• am
  • ru
  • en
Версия для печати
25.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ

Руский

   

Սերգեյ Մինասյան

Հազիվ թե անկախ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության որևէ հարց (բացի, թերևս, Ղարաբաղյան հակամարտությունից և 2008թ. մարտյան իրադարձություններից) հայ իրականության մեջ և սփյուռքում այնքան լայն ռեզոնանս ունենար, որքան վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերություններում և 2009թ. ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հայտարարությունը Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ։ Գնահատականները տատանվում էին խիստ ժխտողականից ու բացասականից մինչև չափազանց լավատեսականն ու էյֆորիայով ավարտվողները։ Սակայն ընդհանուր առմամբ ավելի շատ գերակշռում էին բացասական տրամադրությունները. հայ իրականությունը և քաղաքական էլիտան (իսկ սփյուռքը՝ առավել ևս) այս քայլը քիչ մնաց ազգային շահերի նկատմամբ դավաճանություն համարեին։ Նրանց անգամ ամենաչափավոր մեղադրանքներն այն մասին էին, թե Հայաստանն իբր թուրքերին ոչնչով չարդարացված մեծ զիջումներ է արել՝ փոխարենը էական ոչինչ չստանալով։

Մյուս կողմից՝ հայկական իշխանությունների դիրքորոշման նկատմամբ այսպես կոչված լավատեսների կամ «դատապաշտպանների» շրջանում միանգամայն այլ տեսակետ էր իշխում. Երևանը ոչ մի լուրջ զիջում չի արել թուրքական կողմի հետ բանակցություններում, հատկապես կենսականորեն կարևոր՝ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում՝ փոխարենը համաձայնելով միայն այն բանի հետ, ինչն իրականում արդեն այդպես է, մասնավորապես՝ երկու երկրների ներկայիս սահմանների ամրագրմանն ու այդ հարցի շուրջ ավելի վաղ ստորագրված միջազգային պարտավորությունների և պայմանագրերի հաստատմանը։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ճանաչման խնդրին և պատմաբանների հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը, ապա նրանք հավաստիացնում են, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում կատարված իրադարձությունների պատմական անվիճելիությունից ելնելով՝ սույն հանձնաժողովի գործունեությունը որևէ վնաս չի հասցնի և շահավետ հարթակ կհանդիսանա թուրք հասարակության լայն շրջանակներին 1915թ. սարսափելի իրադարձությունների և հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին տեղեկացնելու համար, ընդ որում՝ հենց թուրք պատմաբանների օգնությամբ։

Հատկանշական է, որ եթե հայ հասարակության մեջ հայ-թուրքական մերձեցման դիսկուրսը ոչ միանշանակ գնահատականներ է ստացել և թեժ վեճերի պատճառ հանդիսացել, ապա Ադրբեջանում, ընդհակառակը, Հայաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող ամեն ինչի գնահատականները խիստ միանշանակ ու հստակ էին։ Ընդ որում՝ դրանք խիստ բացասական էին, իսկ երբեմն էլ՝ խուճապային ու հիստերիկ։ Բնականաբար՝ հարց է առաջ գալիս. գուցե Բաքուն դրա համար իսկապես լուրջ հիմքե՞ր ունի։

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանում, 1990-ական թթ. սկսած՝ Երևանի ու Ստեփանակերտի հետ նրա դիմակայության ընթացքում, Ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլի բոլոր տարիներին, հույս էին փայփայում, թե էներգառեսուրսների վաճառքից ակնկալվող հնարավոր գերեկամուտները Բաքվին թույլ կտան ժամանակի ընթացքում առաջ անցնել հայկական կողմերից սպառազինությունների մրցավազքի ոլորտում և Ղարաբաղը վերադարձնել ռազմական ուժով։ Կամ էլ Հայաստանի շարունակվող տնտեսական շրջափակման միջոցով ստիպել Երևանին և Ստեփանակերտին գնալ միակողմանի զիջումների և խաղաղ ճանապարհով վերադարձնել Ղարաբաղը։ Ադրբեջանի «ղարաբաղյան ռազմավարության» բաղադրիչներից մեկը Հայաստանի տնտեսական և հաղորդակցային «սեղմման» շարունակման գաղափարն էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից՝ նրա բազմակողմանի շրջափակման միջոցով։ Այս գաղափարը փաստորեն Ադրբեջանի «ղարաբաղյան ռազմավարության» անկյունաքարն էր, չնայած այն բանին, որ այդ ամբողջ ընթացքում նշված հայեցակարգն այդպես էլ չապացուցեց իր արդյունավետությունը, ինչի վկայությունն էր Հայաստանի երկնիշ տնտեսական բուռն աճը վերջին մի քանի տարիներին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից «կիսաշրջափակման» պայմաններում։ Այնուամենայնիվ, Բաքվում ընդհուպ մինչև վերջերս հավանաբար անկեղծորեն հավատում էին դրա հեռանկարայնությանը...

Այս իրավիճակը կայուն էր մնում և պահպանվեց ընդհուպ մինչև 2008թ. օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի միջև Հնգօրյա պատերազմը, որը փոխեց հարավկովկասյան տարածաշրջանում ողջ քաղաքականությունը և նոր ստատուս քվո ստեղծեց ոչ միայն համատարածաշրջանային ձևաչափում, այլ նաև կոնկրետ Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Ղարաբաղի շուրջ նոր ստատուս քվոյի որոշիչ գործոն դարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների կտրուկ ճեղքումը, որն սկսվեց 2008թ. օգոստոսյան ճգնաժամի հետ գրեթե միաժամանակ (և շատ բանով՝ որպես դրա հետևանք)։ Հայ-թուրքական «ջերմացման» նկատվող նշանները Թուրքիայի նախագահ Ա.Գյուլի՝ 2008թ. սեպտեմբերի 6-ի Երևան «ֆուտբոլային» այցելությունից հետո, ինչը սկզբունքորեն կարող է հանգեցնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, այսինքն՝ այլընտրանքային նոր հաղորդակցության Հայաստանի համար, վարկաբեկում են պաշտոնական Բաքվի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ իրականացվող «սեղմման» քաղաքականության հայեցակարգային բաղադրիչը։ Սա է հաստատում Ադրբեջանի ոչ համամասնական և պարզապես տագնապալի հակազդեցությունը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզին», ինչը հանգեցրել է ողջ պատմության ընթացքում Բաքվի և Անկարայի հարաբերությունների ամենաուժեղ ճգնաժամին։ Անգամ Բաքվի և Անկարայի՝ դրան հաջորդած մայիսյան փոխադարձ «ռևերանսները» չկարողացան հանել բացասական նստվածքը երկկողմ հարաբերություններից և երկու երկրների հանրային գիտակցությունից։ Եթե կուժը կոտրվում է, հավանաբար հնարավոր է այն սոսնձելով կրկին կպցնել, սակայն, միևնույն է, ճաքերը կմնան ընդմիշտ և տեսանելի կլինեն բոլորի համար, ինչպես տեղի ունեցավ ադրբեջանա-թուրքական հարաբերություններում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացն սկսվելուց և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» ի հայտ գալուց հետո։ Ընդ որում՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամն առաջ եկավ ոչ միայն քաղաքական էլիտաների կամ իշխանական կառույցների մակարդակով. թուրքական իշխանությունների «դավաճանական պահվածքը» շատ ավելի սուր ընդունեց ադրբեջանական հանրությունը։

Միևնույն ժամանակ, միանգամայն պարզ է, որ չնայած Ղարաբաղյան հակամարտության խնդիրը դուրս է մղվում հայ-թուրքական մերձեցման ընդհանուր ձևաչափից, Անկարայի դիրքորոշումն այս հակամարտությունում հազիվ թե տեսանելի ապագայում կտրուկ փոփոխվի, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը հազիվ թե ամբողջովին բացառվի բուն Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգից և ներքաղաքական դիսկուրսից։ Ասվածի ցուցիչներից մեկն է ոչ այնքան 2009թ. ապրիլի 22-ին ստորագրված փաստաթղթի քննադատությունը ընդդիմադիր թուրքական ուժերի կողմից, որքան Թուրքիայի քաղաքական ղեկավարության հրապարակայնորեն հաստատվող հավաստիացումներն իբր համատեղված բանակցային գործընթացի մասին՝ հայ-թուրքական հարաբերություններում և Ղարաբաղյան կարգավորման հարցում։ Թեև պետք է ենթադրել, որ «ճանապարհային քարտեզում» ոչ մի հիշատակում չկա այդ մասին, այնուամենայնիվ, թուրքական ղեկավարությունը հարկադրված է մշտապես հաստատել դա՝ ելնելով ներքաղաքական անհրաժեշտությունից։ Նման օրինակներից մեկը, մեր կարծիքով, Թուրքիայի վարչապետ Էրդողանի՝ Ադրբեջան կատարած մայիսյան այցելության ժամանակ արած հայտարարություններն են։

Պետք է ընդունել նաև, որ Թուրքիայի շահերից չի բխում շտապել և զրկվել սահմանների բացման հարցում երկակի ու անորոշ դիրքորոշումն օգտագործելու հնարավորությունից ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ երկխոսությունում։ Օրինակ, ակնհայտ է, որ Հայաստանի հետ սահմանների բացման սպառնալիքը կարող է օգտագործվել Անկարայի կողմից որպես Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու տարր կասպյան գազը Թուրքիայի համար շահավետ պայմաններով փոխադրելու հարցում։

Այս ամենով հանդերձ, իհարկե, չի կարելի բացառել, որ հայ-թուրքական հարաբերություններում սկսված գործընթացը կանգ կառնի և սահմանները տեսանելի ապագայում այդպես էլ չեն բացվի, և լիարժեք հարաբերություններ էլ երկու երկրների միջև չեն հաստատվի։ Միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան փորձի անգամ դուրս գալ այս գործընթացից, ավարտել այն կամ անվերջ ձգձգել։ Թեև, ինչպես թվում է, Անկարայի համար ևս այնքան էլ իրատեսական չէ տորպեդահարել հայ-թուրքական գործընթացը՝ չնայած Բաքվի բոլոր կոչերին ու ներքաղաքական սահմանափակիչներին։ Չէ՞ որ թուրք-հայկական մերձեցման հաջող իրականացումը կհանգեցնի միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության և իմիջի կտրուկ բարձրացմանը։ Մանավանդ որ հայ-թուրքական փոխհարաբերությունների ներկա փուլը միայն Երևանի և Անկարայի երկկողմ նախաձեռնությունը չէ։ Դա նաև ԱՄՆ մի ինչ-որ աշխարհաքաղաքական նախագծի իրականացումն է։ Ընդ որում՝ որքան էլ տարօրինակ է, ոչ միայն Բրյուսելի հավանությամբ, այլ նաև Մոսկվայի լուռ համաձայնությամբ։ Հիշենք, որ Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների հայտարարությունը ամերիկյան նախագահի խոսնակի կողմից հիշատակվում է որպես Բ.Օբամայի կարևորագույն նվաճումներից մեկը որպես նախագահ նրա առաջին հարյուր օրվա գործունեության մեջ։ Այնպես որ՝ հազիվ թե Թուրքիան փորձի ամբողջությամբ հրաժարվել այդ գործընթացից, բայց, հավանաբար, եթե չդանդաղեցնի էլ, ապա այնքան էլ չի շտապեցնի այն։

Ուստի, թվում է, թե Հայաստանի այն փորձագետների և քաղաքական ուժերի չափից ավելի լավատեսությունը, ովքեր անհամբերությամբ սպասում են սահմանների շուտափույթ բացմանը, բոլորովին էլ արդարացված չէ։ Ավելին, նման լավատեսության հրապարակային ցուցադրումը և էյֆորիկ հույսերը, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը կլուծի Հայաստանի բոլոր խնդիրները, կարող է նույնիսկ վտանգավոր լինել։

Չարդարացված լավատեսությունը և կտրվածությունն իրականությունից քաղաքականության մեջ միշտ լի են բացասական հետևանքներիով: Իսկ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, հաշվի առնելով հայտնի պատմական փորձն ու հնարավոր սպառնալիքները Հայաստանի ազգային անվտանգության համար` ավելի քան վտանգավոր են:

Բայց Հայաստանում կա նաև այլ տեսակետ, որը կարելի է անվանել «քաղաքական մանկամտություն», որն արտահայտվում է սեփական երկրի ուժերին չհավատալով կամ նույնիսկ «մեծավարի մեծ խաղեր» խաղալու վախով` գոնե տարածաշրջանային քաղաքականության մակարդակով: Այդ մոտեցման ամենածայրահեղ դրսևորումն են հայկական էլիտայի որոշ ներկայացուցիչների և հանրության երկյուղները Հայաստանի դեմ ինչ-որ «համաշխարհային դավադրությունից», որում հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլը դրա տարրերից մեկն է ընդամենը: Այս միտման ներկայացուցիչների հետ երկխոսությունը, ասենք, «եթե Ադրբեջանում, որը պատերազմի մեջ է Հայաստանի հետ, այդքան վախենում և չեն ուզում հայ-թուրքական մերձեցումը, ուրեմն, դա, այնուամենայնիվ, շահավետ է Հայաստանի համար» տրամաբանությամբ, բոլորովին չի գործում, և նման փաստարկները նրանց կողմից ընդհանրապես չեն ընդունվում: Թերևս, այն պատճառով, որ թուրքական դիսկուրսը հայ հանրությունում միշտ ընկալվում է հիմնականում հուզական մակարդակով, այլ ոչ թե իրատեսորեն կամ քաղաքական նպատակահարմարության չափանիշներով: Այս ամենը շատ նման է այն բանին, որ ծնողները չեն թողնում երեխային փողոց գնալ հասակակիցների հետ խաղալու այն պատրվակով, թե «նրանք երեխային վատ բաներ կսովորեցնեն»: Ստացվում է, որ հայկական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, ըստ նրանց, երբեք չի մեծանա, և հայկական քաղաքական էլիտան պետք է վախենա անգամ սեփական ստվերից տարածաշրջանային ցանկացած նշանակալի քաղաքական խաղում: Ի դեպ, այս երևույթը ավելի վաղ նույնպես եղել է հայ իրականության մեջ, օրինակ` Ղարաբաղյան կարգավորման տարբեր փուլերում, Ղարաբաղը հետ վերցնելու նպատակով, «հայերի դեմ համաշխարհային դավադրության» մշտապես կրկնվող կոնսպիրոլոգիական վախերի ձևով: Վերջին անգամ նման դիսկուրս Հայաստանում նկատվել է Ղարաբաղի վերաբերյալ, ըստ հայ դիվանագիտության, ամենաանպաստ փաստաթղթի` Մայնդորֆյան հռչակագրի (2008թ. հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ) ստորագրումից առաջ:

Օբյեկտիվ լինենք. նման դիսկուրսը միանգամայն բնական է մի երկրի հասարակության համար, որը հարյուրամյակներ շարունակ պետականություն չի ունեցել և ծանր հոգեբանական տրավմա է կրել 1915թ. ցեղասպանությունից և 20-րդ դարասկզբում կրած կորուստներից հետո: Սակայն Երրորդ Հանրապետության գրեթե քսանամյա անկախ գոյությունից հետո ժամանակն է, որ հայ հասարակությունն ու էլիտան մեծանան, և Հայաստանի ներսում պետք է սովորեն իրենց արտաքին քաղաքականությունն ընկալել որպես ընդամենը ազգային շահերի իրագործման սովորական մեխանիզմ (ինչպես և այլ «նորմալ» երկրներում) և տարածաշրջանում ցանկացած նախաձեռնություն կամ դիվանագիտական խաղ ընկալել որպես բնական քաղաքական գործընթաց` իր դրական և բացասական կողմերով, այլ ոչ թե որպես մի ինչ-որ «համաշխարհային դավադրություն» կամ «սեփական իշխանությունների դավաճանություն ազգային շահերին»: Եվ, հավանաբար, արդի փուլում սա է ներքաղաքական դիսկուրսի տեսակետից հայ-թուրքական հարաբերությունների ընկալման առավել լուրջ խնդիրը Հայաստանում և սփյուռքում: Այս համատեքստում անգամ ժամանակային դինամիկան և Անկարայի ու Երևանի փոխհարաբերությունների վերլուծությունն արդեն այնքան էլ կարևոր չեն թվում...


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր