկի մոտ տնվող գյուղերից է:
«Սա կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը», - ասել է նա նույն թերթում:
Էրոլին դուր չի գալիս Թուրքիայի դաշինքը Ադրբեջանի հետ առուծախ անելու գաղափարը` փոխարինելով այն «զարգացման» հեռանկարով:
«Մեր կողմից հարգված [կուսակցության] նախագահ Դեվլետ Բահչելին ասում է. “Մենք հետ չենք կանգնի Ղարաբաղից, նույնիսկ եթե Ադրբեջանը հետ կանգնի”», - առարկել է նա:
«Մենք ուրախ կլինենք, եթե Ադրբեջանը խիստ դիրքորոշում պահպանի Թուրքիա-Հայաստան սահմանի վերաբացման հարցում, և եթե [նախագահ] Ալիևը խափանի Օբամայի և Էրդողանի նախագծերը»:
«Մեր կուսակցությունն իր դիրքորոշումը հստակ ասել է: Սահմանը երբեք չի բացվի, կամ նրանք ստիպված կլինեն անցնվել մեր դիակների վրայով»:
Իգդիրի բնակչության կարծիքները շատ տարբեր են: Սակայն շատերը նույնքան թշնամաբար են տրամադրված սահմանի վերաբացմանը, որքան Էրոլը:
Իգդիրի կենտրոնում գտնվող Բարբարոսսա հյուրանոցի աշխատակից Նուրին ասում է, որ նման զարգացումները բիծ կթողնեն Թուրքիայի հեղինակության վրա:
«Ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ հայերը հանգիստ ճանապարհորդեն Թուրքիայով: Ինչպե՞ս է դա հնարավոր», - ասում է նա:
Տեղացի գործարար Էկրեմ Յեսիլն ընտրել է նույն ուղին: Նա ասաց, որ Էրզրումի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը վերջերս անցկացրել է սոցոլոգիական հարցում, որին մասնակցած 10.000 հարցվածների մեծամասնությունը դեմ է հաշտմանը:
«Պատասխանողների 97 տոկոսն ասել է, որ չեն ցանկանում, որ սահմանը վերաբացվի», - ասաց Յեսիլը:
«Մնացած երեք տոկոսը կառավարությանը սատարող Արդարություն և Զարգացում կուսակցության անդամներ էին»:
Մուրատ Քարադեմիրը` ընդդիմական Հանրաճանաչ Հանրապետական Կուսակցությունից, նույնպես խստորեն դեմ է հաշտությանը: Նա Իգդիրն անվանում է «դեպի Կովկաս տանող դուռ»` մի դուռ, որը պետք է պինդ փակ պահել Հայաստանի դեմքի առջև:
«Հայերի համար այս քաղաքը դեպի Եվրոպա տանող ճանապարհ է հանդիսանում Թուրքիայի միջով, կարճ ասած, այն ռազմավարական տարածք է», - ասաց նա:
«Այս դուռը բացել հայերի առջև կնշանակի աղետ Թուրքիայի համար, վտանգ նրա անվտանգությանը»:
«Բացի այդ PKK-ն շատ ակտիվ է այս տարածաշրջանում, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ PKK-ի շատ անդամներ պատրաստվել են Հայաստանում և օկուպացված Ղարաբաղում»:
«Հենց այնտեղ է, որ ահաբեկիչները “բուժում են իրենց վերքերը”: Արդեն իսկ շատ բարդ է [կանխել] նրանց մուտքը Հայաստան: Իսկ սահմանը բացելով` ավելի կհեշտացնենք նրանց շարժը»:
Ալիջանում ծնված, իսկ ներկայումս Իգդիրում բնակվող Մեհմետ Այդինն ասել է, որ Անկարան վերջերս խոսել է այն մասին, որ դիվանագետներ ուղղարկի այդ գյուղը` սահմանի վերաբացումը կանխելու:
«Նրանք ասում են. “Տեսնո՞ւմ եք, թե ինչ է դառել Իգդիրը մի փոքրիկ գյուղից Ադրբեջանի սահմանը բացվելուց հետո: Նույնն էլ սպասում է Ալիջանին [եթե Հայաստանի հետ սահմանը բացվի]”»:
«Ոմանք հավատում են այս քարոզչությանը և սպասում [սահմանի] վերաբացմանը, իսկ շատերը` ոչ»:
Բայց ոչ բոլորն են Իգդիրում ուզում մշտապես փակ սահման ունենալ Հայաստանի հետ:
Ահմետ Սահինը` տեղական Ժողովրդավարական Հասարակական կուսակցության ակտիվիստը, կարծում է, որ այսօր Իգդիրում շատ բիզնեսներ կանգ են առել տնտեսական բարդությունների պատճառով, սակայն կարող են նորից թափ առնել, եթե սահմանը բացվի:
«Ես ինքս ձեռնարկատեր եմ: Իմ գործարանում արտադրվող քիմիկատները փոշու մեջ կորել են պահեստներում», - ասում է նա:
«Ինչո՞վ վատ կլիներ, եթե արտադրանքս իրացնեի հայկական շուկայում»:
«Սահմանը պետք է բացվի, քանի որ Թուրքիայում գործազրկություն է», - համաձայնվում է տեղաբնակ ուսուցիչ Մեհմետ Բրոին: «Առևտուրը նույնպես պակասել է: Իսկ Հայաստանը մեզ համար շահութաբեր տարածք է»:
Այստեղի նահանգապետ Մեհմետ Քարահիսարլին նույպես լավատես է սահմանի հնարավոր վերաբացման հարցում: «[Այն] կնպաստի Իգդիրի և ամբողջ տարածքի բիզնես գործունեության զարգացմանը», - ասաց նա Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին (IWPR):
Բայց թուրք ազգայնամոլները շարունակում են կրկնել, որ նրանք կթույլատրեն սահմանի բացում միայն այն դեպքում, եթե Հայաստանը կատարի մի շարք նախապայմաններ:
Դրանք սկսում են Լեռնային Ղարաբաղից:
«Առաջին հերթին Հայաստանը պետք է ազատի Ղարաբաղի տարածքը», - ասում է Էրոլը:
«Երկրորդ հերթին նրանք պետք է մտքներից հանեն ցեղասպանության վերաբերյալ իրենց պահանջները: Երրորդ` պետք է դադարեն Թուրքիայից փոխհատուցում պահանջել: Չորրորդ` չպետք է պահանջեն, որ Թուրքիան վերադարձնի տարածքները: Հինգերորդ` պետք է ընդունեն [1992թ.փետրվարի] [ադրբեջանցիների] կոտորածները Խոջալիում»:
«Երբ հայերը կատարեն բոլոր այս պայմանները, Էրդողանը և Գյուլը նույնիսկ կարող են բարեկամանալ [Հայաստանի նախագահ Սերժ] Սարգսյանի հետ»:
«Մինչև չանեն, մենք խոսելու ոչինչ չունենք»:
Սաբուհի Մամմադլի, Իգդիր, Թուրքիա (CRS No. 491, 1-May-09)
Սաբուհի Մամմադլին անկախ լրագրող է Բաքվում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
(IWPR) “Կովկասյան լրատու” պարբերականից www.iwpr.net
դեպի ետ