ԱԶԳԱՅՆԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ազգայնամոլական տրամադրությունները եւ հակումները միշտ էլ լայն տարածում են ունեցել թուրքական հասարակության մեջ։ Օսմանյան կայսրության բռնի թուրքացման քաղաքականությունը որդեգրվեց նաեւ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա հստակ գործադրման հետեւանքով է նաեւ, որ այսօր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների թիվը չի գերազանցում 100 հազարը: Տասնամյակներով վարած խտրական, մեծապետական քաղաքականությունը պատճառ դարձավ, որպեսզի հազարավոր ոչ մուսուլմաններ լքեն Թուրքիան: Վերջերս վարչապետ Էրդողանը քննադատեց իր իսկ երկրում կիրառված քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ` դա որակելով ֆաշիստական, եւ ի պատասխան` արժանացավ ընդդիմության կոշտ քննադատությանը։
Թուրքիայում պանթուրքիզմի գաղափարախոսության կրողների ու իրականացնողների մեջ, առհասարակ, մեծ թիվ են կազմել քաղաքական գործիչները, պաշտոնյաները, «գիտնականները», «մտավորականները»: Օրինակ, Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինենյուն 1925թ. Անկարայում, «Թուրքական օջախների» համագումարում, իր ելույթի ժամանակ հայտարարել է. «Մենք բացահայտ ազգայնամոլներ ենք: Մենք ցանկացած գնով պետք է թուրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում»: Իսկ Թուրքիայի Հանրապետության արդարադատության նախարար Մահմութ Էսադը 1930թ. արտահայտել է հետեւյալ միտքը. «Մենք ապրում ենք ամենաազատ երկրում` Թուրքիայում, որտեղ թուրքը այս երկրի միակ տերն ու տիրակալն է: Մարդիկ, ովքեր ծագումով մաքուր թուրքեր չեն, այս երկրում ունեն միայն ստրուկ, ճորտ լինելու իրավունք»: Թուրքիայում հետզհետե աճող պանթուրքիզմի ալիքն ավելի մեծ թափ ստացավ հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ դրան նախորդած տարիներին: Բոլոր առումներով միատարր Թուրքիայի տեսլականը, ինչպես նաեւ պանթյուրքական իդեալը` Թուրանը, սկսեց ավելի իրատեսական թվալ թուրք իշխանություններին: Միեւնույն ժամանակ, համաշխարհային պատերազմը փայլուն հնարավորություն էր ստեղծում էլ ավելի ազատ ու անկաշկանդ իրականացնել ազգային-կրոնական փոքրամասնություններին հալածելու, ձուլելու քաղաքականությունը:
Կարելի է ասել, որ թուրքական հասարակության տարբեր շերտերում տարածված ազգայնամոլական դրսեւորումները ներկայումս ակտիվանալու միտում ունեն: Ավելորդ չէ նշել, որ վերջին համապետական ընտրություններում այս երեւույթը վերածվեց կոնկրետ պատկերի, եւ այսօր Թուրքիայի խորհրդարանում երրորդ ուժը Ազգայնական շարժում կուսակցությունն է («Գորշ գայլերի» քաղաքական թեւը)։ Այս տարվա մարտին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նույնպես ԱՇԿ-ն աճ արձանագրեց:
Ներկայացնենք վերջին ժամանակներս Թուրքիայում արձանագրված ազգայնամոլության մի քանի դրսեւորումներ, որոնք սերտորեն կապված են հայ-թուրքական հարաբերությունների հետ:
Ամիսներ առաջ բավական աղմկահարույց արշավ սկսվեց Կեսարիայում, որն անմիջականորեն կապված էր Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային պատասխան խաղի հետ: Հայտնի է, որ ամենայն հավանականությամբ, հենց Թուրքիայի նախագահ Գյուլի ծննդավայր Կեսարիայում է տեղի ունենալու պատասխան հանդիպումը, որին կարող է մասնակցել նաեւ ՀՀ նախագահը: Թուրքական կրթական արհմիության Կեսարիայի մասնաճյուղն ապրիլին կազմակերպեց մի ակցիա, որն ուղղված էր հայ-թուրքական սահմանի բացման եւ ֆուտբոլային պատասխան հանդիպումը Կեսարիայում անցկացնելու դեմ: Արշավն իրականում ստորագրահավաք էր, որի կարգախոսն էր` «Եղբորս սպանողին չեմ ցանկանում տեսնել իմ քաղաքում. Հայաստանի հետ սահմանը թող չբացվի»: Այս խորագիրը, ըստ կազմակերպիչների, կապվում էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ։ Կազմակերպության նախագահ Ալի Իհսան Օզթուրքն այս որոշումը բացատրում էր նաեւ այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին: Իրենց հավաքին ավելի լուրջ տեսք տալու համար հրավիրված էին անգամ «գիտնականներ», որոնցից, օրինակ` «Թուրքական օջախների» Կեսարիայի մասնաճյուղի ղեկավար, դոկտոր Աբդուլքադիր Յուվալը պատմական մի ակնարկ է արել եւ նշել, որ երբեք Հայաստանը որպես անկախ պետություն գոյություն չի ունեցել: Ինչեւէ, սկսված ստորագրահավաքը տեւել է 15 օր, եւ այդ ընթացքում հավաքվել է շուրջ 250 հազար ստորագրություն, որոնց հեղինակները դեմ են արտահայտվել հայ-թուրքական սահմանի բացմանը եւ Կեսարիայում ֆուտբոլային խաղի անցկացմանը: Ակցիայի վերջում կազմակերպիչները հայտարարել են, թե ստորագրություններն ուղղարկվելու են Թուրքիայի Ազգային մեծ ժողով: Ավելորդ չէ նշել, որ սույն ակցիան ողջունել են Ադրբեջանում եւ կազմակերպիչներին շնորհակալական նամակ ուղարկել:
Այս տարվա սկզբին Էսքիշեհիր քաղաքում Օսմանգազի մշակութային միությունների դաշնության նախագահ Նիյազի Չափան, ցանկանալով բողոք արտահայտել որոշ թուրք մտավորականների կազմակերպած «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնությանը, կազմակերպության մուտքի մոտ տեղադրել էր մի պաստառ, որի վրա գրված էր. «Հայերի եւ հրեաների մուտքն արգելված է, շների մուտքն ազատ է»: Այս բացահայտ ազգայնամոլական դրսեւորումը բուռն հակազդեցություն առաջացրեց որոշակի շրջանակներում, ինչին հետեւեցին նաեւ իրավական գործընթացներ։
Հունիսին Խարբերդում (Էլյազիգ) անցկացվող «Խարբերդի ճարտարապետությունը անցյալից մինչեւ մեր օրերը» սիմպոզիումում նախատեսված է եղել նաեւ Խարբերդի հայկական ճարտարապետությանը վերաբերող բացիկների ցուցահանդես, որը նախաձեռնել է «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» բացիկների գրքի հեղինակ Օսման Քոքերը: Սակայն այդ ցուցահանդեսի անցկացումը կասեցվել է, եւ որպես դրա փաստարկ նշվել է այն, թե բացիկների վրա կան հայերեն գրառումներ: Ավելորդ չէ նշել, որ ցուցահանդեսի տապալման նախաձեռնողը գիտական կոչում ունեցող, Եփրատ համալսարանի պատմության ամբիոնի դոկտոր Յուքսել Արսլանթաշն է, որը մի քանի համախոհների հետ աղմուկ է բարձրացրել, թե բացիկների վրայի հայկական գրառումները բացահայտ հայամետ քարոզչություն են եւ նույնիսկ հարցրել է. «Ի՞նչ է, Խարբերդում հայե՞ր են եղել»:
Հունիսին «Մեծ միասնություն» կուսակցության կրկին Կեսարիայի երիտասարդական թեւը պատրաստել եւ տարածել է իրենց պատկերացրած Թուրքիայի քարտեզը, որում ընդգրկված են Հյուսիսային Իրաքի մի հատվածը, Հալեպը, Նախիջեւանը, Բաթումը, Վառնան, Հունաստանի Սալոնիկ քաղաքը, Հռոդոս կղզին, Կիպրոսը, Իրանի մի մասը` Ուրմիա լճի կեսով: Հետաքրքիր է, որ Հայաստանն ըստ այդ քարտեզի հեղինակների ընդհանրապես գոյություն չունի, այլ ամբողջովին մտած է Թուրքիայի սահմանների մեջ: Տարածելով այդ քարտեզը` երիտասարդ ազգայնամոլները հայտարարել են, որ պայքարում են հենց այդ իդեալի համար եւ ոչնչացնելու են իրենց ճանապարհին ընկած բոլոր արգելքները։ Նշենք, որ տարբեր ժամանակաշրջանների պանթուրանականներն իրենց ցնորքի աշխարհագրական ծավալման մասին տարբեր պատկերացումներ են ունեցել: Քարտեզի տակ կար նաեւ մի տող թուրքական հայտնի երգից, որը դարձել է ազգայնամոլների կարգախոս-սպառնալիքներից մեկը. «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»: Ի դեպ, այս երգի բառերը բազմիցս հասցեագրվել են նաեւ հանգուցյալ Հրանտ Դինքին: Հիշյալ քարտեզը եւ լուրը տեղ գտան թուրքական առաջատար թերթերում։ Հատկապես ուշագրավ են ընթերցողների մեկնաբանությունները, որոնք 99 տոկոսով դրական էին։ Սա խոսում է որոշակի ցուցանիշի մասին: Հիշեցնենք նաեւ, որ Մեծ միասնություն կուսակցությունը Ազգայնական շարժում կուսակցությունից անջատված մասն է եւ կրկին դավանում է պանթյուրքիստական գաղափարախոսությունը, իսկ նրա երիտասարդական թեւն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: Բավական է նշել, որ Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթը եւ այդ գործով անցնող Յասին Հայալը եղել են հիշյալ կուսակցության երիտասարդական թեւի անդամներ:
Կարծում ենք` վերոնշյալ երեւույթները եւ զարգացումները չպետք է անտեսել, քանի որ Թուրքիայում տեղի ունեցող որոշ դրական գործընթացների (որոնք ոչ միշտ են անկեղծ) կողքին կան նաեւ սույն իրողությունները։ Ավելորդ լավատեսությունը Թուրքիայի պարագայում տեղին չէ, քանի որ իրականությունը շատ հաճախ այլ է: Հարկ ենք համարում նշել, որ վերջերս մի խումբ թուրք մտավորականների նախաձեռնած եւ բավական մեծ աղմուկ հանած «Ներողություն եմ խնդրում» ակցիան եւս պետք չէ միանշանակ ընդունել։ Ճիշտ է, այդ ստորագրահավաքին միացան շուրջ 30 հազար մարդիկ, որոնց մի մասի մղումներն, անշուշտ, ազնիվ էին, սակայն չպետք է անտեսել այն, որ դա նույնպես դարձավ թուրքական քաղաքականությանը նպաստող ակցիա, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ դրա շրջանակներում լայնորեն գործածվեց Մեծ եղեռն բառեզրը։ Այս ամենի էությունը լավագույնս բացահայտել է հենց այդ ակցիայի գլխավոր կազմակերպիչներից մեկը` հրապարակախոս Բասքըն Օրանը, որը խոսելով իրենց նախաձեռնության մասին` ասել է. «Մեծարգո վարչապետը (Էրդողանը) թող մեր ակցիայի համար աղոթի, քանի որ ամբողջ աշխարհի խորհրդարաններում անընդհատ (ցեղասպանության) օրինագծեր էին ընդունվում` դրանք կանգ կառնեն։ (Հայկական) սփյուռքը փափկեց։ Համաշխարհային մամուլը սկսեց չգործածել ցեղասպանություն բառը»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]