• am
  • ru
  • en
Версия для печати
18.03.2010

ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԻՍԼԱՄԱՑՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Գրքում ներկայացվում է թուրքական պետական քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը` ոչ մուսուլման ազգերի բռնի կրոնափոխությունը, որը տարբեր դարերում կիրառվել է նաև Հայության նկատմամբ: Այս շարունակական քաղաքականությունը հատկապես ակտիվ դրսևորվել է Հայոց ցեղասպանության տարիներին, ինչի հետևանքով հազարավոր հայեր բռնի իսլամացման են ենթարկվել: Գրքում ի ցույց են հանվում բռնի կրոնափոխության մեթոդները, թիրախային խմբերը, հատկապես ուշադրություն է դարձվում ներկայումս Թուրքիայում իսլամացված հայերի շրջանում տեղի ունեցող գործընթացներին, ներկայացվում է թուրքական պետության և գիտական շրջանակների դիրքորոշումը խնդրի վերաբերյալ:

Գիրքը նախատեսված է արևելագետ-թուրքագետների, պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների և ընթերցող լայն շրջանակների համար:

ԱՌԱՋԱԲԱՆ

Տարբեր ժամանակաշրջաններում բռնի կրոնափոխության` հիմնականում իսլամացման, ենթարկված հայության խնդիրը համարվել է հայագիտության ամենակարևոր և քիչ ուսումնասիրված թեմաներից մեկը։ Կասկածից վեր է, որ ներկայումս ևս այդ թեման մեր գիտության օրակարգային հարցերից է։ Գիտական մամուլը թերթելիս հաճախ տեսնում ենք, որ հայտնի շատ գիտնականներ հանդես են եկել հիշյալ խնդրի համակողմանի ուսումնասիրության կոչով: Օրինակ` արևելագետ Գառնիկ Ասատրյանը դեռևս 1993թ. խոսելով այս մասին` նշում է. «Մահմեդականացած հայերի պատմությունը, նրանց մասին եղած նյութերի դասակարգումն ու հավուր պատշաճի ուսումնասիրումը ոչ միայն գիտական լուրջ եւ հետաքրքիր մի բնագավառ է, այլեւ մեծ նշանակությամբ ազգանպաստ գործ: Յուրաքանչյուր, թեկուզ փոքր, մի հրապարակում այս բնագավառում որոշակի քայլ է մեր ազգային պատմության վերականգնման ուղղությամբ»1:

Տարբեր դարերում բռնի իսլամացված հայության ոչ բոլոր խմբերն են մինչև մեր օրերը պահպանել էթնիկ պատկանելության գիտակցությունը կամ հիշողությունը, սակայն որոշ խմբերում դրանց հետքերը, այնուամենայնիվ, դեռևս նկատվում են։ Եթե ավելի վաղ դարերում իրենց արմատներից բռնի հեռացված հայության մասին կան լուրջ և մակերեսային աշխատանքներ, ապա հատկապես 20-րդ դարասկզբին՝ Հայոց ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայության խնդիրները վերջին տարիներին են հայտնվել մեր գիտական, հասարակական շրջանակների օրակարգում։

Անհրաժեշտ է շեշտել, որ իսլամացված հայ տերմինը մեզ համար, առավելապես, պայմանական նշանակություն ունի և կիրառություն է գտել բազմաթիվ հայ գիտնականների, անգամ հոգևորականների գրքերում, հոդվածներում, իսկ Թուրքիայի դեպքում այն, միևնույն ժամանակ, այդ մարդկանց ներկայիս կարգավիճակը բնութագրող անվանումն է։ Թուրքիայի բռնի կրոնափոխ հայության խնդիրը բազմաշերտ է, և այդ ուղղությամբ կատարվող ուսումնասիրությունները կարևոր են, սակայն այս հարցում անհրաժեշտ և պարտադիր է որդեգրել մասնագիտական մոտեցում, հակառակ պարագայում կարող են ի հայտ գալ անցանկալի արդյունքներ։ Սկիզբ առած և շարունակվող գործընթացը նորանոր փակ էջեր է բացում Հայոց մնացորդաց պատմության մեջ, որոնց հավաքումը և համակարգումը թույլ կտա ավելի ամբողջական պատկերացում կազմել խնդրի վերաբերյալ: Սակայն այդ ամենը պահանջում է նաև ժամանակ, հմտություններ, հնարավորություններ և ապացուցում այն անձանց տեսակետների սնանկությունը, որոնք շտապում են ժամանակից շուտ և անհիմն կամ, լավագույն դեպքում, մեկ-երկու փաստարկների հիման վրա վերլուծություններ ու եզրակացություններ անել:

Բռնի իսլամացված հայերի մասին ուսումնասիրություն կատարելիս օգտվել ենք հայ և օտարազգի հեղինակների աշխատություններից, հոդվածներից, որոնք լրիվ կամ մասնակի վերաբերել են խնդրին: Մեզ համար կարևոր աղբյուր են հանդիսացել ցեղասպանության ականատեսների, վերապրողների հուշերը, որտեղ ևս բազմաթիվ փաստեր կան բռնի կրոնափոխության մասին: Այս թեմայով վերջին տարիներին գրքեր, ուսումնասիրություններ են տպագրվում նաև Թուրքիայում, որոնք իրենց մեջ կարևոր ինֆորմացիոն հենք են պարունակում: Սակայն թուրքական, թեկուզ և գիտական, գրքերում սովորույթի համաձայն մեծ տեղ է տրվում խեղաթյուրումներին, սուբյեկտիվ մեկնաբանություններին և այդ գրականությունն օգտագործելիս այն ենթարկել ենք որոշակի զտման, որպեսզի առանձնացնենք խեղաթյուրումներն իրականությունից: Վերջերս հրապարակվել են նաև օսմանյան արխիվների որոշ փաստաթղթեր, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի կրոնափոխությանը և դրանք նույնպես կարևոր համարելով՝ օգտագործել ենք մեր աշխատության մեջ: Ուսումնասիրության համար տեղեկատվական աղբյուր են նաև խնդրի վերաբերյալ թուրքական և պոլսահայ մամուլի հրապարակումները: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ իսլամացված հայերի ներկա վիճակը հետազոտելու համար քանիցս դաշտային-հետազոտական աշխատանքներ ենք իրականացրել Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Բռնի կրոնափոխված հայերի խնդիրների վերաբերյալ մեր ուսումնասիրությունն իրականացվել է այս թեմայով ուղղակիորեն զբաղվող կամ շահագրգիռ անձանց գործուն աջակցությամբ, որոնց հայտնում ենք մեր շնորհակալությունը: Ուծացած հայության թեման գիտական օրակարգ բերելու և լուսաբանելու հարցում հատկապես պետք է առանձնացնել «Հանրապետական» ամսագրի և նրա գլխավոր խմբագիր Մուշեղ Լալայանի գործադրած ջանքերը. արդեն շուրջ երեք տարի այդ ամսագրում տպագրվում են ծպտյալ, իսլամացված, դավանափոխ հայերի թեմային նվիրված հոդվածներ, որոնք արտատպվում են հայաստանյան և սփյուռքի տասնյակ պարբերականներում ու համացանցային կայքերում։ Կրոնափոխ, դավանափոխ հայության խնդիրներով Հայաստանում ակտիվորեն զբաղվում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը. նշենք, որ հիմնադրամում գործում է ծրագիր, որի ուսումնասիրության ոլորտն են կազմում ինչպես բռնի կրոնափոխ` իսլամացված, այնպես էլ դավանափոխ (կաթոլիկ, բողոքական և այլն) հայության խնդիրները։ Սույն ուսումնասիրությունը մեծապես կատարվել է հիմնադրամի «Հայագիտական կենտրոնի» շրջանակներում և տնօրեն Գագիկ Հարությունյանի անմիջական աջակցությամբ: Թեմայի վերաբերյալ կողմնորոշիչ և օգտակար խորհուրդներով, ինչպես նաև իրենց հոդվածներով և ուսումնասիրություններով գրքի ստեղծմանը էականորեն նպաստել են պ.գ.դ, ազգագրագետ Հարություն Մարությանը, համշենահայության խնդիրներով զբաղվող ամենախորագիտակ մասնագետներից մեկը` Սերգեյ Վարդանյանը: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրեր մեր այցերը կազմակերպած և երկրագիտական իր ունակություններն ի սպաս դրած թուրքագետ, պ.գ.թ. Աշոտ Սողոմոնյանին:

Հարկ է առանձնահատուկ նշել նաև, որ կրոնափոխ, դավանափոխ հայության խնդիրները գտնվում են ՀՀ Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում և տեղ են գտել «Հայաստան-Սփյուռք գործակցության» հայեցակարգում:

Սույն աշխատությունը, անշուշտ, չի ընդգրկում հայերի բռնի կրոնափոխության պատմության ողջ համալիրը, այլ ուղղակի համեստ փորձ ենք կատարել ընդհանուր գծերով ներկայացնել իսլամացված հայության պատմության առանձին դրվագներ, նրանց սերունդների շրջանում ներկայումս տեղի ունեցող գործընթացները, թուրքական պետական և գիտական որոշ շրջանակների մոտեցումները հարցին: Հուսով ենք, որ այն կօգնի ընդհանուր պատկերացում կազմել Թուրքիայի կրոնափոխ հայերի խնդրի վերաբերյալ և կնպաստի հետագա աշխատանքներին:

1Ասատրյան Գ., Խմբագրական դիտողություն, Իրան-նամէ, Երևան, 1993, թիվ 1, էջ 27:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր