ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ՓՈ՞ՒԼ
1993 թվականից Թուրքիան, կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ակտիվացման հետ, փակել է սահմանը Հայաստանի հետ։ Այդ ժամանակվանից ի վեր երկու պետությունների միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ չկան, տնտեսական և առևտրային համագործակցությունն իրականացվում է երրորդ երկրների միջոցով։ Մինչև վերջերս Թուրքիան, իբրև Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նախապայմաններ, առաջ էր քաշում մի շարք պահանջներ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև հայ սփյուռքի կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ։
Միևնույն ժամանակ, հարաբերությունների նորմալացման համար առաջադրվող վերոնշյալ նախապայմանները, բացի ցեղասպանության ճանաչման հիմնախնդրից, որն Անկարայի համար ամենասուր ու զգայուն խնդիրն է հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր ամբողջության մեջ, իրականում այն հարցերը չէին, որ գերակայական էին Թուրքիայի և թուրքական հասարակության համար։ Կարելի է նույնիսկ պնդել, որ Թուրքիան արևելյան հարևանի հետ շարունակվող լիարժեք հարաբերությունների բացակայությամբ ու փակ սահմաններով իր տարածաշրջանային քաղաքականությունը Հայաստանի (և ընդհանրապես ողջ Հարավային Կովկասի) նկատմամբ կախման մեջ է դրել երրորդ երկրի՝ Ադրբեջանի դիրքորոշումներից։
Իր հերթին, Հայաստանի քաղաքական էլիտայի կողմից մոտավորապես 1990-ական թթ. վերջերից ձևավորվեց և կիրառման մեջ դրվեց ցեղասպանության գործոնի՝ որպես «ոչկոնվենցիոնալ զենքի», սահմանների բացման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար ճնշման ռեսուրսի օգտագործման մի ինչ-որ հայեցակարգ։ Հաշվի առնելով Անկարայի վրա Երևանի ազդեցության հնարավորությունների սահմանափակությունը՝ Հայաստանը փորձում էր ցեղասպանության թեմատիկայի հանդեպ Թուրքիայի առանձնահատուկ զգայականության գործոնն օգտագործել որպես հարաբերությունների նորմալացումը խթանող միջոց։
Այնուամենայնիվ, գրեթե 15-ամյա այդ ողջ շրջանում (1993-2008թթ.) հայ-թուրքական հարաբերությունների մի ինչ-որ կոնստանտ էր պահպանվում. Թուրքիան փակ էր պահում հայ-թուրքական սահմանը և փաստորեն իրականացնում էր Հայաստանի հաղորդակցային «կիսաշրջափակումը» (ջանալով տնտեսական ճնշման միջոցով Երևանին հարկադրել զիջումների գնալ ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության հարցում), իսկ Հայաստանը փորձում էր ցեղասպանության գործոնը և Անկարայի վրա Բրյուսելի ու Վաշինգտոնի անուղղակի ազդեցության հնարավորությունն օգտագործել՝ Թուրքիային հարկադրելու համար փոխել դիրքորոշումը և բացել սահմանը։ Միակ կարևոր բացառությունն այս շարքում, հավանաբար, կարելի է համարել Հաշտեցման թուրք-հայկական հանձնաժողովի (TARC) աշխատանքի շրջանը 2001-2004թթ., երբ, համենայնդեպս փորձագիտական մակարդակով, Թուրքիայում սկսեցին խոսել շուտով սահմանը բացելու և Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու ցանկալիության մասին։ Հարկ է նշել նաև, որ այդ հարաբերությունների վրա այս կամ այն չափով ազդում էին նաև ընդհանուր տարածաշրջանային գործընթացների արդյունքները. ԱՄՆ ներխուժումը Իրաք 2003թ. և Թուրքիայի՝ ամերիկյան զորքերին իր տարածքով Հյուսիսային Իրաք մտնելը չթույլատրելով պայմանավորված՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ վատթարացումը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի և Բրյուսելի բանակցությունների դինամիկան, ռուս-թուրքական մերձեցումը և այլն։
Այսպիսին էր հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր տարածաշրջանային համապատկերը 2008թ. սկզբի դրությամբ, երբ կտրուկ շրջադարձ նկատվեց, ինչն առաջ էր եկել ինչպես ներքին պատճառներով ու երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսևորմամբ, այնպես էլ աշխարհաքաղաքական համատեքստի փոփոխությամբ թե՛ Հարավային Կովկասում, թե՛ ավելի լայն տարածաշրջանային ընդգրկմամբ։
2008թ. փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի ունեցան, փոխվեց երկրի ղեկավարությունը։ Նորընտիր նախագահ Ս.Սարգսյանն առաջիններից մեկը ստացավ հենց իր թուրք գործընկեր Ա.Գյուլի և վարչապետ Ռ.Թ.Էրդողանի շնորհավորանքները։ Ղեկավարության փոփոխությունը Հայաստանում և Թուրքիայի որոշ փորձագիտական շրջանակներում հնչող կարծիքները Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման քաղաքական անհեռանկարայնության մասին՝ նախադրյալներ էին ստեղծում երկկողմ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերի նոր փուլ սկսելու համար։ Թեև, իհարկե, «մաքուր էջից» սկսել Երևանն ու Անկարան չկարողացան. պատմական բեռն ու հիմնախնդրի բարդությունը երկու երկրների համար էլ, միակողմանի գործողությունների առկա իներցիան և խոր անվստահությունն իրենցն ասում էին։
2008թ. մայիսին Մոսկվայում, Ռուսաստանի հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Ս.Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ նախագահ Ա.Գյուլին հրավիրել է Երևան՝ սեպտեմբերի 6-ին միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը։ Շատ փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի նախագահի՝ Երևան այցելության հրավերը պատահականորեն չի հնչեցվել հենց Մոսկվայում. այդ փաստն ինքնին խորհրդանշում էր Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը կամ գոնե ճշգրտումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հավանաբար, հայկական ղեկավարությանը հաջողվել է համոզել Կրեմլին, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորումը տեղի չի ունենա ի հաշիվ հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների։ Առաջին անգամ Ռուսաստանը ոչ միայն խոչընդոտներ չհարուցեց հայ-թուրքական երկխոսության ճանապարհին, այլ նաև ինքը փորձեց աջակցել դրան։ Ինչպես վկայում է մամուլը, 2008թ. հունիսին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի Թուրքիա այցի ընթացքում (Ա.Գյուլին Ս.Սարգսյանի մոսկովյան հրավերից շատ չանցած) ռուս նախարարը թուրքական ղեկավարության հետ ի թիվս այլոց քննարկում էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը։
2008թ. օգոստոսի 8-ին Ռուսաստանի և Վրաստանի միջև սկսված «Հնգօրյա պատերազմը» փոխեց տարածաշրջանային ողջ համատեքստը և Հարավային Կովկասում նոր քաղաքական իրականություն, նոր ստատուս-քվո ստեղծեց։ Թուրքիան փորձեց «իր խաղն» սկսել նաև ճգնաժամի ընթացքում, հաստատել իր նոր տեղը կովկասյան տարածաշրջանային քաղաքականությունում։ Դա, մասնավորապես, դրսևորվեց նրանով, որ Անկարան սկզբում արգելեց, որ ամերիկյան նավերը սևծովյան նեղուցներով հասնեն Վրաստանի ափերին։ Թուրքիայի փոփոխված քաղաքական գերակայությունները դրսևորվեցին նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ նրա առաջադրած (Մոսկվայի համաձայնությամբ) նոր քաղաքական նախաձեռնությամբ, այսպես կոչված՝ «Կայունության կովկասյան պլատֆորմով»։
Օգոստոսյան ճգնաժամի ու նոր ստատուս-քվոյի արդյունքներն անդրադարձան նաև հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր համապատկերի վրա՝ արագացնելով դրանց ընդհանուր դինամիկան և նոր նախադրյալներ ստեղծելով դրանց նորմալացման համար, ինչը մինչ այդ քաղաքական գործիչներն ու փորձագետները լրջորեն նկատի չէին առնում։ Օրինակ, Վրաստանի՝ այդ պատերազմի հետևանքով ի հայտ եկած հաղորդակցային ռիսկերն առաջին հերթին առաջ բերեցին Անկարայի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ սահմանի բացման և նրա տարածքը որպես Թուրքիայի համար մի ինչ-որ այլընտրանքային տրանսպորտային և անգամ էներգետիկ միջանցք օգտագործելու հնարավորության նկատմամբ։ «Հնգօրյա պատերազմի» արդյունքների և Վրաստանով անցնող բոլոր հաղորդակցային ու էներգետիկ նախագծերի գործառնության ժամանակավոր դադարեցման համատեքստում մի շարք թուրք փորձագետներ և քաղաքական գործիչներ, անգամ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի մակարդակով, կարծիք հայտնեցին, թե «Հայաստանը նույնպես կարող էր Վրաստանի տարածքով (որը ռուսական ինտերվենցիայից հետո անհուսալի էր դարձել) Կասպից ծովից Արևմուտք գնացող գազատարի այլընտրանք լինել»։
Ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ «Հնգօրյա պատերազմը» Հարավային Օսիայում զգալիորեն ակտիվացրեց, իսկ ավելի ճիշտ՝ վերակենդանացրեց Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը։ Շատ բանով հենց դրա ազդեցությամբ էլ, ինչպես կարծում են շատ փորձագետներ, Անկարայում վերջնական քաղաքական որոշում ընդունվեց 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի Երևան աննախադեպ այցելության մասին։ Հընթացս, 2008թ. օգոստոս-սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում կրկին հաստատվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր ձևաչափում ղարաբաղյան խնդիրը միայն գործիքանու նշանակություն ունի և Անկարայի քաղաքական գերակայությունների շարքում զգալիորեն զիջում է ցեղասպանության ճանաչման կամ էլ Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման հարցի ակտուալությանը՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հավակնությունների համատեքստում։
2008թ. հարավկովկասյան ճգնաժամը կրկին ի ցույց դրեց աշխարհագրության պրագմատիկ նշանակությունը հայ-թուրքական հարաբերություններում, այդ թվում ելնելով նաև արևելքում Անկարայի ունեցած հաղորդակցային գերակայություններից։ Դեպի Կենտրոնական Ասիա հաղորդակցություն ունենալու նպատակով հայկական երթուղին ավելի կարճ է, շահավետ, էժան, իսկ վրաց-ռուսական պատերազմից հետո՝ գուցե նաև ավելի անվտանգ Անկարայի համար։
2008թ. սեպտեմբերի 6-ին նախագահ Ա.Գյուլի՝ հայ գործընկերոջ հրավերով Երևան կատարած այցը իսկապես պատմական դարձավ և դրեց երկու երկրների հետագա քաղաքական երկխոսության հիմքերը։ Դրա հետ մեկտեղ, ներկայումս կարելի է վստահաբար փաստել, որ 2009թ. առաջին կեսի տարածաշրջանային համատեքստը ևս չափազանց հարմար պահ է ստեղծում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Առաջին անգամ Ռուսաստանը ոչ միայն չի խանգարում, այլև նույնիսկ աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, և դա ըմբռնում է գտնում Թուրքիայում։ Ճիշտ է, Ռուսաստանը փորձում է դա անել ԱՄՆ տարածաշրջանային ազդեցության հաշվին, բայց հաշվի առնելով այն, որ Բ.Օբամայի ամերիկյան նոր վարչակազմում կովկասյան վեկտորն այնքան էլ գերակայական չի լինի, Անկարան բոլոր հիմքերն ունի հուսալու, որ թուրք-ռուսական երկխոսությունը Վաշինգտոնի սուր հակազդեցությունը չի առաջացնի։ Իր հերթին, ԵՄ-ը միշտ ողջունել և աջակցել է հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած առաջընթաց, հատկապես՝ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման հարցում։
Հայ-թուրքական փոխհարաբերությունների կարևոր արդյունքներից մեկը 2008թ. հայ-թուրքական հարաբերությունների փաստացի առանձնացումն էր ղարաբաղյան պրոբլեմատիկայից և երկու երկրների՝ Ադրբեջանի հետ ունեցած փոխհարաբերություններից։ Դա արդեն կարելի է որպես մի ինչ-որ եղելություն համարել, և թվում է, թե այդ փաստը ապագայում կնպաստի Հարավային Կովկասի էլ ավելի անվտանգ ու կայուն դառնալուն, քանի որ նվազեցնում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Չէ՞ որ Բաքուն արդեն Ղարաբաղյան հակամարտությունում, ռազմաքաղաքական ասպեկտներով, չի կարողանա այդպես անվերապահորեն հույսը դնել Անկարայի վրա։ Մյուս կողմից՝ Հարավային Կովկասում օգոստոսյան ճգնաժամի հետևանքներից մեկը՝ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կողմից Մոսկվայի հռչակագրի ստորագրումը, նույնպես կարելի է դիտարկել որպես Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերի միջև իրական փոխզիջման հասնելու առաջին փորձ։ Իսկ դա արդեն Անկարային լեգիտիմ հնարավորություն է տալիս արագացնելու Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը՝ ելնելով այն բանից, որ սահմանները բացելով՝ Թուրքիան կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, հաշվի առնելով Մոսկվայի հռչակագրի ու դրան հաջորդող՝ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Հելսինկյան փաստաթղթի դրույթները։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդունել, որ Հայաստանի հետ փակ մնացող սահմանները և Երևանի հետ շարունակվող հարաբերությունների չկարգավորվածությունը Թուրքիան խոցելի են դարձնում առաջատար համաշխարհային դերակատարների՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից, արտաքին ճնշման առումով։ Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների գործոնը, ցեղասպանության ճանաչման խնդրի հետ միասին, որոշ քաղաքական ուժերի Բրյուսելում և Վաշինգտոնում հնարավորություն է տալիս Թուրքիայի հետ կապված շատ հարցերում (ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարներից մինչև Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջանների ապագա կարգավիճակը) դրանք որպես Անկարայի վրա ճնշում բանեցնելու լծակ օգտագործել։ Մանավանդ որ Հայաստանի հաղորդակցային «խեղդման» հայեցակարգն այդպես էլ էական արդյունքների չհանգեցրեց. «կիսաշրջափակման» պայմաններում Հայաստանը շարունակում է տնտեսապես զարգանալ, թեև սահմանների բացումը Հայաստանի (ի դեպ, նաև Թուրքիայի արևելյան շրջանների) համար շատ կարևոր դրական նշանակություն կունենար։
Իր հերթին, արևելքում Հայաստանի հետ իր սահմանների բացումը Թուրքիային թույլ կտա կարևոր քաղաքական և քարոզչական դիվիդենտներ ստանալ Արևմուտքում, առաջին հերթին՝ ԵՄ-ի հետ երկխոսությունում։ Հայաստանն, իր հերթին, Թուրքիայի հետ սահմանների բացման և լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման պարագայում կկարողանա քաղաքական ոլորտում զգալիորեն բարձրացնել իր անվտանգության մակարդակը, իսկ տնտեսական ոլորտում՝ արդյունավետորեն օգտագործել Թուրքիայի հաղորդակցային հնարավորություններն իր հետագա զարգացման համար։
Երկկողմ հարաբերությունների կարգավորման ընդհանուր արդյունք կդառնա այն, որ դրանք կլինեն էլ ավելի բաց, կձևավորվի ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան, կակտիվանան նաև Թուրքիայի և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները։ ԶԼՄ-ում վերջին ժամանակներս հայտնվող տեղեկատվությունը Հայաստանի և Թուրքիայի միջև ակտիվորեն վարվող բանակցությունների մասին, ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի՝ 2009թ. ապրիլի սկզբի (հատկապես ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի նախաշեմին) Թուրքիա այցելության հետևանքները տալիս են բոլոր հիմքերը՝ հուսալու, որ նոր արմատական փոփոխություններ կլինեն երկու երկրների հարաբերություններում, ընդհուպ մինչև սահմանների բացումը և լիարժեք դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄԸ[23.09.2013]
- ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻՆ[02.05.2013]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»[28.03.2013]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՆՈՐ ՎԵՐԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ[10.12.2012]
- ԻՐԱՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ «ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ» ԶՍՊՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[15.10.2012]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՎՐԱՍՏԱՆԸ ՎՃՌՈՐՈՇ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ[24.09.2012]
- ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ[27.07.2012]
- ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ[14.02.2012]
- ՀՀ ԵՎ ԱՄՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[01.09.2011]
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[07.02.2011]
- ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԶՍՊՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՄՐՑԱՎԱԶՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ[21.10.2010]