
ԱԴՐԲԵՋԱՆ. ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ` ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ
Սամիրա Ահմեդբեյլի, Բաքու
(Կովկասյան լրատու # 533, 25-ը փետրվարի 2010թ.)
Տնտեսագետների եւ լրագրողների խոսքերով` վատորակ շինարարությունը եւ չափազանց մեծ ծախսերը Ադրբեջանում իրականացվող մի շարք ճանապարհաշինական նախագծերի ձախողման պատճառն են դարձել:
Ողջ երկիրն ընդգրկող լայնամասշտաբ ճանապարհաշինության ծրագիրը սկսվեց 2006-ին. մայրաքաղաքում եւ այն շրջանային կենտրոնների հետ կապող ճանապարհների շինարարության տասից ավելի նախագծեր են իրականացվել արդեն:
Մինչ պաշտոնյաները եւ շինարարությունն իրականացնող կազմակերպությունները պաշտպանում են կատարված աշխատանքը`նշելով, որ բնական է`սկզբնական ծախսերը պետք է ոչ ճշգրիտ լինեին, սակայն ակտիվիստների խոսքերով`որոշ նախագծեր 100 տոկոսով գերազանցել են բյուջեն եւ զուրկ են համապատասխան վերահսկողությունից:
Ամենավիճահարույց նախագծերից մեկը կապված է Բաքու-Շամախի արեւմտյան մայրուղու հետ, որի շինարարությունն ավարտվել է անցյալ տարվա նոյեմբերին: Պաշտոնական տվյալներով`124 կիլոմետր երկարությամբ ճանապարհի արժեքը կազմել է 200 միլիոն դոլար:
«Համաշխարհային բանկի հաշվարկներով`այս ճանապարհի շինարարության վրա պետք է ծախսվեր 100 միլիոն դոլար, բայց հետագայում այդ գումարը կրկնապատկվեց: Եւ սա չնայած այն փաստին, որ նախագծում ընդհանրապես փոփոխություններ տեղի չեն ունեցել», - ասում է երկրի ամենահայտնի անկախ տնտեսական փորձագետներից մեկը` Զոհրաբ Իսմայիլը, ով հանդիսանում է Բաքվի «Ազատ տնտեսության օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը:
«Սա նշանակում է, որ ճանապարհի երկարությունը եւ լայնությունը չեն փոխվել, սակայն արժեքը կրկնապատկվել է: Իսկ ամենավատն այն է, որ արժեքի ավելացումը ոչ մի տեղ բացատրված չէ:
Ինչպես այլ նախագծերի հարցում, այստեղ եւս չի կարելի խոսել թափանցիկության մասին: Հասարակությունը չի կարող պարզել, թե ինչպես են ծախսվում բյուջեի միջոցները»:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամլո խոսնակ Նամիք Հասանովը ժխտում է այն, որ նախագծից շեղումներ են եղել: «Նախնական արժեքը կարող է ավելանալ շինարարության ընթացքում: Հնարավոր չէ հաշվարկել բոլոր մանրամասները մինչեւ վերջին ցենտը», - նշում է նա:
Այս խոսքերը, սակայն, համոզիչ չեն թվում ուսումնասիրողներին, որոնցից մեկը վերջերս ԱՄՆ-ից վերադարձած լրագրող Ալի Ռզան է, ով այնտեղ ճանապարհային շինարարության նախագծերի ուսումնասիրությամբ էր զբաղվում: Նրա խոսքերով`ավելի քան 80 երկներում իրականացվող ճանապարհաշինարարական նախագծերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանց նախնական արժեքը կարող է մեծանալ առավելագույնը 10-15 տոկոսով: «Սակայն այստեղ խոսվում է 100 տոկոսանոց աճի մասին», - ասում է Ռզան:
Իսմայիլը նույնպես նշում է, որ շինարարության որակը չի արդարացնում ավելացած ծախսերը: Ըստ նրա`անհրաժեշտ է հավելյալ աշխատանք կատարել ճանապարհը բարեկարգելու համար դրա բացումից ամիսներ հետո:
«Կառուցված 7 նոր կամուրջներից 4-ը պետք է վերանորոգվեն մի քանի ամսվա ընթացքում: Բաքու-Շամախի ճանապարհն այս առումով գերազանցել է բոլոր ռեկորդները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ անցկացված բացման արարողությունից ընդամենը 20 օր հետո ճանապարհը փակվեց վերանորոգման համար: Տասներորդ կիլոմետրի վրա ճանապարհի մեծ մասում իջվածք էր գոյացել: Այս փաստերն արդեն իսկ խոսում են իրենց փոխարեն», - նշում է նա:
Իսմայիլն «Ազգային Բյուջե» ակտիվիստական խմբի անդամ է. այս ՀԿ-ն զբաղվում է պետական բյուջեի անկախ մոնիթորինգով եւ ուսումնասիրել է ճանապարհի վնասված հատվածը:
«Վստահաբար կարող եմ ասել, որ ճանապարհը վատ է կառուցվել: Խնդիրն այն է, որ մեր օրենսդրության մեջ բազմաթիվ բացթողումներ կան ճանապարհաշինության վերաբերյալ: Շինարարությունն իրականացնող ընկերության նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում, այդ պատճառով ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնողները լուրջ չեն ընդունում այս խնդիրները: Նրանք ասում են`խնդիր է առաջացել, եւ իրենք կլուծեն այն: Արդյունքում`նախագծի բյուջեն գնալով մեծանում է», - ասում է Իսմայիլը:
Նշանավոր անկախ տնտեսագետ, Բաքվի «Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Ռովշան Ագաեւը համամիտ է Իսմայիլի հետ այն հարցում, որ երկրի օրենսդրությունը փոփոխությունների կարիք ունի:
«Ներկայում շինարարությունը,վերակառուցումը եւ ճանապարհային ենթակառուցվածքի ստեղծումը կարգավորվում են 2000 թվականի փետրվարի 7-ին ընդունված 16-րդ եւ 2006թ. հունվարի 17-ին ընդունված 12-րդ կառավարական հրահանգներով: Այս հրահանգներից ոչ մեկում բյուջեի միջոցների ռացիոնալ ծախսման կամ դրանց օգտագործման վերահսկողության վերաբերյալ ոչինչ չկա: Նշանակում է`օրենսդրությունը թափանցիկություն չի պահանջում միջոցների օգտագործման առումով», - ասում է նա:
Բաքու-Շամախի ճանապարհի շինարարությունն իրականացրած «Akkord» ընկերության մամլո խոսնակ Աֆաք Քուլիեւան համաձայն չէ փորձագետների հետ`նշելով, որ խնդիրները դուրս էին ընկերության վերահսկողությունից:
«Այո, խնդիր էր առաջացել: Սակայն դա չի նշանակում, որ մեր ընկերությունը վատ է կատարել իր աշխատանքը: Ճանապարհի վերանորոգման ժամանակ մենք կոյուղու խողովակներից ջրի արտահոսք հայտնաբերեցինք եւ այդ մասին հայտնեցինք մեզ վարձած ընկերությանը`«Azeryolservis»-ին: Եթե խնդիրը չէր լուծվել, ինչի հետեւանքով էլ ճանապարհի մի մասը վնասվել էր, ապա դա մեր մեղքով չէ», - հայտարարել է նա:
«Azeryolservis»-ը տրանսպորտի նախարարության կազմի մեջ է մտնում, եւ նախարարության մամլո խոսնակ Հասանովը խոստովանում է, որ ճանապարհի հետ կապված խնդիրներ են եղել:
«Սակայն ի՞նչ կարիք կա այստեղ հանցավորություն փնտրել: Նման խնդիրներ այլ երկներում էլ են առաջանում», - ասում է նա:
Այս ճանապարհի շինարարությունը «Akkord»-ի մասնակցությամբ իրականացված միակ վիճահարույց նախագիծը չէր: Անցյալ տարվա հունիսին ընկերության կողմից ընդամենը մեկ տարի առաջ վերանորոգված Բաքվի Աշխատանքային պողոտան ստիպված եղան կրկին վերանորոգել:
«Նախագիծն ավարտելով`ընկերությունը 30 տարվա երաշխիք տվեց: Այդ մասին էր վկայում մամլո հաղորդագրությունը: Իսկ ընդամենը մեկ տարի հետո կրկին ասֆալտապատման կարիք առաջացավ: Վերանորոգման աշխատանքներն էլ վստահվեցին նույն ընկերությանը, որն այնքան վատ էր իրականացրել նախագիծը», - նշում է Իսմայիլը:
Վերանորոգումն իրականացվել է ոչ թե ընկերության հաշվին, այլ պետության:
«Akkord»-ը կտրականապես հերքում է աշխատանքի որակի հետ կապված ցանկացած խնդրի առկայությունը:
«Երբ ավարտվեց ճանապարհի շինարարությունը, այն պատված էր ժամանակավոր ասֆալտի շերտով: Մեկ տարի անց մենք ավարտեցինք այս ճանապարհի վերանորոգման աշխատանքները, իսկ ասֆալտի ժամանակավոր շերտը փոխարինվեց մշտականով», - նշում է ընկերության մամլո խոսնակ Քուլիեւան:
Սակայն այս բացատրությունը չի բավարարում փորձագետներին, ովքեր մատնանշում են կատարված աշխատանքի բարձր գինը եւ դրա վատ որակը: Աշխատանքային պողոտայի վերանորոգման վրա մոտ 102 միլիոն դոլար ծախսվեց`մոտավորապես 25 տոկոսով գերազանցելով բյուջեն: Նշանակում է`յուրաքանչյուր կիլոմետրի արժեքը համարյա 6 միլիոն դոլար է եղել:
«Համաշխարհային բանկն ուսումնասիրել է ճանապարհաշինության վրա ծախսված գումարները: Վերանորոգման դեպքում յուրաքանչյուր կիլոմետրի արժեքը տատանվելու է 62 հազարից 609 հազար դոլարի արանքում», - ասում է Իսմայիլը:
Սակայն «Akkord»-ի մամլո խոսնակ Քուլիեւան նշում է, որ ընկերությունն իր բոլոր պայմանագրերը ձեռք էր բերել մրցույթային աճուրդների ժամանակ, հետեւաբար`գները տրամաբանական են:
Այն, որ «Akkord»-ը պաշտպանում է իր կատարած աշխատանքը, այնուամենայնիվ, հազիվ թե օգնի մեղմել հասարակության բարկությունն այս երկու նախագծերի կապակցությամբ: Բաքվի բնակիչները հատկապես քննադատում են մայրաքաղաքը Շամախուն միացնող մայրուղին:
36-ամյա Շահին Հուսեյնովը, ով տաքսու վարորդ է, զարմանում է, թե ինչ կարիք կար այդքան շատ կամուրջներ կառուցել ճանապարհի վրա:
«Որքա՞ն փող են ծախսել այդ կամուրջների վրա խցանումները վերացնելու նպատակով: Բայց հիմա երթեւեկությունը նույնիսկ ավելի շատ է: Այս կամուրջներն ընդհանրապես անօգուտ են: Չեմ հասկանում`ինչի համար են ծախսում մեր փողերը», - ասում է նա:
54-ամյա բաքվեցի Քասիմ Փաշաեւը հիասթափված է, որ նոր բացված ճանապարհն այդքան շուտ փակվեց վերանորոգման համար:
«Բաքու-Շամախի ճանապարհի վրա երեք տարի ծախսեցին: Վերջապես աշխատանքներն ավարտվեցին: Բոլորն ուրախ էին, որ այս նոր, լավ ճանապարհով պետք է երթեւեկեին: Բայց չէինք հասցրել ուրախանալ, երբ կրկին վերանորոգման աշխատանքներ սկսվեցին», - ասում է նա:
«Պարզապես ավելի եւ ավելի շատ փող են ծախսում: Աշխատավարձերն այդպես հեշտ չեն բարձրացնում, ինչպես այս նախագծերի արժեքը»:
Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի նախապատրաստած լրագրող է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության
լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:
www.iwpr.net
դեպի ետ